
Երեւան ջան, ես քեզ սիրում եմ . . . ո՛չ, ո՛չ, Երեւան ջան, ես քեզ շատ-շատ եմ սիրում . . .
Ուշ գիշեր է, ու դարձեալ չեմ կարողանում քնել. . . խնդիրներ կան, որ նեղում են հոգիս, սիրտս լիքն է, ուզում եմ բացայայտուել քեզ հետ ու լսելի դարձնել չլսողներին, անտեսներին, անտարբեր մարդկանց ու հայրենասէրներին:
Թէեւ կարճ ժամանակով, բայց եւ երազներիս ու կեանքիս ամենավառ պահերն եմ ապրում երբ լինում եմ քո մօտ, քո գրկում. շնչում ու ապրում եմ կրկին ու կրկին քո սիրով, քո քարակերտ պատմութիւնով, քո վէրքերով, երգերով ու վերելքներով:
Անկախութեան օրից մինչ հիմա շատ ամպեր են անցել գլխովդ, ունեցել ես նաեւ վերելքներ որը պարծանքն է ամէն մի հայի:
Ծաղկազարդ քաղաք, աննման իմ Երեւան, ների՛ր ինձ, որ բաց պիտի անեմ բոլորի առջեւ մի քանի կարեւոր կէտեր, որոնք մրոտում են քո աննման դէմքը:
Շէնքերի մուտքին ու նրանց շրջակայքում կուտակուած աղբի նեխուածութեան անախորժ հոտն անտանելի է դառմում անցնող դարձողների համար: Մարդկանց անտարբերութիւնը քաղաքի մաքրութեան հանդէպ ինձ տխրեցնում է:
Պետութեան կողմից շատ գեղեցիկ ու յարմարաւէտ նստարաններ են դրուած երեւանի գեղատեսիլ այգիների, որոշ փողոցների ու շէնքերի մօտակայքում. բայց արի ու տես որ որոշ անդաստիարակ մարդիկ նստած արեւածաղիկ են չռթում, ծխում ու թափում հէնց իրենց ոտքերի տակ չորս ոտանի կենդանու պէս ու թողնում հեռանում: Մաշտոցի լայնատարած ու գեղեցիկ պողոտայի վրայ տեղադրած նստարանների եւ հաստաբուն ծառների շուրջը վերածուած է հանրային մոխրանանի եւ գործ է ածւում որպէս աղբաման: Չեմ հասկանում, ինչո՞ւ չի արգելւում արեւածաղկի վաճառքը փողոցներում: Միայն ո՛չ քաղաքակիրթ ժողովուրդն է կարող այդպէս անվայելուչ կերպով ուտել ու թափել փողոցներում: Մեր քաղաքը մեր տունն է: Ինչո՞ւ քարոզչութիւն չի լինում այս առթիւ: Քարոզչութիւն չի լինում նաեւ արտագաղթի մասին: Հաւատացէ՛ք, ժողովուրդ, դրսում գտած թանկագին քարերը երբեք քո իրկան զարդը չի դառնայ: Դա փայլում, փայլատակում է միայն հեռուից. . . բայց երբ մօտենաս ու ձեռք տաս, կ՛այրի ձե՛ռքդ, հոգի՛դ եւ նոյնիկ մարմինդ:
Երեւան ջան, քո լեզուն հայերէնն է . . . քո մայրենի սուրբ լեզուն . . . , բայց ես տեսնում ու լսում եմ օտար լեզուի բառերի ներմուծութիւնը քո գանգի մէջ: Այս ովքե՞ր են պղտորում քո հոգին ու մրոտում քո սուրբ օճախը` Մեսրոպատառ քո սուրբ դէմքը:
Ախը՜ր, ժողովուրդ ջան ինչո՞ւ, ինչ ենք ցանկանում ապացուցել օտար լեզուի բառերը հնչեցնելով մեր նորահաս սերնդի հոգու խորքերը, երբ մենք ունենք նոյն բառի ճիշտ միտքն ու նշանակութիւնը:
Բաղրամեան փողոցով քայլելիս տեսայ, որ մի տեղ հայերէնով գրուած էր Չիլդրընս Փլէս, եւ ոչ թէ մանկատուն կամ երեխաների վայր-խաղավայր, եւ այլն. արդեօ՞ք ում համար է գրուած ա՛յդ, հայ մօր համար թէ “երեխայիս ուղարկում եմ Չիլդրնս Փլէս“ը, թէ հէնց ա՛յդ նորահաս մանուկի` որ խօսի օտար լեզուով հայերէն տառերով: Բայց չէ որ կարելի է գրել անգլերէն անունները անգլերէնով եւ հայերը հայերէնով: Մի ուրիշ ցուցափեղկի վրայ խանութը փակուելու կապակցութեամբ գրուած է Լիկվիդացիոն գներ: Յաղթանակի Այգու մի խաղավայրի ցուցափեղկի վրայ գրուած է Էթէնցիասոն, արդեօ՞ք սա յաղթութիւն է, թէ նուաստացում ու պարտութիւն . . . Հեռուստատեսութեան մի ծրագրում խօսւում է.- թէ այստեղ քննարկում ենք Լօքալ խնդիրներ, մասնակցողներից մի ուսուցիչ թէ`.- տղան զգացել է դիսքամֆըրթ . . . : Նոյնիսկ մեր գրականութեան, եւ օրաթերթերի մէջ յաճախ է ներխուժում օտար բառերը հայերէն տառերով: Կրթութեան եւ մշակոյթի անձնաւորութիւններից մէկը խօսք ուղղելով սփիւռքից ժամանած երիտասարդութեան ասաց.- “շատ ուրախ եմ ձեր ներկայութեան համար աշխատէք ակտիւօրէն մասնակցել հայերէն ծրագիրներին“: Սովորական խօսքերի մէջ են եւ նոյնիսկ հայերէնով գրւում` ինշուրէնս, կոնկրէտ, րիալ, պրակտիկ, իւնիվըրսալ, դիզայն, ակտիւիստ, փիարի խնդիր ունենք, կոնկրէտ սբջէկտիւ եմ խօսում … եւ հայիւրաւոր նման բառեր: Եթէ մեր լեզուի մէջ չկայ նոյնանիշ բառերը հասկանալի է, բայց ինչու՞, ինչու այսքան օտարամոլութիւն: Ինչո՞ւ քարոզչութիւն չի լինում խօսել մեր դասական մաքուր լեզուն: Բարձր պահել ու պահպանել մեր հայ ազգի ինքնութեան նկարագիրն իր հարուստ մշակոյթը: Նաեւ աշխատանք տանել Մեսրոպեան ուղղագրութեան խնդրում: Չէ՛ որ նոր ուղղագրութիւնը ստեղծուեց սփիւռքահայութիւնը բաժանելու Հայաստանից:
Հայաստան ջա՜ն, ներիր ինձ որ գալիս եմ քո տրտմութիւնդ խանգարելու, մի միայն ցանկութիւնս էր դրսեւորել այն, ինչ որ յարատեւ տանջում, տոչորում է նաեւ քո վեհ հոգին, ինչ որ տրորում է քո բարձունքները: Գիտեմ, երբ քո սիրտն էլ է լիքն ու խօսել չես կարողանում . . . երբ օտար մարդիկ ճեղքում են սիրտդ, վիրաւորում ծաղկաշէն բարձունքներդ, լեռներդ ու տանում այն ինչ որ քոնն է, ինչ որ քո բնատուր հանքերի հարստութիւնն է . . . յետոյ, անխնայ պղտորում քո զուլալ ջրերը, մի ողջ ժողովրդի կենսատու, գոյութեան հիմնական նիւթը: ախըր իմ սիրտն է լիքը Հայաստան ջան ու լացել չեմ կարողանում. . . Ներիր ինձ:
Եւ Վերջապէս, Հայրենիք ջան, ի խորոց սրտի ցանկանում եմ քեզ խաղաղութիւն, մեծամեծ վերելքներ, արդարութիւն եւ բարութիւն անխտիր բոլորի համար:
Ամենայն սիրով`
ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
Նոյեմբեր 2013,
Նիւ Եորք