«Զա՛րկ, Երբ Հալածում Են Քեզ»․․․ Ջահերով Երթ

0 0
Read Time:3 Minute, 48 Second

ԵՐԵՒԱՆ,- Ապրիլ 23-ին, Հայոց ցեղասպանութեան 109-րդ տարելիցի նախօրէին,  Հանրապետութեան հրապարակէն մեկնարկեց Հ․Յ․Դ․ Հայաստանի Երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւններու նախաձեռնած աւանդական ջահերով երթ, որ կը կրէր «Զա՛րկ, Երբ Հալածում Են Քեզ» խորագիրը:

Հ․Հ․ վաստակաւոր արուեստագէտ Դաւիթ Յակոբեան ընթերցեց Աւետիս Ահարոնեանի` հայ ժողովուրդին ուղղուած «յարգա՜նք Քեզ» ձօնը:

Երթը կ՛առաջնորդէր հոգեւոր դասը: Կը ծածանուէր այն երկիրներու դրօշները, որոնք ճանչցած  են Հայոց Ցեղասպանութիւնը:

Ելոյթներ ունեցան պատմական գիտութիւններու թեկնածու Սարգիս Մկրտչեանը, Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը եւ տեղւոյն երիտասարդականի նախագահ Գոռ Սարգսեանը:

Սարգիս Մկրտչեան ըսաւ․ «Այս իրավիճակից դուրս գալու համար պէտք է հասկանանք, որ թշնամու ցանկութիւնն է, որ հիասթափուենք, կոտրուենք, բայց մենք պէտք է պատրաստուենք երկարատեւ պայքարի յանուն ազատագրական պայքարում ընկածների, Հայոց ցեղասպանութեան 1,5 միլիոն զոհերի։ Շարունակելու ենք պայքարը մեր արդար իրաւունքների ձեռք բերման համար, հզօր ու զարգացած պետութիւն ունենալու համար, արժանապատիւ խաղաղութիւն հաստատելու համար»:

Գառնիկ Դանիէլեան յայտնեց․ «Մենակ չթողնէք տաւուշցուն, Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբուել, Տաւուշը մեր դարպասն է»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ գերաշնորհ տէր Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրեանը Ծիծեռնակաբերդի մէջ տպաւորիչ խօսքեր ուղղեց ներկաներուն։ Ստորեւ յապաւումով, գերշ․ Տ․ Արշակ Արք․ Խաչատրեանի խօսքը․-

Ինչ լաւ է, 50 մեթր այն կողմ Ատրպէյճանն է, մենք այնտեղ առեւտուր կ’անենք․․․,- մի քանի օր առաջ` ապրիլի 17-ին,  Տաւուշի սահմանամերձ Կիրանց գիւղում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անասելի ոգեւորութեամբ յայտարարեց Հ․Հ․-ի ղեկավար Նիկոլ Փաշինեանը:

Սրանից աւելի քան 100 տարիներ առաջ` նոյն յանցաւոր միամտութեամբ ու անհեռատեսութեամբ` օսմանահպատակ շատ հայեր 1908-ին, երիտթուրքերի յեղափոխութիւնից յետոյ հրճուանքով ու խանդավառութեամբ բացականչում էին թէ հիմա ազա՛տ ենք, մեզ ազատ ենք զգում, քայլ ենք անում ու քայլում ենք, երգում ենք ու երգում, եւ մեր սրտերն անհոգօրէն շնչում են ազատ լեռների ազատ օդը․․․:

Հետեւա՞նքը… Ահա՛ հետեւանքը: Մենք կանգնած ենք հետեւանքի առջեւ: Կանգնած ենք Օսմանեան կայսրութիւնում ցեղասպանուած մէկ ու կէս միլիոնից աւելի հայերի յիշատակը խորհրդանշող նահատակաց յուշարձանի առջեւ: Այսօր Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցն է: Տասնեակ տարիներ մեր ժողովուրդը մորմոքացող սրտով, չսպիացող վէրքերով, գլխահակ շարժւում է դէպի նահատակաց յուշարձան, մտովի զրուցում իր նահատակ եւ կամ հրաշքով մազապուրծ հայրենակիցների ու նախնիների հետ: Հազարաւոր օրեր ու հազարաւոր գիշերներ հարց ենք տալիս ինքներս մեզ` ինչո՞ւ արժանացանք այս դառը ճակատագրին, ինչո՞ւ Աստուած լքեց մեզ:

Եւ հիմա, ժողովո՛ւրդ, վերստին հարցնում եմ ձեզ եւ հարցնում եմ մեզ` ինչու՞ եղաւ ցեղասպանութիւնը, ինչո՞ւ ազգովի կոտորուեցինք ու դարձանք զոհը ոճրագործութեան:

Մեզ կոտորեցին, որովհետեւ մենք չունէինք զէնք, չունէինք պետութիւն,- սա էլ կը լսենք որպէս պատճառ ցեղասպանութեան: Հիմա վերստին դիմում եմ ձեզ, ժողովո՛ւրդ, ինչո՞ւ ցեղասպանուեցինք, ինչո՞ւ թրքական եաթաղանը հասաւ մեր պարանոցին, ինչո՞ւ հեղուեց անմեղ մարդկանց արիւնը, եւ ցիրուցան դարձաւ մեր ժողովուրդը:

Պատասխանս մէկն է․ կոտորուեցինք, որովհետեւ մեզնից առաւել ուրիշին սիրեցինք, ցեղասպանուեցինք, որովհետեւ դիւրահաւատօրէն մեզնից առաւել ուրիշին վստահեցինք եւ անմտօրէն մեզնից առաւել ուրիշին նուիրուեցինք: Առաւել հաւատացինք թշնամու բարեգթութեանը, քան մեր քաջութեանը, առաւել ապաւինեցինք թուրքական բարեացակամութեանն ու մեծահոգութեանը, քան մեր ազգային արժանապատուութեանն ու ինքնապաշտութեան բնական ձգտումին:

Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացուած ցեղասպանական գործողութիւնները, Արցախի բռնազաւթումն ու հայաթափումը, գերեվարուած հայորդիների նկատմամբ կիրառուող խոշտանգումները, հայկական հոգեւոր, պատմամշակութային արժէքների ինքնութեան հետքերի հետեւողական ոչնչացման ու իւրացման դէպքերը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգութիւններն ու կեղծ պահանջատիրութիւնը, ադրբեջանական պետական քարոզչամիջոցներով Հայաստանի ու հայութեան դէմ ատելութեան ու թշնամանքի մասշտաբային տարածումը` խօսուն վկայութիւններն են այն բանի, որ, այո՛, հայութեան ոչնչացումը շարունակում է մնալ թուրքական օրակարգի առաջնային հարցերից մէկը:

Սրբազան Արարատը մոռացութեան տալու համար` մենամարտի է հանւում եւ հակադրւում Արագածի հետ, պատմական Հայաստանը փորձ է արւում թաղել կարծեցեալ իրական Հայաստանի բաւիղներում, Նժդեհը մերժւում է որպէս ազգայնամոլ, Վարդանն ու Վասակը փոխւում են դերերով, եւ, ինչպէս կ’ասէր Շիրազը, «վասակները` գահի վրայ, Վարդանները` մահի»: Հայ Եկեղեցին դիտարկւում է որպէս մրցակից, եկեղեցականները` սպառնալիք պետութեան համար: Դպրոցից դուրս է բերւում «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկան, հէնց հանրակրթութեան շրջանակներում եղծւում ու խեղաթիւրւում է «Հայոց պատմութիւն»-ը: Հող յանձնողները դառնում են հայրենասէր, իսկ հողի համար կռուողները` գործակալներ, ամուսինները դառնում են զուգընկերներ, իսկ զուգընկերները` միգուցէ միայն տղամարդիկ եւ կամ միայն կանայք:

Ժողովո՛ւրդ, կրկին հարց ունեմ ձեզ` հնարաւո՞ր է արդեօք խաղաղութեան դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջեւ, հնարաւո՞ր է համերաշխութիւն նրա հետ, ով փորձում է ժխտել քո գոյութիւնը, ով վիճարկում է քո ապրելու իրաւունքը: Իհարկէ, ո՛չ եւ բիւր անգամ ո՛չ: Հայատեաց այս ուժերի հետ հայութեան համակեցութիւնը հնարաւոր է միայն մի դէպքում․ դա այն դէպքն է, երբ կը հրաժարուենք մեր ինքնութիւնից, երբ կը հրաժարուենք մեր արժանապատուութիւնից, ապագայի մեր իղձերից ու տեսիլքներից ու պատմական մեր յիշողութիւնից, եւ, վերջապէս, կը հրաժարուենք Աստծուց:

Սիրելի՛ ժողովուրդ, այսօր` ցեղասպանութեան տարելիցի նախօրեակին, ջահերի լոյսով դուք պատռեցիք խաւարը եւ առատացրիք լոյսը հայրենական կեանքի: Այդ լոյսով մենք ցրել ենք ժամանակի մշուշներն ու մռայլը, յաղթահարել ենք անյաղթահարելին, վերապրել ենք անուերապրելին, եւ այսօր մենք ո՛չ թէ ուրացութեամբ պէտք է մեռնենք, այլ աստուածպաշտութեամբ պիտի ապրենք, պիտի ապրենք` ջահերի լոյսը մեր գլխավերեւում պահած, մեր ճանապարհի խաւարը ցրելով եւ Տիրոջը ուղղուած աղօթքը մեր շուրթերին։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles