Հայրենիքէն «Հայրենիք»-ին

0 0
Read Time:6 Minute, 7 Second

Սոնա Յակոբեան

Եւ չտեսան եւ չտեսան, որ դարձած լոյս, դարձած ոգի,
Նորից Նժդեհն է արշաւում, նման մի նոր Սուրբ Գէորգի,
Որ բոցերից Սումգայիթի ելնում աղջիկ մի սիրասուն,
Ելնում փխրուն ու բարալիկ, բայց եւ ահեղ , որպէս ցասում,
Որ ելնում են ամէն կողմից ֆիտայիններն այս ոգեղեն,
Դառնում անտես մի զորագունդ, թշնամու դէմ դառնում գեհեն:
Եւ եռագոյնն են ծածանում մեր հինաւուրց Շուշուայ բերդին
Վրէժի շանթն աչքերի մէջ, վրէժի երգն իրենց շուրթին.

Թրքաց մայրեր թող լան ու դուն
Ուրախ լուրեր տար ի Զեյթուն…

Ներէ՛ք, տղերք, Ձեզ բոլորիդ ես չգիտեմ անուն-անուն,
Բայց շուրթերիս ամէն մէկիդ փառքի երգն է հասունանում․․․

                                                                  Վահագն Դաւթեան

Ուղիղ 28  տարի առաջ` Մայիս 8, 1992-ի գիշերն  ազատագրուեց բերդաքաղաք Շուշին։ «Հարսանիք լեռներում» անուանումը ստացած Շուշիի ազատագրման գործողութիւնը եզակի էր ռազմական առումով։  Արցախում լինելուց յետոյ, պարտադիր չէ ռազմական փորձագէտ լինել , պատկերացնելու համար, թէ ինչպէս են հայ մարտիկները յաջողացրել  հակառակորդի կրակոցների ու ռմբակոծութիւնների  ուղեկցութեամբ հասել Շուշի։ Քաղաքն անառիկ էր համարւում, այն չորս կողմից շրջապատուած էր սարերով, Շուշին պաշտպանում էր լաւ զինուած ատրպէյճանական զօրքը, որտեղ մօտ 2500 զինուոր ու սպայ կար։ Նրանք զինանոցի էին վերածել  Ղազանչեցոց եկեղեցին, վստահ լինելով , որ հայերը երբեք կրակ չեն բացի իրենց սրբավայրի վրայ։ Հակառակորդը նենգ էր ու զինուած, բայց տղաները յաղթեցին նրանց՝ հաւատով ու իրենց անկոտրում կամքով։ «Հարսանիք լեռներում» անուանումը ստացած Շուշիի ազատագրման գործողութիւնն անուանումը ստացել էր  այն ժամանակուայ պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանի մտայղացմամբ։ Երբ գործողութիւնը ղեկավարող հրամանատարները նրան ներկայացրել են քաղաքի ազատագրման մարտական նախագիծը, այն չափազանց համարձակ է թուացել ու անհաւատալի։ Հենց այն ժամանակ էլ Վազգեն Սարգսեանը յայտարարել է, որ եթէ նախագիծը յաջողուի իրականացնել, ապա քաղաքի ազատագրումից յետոյ ինքն, անպայման, կ՛ամուսնանայ։ Շուշիի ազատագրումը տղաները որոշել էին իրականացնել դեռ 1992-ի Ապրիլից, բայց տարբեր պատճառներով այն Յետաձգւում էր։ Ատրպէյճանցիները զինուած էին մինչեւ ատամները , նրանց դէմ դուրս էին եկել ընդամէնը 3000 հայ զինուոր։ Ռազմական փորձի տեսանկիւնից ուժերի այդպիսի յարաբերակցութիւնն անհեթեթ էր, քանի որ գործողութեան իրակացման ծրագրով  յարձակուողը հայկական կողմն էր եւ նրանք թուաքանակով առնուազն երեք անգամ պէտք է հակառակորդից աւել լինէին։ Հայկական կողմը որակեալ ու ժամանակից զէնքի պակաս ունէր։ Գործողութեան հրամանատար Արկադի Տէր Թադէոսեանի (Քոմանտոս) յիշողութիւններով` քաղաքը նախատեսւում էր գրոհել Մայիս 5–ին, սակայն այդ օրը առատ ձիւն էր տեղացել։ Եղանակային փոփոխութիւնը  ստիպեց հայկական հրամանատարութեանը գործողութիւնը Մայիս 8 տեղափոխել։ Հակառակորդին շփոթեցնելու ու հարուածի հիմնական ուղղութիւնից ուշադրութիւնը շեղելու նպատակով  խաբկանքներ էին ձեռնարկւում, բոլոր ուղղութիւններով հաշուարկներ էին արւում ու յարձակումներ կատարւում։ Ռազմաճակատի ընդհանուր գիծը մօտ 40 քլմ․ էր, հարուածի չորս ուղղութիւն կար։ Հիւսիսային ուղղութեան հրամանատարը Վալերի Չիթչեանն էր, երկրորդի` Շոշի ուղղութեան հրամանատար` Արկադի Կարապետեանը, Հարաւային` Լաչինի ուղղութինը վստահուեց Սամուէլ Բաբայեանին, իսկ չորրորդ ուղղութեան ` Ջանհասան–Քյոսալարի հրամանատարը Սէյրան Օհանեանն էր։ Մարտը սկսեց Մայիս 7-ի լոյս 8-ի գիշերն ու աւարտուեց գրեթէ մէկ օր անց։ Մայիսի 9-ի առաւօտեան ժամը 4:00–ին Արկադի Տէր Թադէոսեանին զեկուցեցին, որ քաղաքը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ուժերի ձեռքերում է։ «Ես տղաներին ասել էի, որ դժուար է լինելու, սակայն, չնայած դրան, բոլորը նպատակադրուած էին Շուշիի ազատագրմանը: Դիմեցինք ռազմական խորամանկութեան: Թշնամին կարծեց, թէ մենք ազատագրելու ենք Քյոսալարը, քանի որ մի խումբ ուղարկել էինք հենց այդ ուղղութեամբ: Նրանք էլ գիտէին, որ մենք այդքան զինամթերք չունենք ու դժուար կը լինի մեր յարձակումը: Գործողութիւնն արագ` կայծակնային եղաւ: Մեր զօրքը պատրաստ էր, մեր հրամանատարները լաւ գիտէին թշնամու դիրքերը, ու որ կողմից կարող են շրջապատել նրան: Այդպէս էլ մենք հասանք մեր նպատակին ու Շուշին ազատագրուեց»,-  Շուշիի ազատագրման մասին տարբեր առիթներով պատմել է  Քոմանտոսը: Արկադի Տէր Թադէոսեանի համոզմամբ` Շուշիի ազատագրումով թշնամու ողնաշարը ֆիզիկապէս ու բարոյապէս փշրուեց, միաժամանակ, դրուեց հայկական կանոնաւոր բանակի հիմքը:

*

Նրանք այնպէս արեցին , որ այսօր Հայաստանում աւելի շատ խօսեն իրենց մասին։ Հինգշաբթին յաջող չէր օրենսդիրում։ Այստեղ արդեն  հացերը փորձում են լուծել բռունցքներով։ Խորհրդարանում այս շաբաթ էլ  բռնցքամարտի են բռնուել էտմոն Մարուքեանն ու Սասուն Միքայէլեանը։ Վէճին խառնուել են նաեւ միւս պատգամաւորները։ Աւելին ըստ Մարուքեանի վէճի ժամանակ իրեն հարուածներ են հասցրել  թիկունքից, իսկ արձանագրած տեսանիւթում երեւում է, որ նրան հարուածել են Արտակ Մանուկեանը եւ Վահէ Ղալումեանը: Միջադէպը տեղի է  ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինեյանի ներկայութեամբ, իսկ փոխ-վարչապետ Տիգրան Աւինեանն էլ փորձում էր կողմերին բաժանել:

*

Վարչապետ Փաշինեանը կատարուածի մասին։  Ըստ Փաշինեանի  Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադէպը «Լուսաւոր Հայաստան»  խմբակցութեան  կողմից սադրանքի արդիւնք էր, սակայն  դատապարտում է իր քաղաքական ուժին՝ այդ սադրանքին տրուելու համար, այն համարում է յեղափոխութիւնից յետոյ իրենց ուժի ամենամեծ պարտութիւնը։ Փաշինեանը նման տեսակէտ յայտնեց խորհրդարանում իր ելոյթում: «Դատապարտում եմ բռնութեան ցանկացած երեւոյթ՝ իր բոլոր դրսեւորումներով: Ուզում եմ ընդգծել՝ բռնութինը՝ իր բոլոր դրսեւորումներով, որովհետեւ բռնութիւնը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ բարոյական, բռնութիւնը լինում է հոգեբանական: Եւ պէտք է շատ ուղիղ ընդգծել, որ արդէն երկու տարի յեղափոխական թիմը, այդ թւում այս խորհրդարանական մեծամասնութիւնը եւ այս կառավարութիւնը հետեւողականօրէն եւ շարունակաբար ենթարկւում են բարոյական եւ հոգեբանական բռնությունների»,-ասել է  Փաշինյանն ու նշել՝ դա հասնում է ընդհուպ մեծամասնութեան կին պատգամաւորներին բռնաբարելու սպառնալիքների, նրանց երեխաներին փողոցում ծեծելու սպառնալիքի, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորների վերաբերեալ ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկութիւնների տարածման: «Ես դատապարտում  եմ մեզ, ես դատապարտում եմ ինձ: Եւ այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր եւ անձամբ իմ ունեցած ամենամեծ պարտութիւնը, որ մենք ունեցել ենք յեղափոխութիւնից յետոյ: Սակայն սա թող որեւէ մէկին յուսավառ չանի: Ես պարտուել եմ, պարտուել եմ քանիցս ու տեսել քմծիծաղը ստի, բայց իմ կամքն ամուր է քարից, իմ ոգին յանձնուել չգիտի»,-ասել է  վարչապետը՝ մէջբերելով տողեր իր հեղինակած բանաստեղծութիւնից։

 

*

Շաբթուայ երաշխաւորուածը։ Երեւանի ընդհանուր իրաւասության դատարանի Շենգաւիթի նստավայրում Մայիս 8-ին դատաւոր Աննա Դանիբեկեանի նախագահութեամբ մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի եւ միւսների գործով դատական նիստը։ Քոչարեանի փաստաբանական կազմը ներկայացրել է  Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերեալ 3 միջնորդութիւն՝ կալանաւորումն ընդհանրապէս վերացնելու, գրաւ կամ անձնական երաշխաւորութիւն կիրառելու։ Նիստին ներկայ էր  Քոչարեանը, որ մինչ այս «Իզմիրլեան» բժշկական կեդրոնում էր: Քոչարեանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորութեամբ փոխարինելու առաջարկը Հայաստանի Հանրապետութեյան նախկին վարչապետներ Վազգէն Մանուկեանի, Խոսրով Յարութիւնեանի, Կարէն Կարապետեանի, ինչպէս նաեւ Արցախի Հանրապետութեան նախկին վարչապետ Անուշաւան Դանիէլեանի անունից է:

*

Շաբթուայ հետախուզուողը։ Դատարանը այս շաբաթ հրապարակեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայէլ Մինասեանին կալանաւորելու որոշումը։ Միքայէլ Մինասեանին մեղադրանք է առաջադրուել ապօրինի հարստացման, յայտարարագրման ենթակայ առանձնապէս խոշոր չափերի տուեալները թաքցնելու եւ առանձնապէս խոշոր չափերի ապրինի կերպով ստացուած գոյքն օրինականացնելու համար։ Մինասեանը չի ընդունում առաջադրուած մեղադրանքը։ Միքայէլ Մինասեանի նկատմամբ հետախուզում է յայտարարուել։ Յիշեցնեմ, որ այս օրերին ՄիքայԷլ Մինասեանը սկսել է տեսանիւթեր հրապարակել , որոնցից մէկում նա պնդում է , որ Ազգային Անվտանգութեան ծառայութեան նախկին ղեկավար Արթուր Վանեցեանը Փաշինեանի առաջարկով  հանդիպել է իր հետ , առաջարկել խորհրդանշական գումար տալ պետութեանը , չխառնուել Հայաստանյսան ներքաղաքական կեանքին եւ հանել իր վրայից բոլոր քրէական մեղադրանքները։ Ըստ Մինասեանի ինքն առաջարկը մերժել է եւ դրանց յետոյ սկսուել են իր հանդէպ քաղաքական հետապնդումներ։

*

Շաբթուայ բարեգործները։ «Միասին կը յաղթենք» նախաձեռնութիւնը շարունակւում է։ Այս շրջանում Դաշնակցութեան Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնների անդամներն այցելում են հանրապետութեան տարբեր անկիւններ, մի շարք ընտանիքների յանձնում պարենամթերքի եւ ախտահանիչ նիւթերով փաթեթներ: Երիտասարդներն այս անգամ էլ Տավուշի մարզում էին՝ եւս մէկ անգամ հաստատելու, որ համավարակին ու ստեղծուած դժվար կացութեանը հնարաւոր կը լինի յաղթել միասնական ուժերով:

*

Վե՞րջ ինքնամեկուսացմանը ։ Հայաստանում Մայիս 4-ից հանուել են ազատ տեղաշարժի սահմանափակումները, տնտեսական գրեթէ բոլոր գործունէութիւնների աշխատանքը եւս թոյլատրուել է: Սակայն մշակուել են ուղեցոյցներ, թէ ինչպէս պէտք է կազմակերպել աշխատանքը։

*

Շաբթուայ կանխատեսումը։ Հայաստանի  առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը հաւանական է համարում, թէ մինչեւ այիսի վերջ Հայաստանում պսակաձեւ ժահրով վարակուածների թիւը հասնի տաս հազարի:

*

Եւ վերջում, շաբթուայ սարսափը։ Երեւանում 40-ամեայ տղամարդը  իր 8 եւ 5 տարեկան երեխաներին նետել է շէնքի իններորդ յարկի պատուհանից, ապա ինքն է նետուել։ Երկար տարիներ նրանք ընտանիքով ապրել են Ռուսաստանում, մօտ մէկ տարի է, ինչ վերադարձել էին հայրենիք։  Հարեւանների խօսքով` Կարէն Մելիքեանը նախկին զինուորական էր, ծառայել է ռուսական բանակում։ Հիմա էլ բաւականին բարձր թոշակ էր ստանում այնտեղից։ Հարեւանները հերքել են նաեւ լուրերը, որ Մելիքեանն ու իր կինը բաժանուած են։ Աւելին, դէպքի ժամանակ կինը տանն է եղել ու հաւանաբար` քնած, քանի որ դէպքը գրանցուել է վաղ առաւօտեան։

 

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Հ.Մ.Ը.Մ.-Ի ԱՐԵՒԵԼԵԱՆ  Ա․Մ. Ն.-Ի ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ ԽԱՂԵՐԸ ՏԵՂԻ ՊԻՏԻ ՉՈՒՆԵՆԱՆ 
Next post ՊԱՏԿԵՐՆԵՐ՝ ԵՐԵՒԱՆԵԱՆ ԱՌՕՐԵԱՅԷՆ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles