
Էմիլի Տէրեան
«Զրոյց – Մրոյց»-ը Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան արեւելեան Ա․Մ․Ն․-ի շաբաթական դրութեամբ կատարուող յայտագիրն է, որուն նպատակն է, պարզ եւ յստակ՝ անդամներուն ընծայել առիթն ու միջավայրը, ուր կրնան իրենց տարեկիցներուն հետ հայերէն լեզուով խօսիլ, մտածել եւ անշուշտ ապրիլ։ Յաջորդող սիւնակը յայտագրին մասնակիցներէն մէկուն՝ Էմիլի Տէրեանի վերլուծումն է այս ամսուայ հանդիպումներուն մասին․-
Վերջին 17 տարիներու ընթացքին, 2020-ը առաջինն էր որ հայրենիքէս զրկուել էի։ Երբ համաճարակը սկսեց եւ ես հասկացայ, որ Հայաստան գնալը անհնար էր լինելու, մի տեսակ կորստի զգացում ունեցայ․կարծես թէ մի շատ մօտ ընկեր կորցրեցի այն ժամանակ, երբ ընկերութիւնը ամենակարեւորն էր եւ առանց վարակուելու ամենադժուարն էր այն գտնել։ Հայաստան չգնալը նշանակում էր ընտանիքիս չտեսնել, հայրենիքս չվայելել եւ հայերէն չխօսել ու լեզուս աւելի չվարժել։ Առաւել եւս, մեկուսացման ժամանակ, սկսեցի նկատել թէ ինչքան քիչ էի ես հայերէն խօսում օրուայ մէջ։ Շատ առիթ չկար խօսելու՝ սենեկակիցներս օտար էին եւ իմ ծնողները՝ ուրիշ նահանգում։ Ճիշդ է, իմ հայութիւնը պահելու համար պէտք է աւելին, քան միայն լեզուն խօսելը, բայց ես դեռ վախենում էի որ Հայաստան չգնալով կը կորցնէի իմ հայութեան մի մասը այդ տարի։
Սովորաբար, Հայաստանն է եղել այն տեղը, որտեղ ես կարողացել եմ ազատ խօսել հայերէն իմ հասակակիցների հետ եւ այն տեղն է որտեղ իմ լեզուն այսպէս ասած «բացւում» է ամէն տարի։ Ամերիկայում ես շատ հայերի հետ չեմ մեծացել եւ որ ճիշդն ասեմ, Հ.Ե.Դ.-ի անդամ դառնալուց յետոյ, ես դեռ տատանւում էի հայերէն խօսել միւս ընկերների հետ։ Երեւի նկատել էք (կամ ոչ), որ Հայաստանից շատ անդամ չկայ Հ.Ե.Դ. Ամերիկայի արեւելեան շրջանում։ Քանի որ Հ.Ե.Դ.-ի հայախօսների մեծամասնութիւնը իմ բարբառը չեն խօսում, ես երբեմն զգում էի որ ես չեմ պատկանում այդ խմբին։ Ամաչում էի խօսել, մտահոգուելով, որ ինձ չէին հասկանայ։ Բայց 2020-ին ես Հայաստան չէի գնալու եւ կորցնելու էի իմ հնարաւորութիւնը հայերէն խօսելու։ Բա որտե՞ղ էի խօսելու հայերէն։
Մայիս 2020-ին, Հ.Ե.Դ.-ի Կեդրոնական Դաստիարակչական Խորհուրդը նոր ծրագիր ստեղծեց, որի անունը «Զրոյց Մրոյց» է։ Նպատակը այն էր, որ ամէն շաբաթ մասնակիցները առիթ եւ միջավայր ունենան իրար հետ հայերէն խօսելու։ Քանի որ «Զրոյց Մրոյց»-ը դաս չէ, մասնակիցները կարող են հանգիստ հայերէն խօսել առանց մտածելու իրենց հայերէնի մակարդակի մասին։ Միայն պէտք է մասնակցել, խօսել եւ միմիանց հայերէնը բարելաւել։
Երբ որ «Զրոյց Մրոյց»-ը սկսեց, ես շատ ուրախ էի, որ առիթ ունէի հայերէն խօսելու եւ իմ հայ ընկերների հետ շփուելու․ սակայն, ես դեռ մտածում էի իմ հայերէնի մասին։ Մինչ այդ, ես շատ էի շփուել արեւմտահայերի հետ եւ մի քիչ սովորել էի, թէ որոնք են տարբերութիւնները երկու բարբառների միջեւ։ Բայց ես վստահ չէի, որ բոլոր միւս մասնակիցները գիտէին, թէ ինչպէս է տարբերւում արեւելահայերէնը արեւմտահայերէնից։ Երբ որ ես ասում էի «ձու», բոլորը գիտէի՞ն որ դա նոյնն է ինչ «հաւկիթ»-ը։ Իսկ հասկանո՞ւմ էին ինձ, երբ ասում էի «հեշտ»՝ «դիւրին»-ի տեղը։ Հնարաւոր է, որ կայ մարդ «Զրոյց Մրոյց»-ում որը շատ չի խօսել հայերէն հայաստանցիների հետ, նոյնիսկ եթէ իր հայերէնը շատ ուժեղ է եւ հետեւաբար այդքան լաւ չի հասկանում ինձ։
Արդէն մի տարուց աւել է, որ «Զրոյց Մրոյց»-ն սկսել է եւ ես հիմա գիտեմ որ իմ մտավախութիւնները հիմնուած չէին իրականութեան վրայ։ Ինձ սովորաբար առանց խնդիրի հասկանում են բոլորը եւ եթէ նոյնիսկ մի բառ չհասկանան, այդքաւն դժոար չէ շուտով բացատրելը։ Առաւել եւս, կան ուրիշ արեւելահայախօսներ, որոնք գալիս են եւ մասնակցում։ Եւ հէնց դա՜ է «Զրոյց Մրոյց»-ի առաւելութիւնը։ Մարդիկ գալիս են, խօսում են իրենց իմացած հայերէնը եւ իրարից սովորում են եւ լաւացնում են իրենց հայերէնը։
Այս մի տարուայ մէջ, ես եւ իմ արեւմտահայերէն հասկանալն եմ լաւացրել: Ինձ աւելի հանգիստ եմ զգացել միւսների հետ հայերէն խօսելիս։ Յոյս ունեմ,որ միւս մասնակիցները նոյնն են զգում եւ որ գնալով մեր «Զրոյց Մրոյց»-ի համայնքը կը շատանայ ու բոլորս կը շարունակենք ամէն շաբաթ իրար հետ հայերէն զրուցել (եւ մրուցել):