Ո՞ւմ Գնդակահարենք 2040 Թուականին

0 0
Read Time:7 Minute, 21 Second

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

Հանրութեան որոշ անհատների եւ ուժերի մօտ կար եւ կայ մի համոզում, որ Հայաստանը ղեկավարելը շատ հեշտ է, քանի որ այն փոքր պետութիւն է՝ աւելի փոքր, քան Մոսկուայի, Թեհրանի կամ Նիւ Եորքի մի թաղամաս: Սոյն պարզունակ մօտեցումը թոյլ չի տալիս յանգելու ճիշդ եզրակացութեան՝ Հայաստանի Հանրապետութիւնը փոքր պետութիւն է, սակայն որպէս պետութիւն ունի բազմաթիւ խնդիրներ եւ լուծման ենթակայ հարցեր, որոնք չունեն նոյնիսկ Ա.Մ.Ն. կամ Ռուսիա ամենամեծ նահանգներն ու երկրամասերը: Ցանկացած պետութեան զարգացման ու առաջընթացի համար հարկաւոր է ունենալ պետական քաղաքականութիւն, որն իրականում մի շարք ոլորտային քաղաքականութիւնների միասնականութիւն է: Պետութիւնն ունի ուժանիւթի, փոխադրութեան, գիւղատնտեսական, կրթական, ընկերային, կենսաթոշակային, անվտանգութեան եւ բազմաթիւ այլ խնդիրներ, իսկ Հայաստանի պարագայում այդ ամէնին գումարւում է եռացող տարածաշրջանը, երկու հարեւանի հետ փաստացի պատերազմական վիճակը եւ նրանց կողմից Հայաստանը վերացնելու անթաքոյց ձգտումը: Մեր երկրի առջեւ փաստացի կանգնած եւ հրատապ լուծում պահանջող խնդիրներն աւելի բարդ են, քան Հայաստանից չափերով մի քանի անգամ մեծ եւրոպական միջին վիճակագրական պետութիւնում:

Հայ հանրութեան (ներառեալ՝ արտերկրում ապրող հայրենակիցների) շրջանում ընթացող ողջ բանավէճը կառուցւում է իրական բովանդակային քաղաքական խօսոյթէ դուրս՝ զգացմունքային դաշտում, իսկ հանրութեան բաժանումն անցնում է հիմնականում նախկինների իրականանման ու ներկաների նկատմամբ վերաբերմունքի գծով: Հայաստանի՝ որպէս պետութեան, իրական խնդիրները, որոնց մի քանի օրինակ կը ներկայացնենք ստորեւ, կարծես ոչ մէկին չեն հետաքրքրում:

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆ

Հայաստանի էներգետիկ ապահովուածութիւնը կախուած է ատոմակայանի գործունէութիւնից: Ենթադրենք մի քանի տարուց մի անգամ էլ երկարացնենք ատոմակայանի գործունէութեան ժամկէտը: Յետո՞յ: Ուզենք թէ չուզենք, բայց նոյնիսկ լաւագոյն բեմագրութեան  դէպքում 15 տարի յետոյ պէտք է ունենանք նոր ատոմակայան կամ էներգիայի մի այնպիսի աղբիւր, որը կ՛ապահովի ներկայիս պահանջարկի 40-50 տոկոսը: Իսկ որպէսզի դա ունենանք 2030ականներին, ապա առաջիկայ հինգ տարուայ ընթացքում պէտք է իրականացուի մեծածաւալ աշխատանք: Որեւէ մէկը Հայաստանում զբաղւո՞ւմ է կամ ինչ-որ մէկին հետաքրքրո՞ւմ է այս հարցը, կամ ումի՞ց ենք ակնկալում այդ խնդիրների լուծումը:

ՓՈԽԱԴՐՈՒԹԵԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆ

Հանրութեան կարճ յիշողութիւնը թոյլ չի տալիս յիշելու 1990ականների առաջին կէսին՝ պատերազմի եւ շրջափակման տարիներին, հայկական օդագնացութեան գործած անթիւ, անհամար սխրանքները (փախստականների տեղափոխում, վառելիքի, պարէնի, զէնքի մատակարարում, դեսպանատների բացակայութեան պայմաններում աւիաընկերութեան ներկայացուցչութիւնների միջոցով արտաքին աշխարհի հետ բոլոր տեսակի կապերի ապահովում եւ այլն): Տարածաշրջանային թեթեւ լարուածութիւնը, էլ չասենք՝ պատերազմը, յանգեցնելու է օտարերկրեայ աւիաընկերութիւնների թռիչքների էական մասի դադարեցմանը: Ո՞վ է ապահովելու երկրի տրանսպորտային անվտանգութիւնը: Վերջերս օրերով չէինք կարողանում մօտակայ երկրներից Հայաստան տեղափոխել ծանր կացութեան մէջ յայտնուած ընդամէնը 100 հայրենակցի: Չմոռանանք, որ այն հզօր աւիացիան, որը մենք ունէինք անկախութեան սկզբում, մեծ հզօր պետութեան կազմում կատարուած հսկայածաւալ աշխատանքի արդիւնք էր: Երկրի իրական կարիքները բաւարարող մրցունակ ազգային աւիացիա ունենալու համար այսօրուանից պահանջուելու է տարիների աշխատանք: Իսկ փոխադրութեան մնացած ուղղութիւնները կարելի է բնութագրել որպէս համակարգի բացակայութիւն եւ ամբողջական տրանսպորտային քաոս: Որեւէ մէկը Հայաստանում զբաղւո՞ւմ է կամ ինչ-որ մէկին հետաքրքրո՞ւմ է այս հարցը: Եթէ հաշուի առնենք, որ սոյն ոլորտին երկրում խորքային տիրապետում են 4-5 հոգի, որոնք ոչ միայն պատասխանատու պաշտօնի չեն, այլ ընդհանրապէս քաղաքական գործընթացներից դուրս են, ապա պատկերը պարզ է դառնում:

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

Կողմ դնելով լաւատեսական ռոմանտիզմը, արձանագրենք, որ սոյն հարցով էական տեղաշարժի բացակայութեան դէպքում, իսկ ժողովրդագրութիւնը պահանջում է քաղաքաշինական, առողջապահական, կրթական, սոցիալական եւ, իհարկէ, զբաղուածութեան խնդիրների համալիր լուծում տասնամեակների կտրուածքով, ապա 2040 թուականին բնակչութեան թիւը լինելու է 2.5 միլիոնից պակաս: Դա ոչ միայն բացառելու է կայուն զարգացման հնարաւորութիւնը, այլ ինքնին օրակարգային է դարձնելու պետութեան ու ազգի ֆիզիկական գոյութիւնը:

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ

Կուտակային կենսաթոշակային համակարգը շարունակելու է պետական բիւջէի եւ բնակչութեան օրինականացուած հարստահարումը, պետական բիւջէի միջոցների վատնումը եւ պետութիւնից դուրս ոչ միայն պետութեանը չծառայող, այլ փաստացի վնաս հասցնող ֆինանսական համակարգի սնուցումը: Արդէն հիմա միայն պետական մասհանումը կազմում է տարեկան մօտ 60 միլիարդ դրամ, որն ամէն տարի աճելու է՝ չհաշուած բնակչութեան մասհանումները: Քսան տարի յետոյ հանրութիւնը ոչ միայն կանգնելու է միլիարդաւոր դոլարներին տիրութիւն անելու, այլ նաեւ սեփական կենսամակարդակը փրկելու խնդրի առջեւ: Իսկ եթէ հաշուի առնենք կորցրած տարիները եւ տնտեսական զարգացման սխալ ուղղութիւնը, ապա կորուստները շատ աւելի ցաւալի են լինելու: Պետութեանը եւ բնակչութեանը ծառայող նոր կենսաթոշակային համակարգի ձեւաւորումը եւ ներկայիս խայտառակ համակարգից հրաժարուելը պահանջելու է տարիներ, մասնագիտական մեծածաւալ աշխատանք, ինչպէս նաեւ քաղաքական կամք եւ վճռականութիւն:

ԱՂՔԱՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԲԱՂՈՒԱԾՈՒԹԻՒՆ

Յայտնի է, որ հեշտ է անցնել նախնական համահարթ հարկահաւաքմանը եւ բազմակի անգամ բարդ՝ անցնել իրականում առաջադիմական եւ ճիշդ աճող  հարկմանը՝ եկամուտների գրագէտ վերաբաշխմամբ ու տնտեսութիւնում նիւթական հոսքերի արդիւնաւէտ կարգաւորմամբ: Հարկային վերջին համահարթեցումը միանշանակ առաջիկայ տարիների կտրուածքով խորացնելու է անդունդը բնակչութեան ապահով եւ անապահով խաւերի, հարուստների եւ աղքատների միջեւ՝ բոլոր իր հետեւանքներով: Իսկ զբաղուածութեան խնդրի լուծումը առանց պետական ներդրումային քաղաքականութեան, ապաւինելով բացառապէս ազատ շուկայական յարաբերութիւններին եւ մասնաւոր ներդրումներին, դա յատուկ միամիտ նոր ազատական է, որը բնորոշ է մեր քաղաքական դաշտի գրեթէ բոլոր մասնակիցներին անկախութեան առաջին օրերից մինչ օրս: Այս ամէնի մասին նոյնպէս կարծես թէ հանրային դիսկուրս չկայ:

ԳԻՒՂԱՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ ԵՒ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆ

Որքան խոցելի ենք որպէս պետութիւն պարէնային անվտանգութեան մասով եւ որքան խնդիրներ են կուտակուած գիւղատնտեսութեան ոլորտում, որտեղ զբաղուած է (կամ աւելի ճիշդ՝ գոյատեւում է) բնակչութեան մէկ երրորդը, ի յայտ է գալիս ամէն օր: Իսկ ոռոգման համակարգի ծանրագոյն խնդիրը իր կորուստներով, արդիւնաւէտութեան բարձրացման եւ մեծածաւալ ներդրումների անհրաժեշտութեամբ եւ այլն, պահանջում է տարիների երկարաժամկէտ աշխատանք, մեծ գումարներ, համբերութիւն եւ խնդրի կատարեալ տիրապետում: Գիւղատնտեսութիւնը նոյնպէս այն ոլորտներից է, որտեղ մէկ կամ երկու տարում շօշափելի եւ որակական փոփոխութիւններ չեն լինելու: Իսկ տասը տարի յետոյ արդիւնք ունենալու համար հարկաւոր է աշխատել արդէն այսօր: Բնապահպանութիւնը աւելի լայն խնդիր է, քան բնութեան պարզ պահպանութիւն: Սա մարդու կենսագործունէութեան եւ երկարաժամկէտ կտրուածքով տուեալ տարածքում բնութեան հետ ներդաշնակ ապրելու ունակութիւնն է: Եւ տուեալ ոլորտի խնդիրները տարածւում են առողջապահութիւնից մինչեւ քաղաքաշինութիւն եւ հանքարդիւնաբերութիւն: Այստեղ արդիւնաւէտ քաղաքականութիւնների իրագործումը նոյնպէս պահանջում է պետական մտածելակերպի առկայութիւն եւ յաջորդ սերունդների մասին մտածելու ունակութիւն: Բնապահպանական ցածր գիտակցութիւնը, նիւթապաշտութիւնը եւ ապագայով ապրելու փոխարէն բացառապէս այսօրուայ մասին մտածելով մայրաքաղաքը շարունակելու ենք դարձնել բնակութեան համար անբարենպաստ քաղաք, իսկ մարզերը՝ աւելի ու աւելի ոչ գրաւիչ շարքային քաղաքացու համար:

Իրական մարտահրաւէրները շատ-շատ են: Յատուկ վերը նշուած ցանկում չեն աւելացուել տեղեկատուական անվտանգութեան խնդիրը՝ հանրութեան խոցելիութիւնը լաւագոյնս ապացուցուեց վերջին տարիներին, ինչպէս նաեւ ռազմական եւ անվտանգութեանն առնչուող այլ հարցեր, ենթադրելով, որ միայն իրականութիւնից կտրուածը կարող է մտածել, որ նման հարցեր չկան: Եթէ այս ամէնին գումարենք Թուրքիայի անթաքոյց ցանկութիւնը աւարտին հասցնելու կիսատ գործը եւ հայ ժողովրդին վերացնելու սեփական հայրենիքում, ապա ակնյայտ է, որ երկրի առջեւ կանգնած խնդիրները ոչ միայն պահանջում են հէնց այսօրուանից ամէնօրեայ քրտնաջան ու հետեւողական աշխատանք, այլ նաեւ երկարաժամկէտ ռազմավարութիւնների իրականացում, որոնց արդիւնքը լինելու է 10, 15 կամ 20 տարի անց: Սակայն իրավիճակի անհեթեթութիւնը  կայանում է նրանում, որ նոյնիսկ արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն օրակարգերի վերաբերեալ իսպառ բացակայում են համակարգային լուծումները եւ դրանց շուրջ հանրային բանավէճը: Եւ խօսքը միայն քաղաքական դաշտի մասին չէ: Վերջինս այն հասարակութեան արտացոլումն է, որն իր հերթին պատշաճ չի երկրի մարտահրաւէրներին եւ ժամանակակից ու արդիւնաւէտ պետութիւն ունենալու հրամայականին: Անշուշտ իրաւացիօրէն կ՛ասեն, որ այս հիմնախնդիրները մեծամասամբ ժառանգուել են նախկիններից կամ կուտակուել են նախկինում դրանք չլուծելու պատճառով: Դա իսկապէս այդպէս է: Բայց նաեւ փաստ է, որ այսօր նոյնպէս շարունակում ենք գտնուել նոյն՝ պետական իրական կառավարումից եւ պետութեան իրական հոգսերից կտրուած վիճակում: Եւ նախկինից կուտակուած կամ լուծուած չլինելու հանգամանքի արձանագրումից այս խնդիրները չեն դադարում գոյութիւն ունենալ:

Ապագայի դիսկուրսը եւ երկրի իշխանութեան ձեւաւորումը պէտք է կայանայ բացառապէս այս եւ բազմաթիւ այլ խնդիրների լուծման հարցի շուրջ: Կարելի է քաղաքական պայքարի յայտ ներկայացնել քննադատելով: Նոյնիսկ քաղաքական պայքարի յայտ կարելի է ներկայացնել պարբերաբար խրոխտ սիւնեակներ գրելով կամ ինստագրամեան ոճի լուսանկարներ հրապարակելով: Այս ամէնը գուցէ շատ հետաքրքիր է լրահոսը կամ շարքային քաղաքացու առօրեան լցնելու համար, սակայն ամենակարեւոր հարցն այն է, թէ ի՛նչ են առաջարկում կամ պատրաստւում անելու յաւակնութիւններ ներկայացնողները: Ինչի՞ համար են այդ յաւակնութիւնները: Ինչի՞ համար են մարդիկ ուզում գալ իշխանութեան:

Քաղաքացիները միշտ մտածել են՝ «կարեւորը սրանց փոխենք»: Սակայն 2018-ը հերթական անգամ ապացուցեց այն, ինչը շատերը չեն գիտակցում՝ կարեւոր է ոչ միայն իշխանափոխութիւնը, այլ նաեւ այն, թէ ով է լինելու յաջորդ իշխանութիւնը եւ ինչ է այն անելու: Եթէ կարեւորագոյն հարցերի պատասխանները չկան, ապա «քաղաքական պայքար» կոչուող այս երեւոյթը պարզապէս կը նշանակի հերթական անթաքոյց մոլուցքը ամէն գնով հասնել պետութեան հաշուին առանձնատանը ապրելու եւ պետական բիւջէն վատնելու հնարաւորութեանը: Իսկ նման շռայլութիւն մեզ թոյլ տալ այլեւս չենք կարող:

10-15 տարիները նոյնպէս արագ թռչելու են, իսկ մենք կանգնած ենք լինելու բոլորովին այլ՝ արդէն լինելիութեան եզրին: Անշուշտ, 2040 թուականին սերունդները նոյնպէս կարող են ասել, որ բազմաթիւ խնդիրներ ծնունդ են առել առաջին նախագահի իշխանութեան տարիներին, մատնանշել երկրորդ կամ երրորդ նախագահների տարիների սխալներն ու կորցրած հնարաւորութիւնները, չորրորդ իշխանութեան մանկամտութեան ու ամբարտաւան գեղարուեստապաշտութեան պատճառով բարեփոխումներ իրականացնելու շպաշարի մսխումը եւ այլն: Եւ ճիշդ են լինելու: Ասեմ աւելին, քսան տարի յետոյ նոյնիսկ կարող են որոշել, թէ ով է արժանի գնդակահարութեան կուտակային կենսաթոշակային անկումի համար՝ Կեդրոնական դրամատան այն խումբը, որը նախաձեռնեց, սակայն դիմադրութեան հանդիպելով չկարողացաւ ամբողջութեամբ ներդնել կուտակային համակարգը, թէ «յեղափոխական» թիմը, որն ամբողջութեամբ ներդրեց եւ իրագործեց իր կողմից «յանցաւոր» բնութագրուող ռեժիմի խիստ վիճահարոյց ծրագիրը:

Շատ մարդկանց վրայ կարելի է մեղքը բարդել 2040ին, բայց դրանից ո՛չ երկրի վիճակն է լաւանալու, ո՛չ էլ այդ խնդիրներն են լուծուելու: Մարդիկ, լաւ թէ վատ, ինչ-որ բան անում են եւ դուրս գալիս ասպարէզից: Սա է ժամանակի եւ պատմութեան օրէնքը: Բոլոր մեր նախկին ղեկավարների օրօք ունեցել ենք թէ՛ նուաճումներ, թէ՛ սխալներ, թէ՛ յաղթանակներ, թէ՛ կորուստներ:

Բայց այդ ամէնն այլեւս պատմութիւն է: Գուցէ արդէն ժամանա՞կն է մտածելու ապագայի մասին, որը գալու է շատ աւելի արագ, քան կարծում ենք: Թէեւ չեմ բացառում, որ յաջորդ սերունդները, այնուամենայնիւ, կը դիմեն գնդակահարութեան մեթոտին՝ առանց անկախութեան յիսունամեակի կապակցութեամբ համաներում կիրառելու: Չէ՞ որ ի վերջոյ իսկական յեղափոխութիւնն այլ կերպ չի լինում:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՄՈԼՈՐԱԿԸ ՈՒՆԻ 7,637 ՄԻԼԻԱՌ ԲՆԱԿԻՉ, 2050ԻՆ Կ’ՈՒՆԵՆԱՅ 9,7 ՄԻԼԻԱՌ ԲՆԱԿԻՉ, ԱՅՍՕՐ ՈՒՆԻ 2165 ՄԻԼԻԱՌԱՏԷՐ
Next post ՆՇՄԱՐ.- ԴԱՐՈՒՍ (ՆՈՐԱԳՈՅՆ) ԱՆԱՐԴԱՐՈՒԹԻ՛ՒՆԸ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles