ԱԶԳԱՅԻՆ  ՀԱՍԱՐԱԿԱՑ  ՇԱՀ

0 0
Read Time:6 Minute, 42 Second

Վեհանոյշ Թեքեան

Սեպտեմբեր 7, 2021

Երկրատուր պատուիրակը՝ Մարի Ռոզ Ապուսէֆեան, անյապաղ ու անվարան ներկայացնող ծովամոյն եղող Նաւը որ «Լերան վրայ էր»։ Թայթանիքի նման, որ երբ կը սուզուէր նուագախումբը կը նուագէր։ Նինուէի նման ուր առօրեայ ցնծութիւն էր երբ յանկարծ ահադղիրդ անշարժացաւ, քարացաւ քաղաքը իր «պարիսպներով», ասուններով եւ անասուններով։

Մեր սրբազան երկիրը ցնծութեան մէջ չէ հարկաւ։ Բայց տարօրինակ, անբացայայտ լռութեան մը մէջ թաթախուած է, «առաջ երթալ»ու հեւհեւումով, մինչ այդ փոսը ուր արդէն իսկ կը գտնուի՝ հետզհետէ կը ծաւալի։ Վահան Թէքէեան գրած էր դար մը առաջ «Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ»։ Այժմ ահաւոր բանե՛ր են, որովհետեւ միայն դուրսէն չեն կատարուածները, այլեւ՝ ներսէ՛ն։

Մարի Ռոզ այդ է որ ցոյց կուտայ իր գրութիւններով։ Նորագոյնը իր դիմատետրէն՝ տեղադրած եմ վարը։ Ան լուսարձակը կը բանայ մեր ժողովուրդին եւ հայրենիքին վրայ բանեցուող բազմաձեւ կեղեքումներուն վրայ։ Ճշմարտութիւն բառին մէջ «մարտ» բառը գոյութիւն ունի։ Ցասման ժայթք ու անխոնջ մարտակոչ կայ իր յօդուածներուն մէջ։ «Ու պայքար, պայքար, պայքար երգեցի / Քեզի ընծա՜յ, իմ հայրենիք։» Գրած է Դանիէլ Վարուժան։ Դարը անցաւ. Պայքարը սաստկացաւ, եւ ըստ երեւոյթին պարտուեցաւ, կամ ըստ ոմանց՝ տարբեր բնոյթ առաւ։

Ապուսէֆեանին ուղղուած իր պատասխանին մէջ Պրն. Վարդան Խաչատուրեան կուտայ իրական պատկերը այժմու կացութեան, եւ ապա « …Սա կ՚ըսեմ ոչ թէ ի պաշտպանութիւն գործող մեղադրեալ իշխանութեան, այլ՝ ձեր գրառման միակողմանի մօտեցման, ճշմարտութիւնները պէտք է ներկայացնել ճիշդը, երկու աչքերով տեսնել, երկու ականջներով ունկնդրել անպակասը, անկողմնակալը, հեռու որեւէ կուսակցական ծայրայեղ մոլուցքէ կամ այլեւայլ նախապաշարումներէն, ազգային հասարակած շահը հետապնդող խարիսխը ընդունիլ որպէս միակ մեկնարկ, ինչ որ ձեր այս գրառման մէջ չեմ տեսներ»։

Պարո՛ն Վարդան Խաչատուրեան, ես ոչ թէ երկու, այլ՝ չորս աչքերով կը տեսնեմ, թէ երբ մենք դեռ միայն կը խօսինք կամ կը լռենք՝ Երկիրը մեծ թափով կը հայաթափուի։ Արցախին երեք քառորդը յանձնուած է, դժբախտացուցած ենք մեր պապենական հողը զայն տժգոյն որակելով։ Հայաստանը կը մասնատուի բեկոր առ բեկոր։ Անցքերը անցք կը բանան թշնամիին (մեզի լուսաւոր ապագայ պիտի հասնի եղեր), գիւղերը անուն կը փոխեն (անոնք արդէն թշնամիին կը պատկանին եղեր)։ Մեր «Կայ Ապագայ»-ին մաս կը կազմէ՞ որ Նոյեմբեր Իննեան օր մըն ալ Հայաստանը անուանուի Տաճկահայաստան։

Անշուշտ չեմ անդրադառնար ընձիւղուած ճիւղերուն՝ հոգեպէս խոնջածներու, դասալիքներու, անզգամներու, պատեհապաշտներու մասին։ Ցոյց կու տամ կացինահարուող կոճղը — գիւղաբնակիչներուն վրայ արտօնուած բռնագրաւումները կը տեսնէ՞ք։ Ամէն օր հեղուկ սահմաններու վրայ սպաննուած հայերու, զինուորներու մասին կ՚իմանա՞ք։ Ռազմագերիներու լուռ աղաղակը կը լսէ՞ք – անոնք խարիսխ էին հայրենիքը անխախտ պահելու։ Խորհրդարանի կրկէսը կը դիտէ՞ք։ Արցախի Օրը Հայաստանի իշխանութիւններու կողմէ անտեսուած ըլլալը բան մը կ՚եզրակացնէ՞։ Տակաւին Խորհրդաւոր ստորագրութիւնները, փաստաթուղթերը, նորանոր համաձայնութիւնները ձեզ չե՞ն անհանգստացներ։ Նոյեմբեր 9-ին իր գլուխէն զարնուած համայն հայ ժողովուրդին զայրոյթը, շփոթն ու թերեւս այժմու խղճահարութիւնը կը նկատէ՞ք։ Մեզմէ ոմանք՝ լարուած ուղեղով, չորս աչքերով կը տեսնեն ասոնք տիւ ու գիշեր։ Այս բոլորին մէջ ո՞ւր է, ի՞նչ է ձեր ակնարկած «ազգային հասարակաց շահը»։

Կը խնդրեմ լուսաբանում այս հարցումին, եթէ կարելի է։

^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^^

ԲԱՒԱԿԱՆ Է ՄԵՐ ՈՒՂԵՂՆԵՐՆ ՈՒ ՀՈԳԻՆԵՐԸ ԾԱՄԷՔ, ԴԱՏԱՐԿԷՔ։

Մարի Ռոզ Ապուսէֆեան

6 Սեպտեմբեր, 2021

Արդէն երեք տարի ջանք ու եռանդ չէք խնայում նախկինների կուտակած «միլիառների», նրանց կողմից Արցախի յանձնուած լինելու զրպարտութիւններով ծամել, դատարկել ժողովրդի դատարկ ուղեղները` արդարացնելով ձեր բացայայտ դաւաճանութիւնը, ձեր կողմից թշնամուն վաճառած երկրի տարածքների ներկայիս եւ գալիք գործարքներից շեղել ժողովրդի ուշադրութիւնը:

Երեք տարի ձեր հետաքննութիւններով, ողջ դատաիրաւական, օրէնսդիր կազմը բացայայտօրէն ձեզ ծառայեցնելով, ձեր ապօրինի մեղադրանքներ սարքելու հրամանների ձայնագրութիւնների հրապարակումով հանդերձ, դուք դեռ անպատկառօրէն շարունակում էք հներին մեղադրել, շարունակում եք արդարանալ, ինքներդ ձեզ քաւութեան նոխազ ձեւացնել, երբ օրէ օր նոր գործարքներ էք կնքում թշնամու հետ մեր երկրի ոչնչացման հաշուին:

Դուք` ԵՐԿՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ կոչումը վայելողներդ, ինչպէ՞ս չէք վիրաւորւում, ամաչում, ուղեղով, հոգով, մարմնով, ողջ էութեամբ հիւանդ այս ստահակին ենթարկուելու (վկան նրա գիրք յորջորջուող թափոնը, ուր բացայայտում է ինքն իրեն), այն էլ կուրօրէն, այսքան բացայայտումներից յետոյ դեռ շարունակում էք ձայնակցել իր նախկինների մեղադրման երգին ու մեր ականջները անվերջ սղոցել, երբ այս ընթացքում նա ձեր թիկունքում, ձեզ իր երգը երգացնելով` հանգիստ երկիրն է մասնատում:

Չէ՞ որ սա ձեր երկիրն է, ոչ` իրենը: Ինքը ընդամէնը վարձկան է եւ որքան էլ պաշտպանուի, միեւնոյն է, իր սեւ գործը աւարտելուց յետոյ հեռանալու է երկրից, իսկ դուք մնալու էք առանց երկրի:

Սակայն, երկրի անուղեղ զանգուածի անտարբերութիւնից եւ դեռ այդ ողորմելուն կուրօրէն հպատակուելուց, նրան ձայնակցելուց առաւել, ինձ ապշեցնում են մեր զինուորական բարձր կոչումներ ունեցողները: Նախկինները, որովհետեւ «նորեր»-ը իր շինծու մանկլաւիկներն են:

Այն նախկինները, որոնք ազնուօրէն վաստակել են հայրենի հողի ազատագրմանը ներդրած իրենց կոչումները, որոնք այդ կոչումները շահել են նախկին ծանր մարտերում, նրանցից ոմանք կորցնելով մինչեւ իսկ իրենց մարմնի անդամները:

Ու՞ր են նրանք, մի՞թէ նրանց մէջ չկայ մէկը, որը երկիրը իր անձից վեր դասի: Չէ՞ որ իրենց պաշտօնով եւ կոչումով երդուել են ծառայել երկրին, ոչ թէ անձին, թէկուզ այդ անձը երկրի նշանակուած ղեկավար է:

Մի՞թէ չկայ մէկը, որը վկայակոչելով իր երդումն ու դիրքը` կազմակերպի ժողովրդին, ոտքի հանի երկիրը` ընդդէմ ներքին թշնամիների:

Այսօր կարծես երկրում ոչ մի նախկին, հայրենիքին իրապէս նուիրուած զինուորական պաշտօնեայ չի մնացել, բոլորը կարծես չքացել են երկրից:

Այդ դատարկ երկրում, եթէ մեր յոյսը ինչ-որ ժամանակ ընդդիմութիւնն էր, այսօր, ինչպէս տեսնում ենք, նրանք էլ կուլ են գնում այս իշխանութեան լարած թակարդին: Թէեւ մի քանի անգամ գրել եմ, սակայն կրկնելու եմ, որ ամաչում եմ իրենց փոխարէն, որ դեռ կարողանում են երկրի այս օրհասական պահին նստել դաւաճանների հետ, լսել նրանց ատելութեամբ լի, թունոտ մեղադրանքները իրենց հանդէպ եւ մի քանի հակադարձ պատասխանից յետոյ` գնալ իրենց տները եւ յայտարարութիւններ հռչակել:

ՀԱՐԿ ԿԱ՞Յ ԱՐԴԵՕՔ ՅԻՇԵՑՆԵԼՈՒ, ՈՐ ԱՅԴ ԱՄԷՆԸ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔ Է: ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԷՋ Է, ԵՐԲ ՆՐԱ ԼԻՆԵԼ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑՆ Է` Ի՞ՆՉ ԸՆԴԴԻՄՈՒԹԻՒՆ:

ԵՐԲ ԵՐԿԻՐԴ ՎՏԱՆԳՈՒԱԾ Է, ԵՒ ԴՈՒ ԹՇՆԱՄԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՍ, ՈՐԸ ԻՐ ՈՒԺԵՐԸ ԿԵԴՐՈՆԱՑՐԵԼ Է` ՔԵԶ ՃԶՄԵԼՈՎ, ՔԵԶ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼ, ԵՐԿԻՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼ, ԴՈՒ ԱՅԼԵՒՍ ԴԱԴԱՐՈՒՄ ԵՍ ԸՆԴԴԻՄՈՒԹԻՒՆ ԼԻՆԵԼՈՒՑ, ԴՈՒ ԴԱՌՆՈՒՄ ԵՍ ՆՐԱՆՑԻՑ ՄԷԿԸ, ՆՐԱՆՑ ՀԱՅԱԿՈՐԾԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ ԿԻՍՈՂՆԵՐԻՑ ՄԷԿԸ:

Ինչպէ՞ս էք հանդուրժում, հանգիստ նստում ձեր տեղերում, երբ երկիրը դարձել է բռնապետութիւնից վեր մի անօրէն գոյակցութիւն, որը մէկ հիւանդ ուղեղի թելադրանքով է ղեկավարւում:

Երբ փրոֆ. Չարչեանի պէս բժիշկներ նոյնիսկ վատառողջ վիճակում կալանքի տակ են պահւում միայն այն պատճառով, որ այդ անբուժելի հիւանդ ղեկավարի կամքը կատարուի, մի՞թէ կարելի է այդպիսի իշխանութեանը գերի դառնալ: Վաղը դուք ի՞նչ էք պատասխանելու ձեր զաւակներին: Չէ՞ որ նրանք խորշելու են ձեզնից, ինչպէս խորշեցին Ստալինին ծառայողների զաւակներից շատերը:

Այն կամակատար դատաւորները, որոնք դատում են Չարչեանին, կարո՞ղ են թէկուզ մօտաւոր պատկերացնել 6 – 7-ժամեայ, կամ աւել վիրահատութիւններին ներդրած այս բժշկի ապրումները, ոտքի վրայ առանց դադարի հիւանդին մահից փրկելու նրա ջանքերը, նրա հոգեկան ու ֆիզիքական ջլատումը:

Ես չգիտեմ` քանի՜ կեանքեր է փրկել այս փրոֆեսէօրը. եթէ նոյնիսկ մԷկ կեանք էլ փրկած լինէր, անարգանք է նրա համար այդ ողորմելի, մի հիւանդ ուղեղի ենթարկուող վաշխառուների առաջ կանգնելը: Նրանք սողեսող, գլխահակ ներողութիւն խնդրելու փոխարէն` դեռ շարունակում են կալանքի տակ պահել նրան` որպէս մի ծանր յանցագործի:

Այնինչ, իրական ծանր յանցագործը, այն էլ` երկիր վաճառած, պաշտպանւում է իրենց կողմից, երբ իր վոհմակի յանցագործները ազատ յոխորտում են երկրում:

Եթէ Չարչեանին դատում են իբրեւ ՀՅԴ-ի մօտի՞կ, մի՞թէ յանցագործութիւն է այդ կուսակցութեանը հարելը: Երկրի օրէնքում գոյութիւն ունի՞ այդպիսի կէտ:

Չէ՞ որ երկրի օրէնքով հաստատուած կուսակցութիւն է, ինչպէս` ամէնուրեք: Եթէ այս իշխանութիւնը փորձում է այդ կուսակցութիւնը վերացնել այս ձեւով, կամ իր ատելութեան քարոզներով ժողովրդին տրամադրել նրա դէմ, նախօրօք իմանալու է, որ զուր են այն ջանքերը, որով լծուել է այդ գործին հայրենիքում եւ հայրենիքից դուրս արտերկրում:

Այդ ե՞րբ է ՀՅԴ-ն վախեցել երկիրը վաճառող դաւաճաններց, ե՞րբ է զլացել թերանալ իր պարտականութիւնների մէջ:

Իսկ եթէ դատում են շինծու, յօրինուած մեղադրանքներով, որով շարունակւում են դեռ ձերբակալուած պահել նաեւ Սիւնիքի ղեկավարներին եւ մի շարք այլ անձանց, նշանակում է երկրի մտածող, երկրի ամբողջական գոյութեան համար մտահոգ զանգուածը պէտք է նոր ուժով ոտքի կանգնի եւ վերջապէս ՈՉ ասի այս դաւաճան իշխանութեանը: Չէ՞ որ վաղը հերթը իրենց է հասնելու:

Մենք չգիտենք, թէ ինչո՛ւ են բոլորը լուռ, բոլորը ինչ-որ բանի են սպասում:

Եթէ ոեւէ մէկը գիտի, թէ ազգովին ինչի՛ն են սպասում, գոնէ հաղորդակից դարձնի մեզ, որ մենք չկոտորենք ինքներս մեզ, առանց թունաւորելու մեր կեանքը` մենք էլ իրենց հետ սպասենք: Չէ՞ որ ի վերջոյ դա մեր հայրենիքն է, մեզ համար` առանց նախկինի ու ներկայի:

Իսկ եթէ իրենք էլ չգիտեն ու սպասում են դէպքերի ինքնաբեր զարգացմանը, չարաչար սխալւում են, սա այդ դէպքը չէ: Սա որոշակի պատուէրի կատարում է` հզօր երկրների կողմից կազմակերպուած, եւ պէտք է այդ պատուէրը որքան շուտ, այդքան արագ խորտակել, քանի որ նրանց պատուէրները միշտ կործանարար են եւ այն էլ` վերջնական:

Անխորտակելի ոչինչ գոյութիւն ունի աշխարհում, վկան` հզօրների աստիճանական փլուզման օրինակները:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Վերամուտեան Մտահոգութիւններէն՝ Մանկականը
Next post ՆՇՄԱՐՆԵՐ (ԱՌԱՆՑ ԿԱՏԱԿԻ).- ՈՒՐԱԽԱՑԷ՜Ք, «ԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ»-Ը ԿԸ ԲԱԶՄԱՆԱ՜Ն…

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles