Դաշնակցութեան Պատասխանատուութեան Պահը

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ
Հայ քաղաքական մտքի կազմակերպական ձեւաւորման շրջանում, 19րդ դարի վերջին, հայ ժողովրդի տուեալ ժամանակի լաւագոյն զաւակները հիմնադրեցին հայկական կուսակցութիւնները: Իրենց կեանքը հայ ազատագրական պայքարին, իսկ այնուհետեւ պետականութեան կերտմանը նուիրած մարդիկ ստացել էին լաւագոյն կրթութիւն, առաջադէմ էին, ունէին լայն աշխարհայեացք, յաւակնութիւններ եւ մեծ երազանք:
Դաստիարակութիւնը, կրթութիւնը, գիտելիքը, կազմակերպական ունակութիւնները, աշխարհում սեփական տեղը հիմնաւորապէս զբաղեցնելու վճռականութիւնն ու ազգային հոգեկերտուածքն ապահովեցին ոչ միայն Առաջին հանրապետութեան ծնունդը, այլ նաեւ անկախութեան երկու տարիների աննախադէպ ծրագրերի մեկնարկը:
Այսօրուայ հայեացքով աներեւակայելի է այն ամէնը, ինչ նախաձեռնել էին համաճարակի, հազարաւոր փախստականների, սովի ու պատերազմի պայմաններում անկախ պետականութեան փորձ չունեցող նուիրեալները 1918-1920 թուականներին` կրթութիւնից ու քաղաքաշինութիւնից մինչեւ բանակաշինութիւն եւ արտաքին քաղաքականութիւն: Սա իսկապէս ոգեշնչման եւ հիացմունքի աղբիւր է ժամանակակից սերնդի համար: Չէ՞ որ վերջին 30 տարուայ այս տեղապտոյտը մշտապէս հիմնաւորւում է պատերազմով, դրա հետեւանքներով, Խորհրդային Միութեան փլուզումով, շրջափակումով, երիտասարդ պետութիւն լինելու հանգամանքով, միջազգային դաւադրութիւններով, ընդդիմութեան խոչընդոտելով, բնական պաշարների սակաւութեամբ, աղքատ պետութիւն լինելով եւ այլն: Մեղաւոր են բոլորն ու ամէն ինչ` բացի իշխանութիւններից եւ իրական պատասխանատուներից:
Անկախութեան կորստով պայմանաւորուած նոր իրականութիւնը փոխեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան առջեւ դրուած խնդիրները: Երկիրը Խորհրդային Միութեան մաս էր, սակայն հայ քաղաքական միտքը նոյնիսկ այդ պայմաններում չէր կարող հրաժարուել իր ազգային ծրագրերից եւ ի նպաստ հայութեան գործելու առաքելութիւնից: Կուսակցութիւնը յստակ տարանջատում էր ազգային եւ օրուայ իշխանութիւնների շահերը: Իշխանութիւններն անցողիկ են, իսկ Հայաստանի ու հայ ազգի շահերը` վեր ամէն ինչից: Գտնուելով աշխարհաքաղաքացիական կոմունիստական գաղափարախօսութեանը հակադիր ճամբարում` ազգային եւ ընկերվարական Դաշնակցութիւնը տասնամեակներ շարունակ հսկայական աշխատանք տարաւ հայապահպանութեան, օտար պետութիւններում հայ ժողովրդի եւ եկեղեցու իրաւունքների պաշտպանութեան, Հայ Դատի եւ պահանջատիրութեան հարցերում:
1990-ի կազմակերպական կառոյցի բացայայտումից եւ Հայաստանում ակտիւ (աշխոյժ) գործունէութիւն ծաւալելուց յետոյ, նոյնիսկ Հ․Հ․Շ․-ական իշխանութեան տարիներին ենթարկուելով բազմաթիւ հալածանքների (1992-ին՝ Հ․Յ․Դ․ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի արտաքսումը հայրենիքից, Ընդհանուր ժողովի անցկացմանը խոչընդոտելը, 1994-1995 թթ.` կուսակցականների ձերբակալութիւնները, կուսակցութեան գործունէութեան կասեցումը, գրասենեակների ջախջախումը, գոյքի բռնագրաւումը, լրատուամիջոցների արգելքը եւ այլն), Դաշնակցութիւնը ակտիւօրէն ու վճռականօրէն մասնակցեց Արցախեան ազատամարտին, տարբեր եղանակներով շարունակեց աջակցութիւնը Հայաստանին` ռազմականից մինչեւ հումանիտար (մարդասիրական) օգնութիւն, ինչպէս նաեւ լոբբիստական աշխատանք արտաքին աշխարհում:
Երկրորդ նախագահի օրօք Հ․Յ․Դաշնակցութեան իշխանութեան հետ համագործակցութեան շրջանակում մաս կազմեց կառավարութեանը: Քանի որ արտաքին քաղաքականութիւնն աւելի մօտ էր ազգային ուղեգծի վերաբերեալ Դաշնակցութեան մօտեցումներին, խորացուեցին կապերը Սփիւռքի հետ, բարելաւուեց բնակչութեան սոցիալական վիճակը եւ այլն, սակայն մշտապէս առկայ էին տարաձայնութիւններ կադրային (աշխատակազմի) քաղաքականութեան, մասնաւորեցումների, հակակոռուպցիոն (զեղծարարութեան) պայքարի, քաղաքական եւ ընտրական գործընթացների հարցերում եւ այլն: Յստակ գիտակցելով բազմաթիւ ոլորտներում փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը` Դաշնակցութիւնը մասնակցութիւնը իշխանութեանը դիտարկում էր որպէս ճանապարհ, որը թոյլ կը տար քայլ առ քայլ իշխանութիւններին մղելու սահմանադրական, ընտրական, քաղաքական, սոցիալական (ընկերային), ժողովրդավարական եւ այլ բարեփոխումների:

2008-ին Դաշնակցութիւնը չաջակցեց ապագայ երրորդ նախագահի թեկնածութեանը եւ ընտրութիւններին առաջադրեց սեփական թեկնածուին, իսկ 2009 թ. «ֆուտբոլային» դիւանագիտութեան պատճառով դարձաւ արմատական ընդդիմութիւն` ակտիւօրէն պայքարելով հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ: Այդ ժամանակաշրջանը լի էր իշխանութեան հետ տարբեր հարցերի շուրջ հակասութիւններով, այդ թւում` սոցիալ-տնտեսական ոլորտում (կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում, հարկաբիւջետային քաղաքականութիւն եւ այլն), սակայն վերջին տարիներին հայ-թուրքական արձանագրութիւնների չեղարկման շուրջ երկխօսութիւնը եւ խորհրդարանական կառավարման անցման սահմանադրական փոփոխութիւնները բարենպաստ միջավայր ստեղծեցին համագործակցութեան համար:
Դաշնակցութիւնը նաեւ աջակցեց 2018 թուականի ժողովրդական շարժմանը, մաս կազմեց անցումային կառավարութեանը եւ պատրաստակամութիւն յայտնեց իր բոլոր կարողութիւններով նպաստելու հին արատների վերացմանն ու նոր` աւելի արդար երկրի կառուցման գործին: Այստեղ նոյնպէս ունենալով լուրջ տարաձայնութիւններ իշխող քաղաքական խմբաւորման առաջնորդի հետ` Դաշնակցութիւնն առաջնային համարեց ժողովրդի եւ պետութեան շահը` տարանջատելով այն իշխանութեան շահից: Պատահական չէ, որ Հ․Յ․Դ․ ղեկավարները, բազմաթիւ հարցերում ունենալով քննադատական վերաբերմունք գործող իշխանութեան հանդէպ, միաժամանակ մի քանի անգամ նշել են, որ յանուն ազգային խնդիրների լուծման եւ պետութեան շահի պատրաստ են աջակցելու Հայաստանի իշխանութեանը:
Սոյն յօդուածը նպատակ չունի վերլուծելու Դաշնակցութեան համագործակցութիւնը տարբեր տարիների իշխանութիւնների հետ կամ անդրադառնալու նրանց հետ ունեցած այս կամ այն սկզբունքային տարաձայնութեանը: Խնդիրն այլ է: Հ․Յ․Դաշնակցութիւնը անկախ քաղաքական դաշտում սեփական դիրքաւորումից, մշտապէս յայտարարել է, որ իր համար տարբեր են իշխանութիւնն ու պետութիւնը, եւ պատրաստ է աջակցելու պետութեանը` անկախ օրուայ իշխանութիւններից: Սակայն այս մօտեցումը թելադրում է անդրադառնալ մի շարք խնդիրների:
Ակնյայտ է, որ նման կեցուածքը յանգեցնում է դժուարութիւնների հասարակութեան հետ յարաբերութիւններում: Հայաստանի ընտրողները ցանկանում են տեսնել պարզ ու յստակ քաղաքական դիրքորոշում, եւ յաճախ նրանց հասկանալի չէ, թէ ինչպէս կարող է կուսակցութիւնը լինել իշխանութեան մաս, սակայն ունենալ ընդդիմադիր կեցուածք բազմաթիւ հարցերում կամ լինել ընդդիմադիր, սակայն մի շարք հարցերում աջակցել կառավարութեանը` սկսած արտերկրում զօրավիգ լինելուց մինչեւ հակահամավարակային հակաճգնաժամային ծրագրի ներկայացումը (որն իշխանութիւնն այնուամենայնիւ անտեսեց, իսկ սեփական քաղաքականութիւնը ձախողեց):
Այս ամէնն իսկապէս յանգեցնում է վատ հասկացուածութեան Հայաստանի քաղաքացիների մօտ: Այլ էր վիճակը, երբ Հայաստանն անկախ պետութիւն չէր, եւ բազմաթիւ խնդիրներ Սփիւռքում ընկալւում էին որպէս ազգի առջեւ ծառացած պատմական մարտահրաւէրներ: Բոլորովին այլ է խնդիրն անկախ երկրի քաղաքական համակարգի դէպքում, երբ կուսակցութիւնը քաղաքական կեանքի եւ ընտրական գործընթացների ակտիւ մասնակից է: Վերը նշուած խնդիրը գուցէ այլ կերպ է ընկալւում Սփիւռքի հայրենակիցների կողմից, սակայն Հայաստանում դժուար ընկալելի է լինել իշխանութիւններին ընդդիմադիր, սակայն աջակցել նրանց արտերկրում:
Սա յանգեցնում է նաեւ տարբեր կողմերից կուսակցութեան պիտակաւորմանը:
Երբ դա բխում է իրենց շահերից, միւս ընդդիմադիր ուժերը ընդդիմադիր Հ․Յ․Դաշնակցութեան ներկայացնում են որպէս կեղծ ընդդիմութիւն, որը «գործարքի» մէջ է օրուայ իշխանութեան հետ, իսկ իշխանութիւնը թմբկահարում է «երկու դաշնակցութիւնների» թեզը, քանի որ տեսնում է քննադատութիւն ներսում, սակայն ջերմ ընդունելութիւն դրսում:
Նոյն խնդիրն առաջանում է, երբ Հ․Յ․Դաշնակցութիւնը, մաս կազմելով կառավարութեանը, քննադատում է իշխանութեան սխալներն ու արատները: Իշխանական զանգուածի համար կուսակցութիւնը մնում է ընդդիմադիր, իսկ ընդդիմադիր զանգուածի համար` մեղսակից եւ իշխանական: Որպէս արդիւնք` երկու կողմի համար էլ ոչ ընդունելի:
Եւ որքան էլ Հ․Յ․Դաշնակցութիւնը  ներկայացնի սեփական մեկնաբանութիւնը, Հայաստանի հասարակութիւնը եւ հայ ընտրողն այդ «անհասկանալի» դիրքորոշումը երբեք չեն ընդունել, չեն ընդունում եւ չեն ընդունելու:
Այս վիճակն իր հերթին ազդում է երկրում կուսակցութեան վարկանիշի եւ ընտրութեան արդիւնքների վրայ: Սա խնդիր է, որն օր առաջ պահանջում է յստակ լուծում:

Յաջորդ կարեւորագոյն հարցը վերաբերում է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցութեանը կամ կոալիցիաների (համախոհութիւններու- Խմբ) պայմաններում սեփական ծրագրերն իրագործելու հնարաւորութեանը: Հայաստանում գրեթէ բոլոր կուսակցութիւնները պաշտօնապէս հռչակուած են ազատական: Իրականում նրանք հռչակում են իրենց այդպիսին զուտ յետխորհրդային պետութիւններում ձեւաւորուած աւանդոյթի ուժով: Այն ազատականութիւնը, որ կայ Հայաստանում, որեւէ կապ չունի արեւմտեան աշխարհի ազատականութեան հետ: Այսպիսի երկրներում այն ստանում է կա՛մ նէոլիբերալիզմի (նորազատական) , կա՛մ վուլգար (գռեհիկ) ազատականութեան դրսեւորում: Ձախակողմեան քաղաքական ուժեր, որպէս այդպիսին, փաստացի չկան:

Նէոլիբերալ կամ վուլգար ազատական կուսակցութիւնների հետ համագործակցութիւնը խոչընդոտում եւ, ըստ էութեան, անհնարին է դարձնում Հ․Յ․Դաշնակցութեան ծրագրի իրականացումը:
Հայաստանում հասարակական, քաղաքական եւ նոյնիսկ զուտ մարդկային յարաբերութիւնները շատ քաղաքականացուած են: Եւ քանի որ շատերի համար քաղաքականութիւնը փոխկապակցուած չէ սկզբունքայնութեան հետ, գործունէութեան շարժառիթը ոչ թէ գաղափարներն ու ծրագրերն են, այլ նեղ խմբային շահերը, որտեղ անկեղծ ու բաց խօսքը կամ արդար գնահատականները տեղ չունեն: Այնինչ յատկապէս հանրային անձանցից մարդիկ կարիք ունեն լսելու յստակ դիրքորոշում լաւի եւ վատի, ճշտի եւ սխալի, սեւի եւ սպիտակի մասին: Պատճառը տասնամեակներ շարունակ լսած կեղծիքը եւ սուտն են, ինչից բոլորը յոգնել են: Մարդիկ ակնկալում էին անկախ Հայաստանում լսել արդարութեան, համերաշխութեան ու ճշմարտութեան մասին:

Սակայն քաղաքական շահը մեր երկրում վեր է դասուել ճշմարտութիւնից, իսկ քաղաքական անձինք յաճախ խաբել են հասարակութեանը: Իւրաքանչիւրը ներկայացրել է գնահատականներ, վերլուծութիւններ կամ դիրքորոշումներ բացառապէս սեփական շահի տեսանկիւնից: Ընդդիմութեան ներկայացուցիչը, որին հասարակութիւնը ճանաչում է որպէս կոռումպացուած անձ, կարող է խօսել արդարութիւնից ու ազնուութիւնից, իսկ երկրին վնաս տուած պետական պաշտօնեան` վիրաւորական գնահատականներ հնչեցնել հասարակութեան մէջ բարի համբաւ ունեցող ազնիւ քննադատի հասցէին: Անկախութիւնից յետոյ ոչ միայն լաւն ու վատը չտարանջատուեցին, այլեւ պետութիւնն ընկղմուեց օրէցօր բազմացող կեղծիքների յորձանուտին մէջ: Այն ընդգրկեց բոլոր ոլորտները` քաղաքականութիւն եւ մշակոյթ, ընտրութիւններ եւ տնտեսութիւն, պարզ մարդկային յարաբերութիւններ կամ բիզնես (գործառնութիւն): Հասարակութիւնը սկսեց ապրել իրականութիւնից կտրուած հարթութիւնում:
2018 թուականին այդ կեղծ իրականութիւնը չփոխուեց: Աւելի խորացաւ տոտալ (ընդհանուր) կեղծիքը` ստանալով նոր դրսեւորումներ եւ մսխելով արմատական ու համակարգային բարեփոխումների իրականացման հնարաւորութիւնը: Անկախութեան տարիների բազմաթիւ քաղաքական իրադարձութիւններ, այդ թւում` ողբերգական կամ շրջադարձային, ներկայացուել են կեղծ լոյսի ներքոյ եւ շարունակում են կեղծուել քաղաքական շահերից ելնելով: Հազարաւոր մարդիկ իրենց երեւակայութեան մէջ ապրում են մի յուզական մթնոլորտում, որը դարձնում է նրանց կառավարելի: Յաճախ քաղաքացիները չեն զգում` ինչպէս են փոխում սեփական տեսակէտները հրամցուած յիմարութիւնների եւ տարիներ շարունակ կրկնուող առասպելների ազդեցութեամբ:
Հոկտեմբերի 27, Մարտի 1, 2018-ին իշխանափոխութիւն, տարբեր իրադարձութիւններում օտարերկրեայ պետութիւնների ազդեցութիւն եւ այլն… Այս եւ բազմաթիւ այլ հարցեր դարձել են քաղաքացիների ուղեղների լուացման եւ նոր կաղապարների ձեւաւորման ամուր յենասիւներ:
Հայ հասարակութիւնը (իսկ այսօր վստահաբար կարող ենք ասել, որ նաեւ Սփիւռքի զգալի մասը), ապրելով կեղծ իրականութեան մէջ, կտրուեց պետութեան իրական խնդիրներից:
Հայաստանը կարիք ունի քաղաքական ուժի, որը, անտեսելով օրուայ քաղաքական շահն ու խնդիրը, կ՛ասի ժողովրդին ճշմարտութիւնը: Հ․Յ․Դաշնակցութիւնը պարբերաբար փորձել է դա անել, սակայն, վերը նշուած հարցերի պատճառով չընկալուելով հասարակութեան կողմից ունեցել է դժուարութիւններ` հասարակական կեանքում ստանձնելու վճռական դերակատարութիւն:
Փոխզիջումների ժամանակն անցել է: Այսօր հասարակութեան բոլոր անդամները, անկախ քաղաքական դիրքորոշումից, հոգու խորքում գիտեն, որ նոյնիսկ իրենց ընտրած քաղաքական ուժը` իշխանական թէ ընդդիմադիր, չունի երկրի զարգացման վճռական խօսք ասելու համար բաւարար ներուժ:
Միակ քաղաքական կուսակցութիւնը, որն ունի գաղափարական, քաղաքական, մասնագիտական, կադրային, կազմակերպական եւ ֆինանսական անհրաժեշտ պաշարը` նոր մոդելով (ձեւով- Խմբ) պետութեան կառուցումն առաջնորդելու եւ զարգացման արդիական ռազմավարութիւն կենսագործելու համար, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն է:
Արձանագրենք, որ.

– հայ իրականութեան ոչ մի քաղաքական ուժ խմբուած չէ գաղափարի ու գաղափարախօսութեան շուրջ. բոլորը կա՛մ մէկ անձի շուրջ հաւաքուած, կա՛մ խմբային նեղ շահեր հետապնդող կուսակցութիւններ են,
– «ազատական», սակայն իրականում վուլգար լիբերալիզմի գաղափարակիրները չունեն ժամանակակից պետութիւն կառուցելու շատ թէ քիչ ամբողջական ծրագիր եւ ռազմավարութիւն, իսկ նէոլիբերալները վաղուց ձախողուել են,
– Հ․Յ․Դաշնակցութեան քաղաքական եւ մասնագիտական կադրային բազան (խարիսխ) իր պատրաստուածութեամբ գերազանցում է բոլոր քաղաքական կուսակցութիւնների ներուժը` միասին վերցրած,
– ցանկացած այլ կուսակցութեան իշխանութիւն Հայաստանում յանգեցնելու է քաղաքացիական հակամարտութեան եւ ներքին թշնամանքի: Միայն Հ․Յ․Դաշնակցութիւնը  կարող է համախմբել ու հանդարտեցնել հասարակութեան բոլոր շերտերը` առանց բաժանելու ու թշնամացնելու միմեանց:
Ժամանակն է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը յայտ ներկայացնի եւ ստանձնի ամբողջական պատասխանատուութիւն երկրի ճակատագրին համար:
Միայն սեփական իշխանութեան օրօք ՀՅԴն կարող է վստահեցնել ժողովրդին, որ.
– վերադարձնելու է պետութեանը կարգաւորիչ գործառոյթները եւ ստեղծելու է առողջ պետական համակարգ՝ զերծ քաղաքական կոռուպցիայից եւ հովանաւորչութիւնից,
– չի խուսափելու անհրաժեշտութեան դէպքում պետական մասնակցութեամբ ընկերութիւններ ստեղծելուց,
– վերացնելու է կուտակային կենսաթոշակային համակարգը,
– ներդնելու է պրոգրեսիւ (յառաջդիմական) հարկային համակարգ,
– նուազեցնելու է էներգետիկ (ուժանիւթ) եւ ջրային համակարգերի կորուստները,
– գործադրելու է վարձատրութեան միասնական համակարգ,
– սոցիալական քաղաքականութիւնն իրականացնելու է կենսապահովման նուազագոյն բիւջէի հիման վրայ,
– ոչ թէ պաշտպանելու է օլիգարխիայի, ներկրողների կամ ֆինանսական շուկայի շահերը, այլ առաջնորդուելու է տնտեսութեան բոլոր ճիւղերի, որպէս մէկ ամբողջութեան, շահերով,
– դադարեցնելու է բնապահպանական աղէտը եւ հանքային պաշարների թալանը,
– ձեւաւորելու է գաղափարական բանավէճի եւ կիրթ երկխօսութեան վրայ հիմնուած քաղաքական համակարգ, որտեղ իշխանաւորները չեն վախենայ իշխանութիւնը կորցնելուց՝ առողջ քաղաքական գործընթացների արդիւնքում,
– բանակն ու ուժային կառոյցները ծառայելու են բացառապէս պետութեանն ու պետական շահին, այլ ոչ թէ օրուայ իշխանութեան քմահաճոյքին:
Ժամանակն է` հասարակութիւնը պահանջի Դաշնակցութիւնից ամբողջական պատասխանատուութիւն: Դա կը լինի, երբ Հ․Յ․Դաշնակցութիւնը իշխանութեան անցնելու յստակ յայտ կը ներկայացնի, յստակ կը դիրքորոշուի որպէս ամբողջական ընդդիմութիւն եւ ապագայ իշխանութիւն` ազատ որեւէ կաշկանդումից ու որեւէ պայմանաւորուածութիւնից, եւ կը գնայ դէպի իշխանութեան ստանձնում: Հ․Յ․Դաշնակցութիւնը, ի տարբերութիւն մեր տեսած չորս իշխանութիւններին, մինչեւ պատասխանատուութիւն ստանձնելը յստակ հռչակելու է իր ծրագրերը` բոլոր ուղղութիւններով, եւ իշխանութեան անցնելուց յետոյ առաջնորդուելու է իր նախընտրական ծրագրով: Գոնէ մէկ անգամ երկիրը կարիք ունի տեսնելու սեփական ծրագրերն ու խոստումներն իրագործելու քաղաքական մշակոյթ, որը խթանիչ ազդակ կը լինի ողջ քաղաքական համակարգի առողջացման համար:
Անշուշտ, սոյն գործընթացում կարող են ներգրաւուել այլ քաղաքական միաւորներ, որոնք ստիպուած կը լինեն Հ․Յ․Դաշնակցութիւնը օրինակ եւ առանցք ընդունելով եւ իրենց հերթին առաջնորդուելով բարձր նշաձողով գնալ գաղափարականացման եւ ինստիտուցիոնալ կայացման ճանապարհով: Այնուամենայնիւ ապագայ կառավարութեան եւ երկրի զարգացման գաղափարախօսութեան ու ծրագրի հիմքում պէտք է լինեն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը եւ նրա ծրագիրը:
Ի վերջոյ, երեք տասնամեակ անց հայ ժողովուրդն իրաւունք ունի ունենալու ազնիւ, գրագէտ, կազմակերպուած եւ լուրջ իշխանութիւն:
Իսկ եթէ ընդհանուր համերաշխութեան կարգախօսի ներքոյ լինեն փոխզիջումներ, ապա կայ վտանգ, որ հասարակութիւնը հերթական անգամ չի ընդունի կիսատ որոշումները եւ չի հասկանայ շարժառիթները, քանի որ տարիներ շարունակ տեսել է այդ ամէնի ցածր արդիւնաւէտութիւնը: Դա հերթական անգամ կը յանգեցնի խոր հիասթափութեան: Եւ ամէն նման հիասթափութիւնից յետոյ աւելի ու աւելի դժուար է լինելու սեփական հայրենիքի ու պետութեան հանդէպ ժողովրդի հաւատի վերականգնումը:

Հայաստանին անհրաժեշտ է նուիրեալների այնպիսի սերունդ, որպիսին աւելի քան հարիւր տարի առաջ կերտեց Առաջին անկախ Հանրապետութիւնը: Դա կը լինի նաեւ մեր ժողովրդի լիակատար բարոյական յաղթանակը, որին կը յաջորդի պետութեան հոգեւոր, մշակութային, կրթական, սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ ռազմական վերելքը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*