«Եթէ Չլինէր Այդ Մահաբեր Ամպը»…

1 0
Read Time:4 Minute, 51 Second

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Դժուար է հաւատալ, որ հեռախօսի միւս կողմից այլեւս երբեք, երբեք չի հնչելու «Երեւանն է խօսում», զուարթ այն ձայնը, որին սովորաբար յաջորդում էր լիաթոք մի ծիծաղ` տոքթ. Հենրի Ասթարճեանի ծիծաղը:

Նոյնիսկ չգիտեմ թէ, ինչպէ՛ս սկսեմ հրաժեշտի իմ տողերը` ուղղուած մի անձի, որի հետ մեր ընկերութիւնը ձգուել է երկար տարիներ, լեցուած` փոխադարձ յարգանքով ու իրար հանդէպ ունեցած խորը ակնածանքով:

Յաղթանդամ, ազնուական, հպարտ կեցուածքով, ծխամորճը միշտ ձեռքին, անթերի հագնուած մարաշցի այս զարմանալի հայը պիտի դառնար գլխուղեղի Ամերիկայի յայտնի գլխուղեղի նեարդաբաններից մէկը, իր ինքնակամ մասնակցութիւնը բերէր` հայ համայնքի կազմաւորմանը, քաղաքական իր համարձակ վերլուծումներով, բազմաթիւ դասախօսութիւններով, նոր սերունդին փորձեր կապել իր արմատներին, իր պահանջատիրութեան անսակարկ գիտակցութիւնը ամրացնէր նրանց մէջ:

1994-ին սկսած հետեւողականօրէն զբաղուէր քրտերի վարած քաղաքականութեամբ, մասնակցէր Քիւրտիստանի խորհրդարանի համաժողովներին, հանդիպումներ ունենար նրանց ղեկավարների հետ` պաշտպանելով հայութեան շահերը, նրանց բացայայտօրէն յայտնելով, որ Քրտերի, իրենց հողը նկատած Թուրքիոյ հարաւ-արեւելեան հողատարածքը հայերի սեփականութիւնն է մնում եւ չի կարող բանակցութիւնների հարց դառնալ, այն չի կարող քիւրտերի հողը դառնալ:

Իր ահաւոր բազմազբաղ վիճակում 200-ից աւել յօդուածաշարք գրէր Պոսթընի «Հայրենիք ամսագրի համար` «Բարձրաձայն ու պարզ», «Loud & Clear» վերնագրով, անգլերէն բաժնի հետաքրքիր ու համարձակ վերլուծումների շարքը կազմելով:

Ապրիլ 24-ին, մայիս 28-ին, Հայ դատին, մեր պահանջատիրութեան, մեր անկախութեան պահպանման նուիրուած աշխուժ ելոյթներ, հարցազրոյցներ տար մամուլով, ռատիոյով, որոնք կարդացուել, լսուել են Ամերիկայի տարբեր քաղաքներում, Քանատայում, հայրենիքում, Պրիւքսելում, Լոնտոնում, իր ծննդավայր Իրաքում:

Մեծագոյնը առջեւում էր, 2007թ. Praeger Security International հրատարակութեամբ անգլերէնով հրատարակուեց իր «Պայքար Քերքուկի համար» (The Straggle for Kirkuk) ինքնակենսագրական, պատմա-քաղաքական փաստերով յագեցուած գիրքը, որը երկու անգամ թարգմանուել է նաեւ արաբերէնով, Պէյրութում եւ Իրաքի Քիւրտիստանում:

Ամերիկայի կողմից Իրաքի դէմ պատերազմի արդարացումների օրերին այնքան էլ հեշտ չէր գրաւոր խօսել քո ապրած երկրի ձեռքերով մէկ այլ երկրի քանդման մասին:

Գրող չլինելով հանդերձ, զարմանալիօրէն նա կարողացաւ մեծ պետութիւնների շահերի կործանարար քաղաքականութիւնը վարպետօրէն հակադրել մի ամբողջ երկրի կրած տառապանքներին: Գիրքը մեծ ծանօթացում էր նաեւ ողջ Իրաքի տարածքում ապրող տարբեր ժողովուրդների` քիւրտերի, արաբների, թուրքմէն ցեղախմբերի մասին, ինչպէս նաեւ` ինքնակենսագրութիւն, քանի որ ծնուել ու հասակ էր առել այդ երկրում:

Մարաշից մազապուրծ փախած, Իրաքի Քերքուք շրջանում հաստատուած ընտանիքում է ծնուել Հենրի Ասթարճեանը, 1934 թուին: Այդ մականունը արդէն հեղինակութիւն էր այդ շրջանում` իր հօրեղբօր, ազգային մեծ գործիչ Գրիգոր Ասթարճեանի ներդրումով, որը Հռոմի պապի կողմից անգամ պարգեւատրուել էր իր մարդասիրական գործունէութեան համար: Այնպէս որ, ի ծնէ ազգային գործունէութիւնը արեան մասնիկ էր նաեւ իր համար:

Քերքուկը նաւթի նախանձելի առատութեամբ, առեւտրի մեծագոյն կենտրոններից մէկը լինելով, նաեւ իր աշխարհագրական դիրքով Իրաքը Պարսկաստանի եւ Թուրքիոյ հետ կապող օղակ է եղել, խառնիճաղանճ բնակչութեամբ կողոպուտի ոտնատակ դարձած իր դժուարին առօրեայով:

Բժշկական կրթութիւնը ստացել է Պաղտատի «Ռոյալ քոլեճ օֆ մետիսին» անգլիական համալսարանում: Զինուորական ծառայութեան է ուղարկուել քիւրտերի շրջան, ուր իր սուր դիտողականութեամբ նրանց ամբողջովին ճանաչելը, նրանց լեզուին տիրապետելը հետագայում օգնել են իրեն նրանց հետ ճակատ-ճակատի միայնակ բանակցելու:

Ցեղասպանութիւնից փրկուած հայութիւնը, ինչպէս ամէնուրեք, փորձել է մեկուսացուած ու լռելեայն յարմարուել երկրի դժուարին առօրեային, քաղաքական յաճախակի փոթորիկներին, այնուամենայնիւ շատերը, այդ թւում նաեւ` երիտասարդ Ասթարճեանը, զոհ են դարձել այդ անհանգիստ բախումներից մէկին: Ձերբակալուել, բանտ է նետուել, մահուան դատապարտուելով` օրեր սարսափով ապրել իր դատավճիռը, որը պատկերաւոր ներկայացրել է իր գրքում: Սակայն ի վերուստ իրեն տրուած ճակատագրով ազատ է արձակուել:

1960 թ. Իրաքի քաղաքական նոր խառնակութիւնները ստիպել են նրան հեռանալ երկրից, հաստատուել Ամերիկայի Պոսթընը քաղաքում:

Դասախօսել է անուանի «Թաֆթ» բժշկական համալսարանում, հրատարակել է մի շարք բժ. աշխատութիւններ, միաժամանակ` իր անձնական բժշկական կենտրոնը բացել եւ մեծ յաջողութեամբ աշխատել: Ամուսնացել, ընտանիք է կազմել, զաւակների տէր դարձել` 2 տղայ` Հրաչ եւ Վաչէ, եւ մէկ աղջիկ` Ճենիֆր, 3 թոռնիկներ, որոնցմով միշտ հպարտացել է, մինչեւ վերջ հոգատար հայր եղել, թոռների համար էլ` մեծ հայր:

Այնուհետեւ տեղափոխուել է Նիւ Համշայր, այնտեղ է շարունակել իր բժշկական եւ հասարակական գործունէութիւնը: Առաջին անգամ MRI-ը ինքն է ներգրաւել տեղի բժշկական հաստատութիւնում:

Ամուսնացել է Արեւի հետ, նոյնպէս` իրաքահայ, բացառիկ բարի եւ նուիրուած անձնաւորութիւն,որը մինչեւ իր վերջին օրերը մեծ գուրգուրանքով ու հոգատարութեամբ շրջապատեց իր սիրելի ամուսնուն:

«Քովիտ»-ից յետոյ շարունակել էշատերի պէս տանից աշխատել մինչեւ 90 տարեկանը, մինչեւ իր կեանքի աւարտը` 4 ապրիլ, 2024 թուական:

Այդ չարաբաստիկ օրը աշխարհից պակասեց մի հիասքանչ, ազգանուէր հայ, մոլի մարաշցի, հաւատարիմ ընկեր:

Ես տոքթորի հետ բացի մեր ծայրագոյն հայ լինելուց` կապուած էիմեր ծնողների ծննդավայրի պատկանելութեամբ: Երկուսս էլ մոլի մարաշցի էինք` առանց տեսնելու, առանց վայելելու մեր ծիներին սկիզբ տուած այդ հողի բուրմունքն ու ուժը, որն այնպիսի ներշնչանքով էր դրոշմուել մեր մէջ, որ մեր խօսակցութիւնն անգամ անպայման սկսւում, աւարտւում կամ համեմւում էր մարաշցիների մասին պատմութիւններով, սրամտութիւններով (չի քէօֆթեների եւ քէշքէկ ղապախլըների) հարց ու փորձով:

Ասթարճեանի հիանալի յիշողութիւնը, հայոց պատմութեան լաւատեղեակութիւնը, աշխարհում գործող քաղաքականութեան սթափ վերլուծումը, մարդկային ուղեղի տարողութեան անգնահատելի տեղեկութիւնները, մեր խօսակցութիւնը ձգում, երկարացնում էր, որը յաճախ աւարտւում էր իր երգով: Գեղեցիկ ձայն ունէր եւ յատկապէս եկեղեցւոյ տօներին պատարագներից մի հատուածով էր սկսում: Միշտ կատակում էի, որ ի զուր կղերական չէր դարձել:

Հիմա յաւիտեան լռեց Մարաշի ձայնը, իր պատարագների երգը, այլեւս մեր երկար հետաքրքիր խօսակցութիւնները դառնալու են միակողմանի, միայն իմ մտքում արթնացող հարուստ յիշողութիւններ:

Երջանիկ եմ, որ ճանաչել եմ իրեն, ընտանեկան բարեկամութիւն հաստատել իր եւ իր հրաշալի կնոջ` Արեւի հետ, որպէս բժիշկ ամէնից առաջ իրեն դիմել, իր ցուցմունքով շարժուել, ոեւէ մէկիս պատահած դարմանումի հարցում:

Իր գրքի բնաբանում, Ասթարճեանը, ըստ իր իմաստութեան, ընտրել էր պետեւիի մի առակ, ուր ասւում էր` «Դա այն ամպն է, որն այս անձրեւը բերեց»:

Այսօր, իր յաւէտ բացակայութեան փաստի առջեւ կանգնած, մեզնից հեռացած իր հոգուն ցաւով յղում եմ նոյն առակի իմ տարբերակը. «Եթէ չլինէր այդ մահաբեր ամպը, որ քեզ տարաւ, երկու մարաշցիներս դեռ կը շարունակէինք մեր հետաքրքիր զրոյցը, մեր երկրի, մարդկութեան, այս հրաշալի աշխարհը դժոխքի վերածող ուժեղների քաղաքականութեան եւ մարդկային ուղեղի անսահման տարողութեան մասին»:

Հանգչիր խաղաղութեամբ, մեր սիրելի տոքթ. Ասթարճեան, դու աւելիով վերադարձրիր քո ազգին եւ մարդկութեանը այն ամէնը, որով բնութիւնը օժտել էր քեզ:

Այսօր ոչ միայն քո կինը, քո ընտանիքն ու հարազատներն են սգում քո ընդմիշտ հեռացումը կեանքից, այլ նաեւ բոլոր նրանք, որոնք առողջացել ու ապրում են քո դարմանումի շնորհիւ, բոլոր նրանք որոնք ոգեւորուել են քո պատգամներով, որոնք պահելու են քեզ իրենց յիշողութիւններում:

Յաւէտ հանգիստ` հայրենիքով, Մարաշով, աշխարհի անցուդարձով տրոփող քո հոգուն, որը հանգչելու է քեզ պաշտած հողից շատ հեռու, մէկ այլ կիսագնդում:

Խորին յարգանքով մեր բոլորի ցաւակցութիւնները` Արեւին, ընտանիքի բոլոր անդամներուն, հարազատներուն, գործընկերներուն:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles