ՍԻՐԵԼԻ ՍԱԹԵՆԻԿ ՔԷՉԵՃԵԱՆԻ (1928 – 2016) ՅԻՇԱՏԱԿԻՆ

0 0
Read Time:6 Minute, 22 Second

 
p15

Արմինէ Մինասեան

Նիւ Եորք, Ապրիլ 2016

Սաթենիկի ծնողները՝ Անուշ եւ Աւետիս խաչիկեան, փրկուելով 1915 թուի ցեղասպանութիւնից, միմեանց գտան Լիբանան՝ Բէյրութի որբանոցում:
Սաթենիկը ծնուել է Յուլիս 18, 1928-ին երկրորդը ծնողների հինգ զաւակներից:
Սաթենիկը շրջանաւարտ եղաւ աղջիկների Սուրբ Գրիգոր Քոլէջից, որը ղեկավարում էր Պէյրութի Ճէսուիթական Միաբանութեանը:
Տասներեք տարեկանում նա կորցնում է հօրը. 1947-ին մայրը որոշում է ներգաղթել Մայր Հայրենիք հաւատալով որ իր 5 որբ զաւակները առաւել բախտ պիտի ունենան բարձրագոյն կրթութիւն ստանալու:
Չնայած որ կեանքը այնքան էլ դիւրին չեղաւ Խորհրդային Հայաստանում, սակայն 1952թ. Սաթենիկը յաջողեց Հայ Լեզուի եւ Գրականութեան Պսակաւոր Համալսարանի Վկայականի արժանանալ Գիւմրի Նահանգի Մանկավարժական Հաստատութիւնից: Ուսման տարիներին եւս նա աշխատեց որպէս գրադարանապետուհի (Լենինականի) այժմ՝ Գիւմրի Շիրվանզադէ դպրոցում ուր մնաց մինչեւ աւարտելը եւ ուսուցանեց երկու տարի: Աւելին, Երեւանի ուսուցիչների համար, նա սովորեց ֆրանսերէն լեզուն՝ ու Բարձր Կրթական Կազմակերպութիւնից ձեռք բերեց Ֆրանսերէն Լեզուի Արուեստի Մագիստրոսի Վկայական:
Դրանից յետոյ էր որ Սաթենիկը հանդիպեց իր ապագայի ամուսնուն Քաջազին՝ որը յետագային համարուեց ամերիկահայ յայտնի գեղանկարիչներից մէկը:
Սաթենիկի եւ Քաջազի միասնական գեղեցիկ եւ օրհնուած կեանքը սկսուեց 1953 թուականից, ուր երեւան է գալիս նրանց սիրալիր նամակներից եւ որը եղաւ հիմքը նրանց ամուսնութեան եւ ընտանիքի հիմնաքարը: Իր մի նամակում Քաջազը գրում է՝. – այսօր իմ սիրտը սիրոյ յաղթանակի տօնն է տօնում, այսօր իմ Սաթենիկից նամակ ստացայ մէջը լեցուն համբոյր ու սէր . . .այլեւս ես մայրամուտներում թափառող, ա՛յդ երէկուայ դժբախտ որբը չեմ,.. տեսէ՛ք ինչքան ուրախութիւն կա՛յ իմ աչքերում, ինչքա՜ն կեանք իմ բազուկներում եւ ինչքա՜ն կրակ կայ ի՛մ սրտի մէջ » :
Սիրահարուած զոյգերը ամուսնանում են 1954թ. Երեւանում եւ բախտաւորւում երկու զաւակով՝ Յակոբ եւ Եւա, իսկ յետագային երեք շնորհալի թոռներով՝ Էլիզապէթ, Վահագ եւ Լուսինէ:
Սաթենիկը սկսեց աշխատել « Սովետական Արուեստ» ամսաթերթի խմբագրատանը, վարեց թղթակցութիւն եւ հարցազրոյց ունեցաւ ժամանակի յայտնի արուեստագէտների, գրագէտների, դերասանների եւ աչքառու անձանց հետ: Սաթենիկն ու Քաջազը յաճախ շրջապատուած էին Հայաստանի բարձրագոյն արուեստագէտներով ինչպէս՝ Երուանդ Քոչար, Մարտիրոս Սարեան, Պարոյր Սեւակ, Լեւոն Հախվէրդեան, Սիլվա Կապուտիկեան, Մարօ Մարգարեան, Մինաս Աւետիսեան եւ շատ ուրիշների հետ: Ցաւօք սրտի, այդ օրերի Խորհրդային Միութեան դժուար եւ անասելի պայմանների ճնշման բերումով պարտադրուած 1973թ. լքում են սովետական կարգերը եւ ընտանիքով վերադառնում ծննդավայր, սակայն, դարձեալ Սովետների յարատեւ սպառնալիքներից մտահոգ պարտադրուած թողնում են Բէյրութը եւ 1974թ. եւ մշտական հաստատւում Միացեալ Նահանգներ, Նիւ Եորք:
Սաթենիկի երկրորդ մեծ նպաստը Հայ Գրականութեան այն եղաւ երբ նա սկսեց աշխատել աշխարհի ամենայայտնի գրադարաններից մէկում՝ Արեւելեան եւ Միջին-Արեւելքի ճիւղի բաժանմունքի Նիւ Եորք նահանգի, Նիւ Եորք քաղաքի Հանրային Գրադարանում, ուր 25 տարի վարեց հայկական բաժանմունքը եւ մեծապէս աշխատանք տարաւ ի մի բերելու եւ գրադարանի մէջ տեղադրելու բաւականին հին եւ նոր հայկական տպագիր գրքեր , ամսագրեր, թերթեր եւ այլն: Յանձինս Սաթենիկի ազգասիրութեան ու տքնաջան աշխատանքի այսօր գրադարանը հարուստ է հայկական իր բաժանմունքով: Սաթենիկը արուեստի լաւագոյն գիտակն էր, բանասէր եւ գրաքննադատ, խառնուածքով՝ վերին աստիճանի ազնիւ ու համեստ իր ձեռքբերումներին ու մասնագիտութեան: Միշտ գործունեայ էր իր թղթակցութեամբ եւ թարգմանութեամբ: Լիովին տիրապետում էր հայերէն, ֆրանսերէն, անգլերէն, ռուսերէնին, իսկ խօսակցօրէն՝ արաբերէնին եւ թրքերէնին: Անդամ էր Ամերիկեան Հայ Գրողների Միութեան: Աշխատանք տարաւ ու տպագրեց իր ամուսնու՝ վարպետ Քաջազի գեղարուեստի մասին երկու գիրք:
2004-ին Սաթենիկը կորցրեց իր սիրելի ամուսնուն, եւ որից յետոյ էլ յաճախ էր ճամբորդում դէպի Մայր Հայրենիք, աշխատանք էր տանում օգտակար լինել իրենց սիրելի արուեստի հաստատութեան հիմնարկութեան՝ Երուանդ Քոչարի Թանգարանին եւ այլ կազմակերպութիւններին եւ երբեմն էլ յանձն առնելով ընկերների գրքերի տպագրութեան ծախսերը հոգալու խնդրում:
Մարտ 5-ին, 2016թ. 87 տարեկան հասակում վերջին անգամ Սաթենիկը փակեց իր աչքերը ուղեղի կաթուածի հետեւանքով:
Հոգեհանգստեան պաշտօնը կատարուեց Նիւ Եորքի շրջանի Վայթ Փլէնս-ի Ամերիկայի Հայոց Արեւ. Թեմի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Եղեղեցում՝, ձեռամբ հոգեւոր հովիւ Արժ. Տ. Մեսրոպ Քհնյ. Յովսէփեանի եւ Արժ. Տ. Գարեգին Աւ. Քհնյ. Գասպարեանի՝ որն իր խօսքի մէջ անդրադարձաւ հանգուցեալների ազգային հոգու, հարազատութեան եւ երկար տարիների եկեղեցւոյ գործօն եւ նպաստաւոր անդամակցութեան համար: Տեղւոյն վրայ, նաեւ իր սրտի խօսքը արտայտեց «Սփիւռքի Ձայնը» հեռուստատեսութեան տնօրէն Կարինէ Քոչարեանը, ներկայութեամբ զաւակների, հարսի, թոռների ընտանիքի հարազատների, բազմաթիւ մօտիկների ու ընկերների: Թաղման արարողութիւնը տեղի ունեցաւ մարտ 11-ին Սիտըր Կրօվ գերեզմանատնում, որից յետոյ յուղարկաւորները առաջնորդուեցին Սեւան հայկական ճաշարանը: Հոգեճաշի օրհնութիւնից յետոյ իրենց սրտի խօսքը ասացին թատերագէտ Ճուլիա Ստեփանեանը, արուեստագէտ Պերճ Թուրապեանը, քրոջ տղան՝ Արմէն Պեզճեանը, եւ յուզմունքով լի խոնարհս:
Փոխան ծաղկեպսակի նուիրատւութիւնը՝ կարելի է կատարել Վայթ Փլէնս-ի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ միջոցով յիշեալ հաստատութիւններին՝ Երուանդ Քոչարի Թանգարանին եւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ակադեմիայի Արուեստի Հաստատութեան:
Սաթենիկ Քէչէճեանի Քառասունքի առթիւ հոգեհանգստեան արարողութիւն է տեղի ունենալու Կիրակի, Ապրիլ 17-ին Վայթ Փլէնս-ի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ:
* * * * *
Գիտէի որ սպասում էր . . . .
Ծրագրել էի որ գնամ, բայց ո՞վ ասաց, որ կեանքը ծրագրուած է . . .
Հեռաձայնեցի օրը հաստատելու, բայց աւա՜ղ, Սաթիկը իր կեանքի մայրամուտի վերջալոյսի շողերում էր թեւածում:
Քաջազի եւ Սաթիկի (զանց առնելով պաշտօնականութիւնից բոլոր մտերիմները այդպէս էին կանչում Սաթենիկին իրենց աւելի մօտիկ զգալու համար) հետ ծանօթացել եմ երբ դեռեւս նրանք ապրում էին Րիգօ Փարքում, ոչ հեռու քան մի քանի փողոց իմձանից այն կողմ ուր կային բազմաթիւ մեծ ու փոքր ուտեստեղէնի եւ այլ խանութներ: Ամերիկա հաստատուելուցս, սկզբնական օրերում, դրսում քայլելիս յաճախ հայի դէմք էի փնտռում, երբեմն էլ հայի նմանեցնում ու հարցումներ անում: Կարծում եմ Սաթիկին եւ Քաջազին եւս մեր մօտի խանութներից մէկում եմ ծանօթացել: Շատ չանցաւ ու մի քանի տարի յետոյ նրաք ընտանիքով փոխադրուեցին իրենց նոր բնակարանը՝ Քընիքթիքէթ նահանգի Կրինվիչ քաղաքի մէջ: Ու մեր բարեկամութիւնը շարունակուեց առ աւելի ջերմութեամբ ու մտերմութեամբ:
Ես յաճախ ու սիրով էի այդ մէկ ժամուայ ճանապարհը քշում գնում իրենց տեսութեան, բառի բուն իմաստով վայելում էի Քաջազի եւ Սաթիկի սիրալիր ընդունելութիւնը, այնպէս էր թւում ինձ, որ մեր կեանքի օրերի ոլորտներում ոչ մի անջրպետ գոյութիւն չի ունեցել. Մեք ճանաչել ենք միմեանց առանց ճանաչելու . . .
Վարպետ Քաջազի օրով երբ գնայի, անպայման սուրճը ինքը պիտի պատրաստէր ու շարունակ այնպէս շուրջդ կը դառնար որպէսզի քեզ աւելին հրամցնէր: Բացայայտ եւ զգալի էր նրաց սէրն ու յարգանքը միմեանց հանդէպ, յատկապէս զաւակների Յակոբի, Եւայի, հարսի՝ Ալենուշի, թոռների՝ Էլիզաբէթի, Վահագի եւ Լուսինէի, հիւրերի եւ ընկերների հանդէպ:
Ուրախ եմ որ Քաջազի նուիրած գեղանկարների գործերից մէկը եւս զարդարում է նաեւ իմ տան պատը: Միջազգային համբաւ ունեցող եւ բազմաթիւ գնահատականների ու մետալների արժանացած Վարպետ Քաջազը մահացաւ 2004թ.(տեսնել՝ «Հայրենիք» Սեպտ.17, Հոկտ. 1, եւ 8, 2004թ.)
Յետագային եւս 25 եւ աւելի տարիների ըմթացքում շատ յաճախ էի այցելում սիրելի Սաթիկին մասնաւորապէս երբ յօդուածներ էի ունենում թերթերին յանձնելու իրեն էի տանում վերանայելու եւ որոշ ուղղումներ կատարելու համար, մեծ սիրով ընդառաջում, ուրախանում ու քաջալերում էր ինձ:
Գիշերում էի Քաջազի արհեստանոցում եւ երբեմն էլ հիւրասենեակում պատէ պատ զարդարուած վարպետի գեղանկարներով, ես ոչ թէ՛ ինձ գտնում էի մի սովորական բնակարանում, ա՛յլ, մի հրաշալի թանգարանում: Այ՛ո, ես գիշերում էի այն զգացողական հովանու տակ, ուր շարուած էին հայ մշակոյթի եւ հայ ժողովրդի պատմութեան հոգեւոր գանձերի լուռ վկաները՝, դրսեւորելով հայկական շունչն ու ազգային հոգին: Զգում էի կտաւներին յանձնուած մարդու ստեղծագործութեան մտքի ու հոգու զօրութեան զարկերակը, հայ ժողովրդի դարաւոր պատմութեան արահետները . . . իրապէս այդ պահերի իմ հոգեկան ապրումները անբացատրելի են մնում: Մի խօսքով, ես ապրում էի իմ կեանքի ամենաերջանիկ օրերը: Կորցնելով Սաթիկին, մի անբացատրելի իրողութիւն է պակասում իմ կեանքից, մի՛ դատարկութիւն, որի լուսաւոր շողերն է այժմ՝, եւ յաւերժօրէն բուն գտել իմ հոգու խորքում: Շատ բան եմ կորցրել, բայց եւ ունեմ անփոխարինելի քաղցր օրերի յիշատակներ Սաթիկից: Բախտաւոր եմ զգում ինձ . . . : Սաթիկը քանի-քանի անգամ եղէլ է Նիւ Եորք ինձ մօտ ու գիշերել: Նաեւ միասին եղել ենք մի բնակարանի մէջ Երեւանում: Այս վերջին տարիներին երբ այլեւս դժուարանում էր անձնապէս ներկայ լինել Հայատան, ինձ հետ էր ուղղարկում իր նուէրներն իր ընկերներին ու որոշ կարիքաւորների:
Այս վերջին օրերին սպասում էր ինձ, բայց օդի աննպաստութեան եւ որոշ խնդիրների պատճառով չյաջողուեց ինձ որ գնամ, ու վերջին երկու յօդուածներս այնպէս որ կար ուղարկեցի մամուլի տպագրութեան: Սաթիկը հեռաձայնեց, թէ՛ ինչո՞ւ այլեւս յօդուած չեմ գրում: Զգացի թէ ինչքան ուրխ էր ինձ ուրախացնելով: Մեղաւոր եմ զգում ինձ որ չկարողացայ տեսութեան գնամ: Սիրելի Սաթենիկ, թող հողը թեթեւ գայ վրադ եւ հոգիդ՝ յաւերժ վարդահեղեղ լոյսերի մէջ ապրի:
Սաթիկ ջա՛ն,
Գէ՛թ իմանայի թէ ե՞րբ էր
Անդարձ գնալուդ օրը . . .
Գէ՛թ իմանայի, թէ՛ եր՞բ էր
Վերջին ժամերիդ, վերջին ժամը . .
Որ այցի գայի, . .
Ու դէմքիդ ժպիտով՝
հոգուդ ազնիւ ու բարի շողերով,
Նորէն ու նորէն, սիրտս ջերմանար
Ու կեանքս լցուեր հոգուդ քաղցրութեամբ:
Գէ՛թ իմանայի . . .

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԱՏՐՊԷՅՃԱՆՆ ՍՏԻՊՈՒՄ Է ԱՒԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ 1994-Ի ԿԻՍԱՏ ԹՈՂԱԾԸ
Next post Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Որբերու եւ Երեխաներու Ծրագրի 25-ամեակը

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles