

Անցած ու երկար տարիների կարօտիս ծարաւը յագեցնելու համար, այս վերջի մի քանի տարիներին աւելի յաճախ եմ այցելում իմ պապերի բնօրրան Մայր Հայաստանը:
2009 թուի, Օգոստոսի մի շոգ օր, հօրաքրոջս տղայի թոռնիկների՝ Նարէին եւ Զարեհին ուրախացնելու համար, մի քանի հոգով միասին գնացինք մօտակայ Երեւանի Ջրաշխարհը, որը կառուցուել է մօտ 5-6 տարի առաջ, Նոր-Նորքի կամ Գազանանոց տանող ճանապարհի մօտակայքում:
Օրը պայծառ էր, արեւշատ ու գեղեցիկ: Երեխաների զուարճութեան չափ ու սահման չկար: Նրանք լողացին, սահեցին, սողացին ու վազեցին ամբողջ օրը: Վստահօրէն կարող եմ ասել, որ այդ իւրայատուկ օրը, իրենց մտքի մէջ արձանագրուեց որպէս կեանքի մի անմոռանալի ու չքնաղ յուշ:
Ջրաշխարհի մուտքը բացւում էր գրեթէ կէս օրին կամ քիչ անց: Ժամը մէկը չեղած իսկ մենք այդտեղ էինք եւ մնացինք մինչեւ փակման պահը, երեկոյեան մօտ ժամը ինը:
Ջրաշխարհում կային բաւականին դրսեցիներ, բայց մեծամասնութիւնը տեղացիներ էին, ամէն չափ ու հասակի:
Բացի զանազան հաճոյքներից Ջրաշխարհում վաճառւում էր տեսակ-տեսակ ուտելիքներ եւ խմիչքներ: Անպակաս էր նաեւ խլացուցիչ օտար ազգերի երգերն ու երաժշտութիւնը:
Ի ցաւօք սրտի ու հոգու, ամբողջ օրուայ ընթացքում, ո°չ մէկ հայերէն երգի կամ նուագի ձայն լսեցինք: Ա°յլ, մեր ականջները խլացնելու չափ, լսեցինք Սպաներէն, Ֆրանսերէն, Անգլերէն, Իտալերէն եւ այլն: Դրանց շարքում նաեւ “Րափ Միւզիք”, խառնիճաղանչ աղմկալից ինչ որ մի բան անհասկանալի: Ամէն մէկ անկիւնում զետեղուած բարձրախօսի ձայնը խլացնում էր մեր ականջներն ու զգացնել տալիս մեզ, ո°չ թէ° մենք գտնւում ենք մեր Մայր Հայրենիքում, ա°յլ, ի°նչ որ մի օտար երկրում:
Ազգութիւնս վիրաւորուած եւ հայ մշակոյթը խափանած տեսնելով, Ջրաշխարհի փակման վերջի պահին մօտեցայ Ռադիոյ-Հանգոյցի պատասխանատու աշխատողին ու իմ ցաւն ու զարմանքը յայտնեցի օրուայ մէջ հայերէն երգի ձայն չլսելու պատճառը:
Նա, ամենայն սառնութեամբ ինձ պատասխանեց.- Ջրաշխարհի համար, մենք հայերէն յարմար երգ չունենք: Դուք ո՞ր ժամին էք եկել, մենք բացման պահին մէկ ժամ հայկական երաժշտութիւն ենք ունեցել: Եւ յետոյ աւելացրեց, .- դուք ի՞նչ կասէիք, երբ մեր պետութիւնը թոյլատրում է բնակիչներին արտագաղթեն: Ու տեսաք որ ես նաեւ պարսկերէն նուագ չդրեցի”:
Իրականութեան մէջ, մենք ներս մտանք Ջրաշխարհ ճիշտ բացուելու պահին, երբ տակաւին այնքան էլ շատ մարդ չկար եւ դրա համար էլ կարողացանք յարմարուել մի շատ գեղեցիկ տեղում, ամէն ինչի մօտիկ: Եթէ այդ պահին եղել է հայերէն երաժշտութիւն, երբ մարդիկ խուռներամ ներս էին մտնում ու աշխատում ամենայարմարագոյն տեղերը գրաւել, վստահաբար հայերէն նուագն անցել է նուազ ու աննկատ:
Արդեօ՞ք, Ջրաշխարհի համար ինչպիսի՞ երգ կամ երաժշտութիւն է հարկաւոր, որ հայ ազգի հարուստ մշակոյթը չունի:
Մշակոյթն է որ պահում է ազգերի ինքնութիւնն ու նկարագիրը: Մշակոյթ չպահող ժողովուրդները կորցնում են իրենց ինքնութիւնն ու իրենց ազգութիւնը խառնուելով աշխարհի այս ու այն ազգերի մէջ: Այստեղ, ոչ թէ° միայն հայը պիտի գիտակցէր որ ինքը գտնւում է իր հողի վրայ, իր Հայրենիքում, ա°յլ, դրսի, ոչ հայ գացողներն եւս պիտի հասկանային որ իրենք այցի են եկել Հայաստան, ըմբոշխնելու հայ մշակոյթն ու նրա դարաւոր Հայ Պատմութիւնը:
Այ, ա°յդ ո՞ւր էր մեր դասական երաժշտութիւնը, մեր ժողովրդական երգն ու պարը, մեր հայրենասիրական երգերն ու երաժշտութիւնը, որ լսելով մարդուս հոգին հպարտանում, քուլա-քուլա վեր է բարձրանում ու թռչկոտում հրեղէն ձիերի պէս:
Արդեօ՞ք կա°յ մի երկիր, կամ եղել էք մի երկրում որ մասնաւորապէս այսպիսի մի միջավայրում բոլորովին անտեսի իր երկրի լեզուի ձայնն ու իր պատկան երգերը: Եւ վերջապէս արդեօք, այս կեցուացքով, արդեօք մենք չենք անպատւում ու անարգում մեզ ու մեր նախնիքներին, որ իրենց արեան գնով վառ պահեցին մեր դարաւոր Հայ Մշակոյթը:
Ա¯խ, ա¯խ . . . Արդեօք ե՞րբ ենք մենք սովորելու, որ չարդարանանք ուրիշների կատարած սխալներով, անտեսելով մեր սխալը: Ինչպէս ասում են “Ուրիշների աչքի փուշը տեսնելով, մոռանանք մեր աչքի միջի գերանը”: Արդեօ՞ք, ե՞րբ ենք գիտակցութեան գալու, որ տեսնենք ու դատենք ամենայն ճշմարտութեամբ ու արդարութեամբ, ի փառս Հայ Մշակոյթի, Հայ Պատմութեան ու Հայ Ազգի:
Եթէ մենք մեր սխալները չսրբագրենք յաջողութիւն պիտի չունենանք ոչ մեր կեանքի մէջ եւ ոչ էլ ազգային որեւէ մի ասպարէզում:
ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
Նիւ Եորք