Հայրենիքէն «Հայրենիք»-ին

Սոնա Յակոբեան

 

Շաբթուայ պատմական իրադարձութիւնը։ Ուղիղ 26 տարի առաջ՝ 1994 թուականի  Մայիսի 12-ին դրուեց  Արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացի սկիզբը։ Պատերազմի դաշտում հազարաւոր մարդկային կորուստներ թողած Ատրպէյճանը վախենում էր նաեւ տարածքային նոր կորուստներից ու երկրի ներսում իշխանութեան կորստից, ուստի կրակը դադարեցնելու Ռուսաստանի միջնորդութիւնն առաջին հերթին նրանց սրտով էր։  Հայկական կողմը իր ամրագրած ռազմական յաղթանակներով պարտադրեց խաղաղութիւն։ Հայկական երկու պետութիւնների եւ Ատրպէյճանի միջեւ կնքուած հաշտութեան համաձայնագրով  Ատրպէյճանը բանակցութիւնների սեղանի շուրջ նստեց նաեւ Արցախեան կողմի հետ, չնայած, որ հիմա փորձում է Արցախի հարցը լուծել առանց Արցախի։ Այս առիթով Արցախի արտաքին գործերի նախարարութեան տարածած պաշտօնական հաղորդագրութեան մէջ նշոււած է․ «1994 թուականի Մայիսի 12-ին ուժի մէջ է մտել կրակի եւ ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրուել է Արցախի, Ատրպէյճանի  եւ Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդութեամբ: Հրադադարի մասին համաձայնագիրը ատրպէյճանա – ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում միակ շօշափելի ձեռքբերումն է, որը հակամարտութեան հիմնական կողմերից մէկի՝ Արցախի Հանրապետութեան ուղղակի եւ լիիրաւ մասնակցութեամբ լիարժէք եռակողմ բանակցութիւնների արդիւնքն էր: Անժամկէտ հրադադարին հասնելու ուղին հեշտ չէր։ Պատերազմին վերջ դնելու նախորդ փորձերը ձախողւում էին Ատրպէյճանի դիրքորոշման պատճառով, որը, վստահ լինելով իր ռազմատեքնիքական գերազանցութեան մէջ, յոյս ունէր հակամարտութիւնը լուծել ուժային եղանակով: Դիւանագիտական յաջողութիւնը հնարաւոր դարձաւ միայն այն բանից յետոյ, երբ Արցախի պաշտպանութեան բանակը ետ մղեց հակառակորդը եւ ապահովեց հանրապետութեան անվտանգ սահմանները՝ դրանով իսկ, լրջօրէն խաթարելով հակամարտութիւնը ռազմական ուժի միջոցով լուծելուն ուղղուած Պաքուի ներուժը։ Անժամկէտ հրադադարի հաստատման մասին համաձայնագրին հասնելու ճանապարհին մէկ այլ խոչընդոտ էր Արցախի Հանրապետութեան հետ ուղղակի բանակցութիւններ վարելու Ատրպէյճանի դժկամութիւնը: Սակայն իր ռազմական ներուժի զգալի թուլացումից յետոյ Ատրպէյճանի իշխանութիւնները ոչ միայն դադարել են խոչընդոտել բանակցային գործընթացում պաշտօնական Ստեփանակերտի լիարժէք ներգրաւուածութեանը, այլեւ հենց իրենք են բազմիցս անմիջական շփումներ նախաձեռնել Արցախի իշխանութիւնների հետ, այդ թւում՝ ամենաբարձր մակարդակով: Ուղղակի բանակցութիւններ վարելու համար հիմնական խոչընդոտի վերացումը թոյլ է տուել կենտրոնանալ էական հարցերի վրայ, ինչը հիմք է դրել հետագայ դիւանագիտական յաջողութեանը՝ կրակի եւ ռազմական գործողութիւնների դադարեցման անժամկէտ ռեժիմի հաստատմանը։ Ցաւօք, յետագայ տարիներին չյաջողուեց զարգացնել այս նուաճումը, ինչը պայմանաւորուած էր նրանով, որ Ատրպէյճանը վերադարձաւ առճակատման, սպառնալիքների եւ Արցախի ուղղակի մասնակցութեամբ բանակցութիւններից հրաժարուելու իր նախկին քաղաքականութեանը։ Մայիս 12, 1994-ի համաձայնագիրը ցոյց է տալիս, որ հակամարտութեան կարգաւորման գործընթացի յաջողութիւնը կախուած է երկու առանցքային պայմաններից՝ հակամարտութիւնը ուժի միջոցով լուծելու հնարաւորութեան վերաբերեալ ցանկացած պատրանքի բացառում եւ լիարժէք եռակողմ բանակցութիւնների կազմակերպում, որտեղ հակամարտութեան իւրաքանչիւր կողմ բանակցութիւններ է վարում իր անունից եւ իր իրաւասութեան ներքոյ գտնուող հարցերի շուրջ։

Արցախի Հանրապետութիւնը վերահաստատում է իր հաւատարմութիւնը հակամարտութեան բացառապէս խաղաղ կարգաւորմանը եւ հետեւողականօրէն ջանքեր է գործադրում հրադադարի ռեժիմի լիարժէք պահպանման համար՝ պատրաստ լինելով կանխել Ատրպէյճանի  կողմից հերթական յարձակումի սանձազերծման ցանկացած փորձ։

 

*

Խաղաղութիւնը․․․որը Ատրպէյճանի խախտում է գրեթէ ամէն օր։ Շաբաթն անհանգիստ էր նաեւ սահմանին։ Հակառակորդի թիրախում Տաւուշի սահմանապահ Բերքաբեր համայնքն էր։ Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ից 14։00 ընկած ժամանակահատուածում, հակառակորդը մարտական յենակէտերից, տարբեր տրամաչափի զէնքերից կրակոցներ է արձակել Տաւուշի մարզի Բերքաբեր համայնքի տների ուղղութեամբ, սակայն յանցագործութիւնն աւարտին չի հասցուել՝ իր կամքից անկախ հանգամանքներով: Այս յայտնում են քննչական կոմիտէի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից։ Արձակուած կրակոցներից վնասուել են գիւղի տներից մէկի ննջասենեակի պատուհանը եւ միջնապատը։

 

*

 

Ատրպէյճանը զօրավարժութիւններ է պատրաստւում անցկացնել սահմանի երկայնքով, հայկական կողմը՝ նախազգուշացնում է: Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը յայտարութիւն է տարածել՝ դիմելով միջազգային  կառոյցներին, նրանց ուշադրութիւնը գրաւելով այն փաստի վրայ, որ Ատրպէյճանում կայանալիք լայնածաւալ զօրավարժութիւնը, ձեւաւորուած աւանդոյթի համաձայն, տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը վստահութեան եւ անվտանգութեան ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011-ի Վիեննայի փաստաթղթի անտեսման եւ կոպիտ խախտման հերթական դրսեւորում է: «Հայաստանի  պաշտպանութեան նախարարութիւնը դատապարտում է Ատրպէյճանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող այդ զօրավարժութեան անցկացումը, ինչը տեղի է ունենալու համաշխարհային մարտահրաւէրի՝ պսակաձեւ ժահրի դէմ միասնական գործողութիւններով պայքարելու անհրաժեշտութեան պայմաններում եւ ի հեճուկս Մ․Ա․Կ․-ի գլխաւոր քարտուղար Ա. Քուտերեշի համաշխարհային զինադադարի հաստատման կոչին: «Կոչ ենք անում ատրպէյճանական կողմին զսպուածութիւն դրսեւորել եւ յարգել միջազգային հանրութեան առջեւ ստանձնած յանձնառութիւնները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զօրավարժութիւնների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական մօտեցման փորձ կը դիտուի որպէս սադրանք եւ կ՛ունենայ համապատասխան հետեւանքներ», նշուած է յայտարութեան մէջ։

 

*

 

Տեղափոխուենք Հայաստան։  Այստեղ պսակաձեւ ժահրով պայմանաւորոււած  արտակարգ դրութիւնը շարունակւում է, բայց որոշ սահմանափակումներ հանուել են։  Մայիսի 18-ից Հայաստանում ամբողջովին կը վերագործարկուի հանրային տրանսպորտը,  կը թոյլատրուի հանրային սննդի կէտերի, սպորտային ակումբների եւ նախակրթարանների գործունէութիւնը: Մայիսի 25-ից պարտադիր է դառնալու բացօթեայ վայրերում դիմակների (տնային պայմաններում ինքնաշէն պատրաստուած դիմակների) կրումը` չկատարողները կը տուգանուեն ոստիկանութեան կողմից։

 

*

 

Կրքերը օրէնսդիրում այս շաբաթ էլ չհանդարտուեցին։ Նախանցած շաբաթ բանավէճ- լեզուակռիւ, անցած շաբաթ՝ ծեծկռտուք, այս շաբաթ էլ կրկին բանավէճ է տեղի ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնեանի եւ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան ղեկավար Էտմոն Մարուքեանի միջեւ։ Այս անգամ էլ նրանք լեզուակռւի են բռնուել Ազգային ժողովի միջանցքում: Բանավէճի թեման 2018 թուականի  թաւշեայ յեղափոխութեան օրերին փողոցում եւ 2020 թուականի Մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձութիւններն էին: Ըստ Ալէն Սիմոնեանի յեղափոխութեան օրերին, աւելի յստակ 2018 թուականի ապրիլի 16-ին «Ելք» դաշինքի դիմատետրի էջում իր գործընկերներին կոչ է արել դուրս գալ փողոց, սակայն Էտմոն Մարուքեանն ու միւսները չեն արձագանգել, ինչը Մարուքեանը հերքում է։ Հերթը ամենաթարմ դէպքերին՝ ծեծկռտուքին էլ է հասել։ Ըստ Մարուքեանի այդ օրը իշխանական մի քանի պատգամաւոր իրեն թիկունքից հարուածել են, Սիմոնեանն էլ պնդել է , որ նման բան չի եղել: Աւելացնեմ նաեւ, որ  «Լուսաւոր Հայաստան» խմբակցութիւնը մայիսի 8-ի հերթական նիստի ընթացքում լքել է Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որից յետոյ այլեւս չի վերադարձել:Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 8-ին կառավարութեան ծրագրի կատարման արդիւնքների մասին զեկոյցի քննարկմանը ծեծկռտուքի միջադէպ էր տեղի ունեցել Սասուն Միքայէլեանի եւ Էտմոն Մարուքեանի միջեւ, միջամտել էին միւս պատգմաւորները: Նիստը ընդմիջուել էր: Դրանից յետոյ թէ իշխանութեան, թէ ընդդիմութեան կողմից թեմայի վերաբերեալ հնչել էին ելոյթներ: «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան ղեկավար Էտմոն Մարուքեանը իր ելոյթում, մասնաւորապէս, նշել էր, որ միջադէպը պէտք է ստանայ քաղաքական գնահատական եւ ունենայ քաղաքական հետեւանքներ, այնուհետեւ խմբակցութիւնը ողջ կազմով լքել էր նիստերի դահլիճը: Իշխանութեան ներկայացուցիչները միջադէպը որակել էին ընդդիմութեան կողմից սադրանք՝ միեւնոյն ժամանակ դատապարտելով բռնութեան ցանկացած դրսեւորում: Վարչապետ Նիկոլ Փաշինեանը այն եւս որակել էր որպէս սադրանք, սակայն որին տրուելու համար դատապարտել էր նաեւ իր քաղաքական թիմին: Ի դէպ, այս գործ արդէն իրաւապահներն են քննում։

 

*

 

Շաբթուայ մերժուածը։ Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանի Շենգաւիթի նստավայրում  հրապարակուել է Մարտի մէկի գործով սահմանադրական կարգը տապալելու մէջ մեղադրուող Ռոպերթ Քոչարեանի խափանման միջոցը փոխելու վերաբերեալ որոշումը: Դատարանը մերժել է ներկայացուած երեք միջնորդութիւնները: Յիշեցնենք՝ նախորդ դատական նիստին քննարկուել էր Ռոպերթ Քոչարեանի խափանման միջոցի վերաբերեալ երեք միջնորդութիւնները։  Պսակաձեւ ժահրով պայմանաւորուած խափանման միջոց կալանաւորումն ընդհանրապէս վերացնելու մասին, գրաւի կիրառում կամ անձնական երաշխաւորութիւն։ Նիստին անձամբ ներկայացան եւ անձնական երաշխաւորութիւն ներկայացրին Հայաստանի Հանրապետութեան նախկին վարչապետեր Վազգէն Մանուկեանը, Խոսրով Յարութիւնեանը, Կարէն Կարապետեանը, Արցախի Հանրապետութեան նախկին վարչապետ Անուշաւան Դանիէլեանը: Յաջորդ դատական նիստը նշանակուեց Մայիսի 19-ին: Վճիռը հրապարակելիս դատաւորը նշել է նաեւ, որ վիրահատութեան պատճառով Քոչարեանը երկար ժամանակ չի կարողանայ նիստերին մասնակցել:

 

*

Հարսանիք, կնունք, ծնունդ՝ միայն հինգ հոգով, վերադարձ պսակաձեւ ժահրի թէմային։  Համավարակի տարածումը կանխելու համար  հանրային միջոցառումների մասնակիցների քանակը նուազեցուել է՝ քսանից հասցնելով հինգի: Այս մասին, յայտարարել է փոխվարչապետ Տիգրան Աւինեանը: Հարցին, թէ արդեօք եկեղեցիներում մարդիկ կարո՞ղ են մասնակցել պատարագների, Աւինեանը նշել է, որ այդ նուազեցումը վերաբերում է նաեւ եկեղեցիներին:

 

*

Եւ վերջում շաբաթուայ  լուսանկարը։ Ճանաչենք մեր Հայրենիքի պաշտպաններին, ոչ թէ անուններով, այլ դէմքերով։   Լուսանկարը ՝ Պաշտպանութեան նախարարի մամլոյ խօսնակի դիմատետրի էջից, հեղինակը՝ Արեգ Վարդանեան։ Լուսանկարում այս պահին հայրենիքի սահմաններն ամուր պահող, առաջնագծի զինուոր է։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*