«Անգարան Շատ Ուժգին Օգնում Է, Նախապատրաստում Է Ատրպէյճանին Նոր Լայնածաւալ Սադրանքի… » – Ռուբէն Սաֆրաստեան

0 0
Read Time:7 Minute, 22 Second

«Հետք»ի Հարցազրոյցը Ռուբէն Սաֆրաստեանի Հետ
9 Սեպտեմբեր 2023
Հարցազրոյցը վարեց՝ Մարինէ Մարտիրոսեան
Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

 

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրտողանը Հայաստանի գործելակերպը տարածաշրջանում «սադրիչ» է որակել: Թէ որն է այս յայտարարութեան նպատակը՝ նախայարձակ լինե ՞լը, թէ ՞ Ատրպէյճանի նոր սադրանքի համար հող նախապատրաստելը, «Հետք»-ը քննարկել է ԳԱԱ (Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի – ՅՄ) ակադեմիկոս, Թրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի հետ:
«Համոզուած եմ, որ Թուրքիան շատ մեծ ներգրաւուածութիւն ունի բոլոր այն քաղաքական եւ ռազմական սադրանքներում, որոնք իրականացնում է Ատրպէյճանը: Էրտողանի կողմից այդպիսի յայտարարութիւնները վկայում են այն մասին, որ Անգարան շատ ինտենսիւ (ուժգին – ՅՄ) օգնում է, նախապատրաստում է Ատրպէյճանին նոր լայնածաւալ սադրանքի: Կարծում եմ՝ հենց դրա հետ է կախուած՝ հող է նախապատրաստում Ատրպէյճանի լայնածաւալ սադրանքի համար», ասում է ակադեմիկոսը:
Արցախի եւ Հայաստանի սահմանին Ատրպէյճանի զինուժի կուտակումները, ըստ «Հետք»ի զրուցակցի, երկու նպատակ են հետապնդում: Առաջինը՝ Արցախի եւ Հայաստանի վրայ ճնշում գործադրելն է, երկրորդը՝ Ատրպէյճանի նման գործողութիւնները շատ իրական են դարձնում լայնածաւալ սադրանքի հաւանականութիւնը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի նկատմամբ:
Ո՞ր հարցերում միանման դիրքորոշում ունեն Մոսկովան ու Անգարան:
Սեպտեմբեր 4-ին Սոչիում կայացաւ Փութին – Էրտողան հանդիպումը: Դրա առանցքում ուքրայինական հացահատիկի գործարքն էր, որը, սակայն, դրական հանգուցալուծում չունեցաւ Թուրքիայի համար: Հարցին, թէ Մոսկուան ու Անգարան որ հարցերում ունեն միանման դիրքորոշում, Ռուբէն Սաֆրաստեանը պատասխանում է . «Միանման դիրքորոշումն այն է, որ երկու երկիրները օգուտներ են ստանում այն բանից, որ Թուրքիան չի միանում Ռուսաստանի դէմ պատժամիջոցներին, օգնում է Ռուսաստանին շրջանցելու դրանք: Սա հիմնականն է, որը ստեղծում է համագործակցութեան դաշտ երկու երկրների համար: Բացի դրանից՝ երկու երկիրները իրականացնում են լայնածաւալ համատեղ ծրագրեր՝ բազմամիլիառանոց, որոնք մեծ ֆինանսական օգուտ են բերում երկուսին» ասում է թրքագէտը:
Ըստ Սաֆրաստեանի՝ Թուրքիան, մասնաւորապէս, հասաւ նրան, որ Ռուսաստանը յետաձգեց նրա՝ գազի դիմաց ունեցած պարտքի վճարումը: Ռուսաստանն իր հերթին տնտեսական օգուտ է ստանում տարբեր բնագաւառներում Թուրքիայի հետ համագործակցութիւնից: Եւ, մեր զրուցակցի դիտարկմամբ, տնտեսական շահն այն հողն է, որը բարենպաստ համագործակցում է ստեղծում Մոսկուայի ու Անգարայի միջեւ:
Տնտեսական յարաբերութիւններոմ կարեւոր հարցերից մէկը Թուրքիայում նոր ատոմականի կառուցումն է: Առաջին ատոմականը, որը Ռուսաստանի աջակցութեամբ է կառուցուել, մօտ է շահագործման մեկնարկին ու, հաւանաբար, յաջորդ տարի կը գործարուի: Այս բազմամիլիառանոց նախագծում, ըստ Սաֆրաստեանի, երկու հանգամանք է յատկանշական: Նախ՝ Ռուսաստանը շատ մեծ վարկ էր տրամադրել Թուրքիային, ինչի արդիւնքում վճարումնր ստացաւ նրանից: Երկրորդ՝ Ռուսաստանի համար կարեւոր էր, որ Թուրքիան Էներգետիկ (ուժանիւթային – ՅՄ) բնագաւառում կախուածութեան մէջ ընկնի իրենց՝ ատոմականի վառելիքի հարց, թափոնների տեղափոխութիւն, մասնագէտների պատրաստում, ուսուցում եւ այլն: Ռուսաստանն այլ երկիրների նման շահագրգռուած է ստանալ երկրորդ հիւլէականի կառուցման պատուէրը: Այս հարցը եւս քննարկուել է Փութին- Էրտողան հանդիպմանը: Թրքագէտը նկատում է, որ ամէն ինչ կախուած է նրանից, թէ թրքական կողմն ինչ շահ կ’ունենայ, եթէ Ռուսաստանին տրամադրուի այդ իրաւունքը:
Բայց վերը նշուածը չի նշանակում, որ Թուրքիան՝ որպէս ՆԱԹՕ-ի անդամ ու ԱՄՆ-ի հաւատարիմ դաշնակից, հրաժարւում է վերջիններիս հանդէպ իր պարտաւորութիւններից:
Թուրքերը կը շարունակեն իրենց ազդեցութեան տարածումը Հարաւային Կովկասում՝ Ատրպէյճանին որպէս գործիք օգտագործելով:
Հարցին, թէ արդեօք Մոսկովան ու Անգարան միանման դիրքորոշում ունեն Հարաւային Կովկասի հետ կապուած հարցերում, քանի որ Ուկրաինայի դէմ պատերազմ վարող Ռուսաստանը, կարծես, հաշտուել է այս տարածաշրջանում թուրքիայի ներկայութեան ամրապնդման հետ, ակադեմիկոս Սաֆրաստեանը պատասխանում է. «Շատ կարեւոր հարց էք բարձրացնում: Ինչպէս յայտնի է, մինչեւ Փութին – Էրտողան հանդիպումը Լաւրովը յայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայն է, որ Թուրքիան աւելի ակտիւ (աշխոյժ – ՅՄ) ներգրաւուի Հարաւային Կովկասում, միջնորդի դեր ստանձնի: Կարծում եմ դա Ռուսաստանի կողմից ժեստ է Թուրքիային, որ համաձայն է , որ Թուրքիան որոշակի ներգրաւուածութիւն ունենայ Հարաւային Կովկասում՝ համագործակցելով իր հետ: Սա, իհարկէ, դժուար էր պատկերացնել մի քանի տարի առաջ, որովհետեւ Ռուսաստանը յամառում էր, որ ինքը պէտք է միանձեայ ներկայութիւն ունենայ այստեղ: Հիմա տեսնում ենք, որ ժամանակները փոխուել են, Ռուսաստանը համաձայն է Թուրքիայի որոշակի ներգրաւուածութեան՝ իր հետ համագործակցութեամբ: Ռուսաստանի յոյսը դա է»:
Միւս կողմից՝ ըստ «Հետք»-ի զրուցակցի, տեսնում ենք, թէ Թուրքիան որքան է ուժեղացրել իր ազդեցութիւնն Ատրպէյճանի վրայ բոլոր բնագաւառներում՝ քաղաքականից մինչեւ ռազմական: Թուրքիայի դիրքերը ուժեղանում են նաեւ Վրաստանում: Իսկ Մոսկուան փորձում է Անգարայի ագրեսիվ (նախայարձակ – ՅՄ) ազդեցութեան աւելացումը Հարաւային Կովկասում դնել որոշակի շրջանակների մէջ՝ նրա հետ համագործակցութեան եզրեր գտնելով:
«Թրքական դիւանագիտութիւնը, իհարկէ, կը փորձի օգտուել դրանից, բայց առանձնապէս չի համագործակցի ռուսների հետ՝ իր նպատակներն առաջ տանելու համար, համոզուած է Ռուբէն Սաֆրաստեանը: Իսկ ո՞րն է Թուրքիայի ռազմավարական նպատակը Հարաւային Կովկասում՝ տարածաշրջանն աշխարհաքաղաքական առումով վերցնել իր հսկողութեան տակ, այստեղ լիովին իր ազդեցութիւնը տարածել՝ Ռոսաստանին դուրս մղելով: Նախքինում դա անում էր Ռուսաստանի հետ առճակատմամբ, հիմա Ռուսաստանը Հարաւային Կովկասին այնքան քիչ է ուշադրութիւն դարձնում, իսկ Թուրքիան էլ գնալով աւելի ագրեսիւ (նախայարձակ – ՅՄ) ու ուժեղ է դառնում, որ եկել է պահը, երբ ռուսները ստիպուած յայտարարում են թէ պէտք է համագործակցեն թուրքերի հետ: Կարծում եմ դրանից լուրջ բան չի ստացուի, որովհետեւ թուրքերը կը շարունակեն իրենց ազդեցութեան տարածումը Հարաւային Կովկասում՝ Ատրպէյճանին որպէս գործիք օգտագործելով: Ատրպէյճանի այս ագրեսիւ (նախայարձակ – ՅՄ) պահուածքը Արցախի եւ Հայաստանի նկատմամբ, համոզուած եմ թրքական ծրագիր է, որի միջոցով Անգարան թուլացնում է Հայաստանն ու Արցախը՝ իր դիրքերն ուժեղացնելով տարածաշրջանում»:
«Իրանը հաշուի է նստում այն իրողութեան հետ, որ Ատևպէյճանի մէջքին կանգնած է Թուրքիան»:
Իրանը յայտարարել է, որ աջակցում է Իրան-Թուրքիա-Ատրպէյճան ձեւաչափի վերականգմանը, որ առաջիկայում էլ սպասւում է Իրանի նախագահի այցը Թուրքիա: Այդուհանդերձ, Իրանը խորքային լուրջ հակասութիւններ ունի Թուրքիայի հետ: Ռուբէն Սաֆրաստեանը նշում է, որ դրանք դարերի խորքից են գալիս՝ պատերազմներ են եղել, դաւանաբանական հակասութիւններ կան՝ մէկը շիա է, միւսը՝ սուննի, հիմա էլ մրցակցութիւն կայ՝ Մերձաւոր Արեւելքում կարեւոր դիրք ստանձնելու համար:
Վերջին շրջանում էլ բաւական սրուել էին Ատրպէյճան-Իրան յարաբերութիւնները, սակայն Սաֆրաստեանն ասում է, որ այդ հարցը պէտք է քննարկել ոչ միայն Իրան-Ատրպէյճան, այլեւ Իրան-Թուրքիա կապերի համատեքստում:
«Թուրք-Իրանական յարաբերութիւնների առանձնայատկութիւնն այն է, որ չնայած թշնամանքին ու հակասութիւններին, ինչպէս 100 տարուայ փորձն է ցոյց տալիս, այդ երկրները միշտ կարողացել են գտնել բալանս (հաւասարակշռութիւն – ՅՄ), եւ հակասութիւնները երբեք չեն վերածուել ռազմական բախման: Երկու երկրներն էլ միջոցներ ունեն՝ մէկը միւսին վրայ ազդելու համար: Դրա համար էլ վերջին պահին իրենց զուսպ են պահում: Հիմա էլ եկել է պահը, որ զուսպ պէտք է մնան՝ ուժեղացնելով համագործակցութիւնը: Իսկ որ Իրանի ու Թուրքիայի միջեւ համագործակցութիւն կայ տնտեսական բնագաւառում, յայտնի է, չնայած այստեղ էլ կան խնդիրներ, որ քիչ են յայտնի, բայց կան», – ասում է թրքագէտը:
Ինչ վերաբերում է Իրան- Ատրպէյճան յարաբերութիւններին, որոնք սրուել էին, վերջին շրջանում, ըստ Սաֆրաստեանի, տեսնում ենք, որ որոշակի կարգաւորում է տեղի ունենում, ինչի մասին նշում են նաեւ իրանական աղբիւրները:
«Կարծում եմ՝ այստեղ երկու հանգամանք պէտք է հաշուի առնել: Առաջինը՝ Ատրպէյճանի մէջքին կանգնած է Թուրքիան, եւ Իրանը ինչքան էլ դժգոհ լինի Ատրպէյճանի քաղաքականութիւնից՝ կապուած «Զանգեզուրի միջանցք»-ի հետ, իրեն զուսպ է պահում: Չնայած տեսնում ենք, որ շարունակում է դա քննադատել եւ անընդունելի է համարել, – նշում է «Հետք»ի զրուցակիցն ու շարունակում , – միւս կողմից՝ վերջին շրջանում բաւականին լուրջ տնտեսական պրոյեկտ (նախագիծ Յ.Մ.) է սկսում զարգանալ Իրանի, Ատրպէյճանի եւ Ռուսաստանի միջեւ՝ «Հիւսիս-հարաւ» երկաթագծային կապը: Այդտեղ Ատրպէյճանը լինելու է այն հաբը (նշանակէտը – Յ.Մ.) որով Ռուսաստանը պէտք է կապուի Իրանի հետ: Իսկ Ռուսաստանի եւ Իրանի յարաբերութիւնները գնալով աւելի են խորանում, որովհետեւ երկուսն էլ հակաարեւմտեան ուղղուածութիւն ունեն: Այս առումով Իրանը շահագրգռուած է, որ Ատրպէյճանի հետ յարաբերութիւնները աւելի մեղմ լինեն, մանաւանդ, որ 2027 թ. նախապատրաստւում է այդ պրոյեկտի (նախագիծի- Յ.Մ.) վերջնական աւարտը, Ռուսաստանը պէտք է կապի Իրանին Ատրպէյճանի միջոցով»:
Իրանը զինուած միջամտութիւն կը ցուցաբերի՞ Ատրպէյճանական ագրեսիայի (նախայարձակման – Յ.Մ.) դէպքում:
Հարցին, թէ արդեօք իրանը զսպող գործօն կարող է լինել Ատրպէյճանի լայնածաւալ ռազմական գործողութիւն սկսելուն, ակադեմիկոսը պատասխանում է, որ Թեհրանը զսպում է իր քաղաքական յայտարարութիւններով եւ դիրքորոշմամբ՝ յայտնելով, որ դէմ է մեր տարածաշրջանում բոլոր տեսակի աշխարհաքաղաքական փոփոխութիւններին: Դա, ըստ թրքագէտի, իր դերը խաղում է, քանի որ Թուրքիան ու Ատրպէյճանը ստիպուած են հաշուի նստիլ Իրանի դիրքորոշման հետ: Բայց եթէ Ատրպէյճանը դիմի ռազմական գործողութիւնների՝ «Զանգեզուրի միջանցք»-ի բացման համար, Սաֆրաստեանը կասկածում է , որ Իրանը զինուած միջամտութիւն կը ցուցաբերի: «Վերջ ի վերջոյ, ինչպէս ասացի, Իրանը հաշուի է նստում այն իրողութեան հետ, որ Ատրպէյճանի մէջքին կանգնած է Թուրքիան: իսկ Թուրքիան լուրջ գործօն է Իրանի Համար», նկատում է «Հետք»-ի զրուցակիցը:
Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը սրւում է:
Ռուբէն Սաֆրաստեանը եւս այն համոզմանն է, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրութիւնը գնալով սրւում է, եւ Ատրպէյճանի գործողութիւնները, Արցախի եւ Հայաստանի սահմանին զօրք կուտակելը դրա վկայութիւնն են: Զարգացումների միւս կէտն այն է, Թուրքիան շարունակում է աշխարհաքաղաքական առումով իր ծաւալապաշտական ռազմավարութիւնը Հարաւային Կովկասում՝ փորձելով էլ աւելի ուժեղացնել իր դիրքերն այստեղ եւ մօտենալ իր վերջնական նպատակին՝ տարածաշրջանը վերցնել իր ձեռքը:
Մեր զրուցակիցը մատնանշում է նաեւ այն հանգամանքը, որ արեւմուտքն է որոշակի առումով ակտիւացել (աշխոյժ դարձած – Յ.Մ.) տարածաշրջանում ՝ սկսած դիտողների տեղակայումից մինչեւ այն նախաձեռնութիւնները, որոնցմով Ուաշինկթընն ու Պրիւսէլը հանդէս են գալիս հայ-ատրպէյճանական յարաբերութիւնների վերաբերեալ:
Թրքագէտը կարեւորում է Ռուսաստանի գործօնը տարածաշրջանի համար: Ըստ նրա՝ Ռուսաստանն ամէն ինչ կ’անի, որ գոնէ պահի այն, ինչ հիմա ունի Հարաւային Կովկասում, այսինքն՝ Հայաստանին որպէս դաշնակից պահի: Բայց զբաղած լինելով Ուքրայինայի եւ արեւմուտքի հետ հակասութեամբ, Հարաւային Կովկասին նախկինի պէս մեծ ուշադրութիւն չդարձնելով եւ Թուրքիայի ագրեսիւ (նախայարձակ – Յ.Մ.) պահուածքն այս տարածաշրջանում մեղմել փորձելով՝ Ռուսաստանը, ըստ Ռուբէն Սաֆրաստեանի, դժուար թէ յաջողութեան հասնի՝ Թուրքիային համագործակցութեան ձեռք մեկնելով:
Իր հերթին Իրանը, լինելով կարեւոր խաղացող տարածաշրջանում, յստակ դիրքորորոշում է արտայայտում, ինչը զսպող դեր է խաղում բոլոր այն բացասական զարգացումներում, որոնք նկատւում են:
«Երբ խօսում ենք տարածաշրջանի մասին, պէտք է անդրադառնանք հայ-ռուսական յարաբերութիւններին որոնք այստեղ կաեւոր գործօն են: Այո, լարուածութիւն կայ երկու երկրների յարաբերութիւններում, բայց եթէ դատենք ներկայ փուլով, հայ—ռուսական ռազմավարական գործակցութիւնը հարցականի տակ չի դրւում: Իսկ դա կարեւոր դերակատարում ունի՝ թուրք-ատրպէյճանական տանդեմի ագրեսիւ (համագործ – նախայարձակ – ՅՄ) պահուածքին որոշակի հակադրելու համար», – եզրափակում է ակադեմիկոս Սաֆրաստեանը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles