Hairenik Weekly Newspaper

«Քոչարեանի Հետ Համագործակցութեան Ո՛չ Որոշում Ունենք, Ո՛չ Էլ Օրակարգ» Կը Յայտնէ Հ․Յ․Դ․ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան

Ստորեւ, լոյս կ՛ընծայենք հարցազրոյց մը կատարուապ «Ազատութիւն» կայանին կողմէ, Հ․Յ․Դ․ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի Հետ

Հ.- Պարոն Մարգարեան, 2008-ին Դաշնակցութիւնը իշխանութեան մաս է կազմել. արդեօք ձեզ պատասխանատու համարո՞ւմ էք 2008 թուականի Մարտի 1ին տեղի ունեցածի համար, տաս զոհերի համար։

Պ.- Ես կարծում եմ, երկրում ինչ տեղի է ունենում, բոլորը պատասխանատու են, ուղղակի կամ անուղղակի, անկախ նրանից, թէ որտեղ են յայտնուել: Նախ 2008թ. Մարտի 1ի ժամանակ մենք բաւական հեռաւորութեան վրայ ենք եղել, որովհետեւ մենք նախագահական ընտրութիւններին մասնակցել ենք սեփական թեկնածուով եւ հէնց այդ առումով, նախընտրական ամբողջ պրոցեսներին, մենք հեռու ենք եղել կանգնած, մրցակից էինք:

Երկրորդ, մենք զգում էինք, որ դէպքերը տանում են դէպի առճակատում եւ այդ ժամանակ, նախքան Մարտի 1ը, մենք մի երկու յայտարարութիւն ենք հրատարակել, որ մի գնացէք այս ճանապարհով, ճանապարհի վերջը լաւ չի: Նոյնիսկ մեր կանանց կազմակերպութիւնը խաղաղասիրական ցոյց է կազմակերպել, աղաւնիներ է թռցրել Հ․Հ․Շ․-ի եւ Հանրապետականի գրասենեակների առջեւ: Մարտի 1ը մեր ողբերգութիւնն է, բայց դրա համար բոլորն են պատասխանատու: Պատասխանատու է, թէ այս կողմը եւ թէ այն: Ես չեմ ընդունում, երբ նախկինները Մարտի 1 էին քննարկում, միայն մի կողմին էին ձերբակալում ու հարցաքննում, իսկ հիմիկուանները միայն միւս կողմին են ձերբակալում եւ հարցաքննում: Այս տեսակ քննութիւն չի լինում: Բայց Մարտի 1ը մեզ դաս է եղել: Որն է դրա ապացոյցը. Մարտի 1ին բարիկադներ սարքող մարդիկ, այդ ձեւով յեղափոխութիւն անել ցանկացողները, 18 թուականին ձեռքերը վեր յեղափոխութիւն կազմակերպեցին: Դրանով իրենք ասեցին, որ այն ժամանակ սխալ են եղել: Իշխանութիւնը, որ կրակում էր, այս անգամ չկրակեց, այս անգամ յանձնուեց առանց արիւն թափելու: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ մենք Մարտի 1ից, իսկապէս մեր դասերն առել ենք: Սակայն մեր այսօրը, որ նոր Հայաստան է, այսօրը, որը մենք պէտք է ծառայեցնենք մեր ժողովրդի բարօրութեանը, երկրի դիմագծի յստակեցմանը, մենք պէտք է գնանք համերաշխութեան ճանապարհով, պէտք է գնանք միասնականութեան ճանապարհով: Մարտի 1ը չպէտք է մեզ խանգարի: Այսօր էլ Մարտի 1ը մեր մէջ չպէտք է թշնամանք ստեղծի: Նոյնիսկ եթէ հարցը պէտք է քննենք, յստակեցնենք, մեղաւորներ գտնենք, դա պէտք է անենք այնպէս, որ մեր ժողովրդի մէջ նոր թշնամական մթնոլորտ չստեղծուի: Եթէ մենք սիրում ենք մեր երկիրը, որովհետեւ ամէն ինչից վեր այս երկիրն է ու այս ժողովուրդը: Մենք իրաւունք չունենք կողմնակի հարցերով այդ հարցին վնասել: Մենք չպէտք է կողմնակի հարցերով այնպէս անենք, որ այս նոր Հայաստան հասկացողութիւնը վտանգուի: Հարցն ինչ է: Անցեալի էջը փակուած է: Վերադարձ անցեալ՝ չի լինի: Սա պէտք է գիտակցենք բոլորս եւ նաեւ հաշուի նստենք այս նոր Հայաստանի հետ: Նոր Հայաստանը պէտք է կառուցուի, պէտք է ստեղծուի, ձեւաւորուի, կազմաւորուի ժողովրդավարութեան ամբողջական հասկացողութեան վրայ: Նոյնիսկ եթէ կան հարցեր, որոնք քրէական հետապնդման կարիք ունեն, դատական քննութեան՝ այդ ամբողջը պէտք է արուի այնպէս, որ ժողովրդավարութիւնը չվտանգուի: Պէտք է արուի այնպէս, որ վստահութեան մթնոլորտ ստեղծուի: Ապա թէ ոչ՝ մենք կրկնելու ենք նոյնը, ուղղակի այն ժամանակ արւում էր այն կողմ, այսօր արւում է դէպի այս կողմ: Սա մեր երկրին օգուտ չի բերի, ոչ այսօրուայ իշխանութիւններին կը բերի, ոչ էլ մեր երկրին ու ժողովրդին:

Հ.- Պարոն Մարգարեան, դուք ասում էիք նախկին իշխանութիւնը, որ կրակում էր, դուք ի նկատի ունէք իշխանութիւնները կրակեցին 2008 թուականին:

Պ.- Այստեղ դատարան չի, եւ այդ տեսակի զրոյցի մէջ արի չմտնենք: Ոչ դու ես դատախազ եւ ոչ ես պաշտպանուելու խնդիր ունեմ: Ես երեւոյթի մասին եմ խօսում: Վերջապէս երկու ոստիկան, եւ ութ քաղաքացի է սպանուել: Մէկը կրակել է, ինձ չի հետաքրքրում ով է կրակել: Ինձ հետաքրքրում է, որ գնացինք գիտակցաբար, որ այդ վիճակը ստեղծենք: Եւ չկարողացանք մեր մէջ կամք գտնել, գիտակցութիւն, խոհեմութիւն, իմաստնութիւն, որ չտանէինք երկիրն այդ վիճակին: Եւ դրա համար բոլորն էլ պատասխանատու են: Բայց այդ օրերին, մենք ոչ այս կողմում ենք եղել, ոչ էլ՝ այն: Մենք եղել ենք այնտեղ, որտեղից ասել ենք կանգ առէք, այս ընթացքը ճիշդ տեղ չի տանում: Այս ընթացքը տանում է առճակատման, մի գնացէք այս ճանապարհով: Բայց մեզ չլսեցին:

Հ.- Մարտի 1-ից յետոյ, Դաշնակցութիւնը մաս կազմեց իշխանութեանը:

Պ.- Այո, Մարտի 1ից յետոյ, երբ մենք Ղարաբաղում, առաջին անգամ լինելով, կորուստ ունեցանք: Երբ երկրի վիճակը իսկապէս վատ էր, անկայունութիւն էր եւ մենք կարող էինք նոր ձախողութիւններ ունենալ: Մենք երկրի համար կոալիցիա կազմեցինք: Մեզ էդ տեսակ բաներ չի կարելի վերագրել: Մեզ այսօր ասում են,  Քոչարեանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրութիւն էք դրել: Միթէ այն ժամանակ չէինք դրել: Ինչո՞ւ էք մոռացել: Այն ժամանակ Ալեքսանտր Արզումանեանի, Արարատ Զուրապեանի, Նիկոլ Փաշինեանի խափանման միջոցը փոխելու համար դաշնակցական պատգամաւորները ստորագրութիւն են դրել: Ինչո՞ւ է դա մոռացւում:

Հ.- Պարոն Մարգարեան, ես այս հարցը չեմ կարող չտալ. ասում են, իշխանութիւնները զէնքի միջոցով 2008-ին պահեցին իշխանութիւնը, տաս հոգի սպանուեց, ոչ ոք ցայսօր պատասխանատուութիւն չի կրել այդ սպանութիւնների համար եւ այդ ամէնից յետոյ Դաշնակցութիւնը մաս է կազմում իշխանութեանը: Սրան ինչ կարող էք ասել:

Պ.- Որովհետեւ մենք հարցը այդպէս չենք տեսնում, ձեր մօտեցումն է կողմնակալ: Մենք տեսանք, որ քաղաքական ղեկավարութիւնը եղաւ անխոհեմ եւ երկիրը տարաւ վտանգաւոր մի տեղ, որտեղ երկիրը թուլացաւ, երկիրը խնդիր ունեցաւ, օրինականութեան, կայունութեան: Տեսանք, որ արտաքին ճակատում, Ղարաբաղի ճակատում, ունեցանք կորուստներ, մենք երկրի համար դարձանք: Մենք չասեցինք, այս մի կողմը ճիշդ է, միւսը՝ սխալ: Մեր կարծիքով երկու կողմն էլ սխալ էր:

Հ.- Դուք նկատի ունէք այդ ժամանակ Սերժ Սարգսեանը, Ռոբերտ Քոչարեանը երկիրը թուլացրեցին իրենց քայլերով:

Պ.- Նաեւ Լեւոն Տէր Պետրոսեանը, նաեւ Հ․Ա․Կ․-ը: Այդ փոխյարաբերութեան մէջ ստեղծուեց այդ վիճակը: Այսօր մենք ասում ենք զինուորական միջամտութիւն: Յիշո՞ւմ էք հրապարակում Մանուէլ, Մանուէլ էին գոռում: Դա ինչ է, ես յիշում եմ այդ օրը, որ երկրապահները զինուած եկան կառավարութեան շէնքի վրայ: Այդ մթնոլորտն է, որ վտանգաւոր էր: Այդ տղաները մեղք չունէին, այդ տղաները նոյնիսկ հայրենասէր տղաներ էին, բայց այն քաղաքական վերնախաւը, որը ստեղծեց երկրում այդ վիճակը, այդ ողբերգութեան պատճառը դարձաւ:

Հ.- Այո՛, բայց ի վերջոյ մաս կազմեցիք իշխանութեանը:

Պ.- Այո՛ կազմեցինք՝ յանուն երկրի եւ ժողովրդի:

Հ.- Պարոն Մարգարեան, կարծո՞ւմ էք արդեօք, որ նախորդ տարիներին, Ռոբերտ Քոչարեանի օրօք, Սերժ Սարգսեանի օրօք քաղաքական իշխանութիւնը ճնշում էր իրաւահամակարգին, որ գիտէք Մարտի 1ի գործը մի բացայայտէք: Մենք տեսնում ենք, որ քաղաքական փոփոխութիւնից յետոյ, իրաւապահ մարմինները լծուել են աշխատանքի, նոր հանգամանքներ են ի յայտ գալիս: Արդեօք սա չի նշանակում, որ իրօք, նախորդ տարիներին, Ռոբերտ Քոչարեանի օրօք, Սերժ Սարգսեանի օրօք, քաղաքական իշխանութիւնը ճնշում էր իրաւապահ համակարգին, ասում էր մի բացայայտէք այդ գործը, մեզ պէտք չի: Ի՞նչ կարող էք ասել:

Պ.- Ես չգիտեմ դրա մասին, ես չգիտեմ այն առումով, որ այո, դա տրամաբանական է թւում, փաստերի առումով, ես տեղեակ չեմ: Հարցիդ հարցով պատասխանեմ, արդեօք այսօրուայ քաղաքական իշխանութիւնները ուրի՞շ ձեւով են գնում այդ հարցը բացայայտելու: Ես չեմ կարողանում հասկանալ իրաւական առումով, որ եթէ երկու կողմ կայ խնդրի մէջ, ոնց է մի կողմով փորձ արւում հարցը բացայայտել: Նիկոլ Փաշինեանն էլ այն ժամանակ այն կողմում էր, բարիկադներ ստեղծող էր, ես չեմ ասում, որ ինքը մեղաւոր է, բայց հարցը եթէ քննում են, պէտք է քննեն բազմակողմանի, անաչառօրէն: Պէտք է պրոցեսը (գործընթացը-Խմբ.) վստահութիւն ներշնչի, այն մեղադրականը, որ հնչեցուեց Քոչարեանի համար, այն մեթոդով, որ տեղի ունեցաւ, այն մեթոդը, որ կիրառուեց, չի տալիս այդ վստահութիւնը: Եւ սա է ողբերգութիւնը: Եւ սա է, որ վտանգաւոր է, ոչ թէ ի հաշիւ Ռոպերթ Քոչարեանի կամ որեւէ մէկի: Ի հաշիւ նոր Հայաստանի, ի հաշիւ մեր երկրի: Ի վերջոյ մենք պէտք է հաւատանք, որ անաչառ դատական համակարգ ունենք: Մենք պէտք է կարողանանք հաւատալ, որ ժողովրդավարութիւնը արժէք է, որ այն պէտք է յարգել, եթէ նոյնիսկ ի վնաս քեզ է դրսեւորումներ ունենում: Եթէ այդպէս չկարողանանք մտածել այս հանգրուանում, այսօր, մենք վատատեսութիւնն ենք վերադարձնելու մեր ժողովրդին, որը մեղք է, որովհետեւ այս ամէնի մէջ յուսաւորուածը ժողովուրդն է եղել եւ ժողովուրդ չպէտք է յուսախաբ լինի:

Հ.- Պարոն Մարգարեան կարծո՞ւմ էք Ռոպերթ Քոչարեանի դէմ ներկայում քաղաքական հետապնդում է իրականացւում:

Պ.- Ես կարծում եմ, որ մեր երկրին վայել չի, որ նախագահական ինստիտուտը այդպէս խայտառակուի՝ ոչ թէ անցեալի հաշուին, այլ ապագայի հաշուին: Կարծում եմ դա ճիշդ չի: Ինձ չի վերաբերւում Քոչարեանը կարող է ինքն իրեն պաշտպանել: Ես ոչ մի շահ չունեմ իրեն պաշտպանելու: Ես պաշտպանում եմ սկզբունքը: Սկզբունքը, որ նախագահական ինստիտուտը մեր երկրի մէջ պէտք է յարգուի: Դրա համար անգամ, եթէ պէտք է գին վճարենք, ուրեմն պէտք է վճարենք: 1996 թուականին Լեւոն Տէր Պետրոսեանը տանկեր դուրս բերեց փողոց: Եթէ անաչառ ենք, ինչո՞ւ դա չենք քննում: Ես չեմ ասում, որ քննենք, ես ասում եմ, որ պէտք չի անցեալը այնպէս խառնենք իրար, որ այսօրուայ մեր կեանքը վտանգուի: Այսօրուայ եւ վաղուայ կեանքը:

Հ.- Պարոն Մարգարեան, տեսէք, տաս տարի առաջ ողբերգալի, արիւնալի իրադարձութիւններ են տեղի ունեցել Հայաստանում, ոչ ոք պատասխանատուութեան չի ենթարկուել դրա համար:

Պ.- Դէմ չեմ քննարկման, բայց քննարկումը պէտք է լինի այնպէս, որ վստահութիւն ներշնչի: Անկախ այն արդիւնքից, որ յետոյ կը յայտնուի:

Հ.- Բայց չպէ՞տք է հարցաքննեն այն ժամանակուայ նախագահին:

Պ.- Պէտք է հարցաքննեն, պէտք է քննութիւն էլ կատարուի, բայց պէտք է ստեղծուի վստահութեան մթնոլորտ, ոչ թէ քաղաքական հալածանքի տպաւորութիւն թողնի: Ես տպաւորութեան մասին եմ խօսում, ես դեռ չգիտեմ քաղաքական հալածանքի մասին: Դա կ՛ասի ինքը՝ Ռոպերթ Քոչարեանը:

Հ.- Դուք չէք համարում, որ քաղաքական հալածանք է:

Պ.- Ես այդ մտահոգութիւնն ունեմ, յայտարարութեան մէջ էլ ասել եմ, որ ունեմ այդ մտահոգութիւնը, այդ մտահոգութիւնը առկայ է:

Հ.- Պարոն Մարգարեան, նախորդ օրերին ականատես եղանք ձեր՝ Դաշնակցութեան եւ Նիկոլ Փաշինեանի միջեւ հեռակայ բանավէճին: Փաշինեանը անդրադառնալով Քոչարեանի գործի հետ կապուած Դաշնակցութեան դիրքորոշմանը, նշեց. «Մենք փորձ ենք արել ազգային համաձայնութիւն ձեւաւորել, ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնութիւնից, մենք ոչ մէկին չենք բռնել եւ չենք պահում»:

Պ.- Նիկոլ Փաշինեանը ճիշդ է ասում, ինքը չի կարող մեզ բռնի եւ պահի, մենք երբ ուզենք, կը գնանք: Բայց մի բան էլ կայ. ինքն է մեզ հրաւիրել ազգային կառավարութեան մաս կազմելու, մենք չենք խցկուել, ինքն է մեզ հրաւիրել, մենք ընդառաջել ենք իր հրաւէրին: Սա մէկ: Եւ ճիշդ էլ ասում է, մեզ ոչ մէկը պահել չի կարող, ուզենայ էլ չի կարող: Մենք երբ ուզենք՝ դուրս կը գանք: Հարցն ինչ է: Մենք աշխատում ենք մի երկրում, որտեղ ամէն ինչ յստակ չի: Ինչու յստակ չի: Մենք ասում ենք մտահոգ ենք, որ Ռոբերտ Քոչարեանի էս ձերբակալութիւնը, այս ձեւով կարող է քաղաքական հետապնդման տպաւորութիւն թողնի եւ դա այս նոր Հայաստան շարժման համար վտանգաւոր է, մտահոգիչ է: Մեզ չի պատասխանում Նիկոլ Փաշինեանը: «Ֆէյսբուք»ի վրայ հազարաւոր մարդ յարձակւում է մեզ վրայ, հայհոյում է, չի էլ վիճում, չի ասում ինչու ենք սխալ, ինչու չպէտք է ունենանք այդ մտահոգութիւնը, բանավէճ չի սկսում մեզ հետ, ոչ միայն այս հարցում, բոլոր հարցերում, այլ միայն հայհոյում է: Հայհոյելով պիտակաւորում է, անարգում է: Տեռորի մթնոլորտ է ստեղծւում: Խօսքս դրան է վերաբերուել: Սրա հեղինակն ով է, ես չգիտեմ: Ինձ թւում է Նիկոլ Փաշինեանն այլ բան է անում, իր շրջապատը՝ մի այլ բան: Նոյնը ես կ՛ասեմ ռուսական քաղաքականութեան վերաբերեալ: Ռուսաստանին փորձում է սիրաշահել Նիկոլ Փաշինեանը, փորձում է կարգաւորի յարաբերութիւնները, բայց իր շրջապատը հակառուսական հիստերիա է բարձրացնում: Եւ փչանում է Նիկոլ Փաշինեանի գործը: Ես չունեմ ոչ մի խնդիր Նիկոլ Փաշինեանի հետ, ես խնդիր ունեմ այն մթնոլորտի հետ, որ ստեղծւում է իր անունով, իր շրջապատում: Եւ ինքը չի հակազդում: Ինչ է նշանակում, եթէ մի բան ասեցիր, կարող են քեզ անպատիւ խօսք ասել՝ հայոյեն: Սա ինչ մթնոլորտ է: Մենք սրա՞ համար ենք յեղափոխութիւն արել, նոր Հայաստան սա՞ է նշանակում: Այսինքն, ոչ ոք կարծիք յայտնել չի կարող, սա ինչ բան է: Ես Նիկոլ Փաշինեանին չեմ ասել, որ տեռոր ես անում: Ես ասել եմ այն երեւոյթը, որ տեռորի մթնոլորտ է տիրում: Այո, կայ այդ երեւոյթը: Ով է դրա հեղինակը: Նա է տեռոր անողը: Ես դա չեմ կարող վերագրել Նիկոլ Փաշինեանին: Բայց նաեւ չեմ կարող չխօսել: Մենք սրտացաւ ենք, եւ չենք ուզում, որ Փաշինեանը ձախողի: Այսօր ինքը այնքան մեծ հեղինակութիւն ունի, որ առանց ցնցումների երկիրը կարող է տանել առաջ: Եւ այն ինչ մենք կառավարութեան ծրագրի մէջ գրել ենք, ինքը յայտարարել է՝ իրագործենք: Սա իրական հնարաւորութիւն ունի իրագործուելու: Բայց այն, ինչ մենք ստեղծում ենք, այն ժխորը, որ ստեղծում ենք, այն մթնոլորտը, որ ստեղծում ենք, կարող է իր ձախողութեան պատճառը դառնալ: Կարող է մեր տեսակէտը սխալ է, ես չեմ ասում, որ մենք աստուածային խօսք ենք ասել, բայց մեր տեսակէտն է, ասում ենք, թող բանավիճեն մեզ հետ, թող ապացուցեն, որ մեր տեսակէտը սխալ է, բայց ոչ թէ հայհոյեն: Որովհետեւ, երբ հայհոյում են ինքնաբերաբար ստեղծւում է հակազդեցութիւն: Եւ սա է, որ վտանգաւոր է, հէնց սրանից պէտք է խուսափի Նիկոլ Փաշինեանը: Եթէ իրենք համերաշխ Հայաստան են ուզում ստեղծել, ոնց են ստեղծելու՝ լռութեան մէ՞ջ, համր մարդկանց շրջապատո՞ւմ:

Ժողովրդավարութեան ամենաիսկական սկզբունքը՝ ազատ խօսքն է: Իրաւունք չունե՞նք տեսակէտ յայտնելու: Քոչարեանը եթէ վերադառնայ քաղաքական դաշտ՝ առաջին հերթին մեզ է վնաս, որովհետեւ մենք նոյն դաշտում ենք աշխատում: Նիկոլ Փաշինեանին վնաս չի: Մեզանից է քուէ տանելու, Փաշինեանից չի տանելու: Բայց մենք նման բաներով չենք առաջնորդւում: Մենք երկրի շահով ենք առաջնորդւում: Ասել ենք ժողովրդավարութիւն, ուրեմն հարազատ, հաւատարիմ մնանք այդ սկզբունքներին: Ասում ենք Ռուսաստանի բարեկամութիւնը մեզ համար կարեւոր է, յետոյ շրջապատւում ենք մարդկանցով, ովքեր երէկ կայք են ունեցել Ռուսաստանին հայհոյելու: Ռուսաստանը ոնց պէտք է հաւատայ մեր խօսքին: Սա Նիկոլ Փաշինեանի խնդիրն է: Այդ խնդիրը նաեւ իմ խնդիրն է, որովհետեւ ես չեմ ուզում ինքը ձախողի: Որովհետեւ ես գիտեմ, վերադարձ անցեալ չկայ: Որքան մենք հիմա կայուն լինենք եւ արագ քայլքով դէպի ժողովրդավարութիւն, զարգացում, ժողովրդի հարցերի լուծում քայլեր վերցնենք, այնքան կ՛ամրապնդուի այս երկիրը: Որքան մեզ զբաղեցնենք կողմնակի հարցերով, այդքան կը վտանգենք մեր ընթացքը: Եւ ժողովուրդը հաւատը կը կորցնի: Ժողովուրդը մի ամիս, չորս ամիս, ութ ամիս կարող է սպասել, բայց վերջում կ՛ուզենայ շօշափելի արդիւնք, արդիւնք, որ պէտք է իր կեանքի վրայ ազդի:

Հ.- Երբ ասում էք ձախողել, ի՞նչ նկատի ունէք, մանրամասնէք խնդրում եմ:

Պ.- Եթէ մեր նպատակը ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելն է, ժողովրդի համար արժանապատիւ կեանք ապահովելն է, ժողովրդավարութիւն ստեղծելն է, բառիս ողջ իմաստով, եթէ մեզ համար կայունութիւն ձեռք բերելն է, որպէսզի մենք կարողանանք արտաքին ճակատում յայտնուել, յաջողութիւններ ունենալ կամ ձախողութիւններ չունենանք, եթէ սրանք ենք յաջողութեան բանալիները, սրանք է, որ չպէտք է վտանգուեն: Ցոյց տուէք ինձ՝ գնո՞ւմ ենք այդ ուղղութեամբ, թէ չենք գնում:

Հ.- Պարոն Մարգարեան Դաշնակցութիւնը պատրաստւո՞ւմ է դուրս գալ կառավարութիւնից:

Պ.- Մենք չենք պատրաստւում, ոնց որ չէինք պատրաստւում, կառավարութեան մաս կազմել: Դիմումի հիման վրայ ենք մաս կազմել, ուրիշ բան չասելու համար:

Հ.- Ո՞ւմ դիմումի:

Պ.- Նիկոլ Փաշինեանի: Այսօր էլ դեռ այնտեղ ենք, որովհետեւ յոյս ունենք, որ կարող ենք իրական խօսակից լինել եւ մեր մտահոգութիւններն արծարծել՝ իրեն փրկելու համար, Հայաստանը փրկելու համար: Եթէ ես չեմ կարողանում իր հետ հանդիպել եւ խօսել, պէտք է հրապարակաւ խօսեմ: Բա ի՞նչ պէտք է անեմ:

Հ.- Այսինքն Դուք դիմել էք, ձեզ մերժե՞լ են հանդիպել:

Պ.- Չեն մերժել, բայց եւ չեն ընդառաջել: Այսպիսին է այս պետական համակարգը‘՝անկազմակերպուածութեան մարմնացում է: Ես չեմ մեռնում Փաշինեանին հանդիպելու կամ չհանդիպելու հարցում, դա ինձ ոչ մի առաւելութիւն չի բերի: Բայց ես իբրեւ գործընկեր ձեւականօրէն կառավարութեան մէջ մնալու հարց չունեմ: Այնտեղ պէտք է մնամ, որ օգտակար լինեմ: Օգտակար լինելու հարց ունեմ, ես ցաւում եմ, եթէ տեսնում եմ մի բան սխալ ընթացքով է գնում, որովհետեւ չի կարելի մտածել, որ բոլորին կարելի ճզմել, բոլորին կարելի է խեղդել, չի կարելի այդպէս մտածել, եթէ նոյնիսկ դու ունես հրապարակ, դու ունես ժողովրդի առաւելութիւն, մէկ է՝ իրաւունք չունես այդպէս մտածելու:

Հ.- Հայաստանում որեւէ քաղաքական ուժի ճնշո՞ւմ են, խեղդո՞ւմ են այսօր:

Պ.- Ո՞վ է ճնշում: Ճնշում է «ֆէյսբուք»ը, ճնշում են ցուցարարները, որ չեն թողնում մամուլի ասուլիս տեղի ունենայ: Ճնշում է Գասպարին, որ գալիս է գրասենեակների առջեւ պառկում է, թուղթ է կպցնում: Սա հակազդեցութիւն կը բերի:

Հ.- Ձեզ քննադատում են, ասում են նախորդ իշխանութիւնների օրօք մարդկանց այլ կերպ մտածելու, գործելու համար բանտարկում էին, բայց Դաշնակցութիւնը չէր արձագանգում, հիմա արձագանգում է:

Պ.- Մենք միշտ էլ արձագանգել ենք, Ռոպերթ Քոչարեանի ժամանակ, Սերժ Սարգսեանի, մենք միշտ մեր խօսքն ասել ենք: Թող խօսեն, ոնց որ հիմա ենք մաս կազմել, այն ժամանակ էլ ենք մաս կազմել: Մի տարբերութեամբ՝ այն ժամանակ յարգւում էինք, լսւում էինք, մեր տեսակէտը յայտնել ենք: Երբեք մեր տեսակէտը չենք թաքցրել: Ասեմ, Սերժ Սարգսեանը ութ տարուայ ժամանակաշրջան է ունեցել, մենք մէկ տարուայ սկզբում ենք եղել կոալիցիայի անդամ, մէկ տարի վերջում: Վեց տարին մենք եղել ենք ընդդիմադիր: Վերջին մէկ տարում, երբ կոալիցիայի անդամ ենք եղել, ամէն երկու-երեք ամիսը մէկ, մենք բացայայտ քննարկում ենք կատարել, մեր կոալիցիոն մասնակցութիւնը փորձել ենք գնահատել, թերի եւ կարեւոր բացթողումների մասին բարձրաձայն խօսել՝ գրաւոր: Թէ՛ հեռուստատեսութեամբ ենք խօսել, թէ՛ գրաւոր: Այն քննադատութիւնը, որ մենք հնչեցրել ենք, այդ նիստերի ընթացքում, մեզ ասէք եթէ ընդդիմութիւնը դրանից մէկ բառ աւել է ասել: Պարզապէս մենք չենք հայհոյել, ուրիշները հայհոյել են:

Հ.- Քաղաքական բանտարկեալների վերաբերեալ Դաշնակցութիւնը Սերժ Սարգսեանի օրօք յայտարարութիւն արե՞լ է:

Պ.- Քաղաքական բանտարկեալի հասկացողութեան տարբերութիւնը ձեր եւ ինձ մօտ տարբեր է: Եւ միջազգային նորմերով էլ տարբեր է: Նախ ճշդենք միջազգային նորմերը որոնք են, որն է մեր չափանիշը քաղբանտարկեալ ասելու, յետոյ կ՛ասենք, որն է ճիշդ, որը սխալ:

Հ.- Պարոն Մագարեան, վերջին հարցը. խօսւում է, որ Ռոպերթ Քոչարեանը մտադիր է վերադառնալ ակտիւ քաղաքականութիւն: ՀՅԴն մտադի՞ր է համագործակցել Քոչարեանի հետ:

Պ.- Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել:

Հ.- Այդ թւում Քոչարեանի՞:

Պ.- Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցութեան, բայց յատուկ Քոչարեանի հետ համագործակցութեան ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ:

Հ.- Փաստօրէն Դուք չէք բացառում Ռոպերթ Քոչարեանի հետ համագործակցութիւնը եւ մտադիր էք համագործակցե՞լ:

Պ.- Ինչո՞ւ պէտք է բացառեմ: Ես ո՛չ մտադիր եմ, ո՛չ՝ բացառում եմ:

Հ.- Եղե՞լ է նման առաջարկ:

Պ.- Ո՛չ:

Հ.- Մտադի՞ր էք իրեն առաջարկել:

Պ.- Ո՛չ:

Հ.- Դուք սպասո՞ւմ էք, որ նա կը վերադառնայ ակտիւ քաղաքականութիւն:

Պ.- Իր անելիքները ես չգիտեմ, ես իսկապէս չգիտեմ:

Հ.- Հաշուի առնելով 2008 թուականի «Մարտի 1»ի դէպքերը, դուք հնարաւոր համարո՞ւմ էք Ռոպերթ Քոչարեանի հետ համագործակցութիւնը:

Պ.- Ես «Մարտի 1»ի իրադարձութիւնների մասին սեփական դատողութիւն չունեմ, ես գիտեմ, որ դէպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով, եւ այդ 8-10 զոհերը, անկախ, թէ ով է կրակել նրանց վրայ, մեղքը բոլորի վզին է՝ Լեւոն Տէր Պետրոսեանի վզին էլ է փաթաթուած, Ռոպերթի վզին էլ է փաթաթուած: Դա այդպէս պէտք է նայել, կարեւոր չի, ով է կրակել, կարեւորը, թէ այդ երեւոյթն ով է ստեղծել: Ո՞վ ստեղծեց այդ երեւոյթը: Բոլորը միասին ստեղծեցին: Մենք այն ժամանակ էլ զգուշացրել ենք՝ թէ՛ ընդդիմութեանը, թէ՛ Ռոպերթ Քոչարեանին, որ էս ճանապարհով մի գնացէք, սա վտանգաւոր է, մեզ չեն լսել: Մենք դէմ ենք եղել դրան եւ մտահոգ ենք եղել, կեցուած ենք ունեցել եւ կեցուածքն էլ արտայայտել ենք, կեցուածքի համար էլ ճիգ ենք թափել, աշխատել ենք, փորձել ենք որ մեղմենք, չենք յաջողել: Դա մենք տեսնում էինք, իրենք էլ էին տեսնում: Իրենք գիտակցաբար էին գնում դրան: Գնացին եւ ստացան այն, ինչ որ ստացան: Ասում եմ ամենամեծ փաստը՝ Մարտի 1ը բոլորին դաս է եղել, այն է որ 2018ին այլեւս բարիկադներ չկառուցուեցին, ձեռքերը վեր շարժում սկսուեց, ասեցինք բռնութեամբ չենք պատասխանելու, եւ իշխանութեանը բացի յանձնուելուց բան չմնաց: Ասել եմ, մեր քաղաքական վերնախաւի համար, իսկապէս մեծ որակ էր: