Ոտատակ Ընկած Նիկոլ, Ոտատակ Եղող Հայաստան

0 0
Read Time:8 Minute, 9 Second

«Դրօշակ»

Թիւ 3, 2024

Առաջնորդող Յօդուած   

Փետրուարի 16-18-ի Միւնխէնի անվտանգութեան համաժողովում Նիկոլ Փաշինեանը յայտարարել է. «Ուքրայինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»: Իսկ Փետրուար 22-ին, «France 24» լրատուական հեռուստաալիքին տուած հարցազրոյցում, Փաշինեանն ասել է. «Փաստացի Հայաստանը սառեցրել է իր անդամակցութիւնը ՀԱՊԿ-ին»: Նոյն այդ օրերին շրջանառւում են խօսակցութիւններ, իսկ շաբաթներ անց յայտնի է դառնում, որ Հայաստանը Ռուսաստանի սահմանապահ ծառայութեանը պաշտօնական նամակով տեղեակ է պահել սոյն թուականի Օգոստոս 1-ից «Զուարթնոց» օդակայանում վերջիններիս ծառայութիւնը դադարեցնելու մասին: Միաժամանակ տարածւում է այն տեղեկատուութիւնը, թէ սպասւում է Զելենսքիի այցը Հայաստան (այս վերջինը տեղի չունեցաւ․ գուցէ առայժմ): Հարց է ծագումՙ ինչն է ստիպել Հայաստանի իշխանութիւններին կատարելու կտրուկ եւ ամբողջական դիմաշրջում դէպի Արեւմուտքՙ ուղիղ համեմատութեամբ սրելով յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Գուցէ սա իւրատեսակ հաշուետուութիւն-հաւաստիացո՞ւմ է Արեւմուտքին, որն այդ յստակութիւնն է պահանջում քաղաքական ճարպկութիւնների սովոր Հայաստանի վարչապետից: Գուցէ եւ Արեւմուտքն է շտապում հակառուսականութեան նոր ճակատ բացել Անդրկովկասում, երբ Ուքրայինան ակնյայտօրէն տանուլ է տալիս պատերազմում: Եւ արդեօ՞ք Հայաստանի անվտանգութեան, եթէ չասենք, գոյութեան հաշուին խաղարկուող այդ «սենար»-ի մասին չի վկայում Միացեալ Թագաւորութեան ռազմական նախարար Ճէյմս Հիպիի յայտարարութիւնը, թէ Լոնտոնը «կ՛աշխատի եւրաատլանտեան դաշնակիցների հետ` աջակցելու Հայաստանին Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դէպքում»:

Ինչպէս ասում են․ «աչքներս լոյս»: Միացեալ Թագաւորութեան նախաձեռնութեամբ եւրաատլանտեան դաշնակիցները կ’աջակցեն Հայաստանին Ռուսաստանի հետ հակամարտութեան մէջ մտնելու դէպքում: Իսկ այդ հաւանականութիւնը ենթադրուո՞ւմ է, թէ հրահրւում․ որեւէ պարագայում այն նոյն մահացու հեռանկարն է Հայաստանի համար: Շատ ծանօթ բան չի՞ յիշեցնում այս ընթացքը: Ռուս-ուքրայինական պատերազմի սկսուելուց 1 ամիս անց` Մարտ 2022-ին, թրքական միջնորդութեամբ Անթալիայում տեղի ունեցան ռուս-ուքրայինական բանակցութիւններ, ձեռք բերուեցին որոշակի համաձայնութիւններ, որոնք յանգեցին նախաստորագրման հանգրուանի, բայց քանի դեռ կողմերը չէին հասցրել վաւերացնել փաստաթուղթը, Քիեւ թռաւ Միացեալ Թագաւորութեան վարչապետ Պորիս Ճոնսընը եւ խոստանալով ամենայն աջակցութիւն` դրդեց հրաժարուելու հաշտութեան պայմանագրի կնքումից եւ շարունակել պատերազմը: Յիշեցնե՞նք Հայաստանի իշխանութիւններին, թէ ինչ վիճակում է այսօր Ուքրայինան: Պարզապէս արձանագրենք, որ այս երկիրն արդէն կորցրել է մօտ չորս այսօրուայ Հայաստանի չափ տարածք, 45 միլիոնանոց երկրի բնակչութեան թուաքանակը մօտաւորապէս կիսուել է (Ռուսաստանի քաղաքացի դառնալով, փախչելով երկրից եւ մօտ կէս միլիոն զոհ տալով), աւերուել է երկրի տնտեսական-էներգետիկ համակարգի մեծ մասը, Ուկրաինային սպառնում է տարածքների յետագայ մասնատումը նաեւ եւրոպացի հարեւանների միջեւ: Ըստ լուրջ կանխատեսումների` Եւրոպայի ամենամեծ երկրին սպառնում է պետականութեան կորուստն ու կազմալուծումը: Իհարկէ, նոյն այս ճանապարհին` Զելենսքիին, իսկ յաջորդ հանգրուանում Սահակաշվիլիին հերթափոխելու ճանապարհին գտնուող Փաշինեանին արդէն յաջողուել է հայկական իշխանութեան ներքոյ գտնուող երկրի 30 տոկոսից աւելին տանուլ տալ, այնուամենայնիւ սա սթափեցնելու եւ համարժէք հետեւութիւնների տանող եզրակացութեան չի մղել նրան եւ նրա խամաճիկային թիմին: 2018 թուականից Հայաստանին պարտադրուած քաղաքականութիւնը շարունակւում է: Որպէս այս «սենար»-ը ամբողջացնող ծանօթ գիծ դրսեւորւում է Եւրոպայի եւ եւրոպական կառոյցների առաջնորդների հիացմունքը Հայաստանի իշխանութիւնների ժողովրդավարական բարեփոխումների հանդէպ: Եւրամիութիւնն ասում է, թէ Հ․Հ․-Եւրոմիութիւն յարաբերութիւնները երբեք այսքան խորն ու ամուր չեն եղել:

Մնում է կանխագուշակել, թէ ինչպէս են արտայայտւում այդ «խորն ու ամուրը»` բացի Հ․Հ․ իշխանութիւնների ամբողջովին Արեւմուտք թեքուելուց եւ Ռուսաստանին հակադրուելուց: Միաժամանակ հրաւէր է հնչում հերթ կանգնելու Եւրամիութեան անդամի թեկնածու դառնալու համար թեկնածուների երկար շարքում:

Նիկոլ Փաշինեան քաղաքական թիւրիմացութեանը ծնած Հ․Հ․Շ․-ի իշխանութիւնից յետոյ Հայաստանը զգուշաւոր քայլերով զարգացնում էր յարաբերութիւնները Արեւմուտքի հետ եւ անգամ մասնակցում էր ՆԱԹՕ-ի ինչ-ինչ ծրագրերի: Փոխլրացնող այս քաղաքականութիւնը ջղագրգռութիւն չէր առաջացնում Հայաստանի դաշնակիցների եւ միւս գործակիցների մօտ, որովհետեւ Հայաստանն իր քաղաքականութիւնն իրականացնում էր բաց` առանց կողմերի շահերի վրայ հակադրութիւններ սարքելու գաւառական պարզունակ ճարպկութեան, յստակօրէն ցուցադրում էր քաղաքական առաջնահերթութիւններին հաւատարմութիւնը, իսկ, որ ամենակարեւորն է, այդ յարաբերութիւնները չէր կառուցում ի հաշիւ եւ ընդդէմ տարբեր կողմերի: Քաղաքական կապերը տիւերսիֆիքացնող (զանազանող, խմբ․) այս քաղաքականութիւնը վտանգաւոր մարտահրաւէրներ չէր ստեղծում Հայաստանի համար:

Ներկայիս ճակատագրական պատմափուլում, երբ անփորձ իշխանութիւնը ունակ չէ թշնամական սպառնալիքները յաղթահարելու, 180 աստիճանի շրջադարձ կատարելով, գործիք է դարձել Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակը հետապնդող ուժերի ձեռքին, այսպէս ասած, «եւրոպամէտ քաղաքականութիւնը» փորձում է ներկայացնել որպէս անկախ Հայաստանի անցած ճանապարհի համար չտեսնուած ու շատ առաջադիմական մի բան:

Թերեւս կարելի է չզարմանալ` ընդունելով, որ Նիկոլ Փաշինեանն ու իր արկածախնդրական թիմը ցանկութեան դէպքում անգամ այլեւս այլ բան չեն կարող անել, որովհետեւ խորանում է կախումը արտաքին հովանաւորներից եւ երկիրը յօշոտել ցանկացող թշնամիներից:

Այլապէս մի՞թէ Նիկոլ Փաշինեանից լաւ որեւէ մէկը գիտի, թէ ինչ հետեւանքներ են ենթադրում Ռուսաստանի հետ յարաբերութիւնների սրումը եւ աշխարհաքաղաքական բախման պայմաններում այլոց կռուի մէջ ոտատակ ընկնելը:

Փաշինեանը լաւ գիտի, որ Ռուսաստանին թշնամութեան մղելը Հայաստանին սպառնում է ամէն տարի մօտ մէկուկէս միլիար գումարների կորուստով, որոնք այդ երկրում աշխատող հայերն ուղարկում են իրենց հարազատներին` հսկայական ընկերային-տնտեսական խնդիր լուծելով Հայաստանում: Դա նշանակում է աթոմակայանի հումքի, ադամանդի, աժան նաւթամթերքի, հացահատիկի եւ այլ ապրանքի հոսքի դադարեցում կամ մեծ տոկոսով թանկացում, նշանակում է հայկական` հիմնականում գիւղատնտեսական արտադրանքի առջեւ այս մատչելի եւ առայժմ անայլընտրանք շուկայի դռների փակումը, Ռուսաստանում աշխատող մի քանի հարիւր հազար հայերի վտարումը եւ այլն: Այս շարքը կարելի է շատ երկարացնել` չանդրադառնալով անգամ ամենակարեւորՙ անվտանգային խնդիրներին: Փաշինեանը եւ իր բախտախնդիրների «թայֆա»-ն իշխանութեան գալուց առաջ եւ գալու առաջին օրուանից իրականացրել են հայ ժողովրդի մէջ հակառուսական տրամադրութիւններ բորբոքելու, հայ-ռուսական յարաբերութիւնները խզման տանելու քաղաքականութիւն: Եթէ Նիկոլ Փաշինեանը այս նպատակը չունենար եւ փոքր-ինչ ազնիւ լինէր, կը խոստովանէր, օրինակ, որ 2020-ի պատերազմի կէսին ստիպուած էր լինելու ամբողջական պարտութիւն ընդունել, եթէ ամէն օր ինքնաթիռները Ռուսաստանից զինամթերք չհասցնէին Հայաստան: Եթէ նա ազնիւ լինէր, կը յիշէր, որ Հոկտեմբեր 19-ին Ռուսաստանի նախագահն առաջարկեց դադարեցնել պատերազմը առկայ դիրքերում, որ Ալիեւին համոզել է համաձայնել դրա հետ, եւ եթէ ինքը չմերժեր, այսօր Արցախը պահպանուած կը լինէր, եւ 2000-ից աւելի հայ զինուորի կեանքը կը փրկուէր:

Փաշինեանը չի յիշի այն մասին, որ ռուսներն առաջարկում էին Արցախի հարցի լուծումը սառեցնել` կարգավիճակի խնդիրը թողնելով ապագային, եւ այս առաջարկի հետ եթէ ինքը համաձայնէր, այսօր Արցախը լինելու էր պահպանուած եւ պաշտԺանուածՙ ապագայում կարգավիճակի լուծման հեռանկարով: Նիկոլ Փաշինեանը, սակայն, պէտք է մերժէր այս բոլորը եւ շարունակէր քայքայել Ռուսաստանի հետ յարաբերութիւնները` յստակ առաջնորդուելով այն նպատակներով, որոնք իրականացնելու համար ստանձնել էր իշխանութիւնը: Նիկոլ Փաշինեանը ռուս սահմանապահներին դուրս է հանում օդակայանից, իսկ մօտ ապագայում նա ընդհանրապէս հրաժարուելու է ռուսական ռազմուժի, այդ թւում` հայ-թրքական սահմանի պաշտպանութիւնն իրականացնող սահմանապահ զօրքի ներկայութիւնից մեր երկրում:

Հայաստանի իշխանութիւնն իր առաջնորդի գլխաւորութեամբ հրաշալի հասկանում է, որ ՀԱՊԿ-ի հետ կապերը խզելուց եւ ռուսական զինուած ուժը մեր երկրից դուրս բերելուց յետոյ Հայաստանը դառնալու է ամբողջովին բաց թրքական ներխուժման համար, հետեւաբար այդ ներխուժման անհրաժեշտութիւնը չի էլ լինելու, առանց դրա էլ Հայաստանն ընկնելու է թուրքական ազդեցութեան տակ: Որպէս Արեւմուտքի եւ ՆԱԹՕ-ի ներկայացուցիչ` հէնց Թուրքիան է մտնելու Հայաստան` իհարկէ, նախ եւ առաջ հետապնդելով Անդրկովկասում Ռուսաստանին փոխարինելու, Զանգեզուրի միջանցքը իր անուերահսկելի հսկողութեան տակ վերցնելու եւ պանթուրանիզմի ճանապարհը գործարկելու նպատակները: Գուցէ հէնց այդ հաշուարկով էլ այժմուանից Հայաստանի իշխանութիւնը կատարում է զիջումներ, որոնք կը պահանջուի, երբ երկիրը փաստացի կը վերածուի թուրքական կամ թուրք-ատրպէյճանական գաղութի: Այլապէս հասկանալով, թէ հասարակութեան մէջ ինչ դժգոհութիւն է բորբոքւում` ինչի համար են իշխանութիւնները կանխաւ տարածքները յանձնում եւ, ըստ թուրք պաշտօնեաների յայտարարութիւնների, համաձայնում Զանգեզուրի միջանցքի վերաբերեալ թրքական պահանջներին, խօսում նոր Սահմանադրութեան մասին, թրքական գաղափարախօսութիւններին համապատասխան փոփոխում հայագիտութեան հիմնարար գաղափարները, տուեալ ճիւղերի կարգավիճակը կրթական համակարգում: Անգամ հասնելով սրբապղծութեան` պատերազմի հերոսների նկարները հանում են փառքի անկիւններից: Ալիեւը իր գրպանում համարելով Հայաստանի ութ գիւղերը ստանալու հարցը` խօսում է այժմ արդէն «Ատրպէյճանի դէմ ռազմական յանցագործութիւններ գործածէ հայաստանցիներին յանձնելու պահանջի մասին: Յայտարարելով, թէ ինքը Հայաստանի Հանրապետութեան վարչապետն է` Փաշինեանն ամբողջովին հրաժարւում է եւ՛ հայոց պատմական անցեալից, եւ՛ յիշողութիւնից, եւ՛ հայ դատից, եւ՛ այն ազգային արժէքներից, որոնք առնչւում են այդ ամէնի հետ:

Ինչ վերաբերում է նրան, թէ Արեւմուտքը մեզ կը պաշտպանի, այդ հեքիաթին իշխանութիւնն անգամ չի հաւատում: Նախ արեւմտեան ղեկավարներն են յայտարարել, որ Հայաստանը պաշտպանելու համար զինուոր չեն ուղարկի տարածաշրջան, միւս կողմից էլ, երբ իշխանութիւնը ժողովրդին «շանթաժ»-ի է ենթարկում Ադրբեջանի հնարաւոր յարձակման սպառնալիքով, հաստատում է այն տեսակէտը, որ ինքն իսկ չի հաւատում Արեւմուտքի միջամտութեանն ու աջակցութեանը: Ի դէպ, այդ նոյն Արեւմուտքը փոխլրացնող ամուր տնտեսաքաղաքական կապերի մէջ է Ատրպէյճանի եւ նրա հովանաւոր Թուրքիայի հետ եւ անգամ շրջափակման երկար ամիսներին ոչ միայն օգնութեան ձեռք չմեկնեց հայութեանը, այլեւ որոշ երկրների ներկայացուցիչներ իրենց հերթին էին պահանջում արցախցիներից լքելու իրենց բնօրրանը` սպառնալով հնարաւոր ցեղասպանութեամբ: Ակնառու փաստ է, որ եւրոպական ղեկավարների ու կառոյցների` Ատրպէյճանին ուղղուած բոլոր յայտարարութիւններին եւ ընդունած որոշումներին հակառակ` Ալիեւը անխռով շարունակում է իր սպառնալիքներն ու հակահայ քայլերը` դրանով փաստելով ոչ միայն արեւմտեան բոլոր որոշումների, այլեւ նիկոլական իշխանութեան յոյսերի սնանկութիւնը:

Պէտք է յստակ լինի նաեւ, որ Հայաստանի իշխանութիւնների արտաքին քաղաքականութեան մէջ քաղաքական հիմքեր փնտրելը անիմաստ էՙ այդ քաղաքականութիւնը ամբողջովին պայմանաւորուած է այն ազդեցութիւններով եւ կախումներով, որոնք այս խառնախմբի համար գոյութիւն են ունեցել դեռեւս իշխանութեան գալուց առաջ եւ արտայայտուել են շատ յստակօրէն, երբ նա դեռ ջուր էր պղտորում ընդդիմադիր դաշտում: Չունենալով արտաքին քաղաքականութիւն իրականացնելու փորձառութիւն, խորթ լինելով ազգային մտածողութեանն ու ազգային ռազմավարական շահերին, չհասկանալով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային առանձնայատկութիւններով պայմանաւորուած անկախ Հայաստանի որդեգրած քաղաքական ուղեգծերը` վերջապէս, որպէս զիւորական պարտադիր ծառայութիւնից խոյս տուած դասալիք, Փաշինեանն իր օտարասուն համախոհների հետ հաւատաց արտաքին հովանաւորների խոստումներին ու նետուեց դաժան գործընթացների յորձանուտի մէջ:

Լողալ չիմանալով` այդ ալեկոծումների մէջ կործանեց Արցախը, կործանման շեմին կանգնեցրեց Հայաստանը` մեր երկիրը դարձնելով մեծ շահերի բախման եւ անվերջանալի ցնցումների ներուժ պարունակող փորձադաշտ: Ոտատակ ընկնելով մեծ խաղերի մէջ` նա այստեղ ներքաշեց նաեւ երբեմնի կայուն, հեղինակութիւն ու յարգանք ներշնչող երկիրը: Նիկոլ Փաշինեանը խուսափելով ուղիղ հնչող հարցերից` չունի հիմքեր եւ չի կարողանում որեւէ երաշխիք ներկայացնել, որ ինքը կարող է երկիրը դուրս բերել անվերջանալի անկումների այս ընթացքից: Չունենալով երկիրը փրկելու յոյս եւ հասկանալով, որ երկրի ու ժողովրդի առաջ այսչափ յանցագործութիւններ կատարած մէկը չի կարող չկանգնել անխուսափելի պատասխանատուութեան առջեւ` նրա եւ իր թիմի համար ինքնանպատակ իշխանութիւնը դարձել է ինքնապաշտպանութեան զրահ, որի գոյատեւումն էլ կախուած է հովանաւորների եւ իր դաւաճանական իշխանութեան երկարաձգման մէջ շահագրգիռ թշնամիների բարեհաճութիւնից: Այդ պատճառով էլ նա իր քաղաքական գործունէութիւնը պայմանաւորում է թուարկուած ուժերի կամակատարութեամբ, իսկ թշնամիներ է համարում նրանց, որոնց համարում է վտանգ իր իշխանութեան համար, մասնաւորապէս` Հայաստանի ժողովրդին, արցախցիներին ու նաեւ ռուսներին:

Այս իշխանութիւնը կարծում է, որ եթէ ռուսներին մերժի եւ ջայլամի պէս գլուխը մտցնի աւազի մէջ, Ռուսաստանը կ’անյետանայ, այնինչ այս երկիրը եղել է, կայ եւ, ուզենք, թէ չուզենք, տեսանելի ապագայում մնալու է հիմնական դերակատար այս տարածաշրջանում եւ անկախ իւրաքանչիւրի նախասիրութիւնից` այս իրողութեան նկատմամբ քամահրանքը շատ ծանր կարող է նստել մեզ վրայ: Կյաջողուի՞ Հայաստանը դուրս բերել ոտատակ ընկածների այս խաղաբեմից: Այլ ելք չկայ, մնում է, որ հրաբուխի պէս պայթիւնի պատրաստ ժողովուրդը կարողանայ տեսնել եւ ընդունել պայքարը յաջողութեամբ աւարտելու ունակ իր առաջնորդներին: Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը թե՛ քաղաքականապէս եւ թե՛ բարոյապէս պարտութեան հոգեվարքի մէջ է, բայց այս վիճակը անվերջանալիօրէն կարող է ձգուել, քանի դեռ հրապարակում չի յայտնուել այդ հոգեվարքին վերջ դնող ուժը:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles