Համազգային Հայ Կրթական Եւ Մշակութային Միութեան Ծրագրերը Արցախում Շարունակւում Են

Աննա Բալեան

yerkir.am

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը Արցախում ներդրումներ է անում եւ ծրագրեր է իրականացնում հայկական երկրորդ հանրապետութեան հիմնադրման օրուանից: Դաշնակցութեան ծրագրերը կեանքի են կոչւում ոչ միայն անմիջականօրէն կուսակցութեան կամ անհատ դաշնակցականների, այլեւ քոյր կառոյցների միջոցով: Yerkir.am-ի շարքը, որում ներկայացնում ենք Արցախը ոտքի կանգնեցնելու` Հ.Յ.Դ. ծրագրերը, այս անգամ անդրադառնում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ծրագրերին Արցախում:
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը բաւականին երիտասարդ է` երեք տարի է, որ գործում է Արցախում, մինչեւ այդ հարցերը կարգաւորւում էին Երեւանի գրասենեակի միջոցով:
Համազգայինի Արցախի գրասենեակը ծրագրեր է իրականացրել Արցախի համարեայ բոլոր շրջաններում:
՛՛Արդէն 3 տարի է, որ ունենք գրասենեակ, բայց հասցրել ենք մի շարք ծրագրեր իրականացնել: Մեր գործունէութեան կիզակէտում գլխաւորապէս եղել են Արցախի սահմանամերձ գիւղական համայնքները, որոնք կտրուած են մայրաքաղաքի մշակութային կեանքից` հեռաւորութեան, ճանապարհների, այլեւայլ պատճառներով, եւ մեր նպատակը եղել է Համազգայինի ներուժը օգտագործել Արցախի սահմանամերձ համայնքներում մշակութային ու կրթական կեանքի աշխուժացման համարէ,-ասաց Համազգային հայ կրթամշակութային միութեան Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը:
Կրթական ծրագրերը եղել են հանդիպումների տեսքով` աշակերտների ու երիտասարդների  հետ հանդիպումներ, քննարկումներ, ինտելեկտուալ, զարգացնող խաղեր, ստեղծագործող երիտասարդների հետ հանդիպումներ, խրախուսական միջոցառումներ: Նաեւ կազմակերպել են մի շարք ստեղծագործական մրցոյթներ, որոնց ընդգրկել են շրջաններում ապրող երիտասարդներին` նպատակ ունենալով ճանաչել, բացայայտել, ներկայացնել նրանց, ամրապնդել կապը համայնքների երիտասարդների եւ Համազգայինի միջեւ:
Արցախի մի քանի երիտասարդ արուեստագէտներ, ովքեր շրջաններում են ապրում, անցած տարի հնարաւորութիւն են ունեցել մասնակցելու  «Ես եմ՛՛ ծրագրին, որը կազմակերպւում է Համազգայինի Երեւանի գրասենեակի կողմից` Հայաստանի երիտասարդ արուեստագէտների հետ մէկտեղ:
՛՛Այդ ծրագրին Արցախից եւս մասնակցել են եւ բաւականին հաւանութեան են արժանացել նրանց աշխատանքները՛՛,-ասաց Հերմինէ Աւագեանը:
Իրականացրել են մի շարք հանդիպումներ Արցախի երիտասարդութեան հետ` փորձելով պարզել մշակութային, կրթական առկայ խնդիրները եւ փորձել օգտագործել Համազգայինի ներուժը` նպաստելու այդ խնդիրների ինչ-որ ձեւով լուծմանը:
Արցախի գիւղական տարբեր վայրերում կազմակերպել են թատերական ներկայացումներ, համերգներ, արուեստագէտների այցելութիւններ, ովքեր այնտեղ տարբեր խմբակներ են անցկացրել:
՛՛Ստեփանակերտում կազմակերպել ենք ցուցահանդէսներ, շնորհահանդէսներ, երիտասարդ գրողների հետ հանդիպումներ, շրջանաձեւ ընթերցանութիւններ եւ նման այլ ծրագրեր: Արցախի գրասենեակը նաեւ գրքեր է հրատարակել այս տարիների ընթացքում, գլխաւորապէս, գրականագիտական գրքեր եւ փորձել ենք Համազգայինի միջոցով հեղինակներին ներկայացնել թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում՛՛,-ասաց Հերմինէ Աւագեանը:

Արցախի գրասենեակը կազմակերպել է ՛՛Համազգային՛՛ խորագրով գրական-մշակութային տարեգրքի հրատարակումը, որտեղ ընդգրկուած են Արցախի գրական եւ մշակութային կեանքին առնչուող մի շարք յօդուածներ: Նպատակ ունեն շարունակական դարձնել այդ հանդէսի հրատարակումը, որի շնորհահանդէսը կայացել էր Պէյրութում եւ լայն արձագանգ է ստացել: Տարեգրքի արցախեան շնորհահանդէսը կայացել էր անցած տարի` Արցախի Տիգրանակերտում:

Արցախեան երրորդ պատերազմը, ինչպէս բոլորի, այնպէս էլ Արցախի գրասենեակի ամբողջ օրակարգը տակնուվրայ արեց, ասում է Հերմինէ Աւագեանը, բայց իրենց թիրախը շարունակեց մնալ, իհարկէ, կրթութիւնը եւ մշակոյթը:
Պատերազմի օրերին` Նոյեմբերի 1-ից, Համազգային հայ կրթամշակութային միութեան Արցախի գրասենեակի առաջակով կեանքի է կոչուել ՛՛Համազգայինը Արցախի մանուկների կողքին՛՛ ծրագիրը, որն իրականացւում է Համազգայինի մեծ ընտանիքի հանգանակութիւնների, հովանաւորութեան միջոցով:
Ծրագրի էութիւնն այն է, որ պատերազմի օրերին` հէնց Նոյեմբերի 1-ից, այն երեխաները, ովքեր պատերազմի հետեւանքով տարհանուել եւ ապաստանել են Հայաստանի Հանրապետութեան տարբեր մարզերում, ինչ-որ չափով աջակցութիւն ստանան մշակոյթի ճանապարհով:
՛՛Եւ կեանքի կոչեցինք արուեստի խմբակներ`  նկարչութեան, կաւագործութեան, թատերական խմբակներ, ինչպէս նաեւ շաբաթը մէկ անգամ հանդիպումներ հոգեբանի հետ: Նաեւ մի քանի անգամ Երեւանի գրասենեակի հետ մէկտեղ կազմակերպել ենք մանուկների այցելութիւններ թանգարաններ, թատրոններ: Մինչեւ այսօր այս ծրագիրը շարունակւում է՛՛,-ասաց Հերմինէ Աւագեանը:
Խմբակներ են բացուել Երեւանի գեղագիտութեան ազգային կենտրոնում, յետոյ արդէն Դիլիջանում եւ Աբովեան քաղաքում:
՛՛Մենք նպատակ ունէինք Յունուարից, քանի որ երեխաներէ սկսեցին վերադառնալ Արցախ, ծրագիրը Երեւանում ընդհատել եւ շարունակութիւնը տեղափոխել Արցախ: Բայց, ինչպէս տեսանք, շատ երեխաներ, ովքեր Հադրութից են, Շուշիից են, եւ Ատրպէյճանի կողմից բռնազաւթած միւս տարածքներից են, չկարողացան վերադառնալ` տարբեր խնդիրներից ելնելով: Դրա համար Դիլիջանում, Աբովեանում ու Երեւանում հիմա շարունակւում են մեր արուեստի խմբակները, բայց մենք մեր գործունէութեան սլաքը կենտրոնացրել ենք Արցախի վրայ: Յունուարից արդէն Ստեփանակերտում գործում է արուեստի խմբակ, ինչպէս նաեւ դասապատրաստման խմբակներ, որտեղ երեխաներին դասերից յետոյ ուսուցիչները օգնում են պատրաստուել դասերին՛՛,-ասաց Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէնը:
Երեւանի Զանգակ գրատան ցուցասրահում Արցախի գրասենեակը կազմակերպել է ՛՛Ես եմ Արցախը՛՛ խորագիրը կրող ցուցահանդէս, որին ներկայ է եղել նաեւ Համազգայինի կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտչեանը:
«Համազգայինի Արցախի գրասենեակը նաեւ փորձում է բանուկ պահել Արցախ-սփիւռք մշակութային կամուրջը եւ պատահական չէ, որ այդ ուղղութեամբ համատեղ մի շարք ծրագրեր ենք իրագործել․օրինակ, Նիւ Ճըրզիի ՛՛Նայիրի՛՛ պարախմբի համերգները Արցախում, որին մասնակից ենք դարձրել նաեւ Արցախի համոյթներին: Ինչպէս նաեւ Աւստրալիայի Համազգայինի հետ մէկտեղ բերդաքաղաք Շուշիում կազմակերպել ենք Աւստրալիայի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդէս:
Նիւ Եորքի Համազգայինի վաստակաւոր անդամ, գրող, թատերագէտ, դոկտոր Հրանդ Մարգարեանի ՛՛Խրիմեան հայրիկէ մենաթատրոնն ենք ցուցադրել Արցախի հանդիսատեսի համար, ինչպէս նաեւ Արցախի գրողների միութեան հետ մէկտեղ կազմակերպել ենք Հրանտ Մարգարեանի 80-ամեակին նուիրուած ցերեկոյթ` գրողի մասնակցութեամբ՛՛,- նշեց Հերմինէ Աւագեանը եւ յաւելեց, որ նման միջոցառումների ցանկը մեծ է:
Գրասենեակը  համագործակցել է Ստեփանակերտի պետական թատրոնի եւ Շուշիի տիկնիկային թատրոնի հետ: Անցած տարի Համազգայինի եւ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի համագործացութեամբ ծնունդ է առել Արցախեան առաջին պատերազմին նուիրուած «լուսաբացից առաջէ ներկայացումը, որը լայն արձագանգ է ստացել Արցախում, ինչպէս նաեւ ներկայացուել  է  Հայաստանում կազմակերպուող ամենամեայ ՛՛Արտավազդ՛՛ թատերական փառատօնին: Ներկայացման հեղինակը Հերմինէ Աւագեանն է, իսկ ռեժիսորը` արցախցի երիտասարդ բեմադրիչ Ռուզան Խաչատրեանը:
Համազգայինի Արցախի գրասենեակը փորձել է նաեւ Արցախի մշակոյթը ներկայացանել Սփիւռքում, եւ այդ նպատակով է, որ Պէյրութում ու Այնճարում, Համազգայինի ՛՛Լիւսի Թութիւնճեան՛՛ պատկերասրահի հետ համագործակցաբար, կազմակերպել են Արցախի 14  նկարիչների աւելի քան յիսուն աշխատանքների ցուցահանդէս-վաճառք: Նոյն ծրագրի շրջանակում Պէյրութում կազմակերպուել են նաեւ Արցախի կանանց ձեռքի աշխատանքերի ցուցահանդէս-վաճառք։
՛՛Նմանատիպ միջոցառումները պէտք է շարունակական լինէին, սակայն թագավարակի պատճառով յետաձգուեցին՛՛,- ասաց Հերմինէ Աւագեանը: Նա նշեց, որ այսօր, առաւել քան երբեւէ, Արցախի մշակոյթը ներկայացնելու պահանջ ունենք, յատկապէս երբ մեր թշնամիները փորձում են տիրանալ ոչ միայն մեր տարածքներին, այլեւ մեր հնամեայ մշակոյթին:
Արցախի Համազգային կրթամշակութային միութիւնը Պէյրութի ՛՛Վահէ Սէթեան՛՛ հրատարակչատան հետ եւս համագործակցում է , եւ արդէն երկրորդ տարին է, ինչ Արցախի մի քանի լուսանկարիչների աշխատանքներ ընդգրկւում են հրատարակչատան կողմից տպագրուող պատի օրացոյցների վրայ:
՛՛Այս տարի համագործակութիւն ունենք նաեւ Պէյրութում հրատարակուող Համազգայինի ՛՛Բագին՛՛ գրական հանդէսի հետ եւ հանդէսի յաջորդ համարը նուիրուած է լինելու Արցախին, ներկայացուելու  են Արցախի մի շարք գրողների ստեղծագործութիւններ՛՛,- նշեց Արցախի գրասենեակի տնօրէնը:
Հերմինէ Աւագեանն ասաց, որ այսօր, երբ գտնւում ենք պատմական վճռորոշ ժամանակներում, երբ պատերազմից յետոյ շատ հարցեր ունենք չլուծուած, երբ մարտահրաւէրները աւելացել են, առաւել քան երբեւէ պէտք է ջանք ու եռանդ չխնայենք Արցախում մշակոյթի ջահը վառ պահելու համար: Համազգային կրթամշակութային միութիւնը, նրա խօսքով, քաջ գիտակցում է սա եւ լինելու է մշակոյթի պահպանման անխոնջ նուիրեալներից:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*