Բաւ Է, Որքան Ժամանակ Վատնեցինք

0 0
Read Time:10 Minute, 19 Second

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

(յապաւումով)

Որքան էլ սառը դատողութեամբ քննարկուող, առաջարկուող հարցերը տարիներ շարունակ թարմացնում ենք նոր միջոցներով ու անուանումներով` կլոր սեղանների շուրջ կամ ելեկտրոնային հեռակայ ցանցերի վրայ, սակայն, ինչպէս ցոյց է տալիս մեր վիճակը, դրանք մնում են` միայն քննարկուող, անփոփոխ,  չլուծուած, առաւել բարդացած վիճակում:

Հարցերի հարցն այն է, որ ներկայ աշխարհաքաղաքական, տնտեսական, ներքաղաքական, հասարակական, փոթորկալից, արագընթաց փոփոխութիւնների մէջ, ուր փոքր ազգերի իրաւունքների ոչնչացումը, ինչպէս տեսնում էք, բացայայտ է, եւ որին յատկապէս մենք ազգովին ինքնակամօրէն մատնուեցինք, ինչպէ՞ս ենք կարողանալու փրկուել ընկղմումից միայն քննարկումներով, այն էլ` այսօրուայ մեր ազգային նեղ տեսլականով:

Մենք ընթանում ենք ոչ միայն ժամանակի եւ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների հետ ոչ համընթաց,  այլեւ մեր ձեռնպահութեամբ առաւել եւս օժանդակում ենք մեր քայքայմանն ու ոչնչացմանը:

Բաւ է, որքան ի զուր ժամանակ վատնեցինք, յատկապէս` անցած վեց տարիներին: Մեզ այսօր անհրաժեշտ է տեղաշարժել, ծրագրաւորուած ոտքի հանել ժողովրդին, նախ` մէկընդմիշտ ազատուելու հայրենիքը կործանող ներկայ իշխանութիւնից, որպէսզի կարողանանք փրկուել աստիճանական կործանումից, եւ ապա` ազգովին կենտրոնանալ մեր վերականգնման, վերամիաւորման, առաջընթացի միջոցներին:

Նայէք ձեր շուրջը. աշխարհը դարձել է եռացող կաթսայ, ուր այլեւս բացայայտօրէն այրուող, հալչող ժողովուրդները նոյնիսկ ամենակալ հզօրների ողորմութեանը չեն արժանանում: Բացայայտ ցեղասպանութիւնը չի կասեցւում, այլ արդարացւում  է նոյն հզօրների կողմից, որոնք հաւատարիմ իրենց սովորութեան` ոչնչացման, աւերի, իրենց գործողութիւնները կոծկելու, ժողովրդին սիրաշահելու, ընտրութիւններին յաղթելու համար մարդասիրական օգնութիւններ են ուղարկում իրենց կողմից ոչնչացուողներին, ծայրագոյն դէպքում` մակերեսայնօրէն քննադատում:

Այս դժոխային ճանապարհը արդէն որերորդ անգամ անցած մեր ժողովուրդը, թւում էր, իր դասը ստացած պիտի լինէր եւ իր իսկ ոչնչացման գործիքը չդառնար հզօրների ձեռքին: Սակայն վերջին տարիների փորձառութիւնը եկաւ հաստատելու, որ մենք ազգովին ոչ միայն քաղաքական մտածողութիւնից զուրկ ենք ու կոյր, այլեւ մեր ազգային մտածողութիւնը կենտրոնացած է միանձնեայ պաշտամունքի վրայ, թէկուզ այդ պաշտուողը հայրենադաւ է, իրար դէմ լինելու, նախկին նուաճումները վարկաբեկելով` մինչեւ իսկ երկրի տարածքային կորուստները արդարացնելու, հայութեան հարիւրամեայ ողնաշարը կազմած կուսակցութիւնը պառակտելու փորձերը հանդուրժելու, բացայայտ կեղծիքը որպէս իրականութիւն ընդունելու, մեր այս ողորմելի վիճակին շատ հանգիստ յարմարուելու վրայ:

Յարմարուելու այնպէս, որ այսօր շատերը հանգիստ շարունակում են հետեւել, թէ ինչպէ՛ս է քայքայւում մեր երկիրը մէկ անձի եւ նրա համախոհների մասնակցութեամբ, թէ` ինչպիսի՛ պատրաստակամութեամբ է մեր երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնողը կատարում մեզ ի սպառ ոչնչացնելու` թշնամու հրամանները:

Այսքան տարածքային, մարդկային, մշակութային, բարոյական, մտային, հոգեւոր կորուստներից յետոյ անգամ դեռ չենք սթափւում, չենք միաւորւում, ոտքի չենք կանգնում, այլ հանգիստ նստած` «սփիւռքի վերակազմաւորման» կամ «պարտութիւնների հետեւանքի» կամ  այլ քննարկում ենք կազմակերպում:

Քննարկումներն անշուշտ հրաշալի են եւ օգտակար, երբ հայրենիքիդ կառավարումը յուսալի ձեռքերում է, երբ ծաղկուն տարածքներ նենգաբար չես յանձնել թշնամուն, հազարաւոր անյայտ ճակատագրի մատնուած տեղահանուածներ չունես, երբ դեռ երկրիդ իշխանութիւնը թշնամուն ծառայող մի վարձկան բռնապետի ձեռքում չէ, այլ` հայրենանուէր մէկի, որը պայքարում է իր երկրի իւրաքանչիւր թիզ հողի համար, որը ոչ թէ ոչնչացնում, այլ պահպանում, զարգացնում է ազգային հարստութիւնները, որի գերագոյն նպատակը ոչ թէ իր աթոռն է, թէկուզ` ողջ երկրի ոչնչացման գնով, այլ` իր երկրի եւ հայութեան ապագան:

Մեր ներազգային կեանքում տիրող այս ապազգային, պառակտուած միջավայրում ինչպէ՞ս ենք բարելաւելու սփիւռքի վիճակը` առանց հայրենիքի ամրութեան: Չէ՞ որ այսօրուայ իրականութեան մէջ սփիւռքի առողջ յարատեւումը կապուած է հայրենիքի ամրութեան հետ:

Երբ 1918 թ. մեր առաջին անկախ հանրապետութիւնը ստեղծեցինք, ամբողջովին միայնակ էինք` առանց դրսի միջամտութեան եւ օգնութեան: Դեռ անգամ սփիւռք գոյութիւն չունէր, եւ ծայրայեղ հիւծուած վիճակում ազգովին կարողացանք յաղթանակներ կերտել, երկիր ստեղծել ու առաջադիմել եւ մեծ շուքով այն յանձնեցինք  այսօրուայ ցնցոտի իշխանութեանը:

1988-ին, երբ ազգովին ոտքի ելանք Արցախը ազատագրելու, կրկին միայնակ էինք եւ ազատագրեցինք մեր ուժերով` մեր առջեւ կանգնած բոլոր արգելքները յաղթահարելով, մինչեւ իսկ զանց առնելով մեր անկախացած երկրի մեծագոյն չարիք, նոյնքան թրքամէտ «լտպ»-ի յարուցած արգելքները:

30 տարի յետոյ թրքամէտ Արեւմուտքը մեզ պարտադրեց այսօրուայ ցնցոտուն, մենք կորցրինք ամէն ինչ եւ մեղադրեցինք բոլորին` ռուսներին, աշխարհին, յատկապէս` նախկիններին, ու մինչ այսօր շարունակում ենք մեր մեղադրանքները` մեր կերուխումը չխանգարելով, միայն դրսից, օտարներից սպասելով մեր փրկութիւնը:

Դեռ քանի՞ անգամ կարելի է` յուսախաբուել, կոտորուել, կորցնել ու փրկութեան յոյսը կապել օտարների հետ:

Այս հոգեբանութեամբ, մտայնութեամբ ինչի՞ մասին խօսենք:

Առաջադրուող հարցերից ո՛ր մէկի մասին էլ խօսելիս լինենք, պիտի սկսել հայրենիքից, քանզի նա է մեր գոյութեան առանցքը, առանց նրա անիմաստ է մեր գոյութիւնը, եւ նրա` հզօրացման հետ են կապուած մեր գոյութիւնն ու յարատեւութիւնը թէ՛ ներսում, թէ՛ դրսում:

Այսօր աշխարհով մէկ սփռուած հայութեան թիւն է աւելանում եւ շուտով էլ աւելի է աւելանալու, սակայն իրենց ապրած երկրներում  հայերն ամենեւին էլ տանտէր չեն լինելու:

Երկարամեայ փորձառութիւն ունեցող կազմակերպութիւնների կողմից ամէն ինչ արւում է` միայն եկեղեցին եւ դպրոցը պահպանելու, նիւթապէս դրանց կանգունութիւնն  ու  երկարակեցութիւնը ապահովելու, այլ ոչ թէ` առաջընթացի, ազգային գիտակցութեան բարձրացման, ազգովին միաւորուելու համար:

Սփիւռքի ազգային գիտակցութիւնը դեռ այսօր էլ միայն եկեղեցիով եւ դպրոցով է սահմանափակւում այնպէս, ինչպէս 1897 թ. Պոլսոյ հայ կեանքի մասին «Մասիս»-ում է ներկայացուած. «Մեր հանրային կեանքը եկեղեցւոյ ու դպրոցին շուրջ կը դառնայ»:

Միթէ՞ այսօր տարբեր է:

Աւելացնեմ, որ Պոլսոյ հայ կեանքը ներկայացնող ժամանակաշրջանում դեռ սփիւռք գոյութիւն չունէր, հայութիւնը, լաւ թէ վատ, իր պապենական հողերի վրայ էր ապրում նոյն մտահոգութիւններով, ճնշուած էր ապրում,  բայց օտար չէր զգում իրեն:  Հակառակը` իրեն առաւել էր դասում հալածողներից եւ փորձում էր առաջընթաց ապրել, որովհետեւ շփում ունէր Եւրոպայի հետ, ունէր այնտեղ ուսում առած առաջադէմ մտաւորականներ, որոնք երկիր էին վերադառնում, ամէն կերպ աշխատում ձեւաւորել, առաջադէմ դարձնել եւ՛ ազգին ե՛ւ ազգային կեանքը: Դպրոց աւարտողները ոչ միայն տիրապետում էին հայերէնին, այլեւ դարձան հայ գրականութիւնն ու հայ լեզուն գագաթնակէտին հասցնող գրականութեան, արուեստի հսկաներ: Իսկ այսօ՞ր… Այդքան դժուարութեամբ պահուող հայ դպրոցն աւարտողը հազիւ է տիրապետում հայերէնին: Հայ գիրն ու գրականութիւնը դարձել են աւելորդ բեռ:

Երկու տարի յետոյ, 1899 թ.  նոյն «Մասիս»-ում յայտնի մտաւորական Մ. Շամտանճեանը է՛լ աւելի մեծ մտահոգութիւն է յայտնել. «Մեր ազգը բաժան- բաժան է, պառակտում կայ հանրային կեանքին մէջ»:

Կարծես այս օրերի մասին է խօսքը, այնպէս չէ՞:

Եթէ պատկերաւոր այդ վիճակը փոխադրենք մեր այս օրեր, կը տեսնենք, որ 19-րդ դարավերջից մինչեւ 21-րդ դար աներեւակայելի կորուստների փոթորկումներից անցնելով, գազանաբար ոչնչանալով, ազգովին, հողատարածքով, լեզուով, մտածելակերպով բաժան-բաժան լինելով, ազգային յատկանիշները պահելու, զարգացնելու բնազդային եւ գիտակցական ձգտումով ոտքի կանգնելով, վերստին անկախ երկիր ստեղծելով հանդերձ, այսօր էլ դեռ կքում ենք նոյն բեռան տակ` այս ամէնին աւելացրած այսօրուայ մեր հայրենիքի կամաւոր մասնատման հարցում շատերի ցուցաբերած անտարբերութիւնը:

Այսօր էլ նոյն ոգեւորութեամբ մեր ազգը բաժան-բաժան է եղած, մասնատուած թէ՛ ըստ կուսակցութիւնների եւ թէ՛ կուսակցութիւններից դուրս:

Այսօր էլ որոշ կուսակցութիւններ իրենց դիմագիծը թաքցնում են` հաւատարմօրէն ծառայելով ներկայ հայադաւ իշխանութեանը, միշտ արդարանալով «Հայրենիքին ենք ծառայում, անձը կարեւոր չէ» կարգախօսով: Իսկ երբ այդ անձը հայրենիքդ է կործանու՞մ… Միեւնոյն է, այդ դէպքում էլ կարեւոր չէ:

Այսպէս, սփիւռքը իր գոյութեան սկզբից մասնատեցին. հետեւանքը եղաւ այսօրուայ պատկերը:

Սփիւռքի անզիջում մամուլն անգամ զիջեց իր սկզբունքը, չարթնացրեց ժողովրդին, մինչ օրս էլ իրականութիւնը պարզաբանող, կեղծիքը բացայայտող գրութիւնները տպւում են կա՛մ որպէս տեսակէտներ, կա՛մ չեն տպւում: Ե՞րբ էր կուսակցական մամուլը  այսքան կողմնապահ եղել, ինչպէս այս անցնող ցաւալի տարիների ընթացքում եղաւ:

Այսօր թշնամին ինքն է բացայայտում իր կնքած գործարքը մեր երկրի ղեկավարի հետ, իսկ մեր մամուլը դեռ լռում է, վստահաբար նա էլ ժողովրդի նման եւ՛ դրսի եւ՛ ներսի ճնշման տակ է: Թշնամու մամուլից աւելի շատ տեղեկութիւն ենք ստանում մեր երկրի եւ մեր ճակատագրի մասին, քան` մեր կողմնապահ մամուլից: Մինչդեռ կուսակցական մամուլի մեծագոյն առաքելութիւնը եղել եւ մնում է ժողովրդին արթնացնելը, նրա հետ անկեղծ լինելը:

Եւ այսպէս, պառակտուած հայութիւնն այսօր անժխտելի իրականութիւն է, որը մեզ կանգնեցրեց ոչ միայն մարդկային, այլեւ տարածքային հսկայական կորուստների, տեղահանութեան, նոր արտագաղթի առջեւ:

Անժխտելի իրականութիւն է նաեւ, որ մենք «բանիւ կեցցէ»-ից համատարած դարձել ենք «հացիւ կեցցէ»-ի ազգ եւ անձայն հաշտւում ենք այն ամէնին, ինչը մեզ մատուցում են, նոյնիսկ` մեր կործանմանը, միայն թէ հաց ունենանք: Այսօրուայ մեր ժողովրդի պատկերաւոր արտայայտութիւնն են Ա. Խնկոյեանի բանաստեղծութեան տողերը` «Միայն կաղին ունենամ, ուտեմ-խմեմ, գիրանամ»: Տարածքը կարեւոր չէ, երկրիդ ղեկավարը թշնամիդ է, կարեւոր չէ:

109 տարի է անցել մեր ազգի դէմ գործուած առաջին մեծ ցեղասպանութիւնից, եւ մենք Հայ դատ ունենալով հանդերձ, չկարողացանք հատուցում պահանջել թշնամուց, չկարողացանք դատել ցեղասպանին եւ բոլոր այն երկրներին, որոնք մաս կազմեցին մեր ոչնչացման ծրագրին: Հակառակը` բաւարարուեցինք տասնեակ երկրների կողմից Ցեղասպանութեան փաստի ընդունմամբ եւ լռեցինք, երբ նոյն թշնամին մեր հայրենի երկրում համախոհներ գտնելով` երկրորդ ցեղասպանութեան ենթարկեց մեզ նոյն սկզբունքով, ինչ 109 տարի առաջ էր` տեղահանմամբ, տարածքների բռնագրաւմամբ, վայրագ կոտորումով:

Այսօր աշխարհը փոթորկուած հետեւում է հրեաների կողմից պաղեստինցիների բացայայտ ցեղասպանութեանը, որն արդարացնում են երկրորդ անգամ ցեղասպանութեան չենթարկուելու պատճառաբանութեամբ:

Հրեաները իրենց դատը շահելու համար օտար երկրների հաւաստիացումը ստանալու, մասնաւոր կազմակերպութեան կարիք չունէին, նրանք ազգովին են մասնակցում իրենց դատին եւ ամէնուրեք մէկ առաջ չտալ որեւէ հրեայի քիթը արիւնի, որքան կարելի է հողատարածք գրաւել, բազմանալ, հզօրանալ, տիրել, որովհետեւ տիրելով է երկիրը հզօրանում, այլ ոչ թէ` տարածքներ յանձնելով:

Ո՞ւր էինք մենք, երբ նոյն հրէական զէնքերն էին օգտագործում մեր երկրորդ ցեղասպանութիւնը իրագործելիս: Բոլոր վկայութիւնները ունենալով հանդերձ, ինչո՞ւ չկարողացանք աշխարհը ոտքի հանել, ահազանգել, որ ցեղասպանութեան ենթարկուած մի ազգ ինքն է օգնում թշնամուն` ոչնչացնելու ցեղասպանութեան ենթարկուող մէկ այլ ազգի:

Որ` հայութեան դէմ երկրորդ ցեղասպանութիւնն է գործում թուրքը:

Որ` արցախահայութիւնը ենթարկուեց  նոյն գազանութիւններին, տեղահանութիւններին, ծերեր ու երիտասարդներ  մորթուեցին, շարունակւում է տարածքների բռնագրաւումը…

Դեռ մէկ տարի առաջ պաղեստինցիները իրենց կործանման մասին հարցերով արհամարհուած, մոռացուած էին աշխարհի կողմից: Այսօր կարողացան աշխարհի ուշադրութիւնը շահել, բոլոր ազգերին ոտքի հանել ի պաշտպանութիւն իրենց: Աշխարհը ականատես է, թէ ինչպէ՛ս են կոտորւում, փոշիանում, սակայն իրենց հողը չեն զիջում:

Մենք պաղեստինցիների չափ էլ չեղանք: Բոլոր առաւելութիւնները ունենալով հանդերձ, լռեցինք ու առանց ծպտունի, մեր համաձայնութեամբ հսկայական տարածքները նուիրեցինք թշնամուն, մէկ օրուայ մէջ էլ տեղահանուեցինք:

 

Որովհետեւ մեր ժողովուրդը մի թրքածին ճիւաղի էր վստահել եւ մինչեւ հիմա վստահում է իր ճակատագիրը:

Ինչո՞ւ պարտուեցինք…

Յիշեցնեմ` մեր բանակի հրամանատարութիւնը գտնւում էր հայադաւ ղեկավարների ձեռքին, որոնք հրամանատարական կենտրոնը դարձրել էին փողոցային անցուդարձի կենտրոն, ուր մուտք էին գործում երկրի գլխաւոր «հրամանատարի» կողմից ուղարկուած յատուկ ոչնչութիւններ. պարտադրելով իրենց հրամանները: Ուր արգելւում էր օգտագործել մեր զէնքերը, որպէսզի նախկիններին մեղադրէին զէնք չունենալու համար: Այնինչ թշնամին իր հեշտ յաղթանակը պանծացնելու համար հպարտօրէն ցուցադրում էր նախկինների կուտակած եւ իր բռնագրաւած 6 միլիառ արժողութեամբ զէնքերը:

Մենք ժպտադէմ սուրճ էինք խմում ու յաղթելու ստով կոծկում պատերազմը սկսելուց 2 օր առաջ թշնամու հետ պայմանաւորուած Շուշիի յանձնումը: Տուշանպէում կայացած այդ դաւադիր համաձայնութիւնը Ալիեւը հայութեան համար վերջերս բարձրաձայնեց:

Մենք ճանապարհներից, ճահիճներից, անտառներից մեր 5 հազարից աւելի հերոս զաւակների մարմիններն էինք հաւաքում Եռաբլուրը ընդարձակելով եւ առանց ծպտունի ճանապարհ հարթում հայադաւ ղեկավարի առաջ` մեր զաւակների ինքնազոհաբերմամբ ազատագրուած մեր երկիրը թշնամուն նուիրելու` այն յայտարարելով որպէս ազրպէյճանական տարածք:

Այսքանից յետոյ դեռ մեղադրում ենք աշխարհին իր լռութեան համար: Աշխարհը հոյ մեզ նման յիմար չէ, բոլորը տեղեակ էին, թէ ի՛նչ է կատարւում մեր երկրում: Եթէ մենք ենք յանձնում, ինքը ինչո՞ւ պիտի միջամտի:

Շատերն առ այսօր լռում են, որովհետեւ ազգովին ենք մեղաւոր, պատասխանատու ենք այս թրքամէտ իշխանութեանը հլու-հնազանդ ենթարկուելու, երկրորդ անգամ իրեն աթոռ տրամադրելու համար:

Այսքանից յետոյ մենք` որպէս ազգ, արդեօ՞ք իրաւունք ունենք մեր բարելաւումների մասին քննարկումներ անելու, երբ թշնամին մեր երկրի ղեկավարի աթոռին է բազմած, երբ դեռ մեր անտարբերութեամբ երկարակեցութիւն ենք շնորհում այդ խեղկատակին, նպաստում մեր կործանմանը:

Թող ինձ ներեն հարցադրողները, սակայն ինձ համար անկարելի է քննարկել որեւէ հարց, երբ հայրենիքդ է ահաւոր վտանգուած, երբ այն գտնւում է բացայայտ դաւաճանների ձեռքում:

Մենք չենք կարող այլեւս այսպէս գոյատեւել. կա՛մ պիտի սթափուենք, հաւաքագրուենք ազգովին, կազմակերպուած ոտքի հանենք ոչ միայն երկրում ապրող ժողովրդին, այլեւ համայն հայութեանը, կա՛մ պիտի շարունակենք հեզօրէն ընդունել մեր կործանումը:

Բաւ է, որքան սփիւռքի հայութիւնը պառակտուած, ձայնազուրկ եւ իրաւազուրկ մնաց` միայն որպէս անվերջանալի դրամական օգնութեան հաստատութիւն դառնալով երկրի ղեկավարների համար:

Մենք` սփիւռքահայերս, նոյնքան իրաւունքի տէր ենք մեր երկրում, որքան` տեղի ժողովուրդը, որովհետեւ մեր երկիրը համայն հայութեանն է պատկանում, եւ աւելի շատ հայութիւն ունենք դրսում, քան` հայադաւ իշխանութեան ներքոյ ապրող մեր երկրում:

Ուստի ժամանակն է, որ ոտքի կանգնի սփիւռքահայութիւնն ամբողջապէս եւ լծուի հայրենիքը ազգադաւ իշխանութիւնից ազատագրելու գործին: Կարեւոր չեն այլեւս մեր սուտ գաղափարական բաժանումները, քանզի փաստուեց, որ մենք այլեւս գաղափարի համար պայքարողներ չենք, այլապէս երբեք թոյլ չէինք տայ, որ մի ծախու ոչնչութիւն իր գրպանի մանրադրամը դարձնի մեր հայրենիքը:

Բաւ է սադրանքներով, պատերազմով ժողովրդին վախեցնելով` փոքրացնի մեր երկիրը: Երէկ Արցախն էր, հերթը հասել է` Տաւուշին, Տիգրանաշէնին, Ոսկեպարին: Թշնամու պատուէրը հեզօրէն կատարելով, աստիճանաբար ճանապարհներ, կազատարներ յանձնելով, հիւլէական ելեկտրակայաններ փակելով` խեղդելու, ոչնչացնելու է հայութեանը:

Մենք մեր անտարբերութեամբ վեց ցաւալի, անուղղելի տարիներ ենք արդէն կորցրել, եւ անընդունելին, ամենավիրաւորականը այս ոչնչութեանը, թուրքին հնազանդօրէն ծառայող այս անուղեղ թշուառականին դեռ որպէս երկրի ղեկավար ընդունելն է:

Հանգիստ նստելու բոլոր արդարացումներն այլեւս աղբաման են նետուած:

Միանանք եւ փրկենք դեռ մեր ոտքերի տակ մնացած փոքրիկ հողակտորը, որը մեր ծիների, մեր դարաւոր պատմութեան, մեր անմար հերոսների եւ մեր մեծութիւնների շաղախով է պարուրուած:

Փրկենք, որպէսզի հետագայ սերունդների անարգանքին չարժանանանք:

Փրկենք, որպէսզի մեր զաւակները, իրենց տանտէր զգալով, ապրեն ու բազմանան:

Փրկենք մեր երկիրը այս ազգադաւ իշխանութիւնից եւ նրա ամենավերջին թափթփուկներից, որպէսզի կրկին ամուր, վստահելի, անընկճելի բանակ ստեղծենք:

Փրկենք, քանի դեռ չեն ոչնչացուել` մեր ստեղծած, տաժանակիր զրկանքներով ձեռք բերուած ազգային, գիտական, հետազօտական, երաժշտական, գեղարուեստի, ուսումնական հաստատութիւնները, պատմամշակութային արժէքները, մեր պատմութիւնը, մեր գիրն ու գրականութիւնը, մեր երգն ու երաժշտութիւնը, մեր հայկական ուսումնական հաստատութիւններն ու դասագրքերը, մեր դրօշն ու մեր օրհներգը, մեր ազգային ինքնութիւնը:

Ինչպէ՞ս ենք լռում ու հանդուրժում այս ամէնի ոչնչացման ընթացքը:

Միասնաբար ոտքի ելնենք, ինչպէս ժամանակին ինքնակամ ոտքի ելան մեր հերոսները, փրկենք մեր հողը այս թրքածին իշխանութեան իւրաքանչիւր անդամից:

Փրկենք այն ամէնը, ինչը ժողովուրդները դարերի ընթացքում ստեղծում, հաւաքագրում ու պահպանում են իրենց կեանք տուած հողում, որը հայրենի հող, հայրենիք է կոչւում:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles