
(Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ, Հ.Յ.Դ. Կ.Կ.-ի անդամ եւ պատմական գիտութիւններու դասախօս)
1980-ական թուականներին վերընձիւղուած Արցախեան ազգային-ազատագրական շարժումը շատ բան փոխեց հայութեան կեանքում:
Արցախեան շարժումն առաջին հերթին պայքար էր մարդու իրաւունքների, Աստծոյ կողմից նրան տրուած ազատ ապրելու իրաւունքի վերահաստատման համար: Դա բաւականին հումանիստական էր, եւ պատահական չէ, որ մենք շատ համակիրներ ունեցանք` ի դէմս տարբեր պետութիւնների, ժողովուրդների, որոնք շատ դէպքերում անգամ Արցախի տեղը չգիտէին: Շարժման շնորհիւ նրանք հասկացան, որ երկրագնդի մի հատուածում բնակուող մի ժողովուրդ ձգտում է ազատ ապրել եւ պաշտպանել իր տարրական իրաւունքները: Այս իսկ տեսանկիւնից կարեւոր էր համաշխարհային հանրութեանը ներկայացնել, որ սա անջատողական շարժում չէր, տարածքի համար կռիւ չէր, այլ պայքար էր ազատութեան ու անկախութեան համար: Կարծում եմ` համաշխարհային հանրութեան կողմից այս ամէնն ընկալուեց:
Երկրորդ կարեւոր հանգամանքն այն էր, որ մեր շարժումն ընթացք ստացաւ միջազգային իրաւական եւ տուեալ ժամանակաշրջանի խորհրդային օրէնքների շրջանակներում: Այսինքն, այդ ամէնն ունեցաւ իրաւական հիմնաւորում, եւ այս տեսակէտից մեր շարժումն անխոցելի է: Առայսօր միջազգայնագէտները, իրաւաբանները, պետական գործիչները նմանատիպ գնահատականներ տալիս են, որով մեր պայքարը տարբերւում է շատ ու շատ երկրներում սկսուած նմանատիպ շարժումներից:
Արցախեան շարժումը նաեւ հնարաւորութիւն ստեղծեց, որպէսզի նորից վերակերտուի հայկական պետականութիւնը: Ճիշտ է, մենք խորհրդային տարիներին թէ՛ Խորհրդային Հայաստանում, թէ՛ Արցախում պետականութեան որոշակի նշոյլներ ունէինք, բայց անկախութիւնը լիարժէք չէր: Շարժումը նման հնարաւորութիւն ստեղծեց, որպէսզի բազում դարերի պետականութիւն ունենալու երազանքը իրականութիւն դառնա: Պետականութիւնը հնարաւորութիւն տուեց, որ ազգն ապրի, յարատեւի, դիմակայի տարածաշրջանի մարտահրաւէրներին:
Շարժման կարեւոր պահերից մէկն էլ այն էր, որ Արցախեան պայքարը ինչ-որ տեղ ձախողեց Թուրքիոյ եւ Ատրպէյճանի քաղաքական էլիտայի մօտ տասնեակ տարիներ գուրգուրանքով պահպանուած փանթուրքիստական գաղափարախօսութեան իրագործումը: Մեզ համար տեսանելի էր, որ Ադրբեջանը նպատակաուղղուած քաղաքականութիւն էր վարում, որպէսզի հայաթափի Արցախը: Այս ծրագիրը, որը միս ու արիւն էր ստացել Թուրքիայում, նպատակ ունէր հայաթափել նաեւ բուն Խորհրդային Հայաստանի տարածքը: Պատահական չէր, որ հէնց Թուրքիայի անմիջական ջանքերով 1921-ին Արցախը, Նախիջեւանը բռնակցուեցին Ատրպէյճանին: Դա այդ ծրագրերի մի մասն էր կազմում, եւ խորհրդային ողջ ժամանակահատուածում նպատակային քաղաքականութիւն էր վարւում, որպէսզի Խորհրդային Հայաստանի, մասնաւորապէս Նախիջեւանին յարակից հատուածներում` Կապանում, Սիսիանում, Վայոց Ձորում թուրքական տարրը հաստատուի: Ժամանակի ընթացքում վերաբնակեցման միջոցով կարողացան նշուած վայրերում ստեղծել թրքական գիւղեր, որոնք մահացու վտանգ դարձան մեր պետականութեան եւ ընդհանրապէս հայութեան ինքնութեան պահպանման համար: Արցախեան շարժումը հնարաւորութիւն տուեց, որպէսզի այս գօտին նոյնպէս վերադառնա իր նախկին տիրոջը եւ չիրագործուի մեզ համար կործանարար ծրագիրը: Այս տեսանկիւնից Արցախեան շարժումն անգնահատելի է:
Արցախեան շարժումը նաեւ փոխեց, հեղաբեկեց մարդու հոգեբանութիւնը, նրա գաղափարախօսութիւնը, հնարաւորութիւն տուեց, որպէսզի մարդը ոչ միայն ազատ ապրելու իրաւունքը տնօրինի, այլ միաժամանակ ձեռք բերի ներքին ազատութիւն: Այս սերունդը միաժամանակ ապրեց հասարակարգի վերափոխման շրջան: Խորհրդային տարիներին մարդու ազատութիւնները, իրեն ազատօրէն դրսեւորելու հնարաւորութիւնները կաղապարուած էին: Նոր սերունդը հնարաւորութիւն ունեցաւ պայքարի միջոցով ձեռք բերել նաեւ այդ ազատութիւնը: Իհարկէ, մենք դեռ այս ասպարէզում բաւականին աշխատանքներ ունենք կատարելու, որովհետեւ մարդու ներքին ազատութիւնից է կախուած նաեւ հասարակութեան լիաթոք զարգացման, առաջանցիկ քայլեր կատարելու գործընթացը: Կարծում եմ, որ այս առումով Արցախեան շարժումը նպաստաւոր հող ստեղծեց, եւ մենք պարտաւոր ենք այդ գործընթացն աւելի խորացնել, զարգացնել եւ հասնել մեր հիմնական նպատակին: