Իշխանութեան Վերջին Եւ Գլխաւոր Առաքելութիւնը

0 0
Read Time:6 Minute, 57 Second


ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

«Առաւօտ» (յապաւումով)

Յեղափոխութիւնները լինում են տարբեր: Պարտադիր չէ, որ նրանք ուղեկցուեն իշխանափոխութեամբ: Պատմութիւնը գիտի դէպքեր, երբ գործող իշխանութիւնը կամ առկայ համակարգը իր մէջ ուժ ու վճռականութիւն է գտնում գնալ ցաւոտ, սակայն խիստ անհրաժեշտ արմատական բարեփոխումմերի: Նման յեղափոխութիւններ կարող են տեղի ունենալ նոյնիսկ ամբողջատիրական հասարակութիւններում` առկայ համակարգի ներսում: Սակայն երբ բարեփոխումները հասունանում են, իսկ իրականութիւնից կտրուած կամ առաջընթացին դիմադրող իշխանաւորները հրաժարւում են փոփոխութիւններից, հասարակութիւնը բռնի ուժով պարտադրում է դրանք եւ այդ պարտադրանքը յաճախ նաեւ ուղեկցւում է իշխանափոխութեամբ: Բարեփոխումներն ու առաջընթացը պէտք է լինեն յեղափոխութեան հիմնական հետեւանքը, հակառակ դէպքում այն իմաստազուրկ է: Եւ իշխանափոխութիւնը դեռ յեղափոխութիւն չէ, եթէ չի ուղեկցւում հասարակական կեանքի արմատական բարեփոխմամբ:

Բազմիցս անդրադարձել ենք անկախութիւնից յետոյ մինչ օրս կառուցուող պետութեան սխալ մոտելին: Պետութեան եւ հասարակութեան կազմակերպման նէոլիբերալ գաղափարախօսական հոսանքը եւ հանրութեան մէջ արմատացած տոկմաները ձախողել են արդիւնաւէտ եւ ժամանակակից պետութիւն կառուցելու քայլարշաւը եւ պետութեանը հարկաւոր է զարգացման նոր մոտել, նոր տեսլական, անհրաժեշտ է իրական պետութիւն կառուցելու խնդրի լուծման համար նոր աշխարհայեացք:

Շատերին դեռ 2018 թուականի գարնանն ակնյայտ էր, որ իշխանութեան եկող նոր հոսանքը, ունենալով հինը քանդելու նպատակ, միաժամանակ չունի եւ չի կարող ունենալ նորը կառուցելու կարողութիւն: Ենթագիտակցօրէն եւ յաճախ` բնազդօրէն հասկանալով, որ ինչ-որ բաներ նախկինում արուել են ոչ ճիշտ, իշխանական նոր խմբաւորումը չունի բարդագոյն խնդիրների խորքային պատկերացումներ, հարցերի իրական ախտորոշում, դրանց պատճառների բացայայտում, իսկ պատրաստուածութեան բացակայութիւնը թոյլ չի տալիս գտնել բազմաթիւ հարցերի պատասխաններ, առաւել եւս` լուծումներ:

Եւ հէնց դա է պատճառը, որ իշխանափոխութիւնը չուղեկցուեց բազմաթիւ ոլորտների այդքան անհրաժեշտ բարեփոխումներով, որոնց ամբողջութիւնը կարելի էր անուանել յեղափոխութիւն: Անփորձութեան պատճառով աղաւաղուած են ընկալուել պատճառահետեւանքային կապերը եւ խառնուել առաջնայինն ու երկրորդականը: Չհասկանալով եւ չընկալելով խնդիրները, նոր իշխանութիւնը չկարողացաւ կազմաքանդել հին արատաւոր համակարգի յենասիւները:

– Չի փոխուել պետական կառավարման համակարգի փիլիսոփայութիւնը, այն այդպէս էլ մնաց թոյլ պետութեան մոտելի անզօր պետական համակարգ, որը նոյնիսկ մեծ ցանկութեան դէպքում ի վիճակի չէ լուծել լուրջ խնդիրներ:

– Որեւէ քայլ չի արուել կիսակրիմինալ (խմբ. , կիսաոճրային) ու կիսագրագէտ ՏԻՄ համակարգը վերացնելու եւ նոր վարչատարածքային բաժանմամբ նոր արդիւնաւէտ տեղական ինքնակառավարում ձեւաւորելու համար:

– Չի սանձուել պետութեանը չծառայող ֆինանսական կառավարման համակարգը, որը վաղուց երկրի տնտեսութեան իրական ստուերային կառավարիչն է: Սրա ապացոյցը տեսնում ենք ամէն օր, այդ թւում` վերջին հակաճգնաժամային միջոցառումներում:

– Տուրք տալով ֆինանսական համակարգի շանթաժին եւ չտիրապետելով իրավիճակին, այս կառավարութիւնը ամբողջութեամբ գործադրեց նախկինից ժառանգած կուտակային կենսաթոշակային համակարգը, վախենալով պետութեանն ու ժողովրդին վերադարձնել արդէն տարուած միլիարդաւոր դրամներ եւ պետական պիւտճէից տարեկան մսխելով 70 միլիար  դրամ (եւ այդ թիւն ամէն տարի աճելու է):

– Էներգետիկայում կոռուպցիոն եւ ստուերային հոսքերը վերացնելու եւ ներքին ահռելի ռեսուրսները բացայայտելու փոխարէն, պարբերաբար այլ պետութեան ղեկավարութեանը խնդրւում  է իջեցնել գազի սակագինը սահմանին (նախկինները դա անում էին, որպէսզի ներսում ունենային «ռեսուրսներէ, սակայն պարզ չէ, թէ ինչի է այս իշխանութիւնը դա անում):

– Հակամենաշնորհային քաղաքականութեան եւ իրական տնտեսական մրցակցութեան ապահովման փոխարէն գերադասուեց պարզապէս յայտարարել մենաշնորհների բացակայութեան մասին:

– Հարուստների եւ աղքատների միջեւ ահռելի տարբերութիւնը կրճատելուն ուղղուած քաղաքականութեան փոխարէն պրոգրեսիւ հարկային համակարգը փոխարինուեց համահարթ համակարգով, որը պարգեւատրումներին զուգահեռ էլ աւելի բարձրացրեց հէնց իրենց` բարձրաստիճան պետական պաշտօնեաների եւ բարձր վարձատրուող ֆինանսական եւ հանքահումքային ոլորտի ղեկավարութեան եկամուտները:

– Ազգային փոխադրող ունենալու մասին վարչապետի յայտարարութիւններին հետեւեց լրիւ հակառակ քայլը` նախկիններից ժառանգած «բաց երկնքովէ ձախողուած պատկերը էլ աւելի խորացաւ արտօնութիւնների միջոցով պիւտճէական փոխադրողների մուտքով:

– Բազմաթիւ ոլորտներում պետական մասնակցութեան վերականգնման փոխարէն առաջարկութիւններ են շրջանառւում մասնաւորեցումների վերաբերեալ (այդ թւում` առողջապահական ոլորտի կազմակերպութիւնների): Բարեբախտաբար, գոնէ քաղաքապետարանը սկսեց շահագործել աղբահանութեան մունիցիպալ ընկերութիւն:

– Նոր իշխանութիւնը չիրականացրեց նաեւ իր կողմից հռչակուած ամենակարեւոր եւ առանցքային առաքելութիւնը` ապօրինի ձեռք բերուած գոյքի եւ ապօրինի հարստացմամբ ստացուած եկամուտների վերադարձը պետութեանը, քանի որ խօսելով թալանի եւ կոռուպցիայի մասին, այդպէս էլ չի պատկերացնում (կամ չի ցանկանում իմանալ) դրանց իրական մեքանիզմներն ու ճանապարհները:

Պետութեան նոր մոդելի եւ նոր պետական կառավարման համակարգի ձեւաւորման աշխատանքն իշխանութիւններն ամբողջութեամբ տապալել են, որի կարողութիւնը, ըստ էութեան, ոչ էլ ունեցել են: Միայն պետութիւնը եւ պետական համակարգը չճանաչողները կարող էին (կամ կարող են) ակնկալել, որ տուեալ թիմն ի վիճակի կը լինի այս ծանրագոյն առաքելութիւնը յաջողել:

Այո, այս իշխանութեան թիւ մէկ առաքելութիւնը պէտք է լինէր հին համակարգի կազմաքանդումը, սակայն այն կազմաքանդելու համար հարկաւոր էր երկու կարեւոր պայման` նախ հասկանալ հին արատների խորքային արմատները եւ ունակ լինել զուգահեռաբար կառուցել նոր համակարգէր, քանի որ հնի վերացման լաւագոյն ձեւը նորի կառուցումն է:

Սակայն ձախողելով այս ամէնը, իշխանութիւնն ունի եւս մէկ ոչ պակաս, իսկ գուցէ աւելի կարեւոր առաքելութիւն:

Անկախութեան 30 տարուայ ընթացքում Հայաստանում երբեք ընտրութիւններով իշխանափոխութիւն տեղի չի ունեցել: Եղել է իշխանութեան փոխանցում երկրի մէկ ղեկավարից միւսին, իսկ դրան յաջորդող ընտրութիւնները պարզապէս ամրագրել են առկայ պատկերը: Նոյնը տեղի ունեցաւ նաեւ այս անգամ:

Իր ելոյթներից մէկում վարչապետը յայտարարել էր, որ յեղափոխութիւնը կհամարի վերջնականապէս յաղթանակած, երբ ընտրութիւններով իշխանութիւնը կզիջի այլ քաղաքական ուժին: Ողջունելի է այդ իսկապէս կարեւորագոյն հարցի ընկալումը: Սակայն այստեղ կայ մէկ նախապայման: Շատ կարեւոր է ոչ միայն այն, որ վերջապէս մի օր Հայաստանում ընտրութիւններով տեղի ունենա իշխանութեան փոխանցում, այլ նաեւ այն, թէ ով է գալու իշխանութեան եւ ինչի համար: Յաջորդ իշխանութիւնը պէտք է իսկապէս լինի նորը եւ այն պէտք է լինի գաղափարական, ծրագրային, քաղաքական եւ աւելի լաւը, քան բոլոր նախկինները: Իսկ եթէ ընտրութիւնների արդիւնքում իշխանութեան գալու են հին գաղափարախօսութեան կրողները կամ տեղի է ունենալու աթոռի փոխանցում սեփական թեկնածուին, ապա դա ոչ միայն կը դառնայ նոր հիասթափութիւնների, այլ նաեւ նոր արտագաղթի պատճառ:

Հայաստանում անկախութիւնից յետոյ մշտապէս ջարդուել է քաղաքական համակարգը, իսկ գաղափարական ծրագրային պայքարը փոխարինուել մերձքաղաքական գործարքներով, այդ թւում` իշխանութեան փոխանցմամբ:

Անդեմ, անսկզբունք, ոչինչ չիմացող ու ոչինչ չհասկացող, սակայն քծնանքի կամ ժամանակին կողմնորոշուելու հոտառութեամբ եւ ճամբարափոխման յատուկ «տաղանդով» օժտուած գորշ զանգուածը տարիներ շարունակ վարկաբեկեց «քաղաքականութիւնէ հասկացութիւնը Հայաստանում:

Քաղաքական գործիչը պէտք է ունենա սկզբունքներ, գաղափարներ, լինի դրանց կրողը եւ հետեւողականօրէն իրագործողը: Սակայն քաղաքական դաշտի շարունակական անապատացման պայմաններում քչերն են համապատասխանում սոյն սահմանմանը: Մարդիկ դադարել են քաղաքական գործունէութեամբ զբաղուել:

Քաղաքական պայքարը վերածուեց պայքարի յանուն «կոտլետի» (ինչպէս իր յայտնի ելոյթներից մէկում բնութագրել էր լուսահոգի Վահան Յովհաննէսեանը):

Քաղաքական դաշտում մարդիկ ոչ թէ սկզբունքներ ու ծրագրեր էին առաջ տանում, այլ աշխատում էին` «իշխանական» կամ «ընդդիմադիր», քծնող կամ քննադատող, եւ այդ ամէնը ոչ թէ յանուն գաղափարի, այլ անձնական բարեկեցութեան:

Քաղաքական անսկզբունք դատարկ դաշտը լցուեց ոչ պակաս անսկզբունք «քաղհասարակութեամբէ: Այդ հատուածի գերակշիռ մասը (անշուշտ` ոչ բոլորը) ոչ թէ իրաւապաշտպան, բնապահպան, այս կամ այն հարցով ակտիւիստ են, այլ յատուկ պատուերով աշխատում են «բնապահպանէ, «իրաւապաշտպանէ կամ «ակտիւիստէ: Մարդիկ ոչ թէ իսկապէս պայքարում էին կուտակայինի, Ամուլսարի, քաղաքաշինական ու բնապահպանական այլանդակութիւնների, պիւտճէի մսխումների կամ անարդարութիւնների դէմ, այլ գործում էին պատուերի, քաղաքական նպատակայարմարութեան կամ անձնական շահի թելադրանքով:

Քաղաքական եւ հասարակական համակարգերի այդ ջարդի արդիւնքում է, որ Հայաստանում չձեւաւորուեց դասական գաղափարական քաղաքական կուսակցութիւնների համակարգը, իսկ վերջին ընտրութիւններում Ազգային ժողով անցան պոպուլիստական կ’ուսակցութիւննէր:

Հայաստանի բազմաթիւ խնդիրներ չեն լուծուելու` դրա համար անհրաժեշտ է, որ լինեն դրանք լուծողները (հակահամաճարակային քաղաքականութեան տապալումը պատահական չէ): Սակայն եթէ այս իշխանութիւնը կարողանայ ձեւաւորել առողջ քաղաքական համակարգ, որը կապահովի իրենից յետոյ նոր արդիւնաւէտ իշխանութեան ձեւաւորումը, հանրութեան հանդարտացումը եւ պետութեան կայուն զարգացումը, ապա կարող ենք ասել, որ պատմական մեծագոյն առաքելութիւններից մէկը կատարուած է: Իսկ եթէ հերթական անգամ իշխանութիւնը յանձնուեց նոյն մեքանիզմների միջոցով կամ տեղի ունեցաւ հնի վերադարձ, որի առարկայական հաւանականութիւնը բացակայում է եւ հինը գործօն է բացառապէս ներկայիս իշխանութեան կողմից արհեստական կռիւ հրահրելով, ապա ներկաները պատմութեան մէջ կը մնան որպէս երկրի ամենաձախողուած ու ամենախայտառակ իշխանութիւնը:

Այսօր ներկաները բազմաթիւ ոլորտներում շարունակում են նախկինների վարած նոյն քաղաքականութիւնները: Ստացւում է, որ քաղաքական պայքարն իրականում ընթանում է յանուն «կերակրատաշտիէ, որը նորերը որեւէ կերպ չեն ցանկանում զիջել ուրիշներին: Գաղափարախօսութիւնների, ռազմավարութիւնների, ծրագրերի կամ քաղաքականութիւնների պայքար այսօր տեսնելու համար պէտք է ունենալ վառ երեւակայութիւն:

Հասարակութեան մի մասը դեռ չի ուզում հաւատալ, որ այս ամէնը ընդամէնը կռիւ է յանուն «լափամանի», որը պինդ բռնել են «յեղափոխականները»: Մտածող հատուածը դեռ յոյս ունի, որ իրականում չկայ անձայն համաձայնութիւն նախկինների եւ ներկաների միջեւ` շարունակել բաժանել հասարակութիւնը սեւերի ու սպիտակների, «փիցցայակերների» ու «սորոսականների» եւ այլն: Գուցէ դա ձեռնտու է ռեւանշիստներին կամ ներկայիս կարիերիստ պաշտօնեաներին, բայց դա պէտք չէ պետականութեանը: Առողջ քաղաքական համակարգի եւ խաղաղ ու իրական իշխանափոխութեան խնդրով իշխանութիւնը պէտք է զբաղուի հէնց այսօր: Այո, ձախողեցին ամէն ինչ` հին համակարգի կազմաքանդումից մինչեւ կորոնաւիրուսի դէմ պայքար, բայց պատմութիւնը բազմաթիւ սխալներ, մեղքեր, մսխումներ եւ այլն, կների միայն մի դէպքում` եթէ իշխանութիւնը կատարի իր վերջին առաքելութիւնը` իրենից յետոյ գա աւելի լաւ իշխանութիւն, որը չի լինի հին արատաւոր համակարգի գաղափարական կրողը եւ ունակ կը լինի կառուցել նոր ժամանակակից պետութիւն` նոր մտածելակերպով ու աշխարհայեացքով:

Իրատեսները չեն հաւատում իշխանութեան իմաստնութեան ու խոհեմութեանը: Ներկայ պաշտօնեաները մտածում են, որ դեռ ժամանակ կայ, սակայն չարաչար սխալւում են: Նախկիններն էլ էին մտածում, որ դեռ շատ ժամանակ ունեն, սակայն ճակատագիրը յաճախ այդ հնարաւորութիւնը չի տալիս: Ոմանց իշխանական առանձնասենեակներից եւ առանձնատներից շատ բաներ լաւ չեն երեւում: Կեանքը ցոյց է տալիս, որ լինել սկզբունքային եւ գաղափարական, լինել օբյեկտիւ եւ անաչառ` անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտօնից, ցաւօք, տրուած է ոչ բոլորին:

Իրենից յետոյ նոր ու աւելի պատրաստուած քաղաքական թիմին իշխանութիւն յանձնելը ցանկացած իշխանութեան համար ոչ պակաս կարեւոր առաքելութիւն է, քան իրենց օրօք գրանցուած նուաճումները: Ժամանակին, գեղեցիկ ու գրագէտ հեռանալը նոյնպէս արուեստ է: Եթէ չէք հաւատում, ապա հարցրէք այդ ամէնով անցած նախկին իշխանաւորներին: Իրենք կը հաստատեն:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Մեր Պարտքն Ու Պատասխանատուութիւնը
Next post ՀԱՐՑԱԶՐՈՅՑ՝ ԱՐՈՒԵՍՏԻ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՅՔԷՋ «HYPERALLERGIC»-Ի ՀԻՄՆԱԴԻՐ ԵՒ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ  ՀՐԱԿ ՎԱՐԴԱՆԵԱՆԻՆ ՀԵՏ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles