ԿԵԴՐՈՆԱԿԱՆՑԻ ԱՐՄԵՆԱԿ «ԸՆԿԵՐ ԽՆԴԻՐԵԱՆ» Է

0 0
Read Time:2 Minute, 35 Second

 

            Անձրեւոտ չորեքշաբթի: Արմենակ եւ Էլպիս տեսութեան եկան: Նորութիւն էր. էլպիսի պոլսական համադամները փոխարինուած էին: Արմենակ սակառով մը չինական համադամներ բերած էր:

            Երբ տան դռնէն մտաւ, սակառը տուաւ Մակարուհիին եւ ըսաւ.

            – Ժամանակին հետ քայլ պէտք է պահել:

            Արմենակ գաղտնի ընկերութիւններու խորհրդանիշներով կը սիրէ խօսիլ, Հայաստան երթալ-գալով սորված՝ սիմվոլիկ բառը կը կրկնէ: Էլպիսը եւ Մակարուհին չինական տարաշխարհիկ ուտեստները խոհանոց տարին, մենք ալ սպասեցինք:

            Արմենակ գրպանէն էջ մը հանեց եւ դրաւ առջեւս:

            – Մակա՛ր, Հայաստանի ընկերոջս, Սեւանին, գրեցի եւ խնդրեցի որ գտնէ, գնէ եւ ինծի ղրկէ նորահայերէնի բառարան մը, եթէ չգտնէ, գրոց-բրոցի մը դիմէ եւ այս էջի բառերուն հայերէնները ղրկէ ինծի, որպէսզի, երբ թերթ կարդամ, հեռատեսիլ եւ ազգի մեծերը լսեմ, հասկնամ գրուածը եւ ըսուածը:

            Կարդացի էջի բառերը:

            Արմենակ շարունակեց:

            – Կը ճառենք, որ հայերէնը մեր գոյութիւնը պաշտպանեց: Այս բառերը երբ կարդամ, սարսափ կը զգամ: Կարծէք անոնք ենիչերիներու եաթաղանն են հայերու ձեռքին եւ բերնին մէջ, որպէսզի հարա-քիրի ընենք: Սահմաններուն վրայ նստած եւ ազատ ելումուտ ընող թշնամիով կը տագնապինք, չենք տագնապիր բերդը ներսէն յանձնող ներքին թշնամիով: Հայերէն այբուբենի միայն Կ տառով սկսող այսքան մեծ թիւով հայերէնի չառնչոող այս բառերը ազգին հանդէպ թշնամութիւն են, թեթեւսոլիկի դաւաճանութիւն:

            Արմենակ դեռ կրնար շարունակել, եթէ Էլպիս եւ Մակարուհին չինական համադամները չբերէին, եւ հոգերը մոռցնելու համար՝ շիշ մըն ալ գինի: Արմենակ որպէս եզրակացութիւն ըսաւ.

            – Այս ցանկը ղրկէ՛ բարեկամ թերթերուդ, որպէսզի գիտնան, թէ ինչպէ՞ս թշնամին կը սողոսկի մեր մէջ:

            Ինչպէ՞ս կարելի է մերժել Արմենակի սրտցաւութեան փափաքը:

            Եւ Կ տառով սկսող հայատառ բայց ոչ հայերէն բառերու ցանկը կը ղրկեմ թերթերուն: Անոնք պիտի կարենա՞ն ընել այնպէս, որ այդ բառերը հայերէնի սիթիզըն չըլլան:

            Ի պէտս անգիտելոց, ահաւասիկ ցանկը.  

….կաբինետ, կադր, կադրային, կազուս, կալկուլացիա, կամիկաձե, կամպուս, կամուֆլյաժ, կանալիզացիա, կանտուզիա, կաոդիգ, կապիտալ, կապիտալիստներ, կապիտուլիացիա, կապիտուլյատներ, կապիտալացում, կապիտալիզացնել, կապրիզ,, կաստայական, կատակլիզմ, կատաստրոֆա, կատեգորիա, կարանտին, կարիերա, կարիերիստ, կարիկատուրա, կարկաս, կարցիվածություն, կիբերանվտանգություն, կինոլոգ, կիւլմինացիա, կլան, կլանիզմ, կլեպտոկրատիա, կլաս, կլիենտելա, կլիենտելիզմ, կլիկ, կլման ակտ, կլոունադա, կոալիցիա, կոգնիտիվ դիսոնանս, կոդ, կոդեքս, կոզր, կոլապորացիոնիստ, կոլապս, կոլեգա, կոլեգիա, կոլեկտիվ, կոլեկտիվացնել, կոալիցիա, կոլեկցիոներ, կոլլապորացիոնիստներ, կոլորիտային, կոհորտա, կոմա, կոմանդա, կոմբայն գյուղտեխնիկա, կոմերցիա, կոմունիկացիա, կոմպենսացվեն, կոմպլեքսներ, կոմերցիոն, կոմբինացիա, կոմպիտենտ, կոմպլիմենտ, կոմպրոմատ, կոմյունիկեում, կոմպրոմատ, կոմպրոմիս, կոմունիկացիա, կոմունիկացրել է, կոմպաս, կոմպենսացնել, կոմպեսանցիա, կոմպետենտ, կոմպլեմատարիզմ, կոմպինացուած, կոմպլեկտացիա, կոմպլեքս, կոմպոզիտոր, կոմպրոմատ, կոմպրոմիսային, կոմպրոմիսներ, կոմունիկացիոն, կոմֆորտ, կոնկրետ, կոնկուրենցիա, կոնյուկտուրա, կոնյունկտուրային, կոնսենսուս, կոնսենտրացիա, կոնսեփթ, կոնսիլիում, կոնսոլիտացում, կոնսորցիում, կոնսպիրոլգիական, կոնտակներ, կոնտենիգենտ, կոնտեքստ, կոնստրուկտոր, կոնտրաստ, կոնտր-հարձակումներ, կոնցեպցիա, կոնցենտրացիա, կոնսերվացման, կոնսերվատիվ, կոնսիլիում, կոնսպիրոլոգիական, կոնսոլիդացիա, կոնսոլիդացնի, կոնսուլտացիա, կոնսպեկտավորում, կոնսպիրացիա, կոնստրուկտիվ, կոնստրուկցիա, կոնստրուկտիվիզմ, կոնտեքստում, կոնվենցիոնալ, կոնտակտ, կոնտակտավոր, կոնտենտ, կոնտինգեն, կոնտինգենտ, կոնտր, կոնտրաբանդա, կոնվերսիա, կոնցեպտ, կոնցեպտուալ, կոնցեպցիա, կոնցեռն, կոնցերտ, կոնցլագեր, կոնֆետ, կոնֆերանս, կոնֆորմիզմ, կոնֆեդերեցիա, կոնֆիգուրացիա, կոնֆիդենցիալության, կոնֆիտենցիալ, կոնֆլիկտներ, կոնֆրոնտացիա, կոոպերատիվ, կոորդինատներով, կոոպտացիա, կոորտինացնել, կոորդինատոր, կոորդինացիա, կոռեկտ, կոռումպացված, կոռուպիցիոներ, կոռուպցիա, կոռեկտ, կոռեկցիա, կոսմետիկ, կոսմելոգ, կոսմոպոլիտ, կոստյում, կորպորատիվ, կորպորացիա, կորպուս, կորպսկրատուրա, կորտեժ, կուլիսային, կուլմինացիա, կուրատոր, կուրյոզ, կուրորտային երկիր, կուրս, կուրսանտ, կվազի-կրօնական, կվազիա, կրախ, կրեատիվ, կրեդիտային, կրեադիվություն, կրեդո, կրիզիս, կրիմինալ, կրիմինալիզիցիա, կրիտերիա, կրեդիտաւորման, կրիմինոգեն վիճակ, կրիպտոկրատիա, կրիտիկական, կրոտեսկ…

            Հայաստանի Կրթութեան եւ Մշակոյթի նախարարութիւնը, գործակցութեամբ Լեզուի պետական տեսչութեան, լրագրողներու եւ քաղաքական աւագանիի, Նորահայերէնի բառարան մը պէտք է հրատարակեն, որպէսզի հայրենասէր Կեդրոնականցիները հետեւին Հայաստանի մամուլին եւ կեանքին, … եւ հասկնան:

            Մենք մեզ համաշխարհային ազգ հռչակելէ ետք, հիմա պէտք է յայտարարենք, որ ամէն բանի մէջ առաջին ըլլալու յաւակնութեամբ, հայերէնը պիտի դարձնենք արդի ուղղագրութեամբ էսփերանթո, ոչ էսփերանթօ… այս կրեադիվություն է:

 

Մակար ի Գաղիա, 29 Սեպտեմբեր 2021

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Արամ Մանուկեանի Պրոնզաձոյլ Կիսանդրիի Տեղադրում 
Next post ՆԻՒ ԵՈՐՔ․- ԱՐՏԱՇԷՍ ՊԵՏՐՈՍԵԱՆ Կ՚ԱՐԺԱՆԱՆԱՅ ՊԱՏՈՒՈՅ ՄԵՏԱԼԻ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles