Յայտարարութիւն

2019 թյունուարի 16-24-ը Ստեփանակերտում կայացած Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրելովոր`

-Անցնող քառամեակում կուսակցութիւնը, հարազատ մնալով իր ռազմավարական սկզբունքներին, մշտապէս գործունէութեան առանցքում է պահել հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան, Հայաստանի պետականութեան ամրապնդման, երկրի կայունութեան եւ անվտանգութեան հարցերը.

-Վերահաստատում է Արցախի հիմնահարցի վերաբերեալ նախապէս յայտարարուած դիրքորոշումները.

-Հայկական աշխարհը, իր բաղադրիչ մասերով` Հայրենիք եւ Սփիւռք, որպէս մէկ միասնական ամբողջութիւն, այն ուժն է, որը կարող է մրցակցային առաւելութիւններ ապահովել ժամանակակից աշխարհում.

-Ապրիլեան համաժողովրդական շարժման արդիւնքում ապագայի նկատմամբ ոգեւորութեան եւ յոյսի նոր ալիք է բարձրացել, որի ճիշդ հունաւորումը կարող է ապահովել Հայաստանի եւ հայութեան յետագայ առաջընթացը.

-Առաջիկայ ժամանակահատուածում Հ.Յ. Դաշնակցութիւնը գործելու է ներքաղաքական եւ արագ փոփոխուող աշխարհաքաղաքական նոր իրողութիւնների պայմաններում.

-Հայկական Սփիւռքի կազմակերպման եւ զարգացման գործը շարունակում է մնալ ՀՅԴ համահայկական ռազմավարութեան էական բաղադրիչներից մէկը.

-Հ.Յ.Դ.-ն հաւատարիմ է հայութեան Պահանջատիրութեանն ու անժամանցելի իրաւունքների վերականգնմանը.

Յայտարարում է`

Իբրեւ արտախորհրդարանական քաղաքական ուժ, ազգային ուղեգծին ու ընկերվարական իր գաղափարախօսութեանը հաւատարիմ, Դաշնակցութիւնը շարունակելու է իր մշտանորոգ ընթացքը, նպատակ ունենալով կերտել ազատութեան, արդարութեան եւ համերաշխութեան հիմնարար սկզբունքների վրայ հիմնուած իրաւական, ժողովրդավարական եւ սոցիալական պետութիւն:

-Հաւատարիմ է մնալու «զարգանալ` չզիջելով» սկզբունքին, թոյլ չտալով որեւէ շեղում ազգային ուղեգծից ու նպատակադրումներից.
-կողմնակից է Հայաստանի բազմաբեւեռ, փոխլրացնող արտաքին քաղաքականութեանը.
-որակական նոր թափ է հաղորդելու Հայ դատի պայքարին.
-շարունակելու է աջակցել ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութեանը.
-վճռականօրէն հակազդելու է ներազգային պառակտումների ցանկացած փորձի.
-հանդէս է գալու հայութեան ազգային, հոգեւոր հաստատութիւնների եւ արժէքների պաշտպանութեան յանձնառութեամբ.
-խրախուսելու է տարբեր հարթակներում կանանց առաւել շօշափելի ներկայութիւնը:

Առ այդ, Հայ յեղափոխական դաշնակցութիւնը կոչ է ուղղում աշխարհասփիւռ իր շարքերին, համակիրներին եւ ուղեկից կառոյցներին` համախմբուելու հայութեան ու Մայր հայրենիքի կենսական շահերի շուրջ` յանուն Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստնի կերտման:

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողով
Արցախ, Ստեփանակերտ
25.01.2019

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*