ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

Սոնա Յակոբեան

Բանը հասաւ հանրաքուէին..․․ 88 կողմ եւ 15 դէմ ձայներով Խորհրդարանն այս շաբաթ որոշեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի եւ Սահմանադրական Դատարանի անդամների պաշտօնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքուէի: Քուէարկութեանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցութիւնը չի մասնակցել։ Այս դիրքորոշումը պատգամաՒոր Միքայէլ Մելքումեանը հիմնաւորեց  Եւրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի յայտարութեամբ, որն առաջարկում է Հայաստանի իշխանութիւններին սահմանադրական եւ այլ փոփոխութիւնների հարցերով դիմել Վենետիկի յանձնաժողով՝ կարծիք ստանալու համար։ «Առաջարկուած փոփոխութիւնները կարող են երկարաժամկէտ հետեւանքներ ունենալ սահմանադրական կառոյցների գործունէութեան վրայ: …Կոչ ենք անում Հայաստանի իշխանութիւններին հնարաւորինս շուտ դիմել Վենետիկի յանձնաժողով՝ Եւրոպայի խորհրդի սահմանադրական իրաւունքի հարցով փորձագիտական մարմնի կարծիք ստանալու նպատակով: Կարծում ենք, որ այդ կարծիքը, որը հնարաւոր կը լինէր արագ ընդունել անյապաղ ընթացակարգով, արժէքաւոր կը լինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այդ թւում՝ Հայաստանի ընտրողների, եթէ հանրաքուէ անցկացուի»,– ասւում է յայտարարութիւնում:

*

Յիշեցնեմ՝  Սահմանադրական դատարանի շուրջ սկսուած այս իրարանցումը սկսուել է դեռ նախորդ տարուայ Յունիսից, երբ իշխանական պատգամաւորների նախաձեռնութեամբ եւ քուէարկութեան աևդիւնքներով սահմանադրական դատարանի դատաւոր ընտրուած Վահէ Գրիգորեանն Ազգային ժողովում երդուելիս յայտարարեց, թէ Սահմանադրական դատարան է գնում սահմանադրական դատարանի նախագահի լիազօրութիւններով: Իհարկէ , այս յայտարարութիւնից յետոյ մեծ աղմուկ սկսուեց, քանի որ ստացւում էր, որ  Վահէ Գրիգորեանը ինքն իրեն հռչակել էր սահմանադրական դատարանի նախագահ, ինչն օրէնքի տեսանկիւնից որեւէ հիմնաւորում չունէր։ Այս թեմայի շուրջ  թէ միջազգային, թե  Հայաստանեան ներքաղաքական կեանքում սկսուած թէժ քննարկումները դադարեցին որոշ ժամանակ անց։ Բայց իշխանութեան ներկայացուցիչները շարունակեցին պնդել                Հրայր Թովմասեանը ապօրինի ընտրուած  Սահմանադրական դատարանի նախագահ է եւ իրենք չեն ցանկանում վերջինիս հետ աշխատել ու նրանից ազատուելու համար այլ տարբերակ մշակեցին՝ Սահմանադրական դատարանի անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի տեսքով։  Չնայած, մի շարք քննադատութիւնների, խորհրդարանում  իշխանական մեծամասնութիւնը այն ընդունեց , նախագահն էլ՝ վաւերացրեց , բայց Սահմանադրական Դատարանի անդամներն իշխանութիւնների այս ” համեղ>> առաջարկից դեռ չեն օգտուել։  Իսկ առաջարկը մեղմ ասած << համեղ >> է։ Այս օրէնքով Սահմանադրական դատարանի անդամներին առաջարկւում է վաղաժամ թոշակի գնալ եւ ստանալ իրենց աշխատավարձի չափով թոշակ։ Առաջարկն ուժի մէջ էր մինչեւ Փետրուարի վերջ, բայց իշխանութիւնները փոխեցին իրենց որոշումը։  Հինգշաբթի Ազգային Ժողովի արտահերթ նիստ տեղի ունեցաւ, որի ընթացքում օրենսդիրները քննարկեցին  << Իմ Քայլը>> խմբակցութեան 44 պատգամավորների կողմից մշակած օրենսդրական փոփոխութիւնների նոր նախագիծը, որը մի քանի մասից էր բաղկացած։  Նախագծի այն մասը, որով առաջարկւում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի եւ անդամների պաշտօնավարումը : Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ չընդունվեց քանի որ իշխանական պատգամաւորները ինչպէս , որ նախապէս յայտարարել էին խմբակցութիւնը ձեռնպահ քուէարկեց  նախագծին ։ Նրանց սրտով նախագծի միւս մասն էր, որն առաջարկում էր Սահմանադրական դատարանի խնդիրը լուծել  հանրաքուէի ճանապարհով։

*

Մինչ օրէնսդիրում Սահմանդրական դատարանի հարցն էին քննարկում  Հրայր Թովմասեանը  Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիւ շնորհավորական ուղերձ է տարածել , որտեղ մասնաւորապէս նշել է ․ << Լինելով Սահմանադրութեան պահապանն ու ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրեայ գործունէութեամբ ապահովել եւ շարունակում է ապահովել Սահմանադրութեան մէջ ամրագրուած արժէքների, սկզբունքների, մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների կեանքի կոչումն ու իւրացումը Հայաստանի Հանրապետութիւնում: Սահմանադրական դատարանի դատաւորներն իրենց ամենօրեայ անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրութեան կարեւոր սկզբունքների՝ իրաւունքի գերակայութեան ապահովմանը, օրէնքի առջեւ հաւասարութեան սկզբունքի իրացմանը եւ դրանով իսկ երաշխաւորում են իրաւական պետութեան կայացումը: Թող բոլոր ժամանակներում Սահմանադրութիւնը ծառայի որպէս իրաւական պետութեան կարեւորագոյն փաստաթուղթ եւ Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի պաշտպանուած լինի իրաւունքի գերակայութեան ուժով»:

*

Նոյն օրն՝ արդեն խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինեանը պնդեց հակառակը։ Ազգային ժողովի արտահերթ նիստում, որում քննարկւում է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան փոփոխութիւնների նախագիծը նա հանդէս է եկել ելոյթով։ Ահաւասիկ, որոշ հատուածներ ՝ առանց մեկնաբանութեան.-  «1996, 1998, 2003, 2008, 2013 թուականների նախագահական ընտրութիւններում Սահմանադրական դատարանը դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թոյլ չի տրուել իրացնել երկրում իշխանութիւն ձեւաւորելու իր իրաւունքը: Որովհետեւ Սահմանադրական դատարանը ամէն անգամ զարմացած աչքերով իրեն նայող Հայաստանի Հանրապետութեան քաղաքացուն բացատրել է, որ ինքը, այսինքն քաղաքացին, չի կարող երկրում իշխանութիւն ձեւաւորել : Նա կոչով դիմել է նաեւ Սահմանադրական դատարանի անդամներին ՝ ասելով․ «Սահմանադրական դատարանի շուրջ, այո, ստեղծուել է ճգնաժամ, որը աւելի լայն ճգնաժամ դառնալու վտանգներ է պարունակում, բայց ուզում եմ ասել, որ դուք ինքներդ՝ Սահմանադրական դատարանի անդամներդ, կարող էք լուծել այդ ճգնաժամը՝ մեծ ծառայութիւն մատուցելով պետութեանը եւ ժողովրդին, գնահատելի ծառայութիւն մատուցելով: Դուք՝ խօսքս Սահմանադրական դատարանի անդամների, հին կարգով ընտրուած Սահմանադրական դատարանի անդամների մասին է, ահա դուք բոլորդ կարող եք հրաժարական ներկայացնել Սահմանադրական դատարանի անդամի կարգավիճակից: Դա կարող էք անել այսօր, վաղը, կարող էք անել մինչեւ հանրաքուէի մասին որոշումը Հանրապետութեան նախագահի կողմից ստորագրելը: Ի դէպ, ուզում եմ ասել, որ մենք Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման հարցով քննարկումներ ենք ունեցել Հանրապետության նախագահի հետ եւ համոզուել, որ նա համաձայն է տուեալ իրավիճակը հանրաքուէով լուծելու առաջարկուող բանաձեւի հետ, ինչի մասին կարծում եմ ինքը կը յայտարարի: Ահա, ուրեմն, Սահմանադրական դատարանի յարգելի անդամներ, դուք կարող էք հրաժարական ներկայացնել մինչեւ Հանրապետութեան նախագահի կողմից տուեալ որոշման ստորագրումը եւ դրանով մեծ ծառայութիւն մատուցած կը լինէք Հայաստանի Հանրապետութեանը եւ նրա ժողովրդին: Ասեմ նաեւ, որ պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ՝ առանց բացառութեան, առանձին-առանձին, կամ բոլորով՝ այս հարցը, նրա մանրամասները քննարկելու համար: Կարող եմ խնդրել ձեզ անել այդ քայլը՝ անձամբ, ձեր աչքերի մեջ նայելով եւ կարող եմ ժողովրդի անունից արժանին մատուցել այս իրավիճակը հանգուցալուծելուն ձեր աջակցութեանը:

Եթէ դա ձեզ համար ընդունելի է՝ շատ լաւ, եթէ դա ձեզ համար ընդունելի չէ, ուրեմն հարցը, համոզուած եմ, կը լուծի Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացին, որովհետեւ՝ Սահմանադրությունն է ժողովրդի համար եւ ոչ թէ ժողովուրդը Սահմանադրութեան:

*

Ի դէպ Սահմանադրական բարեփոխումների մասին այս շաբաթ կարծիք է յայտնել նաեւ Հանրապետութեան նախագահը։ Ըստ Արմէն Սարգսեանի  որպէս  նախագահ ինքը հետեւում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:  Արմէն Սարգսեանը  կարեւորում է Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը եւ համարում է, որ ցանկացած գործընթաց պէտք է տեղի ունենայ բացառապէս իրաւական հարթութեան մէջ, բոլոր իրաւական սկզբունքների պահպանմամբ՝ օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների բաժանման ու հավասարակշռման հիման վրայ: Որեւէ գործընթաց չպէտք է վտանգի երկրի կայունութիւնն ու միջազգային հեղինակութիւնը, չպէտք է լինի անձնաւորուած, պէտք է հիմնուի հասարակական համերաշխութեան եւ հանդուրժողականութեան վրայ:

*

Շաբթուայ բերման ենթարկուածները։ Այս շաբաթ ձերբակալուեց Հայաստանի քաղաքաշինութեան կոմիտէի նախագահՎահագն Վերմիշեանն՝ առանձնապէս խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։ Այդ մասին տեղեկացնում է Ազգային անվտանգութեան ծառայութիւնը: Ազգային անվտանգութեան ծառայութիւնը ձեռնարկուած գործող հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողութիւնների արդիւնքում ստացել է փաստական տուեալներ այն մասին, որ Հ.Հ. քաղաքաշինութեան կոմիտէի նախագահը, հանդիսանալով պաշտօնատար անձ, պաշտօնէական դիրքը ծառայութեան շահերին հակառակ օգտագործելով եւ անձնական շահագրգռուածութիւնից ելնելով, շինարակական աշխատանքներ ծաւալող անձանց կամ կառուցապատող ընկերութիւնների ներկայացուցիչների հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների համաձայն, ինչպէս անձամբ, այնպէս էլ մտերիմի միջոցով  5 դէպքով խոշոր եւ  առանձնապէս խոշոր՝ 1.000.000-2.500.000 Հ.Հ. դրամի չափով, գումարի կամարժէքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019-ի ընթացքում նրանց օգտին կատարել է գործողութիւններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը:

*

Նա էլ բերման ենթարկուեց , բայց ազատ արձակուեց։ Անօրինական զէնք-զինամթերք ունենալու կասկածանքով դիմակաւորուած անձինք այս շաբաթ  բերման էին  Հայաստանի ոտնագնդակի համադաշնակցութեան նախագահ, գործարար Ռուբէն Հայրապետեանը։ Սակայն , բերման ենթարկելուց երեք ժամ անց Հայրապետեանն ազատ է արձակուել։

*

Առոջապահական լուրեր։ Քորոնա ժահրի մուտքը Հայաստան կանխելու նպատակով իրականացւում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սահմանը հատելու պահից սկսած։ Անկախ ազգութիւնից՝ բոլոր այն անձինք, ովքեր եղել են Չինաստանում, գտնւում են ամենօրեայ վերահսկողութեան ներքոյ։ Այս մասին տեղեկացրին Հ.Հ. առողջապահութեան նախարարութիւնից։

«Հայաստան ժամանող քաղաքացիների համար սահմանային հսկիչ կէտերում լրացւում են հասցէական թերթիկներ եւ սահմանւում է հսկողութիւն` ըստ իրենց բնակավայրի։

*

14-օրեայ հսկողութիւն է սահմանւում այն անձանց նկատմամբ, ովքեր չունեն ախտանշաններ: Իսկ նրանք, ում մօտ ի յայտ են գալիս նոր ժահրին բնորոշ ախտանշաններ՝ հազ, տենդ, դժուարացած շնչառութիւն, անմիջապէս հիւանդանոց են ուղղարկում են եւ մէկուսացւում են:

*

Եւ վերջում։ Այս շաբաթ նա պաշտօնապէս մտաւ քաղաքական դաշտ։ Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն Արթուր  Վանեցեանը տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարել է քաղաքական գործունէութիւն սկսելու եւ կուսակցութիւն հիմնելու որոշման մասին։  Նա հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ ներքաղաքական որոշ հարցերի։ Օրինակ ըստ Վանեցեանի՝ Ռոպերթ Քոչարեանի խափանման միջոցը՝ կալանաւորումը, սխալ է ընտրուած:  Նա նշել է, որ հանրապետութեան երկրորդ նախագահը երբեւիցէ որեւէ քայլով ցոյց չի տուել, թե խուսափում է քննութիւնից: Արթուր Վանեցեանի կարծիքով՝ ճիշտ կը լիներ՝ Ռոպերթ Քոչարեանի խափանման միջոցը վերանայուէր: Դա նաեւ կը թուլացնէր լարուածութիւնը հասարակութեան որոշ շրջանակներում եւ կը նպաստեր գործի լիարժէք քննութեան ու բացայայտմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*