Վահան Յովհաննիսեանի Յիշատակին.- Առաջին Ծննդեան Օրը

 

vahan

Էտիկ Անդրէասեան
(յապաւուոմով)

Օգոստոս 16-ին Վահան Յովհաննիսեանի ծննդեան օրն էր, 59-րդը` ժամանակացոյցով, եւ առաջինը` իր բացակայութեամբ: Բնութեան գծած սահմանագլխին ենք` այս կողմում Վահանի հետ էինք, այն կողմում լինելու ենք առանց Վահանի: Եւ պէտք չէ կրկնել ծեծուած խօսքը, թէ չենք հաւատում, որ Վահանը մեզ հետ չէ: Ինչպէ՞ս կարելի է չհաւատալ, չզգալ այն, ինչ պակասեց Վահանի հեռանալով: Լոյս էր ու յանկարծ մթնեց: Կարո՞ղ ես չզգալ:

Օգոստոսի 16-ին Վահանը կը դառնար ընդամէնը 59 տարեկան: Քչերին է տրւում լինել միանգամից պատմաբան, հնագէտ, զէնքի քաջ գիտակ, մանկավարժ, հրապարակագիր, գրող եւ քաղաքական գործիչ: Կեանքը, սակայն, Վահանին ստիպեց հիմնաւորապէս զբաղուել քաղաքականութեամբ: Ամէն ինչ շուռ եկաւ 88-ի պայքարով ու Խորհրդային Միութեան փլուզումով, երբ ռէալ հնարաւորութիւն ստեղծուեց վերջապէս իրականութիւն դարձնել ուսանողական տարիների երազանքը` Հայաստանը տեսնել անկախ ազգային պետութիւն, իսկ հայ ժողովրդին` խորհրդային իշխանութեան կեղծ դոգմաներից ազատ, մտածող ու արարող:

Հայաստանի անկախութեան առաջին տարիները, սակայն, հարթ չէին Վահան Յովհաննիսեանի եւ իր կուսակցութեան` Հ.Յ.Դ.-ի համար, որին անդամագրուել էր դեռ 89-ին: 1995-ին Վահան Յովհաննիսեանը եւ նրա ընկերները բանտում էին, իսկ կուսակցութեան գործունէութիւնը` կասեցուած: Այդ ամէնը, սակայն, պատճառ չդարձաւ, որ նա դոյզն-ինչ նահանջի եւ համակերպուի անկախութեանը զուգահեռ ի յայտ եկած խորթ երեւոյթների հետ: Վահան Յովհաննիսեանն այդ տեսակը չէր: Նրա քաղաքական գործունէութեան ամենաբուռն շրջանն սկսուեց 1998-ից եւ տեւեց մինչեւ վերջ, երբ Հայաստանի դեսպանն էր Գերմանիայի Դաշնութիւնում:

1999 թուականից սկսած` չորս գումարումների Ազգային Ժողովի պատգամաւոր էր, երկու անգամ ընտրուել է Ազգային Ժողովի փոխնախագահ, ղեկավարել Ազգային Ժողովի Հ.Յ.Դ. խմբակցութիւնը, խորհրդարանական յանձնաժողովներ, հայկական պատուիրակութիւններ ՆԱԹՕ-ի խորհրդարանական վեհաժողովում եւ Եւրանեսթում, որի ղեկավար մարմնի` Բիւրոյի անդամ էր: Աւելորդ է ասել, որ իր գործունէութեան բերումով ունէր բազմաթիւ բարեկամներ եւ ոչ քիչ թուով հակառակորդներ, բայց թէ մէկ եւ թէ միւս կողմի հետ Վահանը միշտ անկեղծ էր, կոռեկտութեան մէջ` անմրցելի, իսկ շփումների ժամանակ ի յայտ եկող նուրբ հումօրով` անզուգական: Ու դա էր թերեւս պատճառը, որ Վահանին հաւասարապէս սիրում ու նրա հանդէպ ակնածանք էին տածում թէ գաղափարակիցները եւ թէ գաղափարական հակառակորդները:

Վահանը գրում ու ստեղծագործում էր նաեւ: Նրա պրպտուն միտքն ամէնուր էր, նա ջանում էր գտնել համայն մարդկութեան մէջ իր ժողովրդին վերապահուած դերակատարութեանն առնչուող բոլոր «ինչունեհջ» պատասխաններն ու բացայայտել մեր անելիքը մարդկութեան ապագայի համար: Անցեալը, Վահանի բառով` «կորսուած հնարաւորութիւնների» մի ժամանակաշրջան է եղել: Նրա երազանքն էր` ինչ-որ պահից սկսած, նորոգել ու շտկել կորուսեալ աշխարհը` բոլոր ազգերի հետ միասին: Այս պրպտումների արդիւնքը դարձաւ նրա «Մանտիլիոն» վէպը, որ գործիչն ընթերցողի սեղանին դրեց հրաժեշտից առաջ, եւ որը կարծես դարձաւ բանալի ու պատգամ` հնագոյն ժամանակների գոյութեան պայքարների ընկալման եւ մեր օրերում դրանց մեկնաբանութեան համար:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*