
Գրեց՝ Վահէ Սարգսեան *
Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան
Լիլիթը տարիներ առաջ էր աւարտել Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրութեան Ֆակուլտետը եւ, մայրաքաղաքում հաստատուել ցանկացող շատ օրիորդների նման, դէմ չէր լինի, եթէ իր բախտը եւս դասաւորուէր Երեւանում, այդուհանդերձ, պատանեկան տարիներից իրեն սիրող համագիւղացի երիտասարդի սիրտը չգտաւ ուրիշ ոչ մէկի մէջ, ընտրեց նրան իր կեանքի ընկեր եւ հաստատուեց Ջաւախքի իրենց հայրենի գիւղում: Երեւանեան մշակութային եւ հասարակական բուռն կեանքով ապրած Լիլիթի համար սկզբնական շրջանում դժուար էր յարմարուել գիւղական միջավայրին. կինոթատրոններ, թանգարաններ, մշակութային միջոցառումներ, շփումներ արուեստի եւ մշակոյթի գործիչների հետ…այս ամենը շուտով յուշերի վերածուեցին, որոնց փոխարինելու եկան Ջաւախքեան հեռաւոր իրենց գիւղի քարքարոտ ճանապարհները, ծաղկառատ մարգագետինները, հայրենի գիւղում եւ արտերկրում օրնիբուն աշխատող մարդիկ:
Լիլիթը շատ շուտ յաղթահարեց այս անցումը, եւ այդ հարցում նրան օգնութեան հասաւ բանասէրի իր մասնագիտութիւնը, հայ եւ համաշխարհային գրականութեան բաւարար իմացութիւնը Լիլիթին հէնց սկզբից օգնեց նոր միջավայրին նայել փիլիսոփայօրէն: Հայրենի գիւղի ամեն մի քարը, ամեն մի ծառ ու թուփը, ընտանի կենդանիները, անգամ բնութեան զանազան դրսեւորումները՝ մեղմ զեփիւռից մինչեւ ձմրան փոթորիկներ, յորդ անձրեւից ու ցեխաջրերով լեցուն բակերից մինչեւ գիւղական պարզկայ առաւօտներ, Լիլիթին պատճառում էին անսահման բաւականութիւն: Նա այդ ամենի մէջ փորձում էր գտնել այն խորհուրդը, որը դրուած էր ի վերուստ: Անգամ եթէ չէր հասկանում որոշ երեւոյթներ, ինքն էր փորձում դրանք «օժտել» իմաստներով կամ խորհուրդներով: Այս ամենից բացի, իհարկէ, կար եւ մէկ ուրիշ ձգողութիւն, մէկ ուրիշ դրդապատճառ, որն ստիպում էր Լիլիթին հրապուրուել իրենց հայրենի գիւղով. դա ամուսնու՝ Վաչէի՝ պարզ ու շիտակ, աւանդապաշտ ու աշխատասէր այդ լեռնական երիտասարդի սէրն էր. Լիլիթն ամենուր տեսնում էր Վաչէի հետքերը, որոնց շնորհիւ նորահարս Լիլիթի շրջապատը դառնում էր առաւել գունեղ, առաւել խորախորհուրդ եւ, իհարկէ, անսահման սիրելի:
Գիւղական ուսուցչուհու կեանքում շուտով տիրապետող դարձաւ մի նոր, մինչ այդ անծանօթ, անբացատրելի, աստուածային զգացում. ծնուեց առաջնեկը՝ նրա պաշտելի Վըժիկը, որն իր մուտքով փոքրիկ գիւղի մեծ կեանք վերաիմաստաւորեց ամեն ինչ:
Անցնում էին օրերը, ամիսները դառնում տարի: Վըժիկն արդէն քայլում էր եւ իր մանկական աշխոյժ ճիչերի հետ արտաբերում Կարնոյ բարբառի քաղցրահնչիւն բառերը: Լիլիթն այդ ընթացքում արդէն վերադարձեր էր դպրոց եւ վերստին նուիրուել իր սիրելի աշխատանքին: Վըժիկի մեծանալն ստիպում էր Լիլիթին առաւել շատ մտորել նրա կրթութեան, ճիշտ դաստիարակութեան եւ շատ այլ հարցերի մասին: Հաստատուելով գիւղում՝ Լիլիթը միշտ ձգտում էր դպրոցում եւ հասարակութեան մէջ սերմանել սէր ուսման, կրթութեան ու գիտութեան նկատմամբ: Ահա կ՚անցնի մի որոշ ժամանակ, եւ փոքրիկ Վըժիկը դպրոցական է դառնալու. նրան հարկաւոր է նախապատրաստել՝ հարկաւոր են խաղերի եւ հէքիաթների գրքոյկներ, հարկաւոր է ճիշտ կազմակերպել նախակրթութիւնը եւ այլն: Մտորելով այս ամենի մասին՝ Լիլիթը երբեմն յուզւում էր, յիշում ուսանողական հիասքանչ տարիները, երբ օրերով ու գիշերներով կարդում եւ ուսումնասիրում էր այդ ամենը, իսկ հիմա հերթը որդունն է, ում համար ինքը շատ շուտով մեկնելու էր այնքա՜ն հարազատ Երեւան ու ձեռք բերելու այդ ամենը:
Այդ օրը չուշացաւ. Լիլիթը որդու հետ Երեւանի ճանապարհին է: Վըժիկի աչքերը լցուած էին շուրջբոլորը բացուող անծանօթ տեսարանների հանդէպ արտայայտած զարմանքով, իսկ աւելի շատ՝ մօր խոստումներով. ինչե՜ր ասես, որ մայրն իր համար չէր գնելու:
Փոքրիկ Վըժիկն իրօք երջանիկ էր, քանի որ մայրը գերակատարել էր իր բոլոր խոստումները՝ գնել էր Վըժիկի համար մի փոքրիկ հեծանիւ, մանկական բազմաթիւ խաղեր, պատկերազարդման տետրեր, իսկ գլխաւոր տեղում եւ դերում գրքերն էին: Տարուած լինելով մանչուկով ու նրա խնամքով՝ Լիլիթը Վըժիկի ծնուելուց իվեր չէր այցելած Երեւան, եւ այժմ երբ Վըժիկը ոչ թէ խանգարում, այլ, կարելի է ասել, խոհուն աչքերով ուղեկցում էր իրեն, բացառիկ հնարաւորութիւն էր ընձեռուել Երեւան այցելելու եւ այն տեղից ձեռք բերելու սրտի ուզած իրերը, իր սիրելի Վըժիկի համար այն ամենը, ինչի մասին մտորել էր տարիներով: Լիլիթի անհամբերութիւնն ու խանդավառութիւնն այնքան մեծ էին, որ նա, բացի Վըժիկի համար դասագրքերից ու մանկապատանեկան գրականութիւնից, գնել էր նաեւ բազմաթիւ դասական հեղինակների ստեղծագործութիւններ՝ Վ. Տէրեան, Ա. Իսահակեան, Պ. Սեւակ…որոնցից Վըժիկն օգտուելու էր բարձր դասարաններում: Առանձնայատուկ ուրախութիւն էին պատճառում իր հայագէտ դասախօսների՝ Է. Ջրաբաշեանի, Է. Աղայեանի եւ միւսների աշխատութիւնները:
Ավտոբուսը (հանրակառքը – ՅՄ) սլանում էր Արագածոտնի ճանապարհով: Ահա Շիրակի դաշտավայրը, Աշոցքի սարահարթը եւ ՀՀ-Վրաստան սահմանային անցակէտերը: Լիլիթի յուզմունքը գնալով մեծանում էր, քանի որ կարճ ժամանակ անց հասնելու էր հարազատ գիւղ՝ զինուած հոգեւոր արժէքներով, որոնց միջոցով նա նոր հնարաւորութիւններ էր ստանում կրթելու իր փոքրկ Վըժիկին, դարձնելու ուսումնատենչ, գրքասէր ու զարգացած քաղաքացի, այնպիսին, ինչպիսին նա պատկերացնում էր իր սրտի խորքերում:
-Ի՞նչ կան ձեր ճամպրուկներում, – Վրաց սահմանային անցակէտում կիսավրացերէն, կիսառուսերէն հարցն ուղղուած էր Լիլիթին:
-Մանկական իրեր, գրքեր, – վարժ ու գրագէտ ռուսերէնով եւ ժպիտով արձագանգեց Լիլիթը:
-Գրքե՞ր, – նորից հնչեց հարցը:
-Այո՜, – կրկին վստահ պատասխանեց Լիլիթը:
-Տիկի՜ն, այդ դէպքում դուք հաւաքէք ձեր իրերը, ներս եկէք կողքի սենեակ եւ սպասէք, ձեր իրերը զննուելու են:
-Բայց ինչի՞ համար, չէ՞ որ ապարատն (գործիք – apparatus ՅՄ) ամեն ինչ ցոյց տուեց, այնտեղ ոչ մի վտանգաւոր կամ անթոյլատրելի իր չկայ, բացի այդ՝ ես երեխայի հետ եմ, – Լիլիթի սիրտը լաւ բան չգուշակեց:
-Ոչինչ, երեխայի հետ համեցէք, մենք ձեզ կ՚օգնենք, – եւ առանց սպասելու սահմանային հսկողութեան աշխատակիցները ներս տարան Լիլիթի իրերը, որոնք հերթով բացուեցին եւ ամենայն մանրամասնութեամբ զննուեցին: Քիչ անց, այնտեղ ներկայացած մի քանի աշխատակիցներ իրերից առանձնացրեցին բոլոր գրքերը, տետրերն ու խաղերը, Լիլիթի զարմացած եւ աստիճանաբար զայրացող հայեացքի ներքոյ զետեղեցին մէկ առանձին ճամպրուկի մէջ եւ պաշտօնապէս ներկայացրին իրենց պահանջը.
-Տիկի՜ն, այս բոլորը դուք պարտաւոր էք ետ ուղարկել Հայաստանի Հանրապետութիւն, քանի որ իրաւունք չունէք ձեզ հետ դրանք տանելու Վրաստան:
-Ի՞նչ, յե՞տ ուղարկե՞լ, իսկ ինչո՞ւ, ի՞նչ պատճառով, ո՞ր օրէնքի համաձայն…- Մտքում եւ բարձրաձայն արտասանած Լիլիթի այս խօսքերը կամաց -կամաց մարեցին օդում. կատարուածն այնքան անսպասելի եւ յանկարծակի էր, որ նա գրեթէ անզգայացել էր: Իսկ այդ ընթացքում, տեսնելով եւ լաւագոյնս ըմբռնելով Լիլիթի այդ վիճակը՝ վրաց սահմանապահները, որոնց թւում եւ ազգութեամբ հայեր, արդէն տեղափոխում էին Լիլիթի իրերը՝ գիրք – գրականութիւնը դէպի դիմացի մայթ՝ ՀՀ վերադարձնելու, իսկ մնացեալ համեմատաբար «անվտանգ» իրերը՝ դէպի ավտոբուս : Վըժիկի դողդողացող ձեռքը բռնած եւ այս ամենին քարացած հետեւող Լիլիթը վերջին վայրկեանին սթափուեց եւ ճչալով վազեց դէպի այն ուղղութեամբ, ուր տանում էին իր կողմից մասունքի նման պաշտելի գրքերը, իր սիրասուն Վըժիկի հէքիաթները, խաղերն ու տետրերը:
-Յե՛տ տուէք, տուէք այստե՛ղ, դուք իրաւունք չունէ՛ք, դրանք իմ երեխայի՜նն են, իմ Վըժիկի՜նը, ահա՛ նա, արտասվախառն ճչում էր Լիլիթը: Նա, որ նախկինում երկու ձեռքով Վըժիկին հազիւ էր գրկում, այժմ երեխայի թեւից բռնած մէկ ձեռքով այնպէս վերեւ բարձրացրեց, որ Վըժիկը մի քանի վայրկեան մնաց օդում կախուած: Սահմանապահները, կանխազգալով, որ մայրական յուզմունքից եւ վիրաւորանքից գերբնական ուժ ստացած Լիլիթը կարող է եւ այլ անկանխատեսելի քայլերի դիմել՝ ամենայն սառնասրտօրէն եւ քաղաքավարի կրկին մօտեցան նրան եւ առաջարկեցին իրենց հետ սպասել որեւէ մեքենայի, որը գրքերը կարող էր ապահով հասցնել Երեւան: Բնականաբար այդ խօսքերը եւս հակառակ ազդեցութիւն գործեցին Լիլիթի վրայ, որ արդէն վրայ էր պրծել սահմանապահների վրայ՝ խլելու գրքերով լի իր ճամպրուկը: Փոքրիկ Վըժիկը, որ եւս յուզուել եւ, մօր հետ կատարուածը տեսնելով, լաց էր լինում, վրայ հասաւ, մօր հետ սկսեց քաշքշել ճամպրուկը եւ ճչալ. «Գրքերըը՜ս», «Մամաաա՜», «Մի թողնէ տանիիի՜ն», «Չե՛մ տա, ձա՛գս, հիմա կ՚առնեմ ձեռքերէն…»:
Տեսնելով սահմանային մի քանի աշխատակցի՝ մի կողմից, եւ մօր եւ որդու՝ միւս կողմից հետզհետէ թեժացող պայքարը, սահմանային ուժերի ղեկավարութիւնը «լրացուցիչ ուժեր ներգրաւեց» այնտեղ, ովքեր թեւանցուկ արեցին Լիլիթին եւ որդու հետ գրեթէ քարշ տուեցին դէպի գիւղ վերադարձող ավտոբուսը:
…Դէպքից անցել էր մի քանի օր, Լիլիթը գիւղում էր, սակայն՝ ֆիզիքապէս միայն: Ուշքն ու միտքը այնտեղ՝ սահմանային անցակէտում կատարուածի հետ էին. ինչո՞ւ, ինչպէ՞ս թէ, իրենք իրաւունք չունե՞ն Երեւանից գրքեր բերելու, ո՞վ է սահմանել այդ արգելքը, յանուն ինչի՞, ո՞վ է պատասխան տալու իր փոքրիկ Վըժիկի առջեւ, որ երկար, շատ երկար սպասելով գրքերին եւ յանկարծ զրկուելով դրանցից դարձեր էր մտախոհ եւ նեարդային:
Լիլիթը, բնականաբար, անգործ չնստեց. շուտով հաւաքեց ինքն իրեն եւ որոշեց նախքան Ռուսաստանում գտնուող իր ամուսնուն այդ ամենի մասին տեղեկացնելը՝ փորձել ինքնուրոյն քայլեր ձեռնարկել: Որոշեց եւ հէնց ամենասկզբից հանդիպեց գիւղապետին, որ իրականում իրենց եւ յարակից գիւղերից ընտրուած պատգամաւոր էր շրջանային ժողովում: Ի զարմանս Լիլիթի՝ գիւղապետն այնքան էլ չզարմացաւ Լիլիթի պատմութիւնից. պարզուեց , որ այդպիսի դէպքեր վերջին շրջանում շատ են լինում եւ, եթէ Լիլիթը նախօրօք այդ մասին ասեր գիւղապետին, նա կը զգուշացնէր, որ Երեւանից իր հետ գրքեր յանկարծ չվերցնի: Լիլիթին այս փաստը զարմացնելուց առաւել զայրացրեց. «Ուրեմն այս մարդը գիտի այդ մասին ու ձայն չի՞ հանում, էլ ի՞նչ գիւղապետ»: Այս մտորումներով Լիլիթը որոշեց մեկնել շրջկենտրոն եւ հանդիպել շրջանային ղեկավարութեան հետ: Ցաւօք, նոյնն էին թէ՛ այդ հանդիպումներից ստացած պատասխանները, թէ՛ այն արտասվախառն զգացումները որոնք կրկին պարուրեցին Լիլիթին: Իսկ պատասխանները, որպէս կանոն, հետեւեալն էին. «Լիլիթ ջան, մենք էլ գիտենք այդ ամենի մասին, բայց այս պահին ոչինչ անել հնարաւոր չէ, երկրի ղեկավարութիւնը այդ կերպ է որոշել. ՀՀ-ից գրքերի մուտքը հայաբնակ մեր շրջաններ խստիւ արգելուած է: Իրենք պաշտօնապէս նման որոշում մեզ ցոյց չեն տուել, բայց մեկնաբանում են հետեւեալ կերպ. երկիր մտնող իւրաքանչիւր գրքի բովանդակութիւն պէտք է ստուգուի, եւ քանի դեռ այն ստուգուած չէ՝ արգելւում է սահմանով անցկացնել»: Թէ ովքեր եւ ինչպէս պէտք է ստուգէին այդ ամենը կամ մանկական տետրերի ու հէքիաթների ինչը պէտք է ստուգուէր, Լիլիթին պարզ չէր:
Անքուն գիշերները եւ տանջալից մտորումները Լիլիթի մէջ ծնեցին նոր մտադրութիւններ. նա որոշեց նամակներով դիմել Հայաստանի եւ Վրաստանի պատկան մարմիններին: Շուտով մի քանի նոյնաբովանդակ նամակներ ուղարկեց երկու երկիրների կրթութեան եւ գիտութեան նախարարութիւններին, եւս մէկը՝ Հայաստանի Սփիւռքի, նախարարութիւն: Գործընկեր ուսուցիչների խորհուրդով յաջորդ օրը նոյն նամակը հասցէագրեց Հայաստանի Հանրապետութեան եւ Վրաստանի մարդու իրաւունքների պաշտպանութեան բնագաւառում գործող մի քանի յայտնի կազմակերպութիւնների: Վերջին այդ քայլերը կարծես մի քիչ սփոփեցին Լիլիթի ալեկոծ սիրտը, եւ նա սկսեց անհամբեր սպասել նամակների պատասխաններին: Անցնում էին օրեր, շաբաթներ, Լիլիթը երբեմն անհանգստանում էր, երբեմն՝ ինքն իրեն մեղադրում անհամբերութեան մէջ: Այդուհանդերձ, նա այլեւս առաջուայ նրբասիրտ ու քնքուշ մայրը չէր եւ յաճախ էր զայրանում իր սիրելի Վըժիկի վրայ, երբ վերջինս իր մանկական ձայնով յիշեցնում էր. «Մամա՜, գրքերս ե՞եփ տի փերե՞ն…»: Այո, Լիլիթը եւս թաքուն յոյսեր էր փայփայում, որ մինչ ամուսնու գալն ինչ որ մէկը բերելու է իր Վըժիկի գրքերը, եւ իրենք երկուսով իրենց սիրելիին դիմաւորելու են գրքերի միջից բազմաթիւ հէքիաթներ պատմելով ու բանաստեղծութիւններ արտասանելով:
Շուտով մէկը միւսի յետեւից ստացուեցին Լիլիթի նամակների պատասխանները, որոնք, հակառակ Լիլիթի սպասելիքների, խիստ անորոշ բովանդակութեամբ էին, իսկ գրքերը վերադարձնելու մասին ոչ մի խօսք չկար նրանցում: ՀՀ-ի կողմից պատասխանել էին, որ հարցը մտահոգում է նաեւ իրենց, եւ ՀՀ պատկան մարմիններն այդ հարցերով բանակցութիւնների մէջ են իրենց վրացի գործընկերների հետ, իսկ Թբիլիսից պատասխանել էին՝ գրքերի եւ մշակութային առարկաների ներբերման մասին օրէնքներից մի քանի դրոյթներ մէջբերելով, որոնցից ոչ Լիլիթը բան հասկացաւ, ոչ էլ գործընկերներից որեւէ մէկը: Ինչ վերաբերում է հայկական եւ վրացական իրաւապաշտպան, մամուլի ու խօսքի ազատութեան համար պայքարող կազմակերպութիւններին, ապա վերջիններս նոյնպէս, հակառակ Լիլիթի սպասումների, ոչ մի աղմուկ չբարձրացրեցին եւ պատասխանեցին միայն, որ հարցին ծանօթ չեն: «Ո՞ւր է Եւրոպան եւ ինչո՞ւ այս ամենի համար չի պատժում մեղաւորներին: Եթէ մէկը բռնութիւն կիրառեր կնոջ հանդէպ, մի համասեռամոլի սպառնային կամ ինչ-որ մէկի ցնդաբանութիւններն արգել էին տպագրել՝ հիմա բողոքի երթեր էին սկսուել: Այժմ ինչո՞ւ են լռում ամենքը, երբ մի ողջ հասարակութիւն օրը ցերեկով ենթարկում են սպիտակ ցեղասպանութեան: Միթէ՞ միջազգային հանրութիւն կոչուածն այսքան երկերեսանի է…», – լուռ տանջւում էր Լիլիթը:
Նամակների պատասխանների այս փուլը եւս անցաւ՝ իր հետ տանելով նաեւ Լիլիթի յոյսերից մի մեծ բաժին: Կրկին խորացած մտատանջութիւնները ստիպեցին Լիլիթին ամեն ինչ պատմել ամուսնուն, սակայն, քանի որ արդէն աշուն էր, եւ մօտեցել էին նրա գալու օրերը, նա որոշեց չտխրեցնել նրան եւ սպասել: Կեանքում շատ դժուարութիւնների միջով անցած իր ամուսնու ուժերի վրայ Լիլիթը գրեթէ չէր կասկածում եւ վստահ էր, որ նա իր կապերի եւ հնարաւորութիւնների գործադրմամբ շուտով գրքերը կը հասցնի գիւղ՝ ուրախացնելու իր սիրելի ընտանիքին:
Խոր աշուն էր, երբ գիւղ մտաւ Վաչէին բերող մեքենան, Լիլիթն ու Վըժիկը սովորականի նման դէմ վազեցին նրան, փաթաթուեցին եւ սկսեցին ծանր ճամպրուկները քաշքշելով ներս տանել: Լիլիթն այդ պահին աշխատում էր ոչինչ ցոյց չտալ, չնայած ներքուստ այրւում էր զայրոյթից, վիրաւորանքից եւ անհամբերութիւնից:
…Վաչէն յաջորդ առաւօտեան վաղ գնաց գիւղամէջ, ծանօթ-հարազատների տեսնելով՝ ստիպուած մի քանի կանքառներ ունեցաւ ճամբին. նա շտապում էր ժամ առաջ տեսնել գիւղապետին, ուստի բարեկամների հետ զրոյցներն ու ողջագուրումներն աւելի շատ մեխանիկական էին եւ քաղաքավարութիւնից դրդուած:
Ինչպէս գիւղապետի, այնպէս էլ շրջանի ղեկավարութեան հետ Վաչէի հանդիպումներն աւարտուեցին անարդիւնք: Վաչէն տուն վերադարձաւ ձեռնունայն, գլխիկոր, մտահոգ եւ զայրացած այն աստիճան, որ Լիլիթը, որ անհամբեր սպասում էր լաւ լուրերի, անգամ չհամարձակուեց որեւէ հարց ուղել նրան: Մարդ ու կին լուռ հայեացքներով նայեցին իրար: Ամեն ինչ պարզ էր… Գրեթէ այդ նոյն զգացումն ապրեց նաեւ փոքրիկ Վըժիկը, ով աննկատ յայտնուել էր ծնողների արանքում. նա խոնարհեց իր հայացքը, նայեց յատակին, յետոյ դիմացի պահարանին եւ հասկացաւ, որ իր սիրելի գրքերն այլեւս երբէք չեն յայտնուելու այնտեղ…
Լիլիթն արագ հեռացաւ, փակուեց սենեակում եւ սկսեց հեկեկալ: «Ինչո՞ւ մենք իրաւունք չունենք հայերէն գիրք կարդալու, փոքրիկ Վըժիկն ինչո՞վ պէտք է կրթուի, մենք մարդ չե՞նք, այս երկրի քաղաքացիներ չե՞նք, հարկ չե՞նք վճարում, ինչո՞ւ են բոլորը, սկսած գիւղապետից մինչ շրջանի ղեկավարութիւն եւ լայն հասարակութիւն, լռում այս զզուելի երեւոյթի առջեւ: Մայրաքաղաքից վրացերէ՞ն են ուզում տարածել, թող տարածե՛ն, հայոց գրքերն ու գրե՞րն են խանգարում դրան, հայ աշակերտին եթէ ցանկանան սովորեցնել վրացերէն, Տէրեանն ու Իսահակեա՞նն են խանգարելու, թէ՞ պարզորոշ ասում են՝ դուք չպէտք է հայ մնաք, եւ ձեզանից պահանջւում է ոչ թէ պարզապէս սովորել վրացերէն կամ իւրացնել պետական լեզուն, այլ դառնալ վրացի, եւ սա՞ է վրաց-եւրոպական ժողովրդավարութիւնը, ազգերի իրաւահաւասարութիւն կոչուածը: Միթէ՞ չկայ մէկը կամ մի ուժ, որն ի զօրու կը լինի կարգաւորել այս խնդիրը, եւ իրենք՝ հասարակ մայրերն ու ուսուցիչները կարողանան անարգել իրենց հետ բերել գրքեր: Ինչքա՞ն սպասել այս դժոխային վիճակում, այսպէս մինչ ե՞րբ…»:
Մտքե՜ր, մտքե՜՝ր ու անվերջ մտորումներ՝ ամենատարբեր երեւոյթների մասին, բազում անպատասխան հարցեր, որոնք ստիպում էին Լիլիթին, պտտուել սենեակով մէկ, մեխանիկօրին (Մեքենականօրէն – ՅՄ) զննել բոլոր այն առարկաները, որոնք վերջին շրջանում այնքան էլ խնամքով չէին դասաւորւում իրենց տեղերում. սահմանային դէպքից անգամ ամիսներ անց Լիլիթը չէր կարող վերագտնել իրեն, վերադարձնել կեանքի երջանիկ օրերը, որոնց ամեն ժամն ու րոպէն նուիրում էր իր շրջապատի գեղեցկացմանը: Եւ յանկարծ այդ խառնիճաղանճ իրերի մէջ աչքին ընկաւ որդու անձագիրը, որը սահմանապահների կողմից կնքուելուց յետոյ մնացած ճամբորդական իրերի հետ անփութօրէն նետուած էր պահարանի մը մէջ: Լիլիթը, չգիտես ինչու, վերցրեց այն, բացեց այն էջը, որտեղ արտատպուած էր որդու լուսանկարը, կողքին՝ անձնական տուեալները : Հայեացքը սահեց լոսանկարի վրայով եւ կանք առաւ որդու անուան վրայ՝ Վրէժ…. Այո՜, ոչ թէ Վըժիկ, ինչպէս նրան կոչել են ծննդեան օրուանից մինչ այդ օրը, այլ՝ Վրէժ: Ինչո՞ւ իրենց փոքրիկին չէին կոչել իսկական անունվ՝ չէր կարող ասել, երեւի անչափ սիրելուց էր կամ նրան յաւերժ մանուկ տեսնելու ցանկութիւնից՝դժուարանում էր մտաբերել:
Մի քանի անգամ անձագիրը շուռումուռ տալուց եւ որդու իսկական անունը մտքում կրկնելուց յետոյ Լիլիթն այն երկու ձեռքով պինդ սեղմեց կրծքին, մօտեցաւ պատուհանին, աչքերը փակեց եւ…Ահա իր որդին մեծացել է, մեծ, շա՜տ մեծ մարդ է դարձել՝ կրթուած-զարգացած, դարձել է ոչ միայն գիւղի, այլեւ շրջանի հասարակութեան հպարտութիւնը, ահա նա մեկնում է Երեւան, ձեռք է բերում մեծ քանակի գրքեր, այնքան շատ, որ կը բաւարարէր շրջանի բոլոր դպրոցներին եւ գրքասէր մանուկներին, ահա նա վերադառնում է հայրենի շրջան, եւ ինչպէս ողջ ճանապարհին, այնպէս էլ ՀՀ-Վրաստան սահմանին ուրուագծւում է նրա հզօր ուրուապատկերը, ահա նա անարգել անցնում է սահմանը, իսկ գրքերը ոչ-ոք չի համարձակւում խլել նրա ձեռքից, ահա նա հասնում է հայրենի եզերքներ, նրան ընդառաջ են գալիս հազարաւոր մանուկներ, ստանում իրենց սրտի ուզած գրքերը եւ խինդ ու ծիծաղով վերադառնում հարազատ տներ: Եւ այդ օրը բոլոր ընտանիքներում հնչում էր որդու անունը՝Վրէժ…Վրէժը որ գիրք է բերել, լուսաւորել է ամենքին, որ յաղթել է բոլոր դժուարութիւնները, հայրենի հողում ապահովել իր տեսակի շարունակականութիւնը եւ հայրենակիցների սրտերում վերականգնել Ջաւախքցի լինելու հպարտութիւնը…
Մտքերը մի քանի րոպէում փոթորկեցին Լիլիթի հոգին, որից նա անճանաչելիօրէն կերպարանափոխուեց: Քիչ անց Վաչէի զարմացած հայեացքի ներքոյ դուրս եկաւ, կարելի է ասել՝ իրեն դուրս նետեց սենեակից, խլեց գլխիկոր կանգնած որդուն, սեղմեց կրծքին, եւ , լոյս, յոյս եւ կեանք ճառագող աչքերը հարած հարած հեռուներին, կեանքում առաջին անգամ տալիս էր որդու իրական եւ իսկական անունը՝ Վրէէէ՜ժս, Վրէէէ՜ժս, Վրէէէժըըը՜ս…
* Վահէ Սարգսեան ծնած է Ջաւախք: 2014-ի Մարտին, երբ ան կը փորձէր Երեւանէն Ջախախք անցնիլ ազգականներ ու բարեկամներ այցելելու, Վրաստանի Իշխանութիւնները Բաւրա – Նինոծմինդայի սահմանագծին վրայ արգիլած են անոր մուտքը դէպի Ջաւախք եւ դասած են անոր իբր persona non granta , այսինքն՝ անբաղձալի անձնաւորութիւն Վրաստանի մէջ…:
Կ’արժէ յիշել, որ Վահէ Սարգսեանը յայտնի փորձագէտ եւ Պատմական Գիտութիւններու Թեկնածու է: Ան տարիներ շարունակ զբաղած է գիտական եւ հետազօտական գործունէութեամբ, որուն թեմաները եղած են Ջաւախքի հիմնախնդիրներն ու հայ-վրացական յարաբերութիւնները: Հրատարակած է բազմաթիւ գիրքեր եւ ուսումնասիրութիւններ : (Յ.Մ.)
J