Ջաւախքը Սահուն Կերպով Նախիջեւանի է Վերածւում

Գրեց՝ Եդուարդ Այվազեան
Դասական ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան
Յունուար 31, 2020
Վրաստանի Սամցխէ-Ջաւախք շրջանը գտնւում է շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում: Այստեղ բախւում են Ատրպէյճանի, Թուրքիոյ, Վրաստանի ու Հայաստանի շահերը: Այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրութիւններ ունի նաեւ Ռուսաստանը, ինչը արտայայտւում է տարբեր ձեւերով: Սակայն այստեղ գլխաւոր խաղացողներ վերոյիշեալ չորս պետութիւններն են, որոնց նպատակները տարբեր են: Թուրքիան ու Ատրպէյճանը այլ շահեր ու ծրագրեր ունեն Ջաւախքի նկատմամբ, Հայաստանն ու Վրաստանը ուրիշ: Չնայած որ Հայաստանի ու Վրաստանի շահերը համաշխարհային համընկնում են , սակայն ի տարբերութիւն Թուրքիոյ ու Ատրպէյճանի, նրանք չեն գործում միասնական խաղախումբով եւ դրանով յաճախ ջուր լցնում են թուրք-ատրպէյճանական գործակցութեան ջրաղացին:
Թուրքիան ոչ մի կերպ չի համակերպւում այն մտքի հետ, որ 1830-ական թուականներին ստիպուած էր զիջել Ախալցխան ռուսական կայսրութեան: Այն մինչեւ հիմա հաւակնութիւններ ունի Աճարիոիեւ Ջաւախքի նկատմամբ, բայց ի տարբերութիւն 1918 թուականի, երբ Թուրքիան բացայայտ ձեւով յարձակուել էր Սամցխէ-Ջաւախքի վրայ, հիմա Թուրքիան փորձում է այս շրջաններին տիրանալ ֆինանսական ներդրումների ու մարդկային ներհոսքի միջոցով: Սակայն չի բացառւում, որ օրերից մի օր անհաւասարակշիռ Ռեճէպ Թայիպ Էրտողանը աշխարհաքաղաքական դէպքերի բերումով որոշի զօրք մտցնել Աճարիա ու Ջաւախք:
Դէպքերի նման զարգացումը այս պարագայում երեւակայական տեսակի է թւում եւ այն այս պայմաններում քիչ հաւանական է, սակայն ոչ մէկ չգիտի ինչ իրավիճակ է լինելու վաղը մեր տարածաշրջանում: Ու եթէ մենք հաշուի առնենք Թուրքիոյ ռազմական նախայարձակումը Իրաքում ու Սուրիաում, ինչպէս նաեւ հիւսիսային Կիպրոսի բռնագրաւումն ու յարձակողական պահուածքը Հայաստանի նկատմամբ, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում բացայայտելով Թուրքիոյ իրական պատկերը: Նոյնիսկ ինք՝ Էրտողանը երբեք չի թաքցրել, որ հաւակնութիւններ ունի Պաթումիի նկատմամբ:
Եւ ահա այս պայմաններում արդէն 30 տարի է ինչ Սամցխէ-Ջաւախքի տարածաշրջանը արագ տրամադրութեամբ հայաթափւում է խնդիրներ ստեղծելով Վրաստանի ու Հայաստանի անվտանգութեան համար: Հետաքրքրականը այն է, որ ոչ Հայաստանը եւ առաւել եւս ոչ Վրաստանը չեն գիտակցում այս վտանգի հետեւանքները: Վրաստանը նոյնիսկ կարծում է , որ ինքնուրոյն կարողանալու է լուծել այս ժողովրդագրական խնդիրը, որը ստեղծուել է հայերի հեռացման հետեւանքով:
Սակայն վերջին տարիների փորձը ցոյց է տալիս, որ հայաթափուած Ախալցխա քաղաքում հայերի տեղը զբաղեցրել են նոյն շրջանի գիւղերից քաղաք իջած վրացիները , ինչի հետեւանքով իրենց վրացական գիւղերն են դատարկուել: Դրանից բացի նրանց մի մասը հեռացել է Թիֆլիս, ցանկանալով ապրել մայրաքաղաքում: Վերջին տասնամեակներին, եթէ ինչ որ ներգաղթ էլ եղել է, դա կատարուել է այսպէս կոչուած թուրք-մեսխեթցիների հաշուին: Այսպիսով պէտք է փաստենք, որ շրջանը կամաց-կամաց հայաթափւում է վտանգելով իր քրիստոնէական դիմագիծը: Նոյն վիճակն է նաեւ Ախալքալաքում եւ Նինոծմինդայում: Ուղղակի այնտեղ գիւղերի շատ լինելու պատճառով խնդիրը այդքան աչքի չի ընկնում ինչպէս Ախալցխայում:
Ատրպէյճանը իր հերթին ամեն ջանք գործադրում է , որ Վրաստանի Քվեմօ Քարթլի շրջանում, որը սահմանակցում է Սամցխէ-Ջաւախքին, գնալով աւելանայ ատրպէյճանական բնակչութիւնը ու դրա հետ մէկտեղ իր ազդեցութիւնը: Նրանց ծրագիրը շատ պարզ է: Այստեղով իրականացւում են նրանց տնտեսական եւ փոխադրամիջոցի խոշորագոյն նախագծերը, որոնք են Պաքու – Թիֆլիս – Ջէյհանը եւ Պաքու – Թիֆլիս – Կարսը: Թուրքիոյ ու Ատրպէյճանի միջեւ փոխադրութեան եւ ուժանիւթական կապը արդէն փաստացի կայ եւ մնում է այն ամրագրել թրքական ազգաբնակչութեան ներկայութեամբ: Իսկ հայաթափուած եւ թուրք- մեսխեթցիներով բնակեցուած Սամցխէ- Ջաւախքի տարածաշրջանի վերջին հանգրուանը Թուրքիան ու Ատրպէյճանն է լինելու:
Նման չարաբաստիկ ուրուագիծի իրականացման դէպքում Վրաստանը կարող է կորցնել այս գեղեցիկ շրջանը, իսկ Հայաստանը յայտնուել Թուրքիոյ եւ Ատրպէյճանի լիակատար շրջափակման մէջ: Այս իրավիճակում Նախիջեւանի հայաթափման ցաւալի ու վտանգաւոր հետեւանքները շատ աւելի մեղմ են լինելու քան Ջաւախքի հնարաւոր հայաթափման հետեւանքները:
2018 թուականին Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ Նոր Հայաստանի իշխանութիւնները պէտք է լաւ վերլուծեն այս տարածաշրջանում կատարուող իրադարձութիւնները եւ փորձեն անկեղծ զրոյց ստեղծել Վրաստանի իշխանութիւնների հետ կանխելու համար թուրք-ատրպէյճանական նենք ծրագիրը Սամցխէ-Ջաւախքի ու Աճարիոյ վերաբերեալ: Դա հարկաւոր է անել ինչպէս Հայաստանի այնպէս էլ Վրաստանի անկախութեան եւ ինքնիշխանութեան ապահովման համար:

Սամցխէ-Ջաւախքի Մետիա Վերլուծական Կեդրոն

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*