Հայրենիքէն «Հայրենիք»-ին

0 0
Read Time:5 Minute, 48 Second

Սոնա Յակոբեան

Ա՜խ այդ պսակաձեւ ժահրը: Այն այս շաբաթ հասաւ նաեւ Նիկոլ Փաշինեանին եւ իր ընտանիքի անդամներին: Շաբաթուայ սկզբում իր վարակուած լինելու մասին դիմատետրի էջում Փաշինեանն անձամբ է տեղեկացրել: Նա գրառել էր, որ իրենց ստուգման արդիւնքը ցաւօք  դրական է եւ իրենց ամբողջ ընտանիքը, բացառութեամբ` ծառայութեան մէջ գտնուող որդու, վարակուել է պսակաձեւ ժահրով: «Ակնյայտ է, որ ընտանիքիս անդամները վարակուել են ինձնից, եւ ես կռահում եմ, թէ որտեղ եւ ինչպէս եմ վարակուել: Վարակուել եմ  աշխատանքային խորհրդակցութիւնների ընթացքում, ուղղակի մի դէպք եմ արձանագրել, որը տպաւորուել է շատ իմ մէջ, եւ համոզմունք կայ, որ էդ դէպքի հետ է կապուած, մանաւանդ որ խորհրդակցութիւնների ժամանակ, գիտէք, որ ջրի բաժակներ են դնում, ես մի օր նկատեցի, այդ բաժակը առանց ձեռնոցի տեղադրելւում: Ի հարկէ, յետագայում նկատողութիւն արեցի եւ առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ նոյն կերպ է եղել, եւ այդ աշխատողը, մատուցողը, ով մատուցում էր այդ բաժակը, հաստատուել է նրա մօտ նոյնպէս դրական»,- գրել էր Փաշինեանը:  Այս օրերին վարչապետն աշխատում է կառավարական առանձնատնից:

 

Ահագնացող վիճակագրութիւն: Հայաստանում պսակաձեւ ժահրով վարակուածների ընդհանուր թիւը հատել է 11 հազարի շեմը: Այդ մասին կառավարութեան նիստում նշել է  Առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը` յիշեցնելով, որ  վերջին օրում մինչեւ օրս արձանագրուած ամենամեծ թիւն է գրանցուել մէկ օրում հաստատուած դէպքերի` 697 նոր դէպք: «Ծանր եւ ծայրայեղ ծանր վիճակում գտնուող քաղաքացիների թիւը մօտաւորապէս նոյնն է մնում: Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրայեղ ծանր` 59-ը, թոքերի օդափոխութեան սարքերին միացուած է 15 հոգի: Նաեւ կայ մի վտանգաւոր միտում, որ նորից ունենում ենք դէպքեր տարբեր արտադրական կոլեկտիւներում: Փորձը ցոյց է տալիս, որ դրանից յետոյ հնարաւոր է նորից բռնկում: Փաստացի հիմա հնարաւոր է նման տարբերակ  ունենանք, դրա համար շատ կարեւոր է կանոնների խիստ պահպանումը»,- ասել է նախարարը:

 

Շաբաթուայ յայտարարութիւնը` կառավարական առանձնատնից: Նիկոլ Փաշինեանն այս օրերին հաւաքում ու հրապարակում է պսակաձեւ ժահրի դէմ պայքարի կանոնները խախտող քաղաքացիների լուսանկարները` սպառնալով պատժամիջոցնէր կիրառել: Լուսանկարներից երեւում է, որ շատերն այս օրերին ընդհանրապէս չեն հետեւում կանոններին: Այդպիսի լուսանկարներ ուղարկելու վարչապետի կոչը, մի մասը, սակայն, սկսել է հեգնել` Փաշինեանին ուղարկելով յայտնի լուսանկարը Արցախից , որտեղ հայաստանեան եւ արցախեան քաղաքական վերնախաւն առանց դիմակ ու հէնց վարչապետի նշած խախտումներով, նշում էր Արցախի նոր նախագահի պաշտօնավարման առաջին օրը:

 

Ի դէպ լուրեր Արցախից:  Յունիսի մէկից Արցախում դադարեցուել է Հայաստանեան «Հինգերորդ» եւ «Շողակաթ» հեռատեսիլի կայաններու հեռարձակումը: Առաջինը աչքի է ընկնում ներկայիս իշխանութիւններին ընդդիմադիր կեցուածքով , երկրորդը` եկեղեցական ալիք է եւ աւելի շատ եկեղեցական, կրօնական հաղորդումներ է հեռարձակում: Ի դէպ << Հինգերորդ» ալիքի հեռարձական դադարեցման լուրն առաջինը հրապարակել է պատգամաւոր Արման Բաբաջանեանը: Լրատուամիջոցներից մէկին տուած հարցազրոյցում  «Հինգերորդ»-ի  տնօրէն Յարութիւն Յարութիւնեանը նշել է ․«Շատ տարօրինակ է եւ միգուցէ շատ զաւեշտալի է, որ այդ տեղեկութիւնը ստացել էի բոլորիս յայտնի անկախ  պատգամաւորի շրջանակից: Ինքն էր խօսել իր շրջանակի մէջ եւ ասել էր, որ Արայիկ Յարութիւնեանը ամսի 1-ից անջատելու է, ես չհաւատացի դրան  եւ չէր կարող նման բան լինել, ընդամէնը քմծիծաղ տուեցի, մտածեցի, որ իր հերթական «խաբկանքն է  անում»,- ասել է Յարութիւնեանը: Յետոյ արդէն լուրի իսկութիւնը փորձել է ճշդել Արցախի պատկան մարմիններից, որոնք էլ հաւաստիացրել են , թէ պատճառը թեքնիքական է եւ մի քանի օրից կը կարգաւորուի: «Ամէն դէպքում հեռւուստաընկերութեան հեռարձակումը դադարեցուած է եւ ոչինչ չեմ կարող անել:  «Հինգերորդ»-ը Արցախում մեծ հեղինակութիւն էր վայելում, չեմ գովաբանում մեզ, բայց դա այդպէս է  եւ յետոյ ինչ է լինելու` ես կարող եմ ենթադրել: Շատ վատ վիճակի մէջ ենք յայտնուելու մենք եւ յատկապէս Արցախը: Ես հիմա եմ հասկանում, թէ ինչու այն ժամանակ Արցախի նախագահին մարզպետ անուանեցին եւ պատասխան չստացան: Այսօր յայտնի պատգամաւորը փաստեց, որ Արցախի նախագահն իր համար մարզպետ է, իսկ մարզպետների ժամանակ գիտենք` ինչեր կարող է լինել, ինքը որեւէ բանի համար կարող է պատասխանատուութիւն չկրել, ձերբակալութունների, որ ապագայում հնարաւոր է լինեն Արցախում, վերջապէս ինքն էր նշել` «յեղափոխութիւնը յաղթանակում է Արցախից»: Այդ յեղափոխութիւնն իրենք Արցախ են ուզում տանել, սպասենք յետագայ զարգացումներին»,- նշել է Յարութիւնեանը:

 

Իսկ ահա Արցախի արդէն հանգստեան կոչուած նախկին նախագահ ԲակօՍահակեանն այս շաբաթ տեսակապով պատասխանել է ապրիլեան իրադարձութիւնները քննող յանձնաժողովի անդամերի հարցերին: Յիշեցնենք, որ այս յանձնաժողովի նախագահը  «Իմ Քայլ»-ական պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանն է: Եւ վերջինս նշել էր, որ յանձնաժողովը գրեթէ մօտենում է իր աշխատանքների աւարտին եւ վերջնական արդիւնքները կհրապարակի այս աշնանը:Անդադառնալով ապրիլեան պատերազմի ժամանակ սպառազինութեան խնդրին, Անդրանիկ Քոչարեանն ասել է. «Նոյնիսկ ժամանակից շուտ այդ թեմայով մենք ասել ենք, որ դիրքերում սպառազինութեան խնդիր պաշտպանութեան բանակը չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի: Վստահաբար կարող եմ ասել, դա արձանագրենք, միւս խնդիրները թոյլատրելիի սահմաններում կը ներկայացնենք հասարակութեանը»:

 

 

Ատրպէյճանի ռազմատենչ յայտարութիւններին` Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան արձագանգը: «Ինչքան էլ որ հայերի դէմ ատելութեան քարոզը եւ պատերազմի սպառնալիքները միտուած լինեն ներքին լսարանին, նման յայտարարութիւնները լրջօրէն վնասում են խաղաղ գործընթացին եւ մատնանշում, որ ոչ թէ  Ատրպէյճանի ժողովուրդը, այլ Ատրպէյճանի բարձրագոյն ղեկավարութիւնը պատրաստ չէ խաղաղութեան: Ատրպէյճանի ղեկավարութեան հակահայկական գործողութիւններն արդէն ստացել են իրենց իրաւական գնահատականը միջազգային ատեանների կողմից: Հայատեացութիւնը որպէս ներքին համախմբման եւ իշխանութեան լեգիտիմութեան հիմնական աղբիւր դիտարկող Ատրպէյճանի ներկայիս իշխանութիւնը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի, այլեւ տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան համար: Արցախի եւ Հայաստանի անվտանգային համակարգը բաւարար համալիր եւ կայուն է`  արդիւնաւէտօրէն հասցէագրելու եւ հակադարձելու նման սպառնալիքները», այսպէս է մեկնաբանել Ատրպէյճանի ռազմատենչ յայտարութիւնները, Հայաստանի արտաքին գործերի մամլոյ խօսնակ Աննա Նաղդալեանը, վերջին շրջանում:

Սեւ ամպե՞ր հայկական օդանաւային ընկերութիւններու գլխին: Այս շաբաթ յայտնի դարձաւ , որ Եւրոպական օդանաւային անվտանգութեան գործակալութիւնը, հայկական մի շարք ընկերութիւնների զրկել է դէպի  Եւրոպա թռիչքներ իրականացնելու իրաւունքից:  Ի դէպ գործակալութեան նոյն  «սեւ ցուցակում» են յայտնուել երրորդ աշխարհի եւ յատկապէս Ափրիկէի  մի շարք յետամնաց պետութիւններ: Ոլորտի պատասխանատուններն այս առնչութեամբ որեւէ հիմնաւոր փաստարիկ դեռ չեն ներկայացրել:

Իսկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի  փեսայ, Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը կարծես թէ դուրս է գալիս իրաւապահների «սեւ ցուցակ»-ից: Վերաքննիչ քրէական դատարանը` նախագահութեամբ դատաւոր Սերգէյ Մարապեանի, վերացրել է Միքայէլ Մինասեանին կալանաւորելու վերաբերեալ Երեւան քաղաքի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան դատարանի դատաւոր Արտուշ Գաբրիէլեանի որոշումը: Այս մասին յայտնել է Միքայէլ Մինասեանի փաստաբանական խմբի անդամ Միհրան Պողոսեանը․«Այն մասին, որ Միքայէլ Մինասեանին կալանաւորելու վերաբերեալ առաջին ատեանի դատարանի ակտը ծայրայեղ ապօրինի էր, խօսել ենք բազմիցս: Ցանկացած փաստաբանի, դատախազի եւ քննիչի հարցրէք Սերգեյ Մարապեանի եւ Արտուշ Գաբրիէլեանի տարբերութեան մասին եւ կը հասկանաք նշուած երկու դատերու տարբերութիւնը թէ՛ օրինականութեան, թէ՛ արդարացիութեան առումով: Անվիճելի է, որ երկրի քաղաքական իշխանութիւնները չեն համակերպուի այս վիճակի հետ եւ օրերի ընթացքում Միքայէլ Մինասեանին կ’առաջադրեն մէկ այլ, բայց նոյնքան անհիմն եւ ապօրինի մեղադրանք` դատարան ներկայացնելով Միքայէլ Մինասեանին կալանաւորելու վերաբերեալ նոր միջնորդութիւն»:

 

Դաշնակցութիւնն ահազանգում է: Հ.Յ.Դ. Գերագոյն Մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը  դիմատետրում գրել  է․«Հայաստանի Ազգային Ժողովը` իբրեւ առաջնային մանտաթ ստացած քաղաքական մարմին, այս պահին դրսեւորում է անպատասխանատու վարքագիծ․ երբ երկիրը կանգնած է աղէտի եզրին, համավարակի տարածումը դուրս է վերհսկողութիւնից, մահերի թիւը օրէցօր աւելանում է, իսկ տնտեսութիւնը փլուզւում, իրենք զբաղուած են ժամավաճառութեամբ: Անհրաժեշտ է րոպէ առաջ խորհրդարանում դադարեցնել անիմաստ քննարկումները, հրաւիրել արտահերթ նիստ` յատուկ օրակարգով․ իրավիճակի գնահատում եւ լուծումներ: Ազգային ժողովը` մասնաւորապէս քաղաքական մեծամասնութիւնը, որը ձեւաւորել է կառավարութիւն, պէտք է գիտակցի եւ հասկանայ, որ անմիջական եւ անձնական պատասխանատուութիւն է կրում երկրում ստեղծուած վիճակի համար»:

 

Եւ վերջում շաբաթուայ նորարութիւնը:Ալիխանեանի անուան ազգային գիտական տարրալուծարանի մասնագէտները ստեղծել են եգիպտացորէնի իւղով պատրաստուած պաշտպանիչ դիմակներ: Տնօրէն Անի Ապրահամեանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ դիմակները  մաքուր են, այնպիսի նիւթեր են ներառուած, որոնցմով փոքրիկների համար խաղալիքներ են պատրաստւում: Այն պիտանի է բազմակի օգտագործման համար: Այսինքն`  կարելի է ախտահանել եւ կրկին օգտագործել: Հայկական շուկայում նման դիմակներ դեռ չկան:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՈՐՊԷՍԶԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՉՉԱՐԱՇԱՀՈՒԻ՞ ԵՒ ՉՅԱՆԳԻ՞ ԻՐ ԻՆՔՆԱԺԽՏՄԱՆ
Next post Հիմնահարցերէն՝ Էականները

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles