Սթափութեամբ Կայացուելիք Վճռի Ժամանակը

0 0
Read Time:2 Minute, 31 Second

Արտաշէս Շահպազեան

Գրում եմ փորձելով առաջնորդուել տրամաբանութեամբ եւ առանց յոյզերի, հետեւաբար խուսափելով անձի դէմ որակումներից: Չգիտեմ հասկացաւ, ընկալեց արդեօք Նիկոլ Փաշինեանը այն ահաւոր ու ցնցող ազդեցութիւնը, որ ունեցաւ ստորագրուած յայտարարութիւնը հայ ժողովրդի վրայ: Եթէ ընդունենք, որ նրա տարիների համոզումն է, թէ Հայաստանը պիտի զիջումների գնով լեզու գտնի Ատրպէյճանի ու Թուրքիոյ հետ եւ գործընկերային փոխառնըչութիւնններով բարելաւի եղած յարաբերութիւնները, ապա իր արձագանքներից էլ հաւանական է թւում, որ նա չի ընկալում իր եւ ժողովրդի բացարձակ մեծամասնութեան դիրքորոշումների ու տրամադրութիւնների տարբերութիւնը:

Չի ընկալում, որ ժողովրդի մէջ հայրենիքի մի հատուածի կորստի ծանր ցաւին եկել է աւելանալու մեծ վախը շօշափելի դարձած թուրքական վտանգի առջեւ: Ակնյայտ է, որ որպէս յեղաշրջմամբ իշխանութեան եկած առաջնորդ հիմա նա փորձում է իր իմացած մեթոտներով գլխատել համաժողովրդական դժգոհութեան հախուռն շարժումը, վախեցնել ու կոշտ ուժի նախ փափուկ դրսեւորումներով հասցնել այս ընդվզումը մարման: Սա ճակատագրական սխալ մօտեցում է, որովհետեւ շարժմանը լիցք հաղորդած էներգիան այնքան կենսական է ու ինքնաւերականգնուող, որ այն չի մարի եթէ անգամ ձգձգուի ամիսներ: Այդ կրակը մշտապէս բորբոքելու է Սիւնիքի, Վարդենիսի, Տաուշի բնակչութիւնը, որ յայտնուեց թուրք-ադրբեջանական ագրեսիւ շփման գծում, տուն ու հայրենիք կորցրած ու մէկ օրում Հայաստանում գաղթական դարձած Արցախցին, որդի, հայր ու ամուսին կորցրած դժբախտը եւ հայրենիքի ծանր կորուստների հետ չհամակերպուող հայն առհասարակ: Նիկոլ Փաշինեանը պէտք է հասկանայ, որ ինքն այլեւս չի կարող լինել Հայաստանի ղեկավար, նա այլեւս այդպիսին չէ` առնուազն բարոյական առումով:

Ինքնապահպանման յամառ նպատակը հետապնդելով եւ ժամանակը ձգելով, ուզի թէ չուզի, նա ստիպուած է լինելու դիմել աւելի կոշտ մեթոտների` այդպիսով մեծացնելով օրէնքի առջեւ վաղուայ իր պատասխանատուութեան չափը: Նրա եւ մեր բոլորի համար լաւագոյն ելքը ժամ առաջ հեռանալն է: Կը գայ նոր ուժը, կը հրաժարուի քաղաքական նեղ շրջանակի մէջ կնքուած խախուտ յայտարարութիւնից եւ քայլ-քայլ կը փորձի շտկել իրավիճակը: Ինձ համար, որպէս հայ մարդու, իրապէս կարեւոր էլ չէ, թէ հայրենիքի փրկութեան այդ կոմիտէն կամ ազգային համաձայնութեան կառավարութիւնը ինչ անուններից բաղկացած կը լինի, որովհետեւ ակնյայտ է, որ այն ընդամէնը մի քանի ամիսների կեանք պիտի ունենայ, մինչեւ խաղաղ մթնոլորտ կը ձեւաւորուի ու կը կազմակերպուեն նոր ընտրութիւններ: Այն ժամանակ հայ ժողովուրդը կրկին թող որոշի թէ ում է ընտրում եւ ում է մերժում, բայց դրա մասին այսօր մտածելն իսկ մեղք է, որովհետեւ մենք կորցնում ենք մեր երկրի մի հատուածը ու մնացածի հեռանկարային ապագան կորցնելու շեմին ենք: Այս պահին անհրաժեշտ են նոր մարդիկ, ովքեր կը կարողանան յամառ ու ճակատային դիրքորոշումներ պաշտպանել ռուս, թուրք ու ատրպէյճանցի առաջնորդների առջեւ:

Հարկաւոր է ակտիւ աշխատանք սկսել ԵԱՀԿ համանախագահող երկրների առաջնորդների ու ներկայացուցիչների հետ, այսպէս, սեղանի տակ, ուշ գիշերով չի կարող մի ժողովրդի համար սեւ մելանով ճակատագիր գրուել: Այո՛, ենթադրում եմ, որ այսօր էլ Նիկոլ Փաշինեանի համոզմամբ ինքը ճիշտ է, բայց այդ «ճշտի» նկատմամբ հակադիր դիրքորոշում ունի ազգի մեծամասնութիւնը եւ այլեւս ծիծաղելի էլ չէ, երբ ֆէյսպուքեան մանիպուլացիաներով փորձ է արւում տպաւորութիւն ստեղծել, թէ ժողովրդի տեսակէտները կիսուած են: Բոլորովին ծիծաղելի չէ, երբ կռուողների բերանով, փորձ է արւում վախեցնել ժողովրդին:

Դատապարտելի է քաղաքակացիական առճակատում հրահրելու ակնարկն իսկ, Նիկոլ Փաշինեանը պէտք է հասկանայ, որ կրակի հետ է խաղում եւ որ նման քայլերը երբեք իրեն չեն ներուի: Նա պարտաւոր է հնարաւորինս սառը դատողութեամբ մտածել այս բաների մասին եւ յանգել ժամ առաջ հեռանալու վճռին: Կրկնում եմ դա ոչ պակաս չափով ձեռնտու կը լինի հէնց իր համար:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Հազարաւոր Ցուցարարներ Կը Պահանջեն Նիկոլ Փաշինեանի Հրաժարականը
Next post ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԲԱԽՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆ Է ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻ ՀԱԿԱՀԱՅ ՅԱՂԹԱՆԱԿԸ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles