Հացը, Մարդը Եւ Քաղաքացին

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ
«Երկիր»

Բոլորս, անկախ քաղաքական պատկանելութիւնից եւ հայեացքներից կամ դրանց բացակայութիւնից, միահամուռ, միասնակամօրէն ցաւ ապրեցինք: Ցաւ ապրելը միայն այդ պարագայում է լաւ, երբ բոլորը միասին են այն ապրում, ազգովի, մանաւանդ երբ ազգովի այլ բան չենք անում, չենք կարողանում, չի ստացւում:
Հայաստանի քաղաքացի Արթուր Սարգսեանն էլ չկայ, մահացաւ, ասում են` սպաննուեց, ասում են` սպաննեցին: Այդպէ՞ս է, չգիտեմ: Կը պարզուի: Յուսանք` կը պարզուի: Յուսանք` գոնէ սա կը պարզուի: Ուրիշ կարեւոր բան կայ. Արթուր Սարգսեանը հաց բերող չէ, նա հաց է տարել, ինչպէ՞ս, կարեւոր չէ, շատ կարեւոր է, բայց մեծամասնութեան համար կարեւոր չէ, իսկ մեծամասնութեան համար կարեւորն օրէնք է, օրէնքից վեր մի բան: Արթուր Սարգսեանը Հայաստանի քաղաքացի է, սա աւելի կարեւոր է, կարեւորը սա է, ոչ թէ` նրա հաց տանելը: Ուրեմն խնդիրը ոչ թէ այն է, թէ այս ի՛նչ են արել հաց բերողի հետ, այլ` այն, թէ այս ի՛նչ են արել Հ.Հ. քաղաքացու հետ: Ռոմանտիկան, խիղճը, մարդկայնութիւնը հրաշալի բաներ են, բայց դրանցով պետութիւն չեն կառուցում, միայն դրանք բաւարար չեն ընտանիք պահելու համար անգամ: Հաց բերողն այդ ռոմանտիկան է, քաղաքացին` պետութիւնը:
Կը զարմանաք, բայց մենք պետութիւն ունենք: Պետութիւնն էլ իր օրէնքներն ունի, որոնք էլի մերն են, գոնէ մեզ են վերաբերում, մեզ, այսինքն` բոլորիս եւ հաց բերողին եւ հաց խլողին: Եթէ պետութեան օրէնքն ասում է, որ չի կարելի հաց տանել, իսկ մարդկային խիղճը դրա դէմ ընդվզում է, յետոյ` պոռթկում, ապա` ըմբոստանում, արդիւնքում էլ` ապստամբում-յարձակւում, ապա հաց տանողը պետութեան օրէնքն է խախտում` խղճի թելադրանքով, բայց խախտում է մարդկայնօրէն, բայց խախտում է… Գուցէ ճիշդ է անում, գուցէ ճիշդը պետութեան վրայ թքելն է, ոչ թէ` մարդու: Հնարաւոր է, որ մարդու վրայ չթքողը պետութեան վրայ էլ չի թքում, քանի որ պետութիւնն առանց մարդ ոչինչ է, սա հաստատ այդպէս է, բայց… Կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ մարդ է մահացել, Հայաստանի քաղաքացի Արթուր Սարգսեանը, որին նաեւ կոչում են` «Հաց բերող», բայց դա, կը զարմանաք, կարեւոր չէ:
Վերջին բանն էլ կայ զարմանալու: Թէեւ Արթուր անունն ու Սարգսեան ազգանունը շատ տարածուած են, բայց բոլորս Արթուր Սարգսեան չենք: Եթէ լինէինք, հացը մենք կը տանէիք, չենք տարել, ուրեմն չենք: Ու հիմա պէտք չէ, ճիշդ չէ, արդարացի չէ բոլորիս անուանել Արթուր Սարգսեան: Եթէ նա հերոս է, ուրեմն բոլորս Արթուր չենք, քանի որ բոլորս չենք կարող հերոս լինել: Եթէ բոլորս Արթուր ենք, ուրեմն նա հերոս չէ, քանի որ բոլորս հերոս չենք կարող լինել: Հերոսութիւնը բոլորը չեն անում, դա անհատական գործողութիւն է, հազուադէպ հանդիպող, դարը` մէկ: Արթո՞ւրը, Արթուրը Հայաստանի քաղաքացի էր:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*