Զարհուրելի է Հայ Մարդուն Այս ճակատագիրը…

Վահէ Սարգսեան *

 «Հետք»

Մեսրոպեան Ուղղագրութեան Վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

 

2014-ի Ամառն էր: Երեկոյեան տուն վերադառնալով՝ նկատեցի, որ կինս ու Աստղիկը ինչ-որ տեղ են շտապում: «Ո՞ւր»,  իմ այս հարցին կինս պատասխանեց, որ Աստղիկը մանկապարտէզի ընկերների մայրերով հաւաքւում են ինչ-որ սրճարան:  «Աշխարհն աշխահով, դուք ձեր քէֆերով», սրտնեղեցի ես:  «Առիթ կայ, հենց էնպէս չենք հանդիպում. Աստղիկի մանկապարտէզի ընկերներից մի անգամից հինգ ընտանիք Օգոստոսին գնում են Ռուսաստան, գնում ենք հրաժեշտ տանք», -արձագանգեց կինս: «Ո՞նց, ինչո՞ւ, հիմնակա՞ն են գնում…» իմ հարցական հայեացքին ստացայ հետեւեալը. «Դէ ինչպէս միւսները, ամուսինների գործերը դասաւորել են, իրենք էլ գնում են, արդէն երեխէքին հանել են մանկապարտէզից, հա՛, հիմնական, էդ ո՞ր մի գնացողն է յետ եկել…»

Բազմաթիւ խնդիրներով լեցուն իմ օրուան այսքանն էլ հերիք էր, որ այլեւս ոչինչ չխօսէի, առանձնանայի ու ատամներս սեղմած սկսէի մտորել, մտորել ու կրկին մտորել:

«Պապա՛, գիտե՞ս, էսօր Հայկոյենք գնում են Ռուսաստան, շաաա՜տ հեռու. Էսօր Հայկոն վերջին անգամ է գալիս մանկապարտէզ», մանկապարտէզի ճամբին  արտասանած Աստղիկիս այս խօսքերը նոյնպէս լուռ տարա, սեղմուած ատամներով  ու նեարդացունց յուզմունքով: Մանկապարտէզի մօտ երեխաները՝ Աստղիկն ու Հայկոն, հանդիպեցին իրար ու սկսեցին ուրախ թռչկոտել, մանկան ճիչերով կատարել դաստիարակների ուսուցանած ֆիզիքական շարժումները: Մանկան խաղերից հրճուանք ապրելու փոխարէն խռոված հոգիս ստիպեց արագօրէն հեռանալ, աւելի ճիշտ՝փախչիլ այդ տեսարանից…

«Պապա՛, գիտե՞ս, էսօր էլ Մելքոնիկենք են գնում Ռուսաստան, շաաա՜տ հեռու, էսօր Մելքոնիկը վերջին անգամ է գալիս մանկապարտէզ»…Պապա՛, գիտե՞ս, էսօր էլ Անուլիկենք, Հռիփսոյենք, Գոռիկենք…» մինչեւ Օգոստոս այսպէս ամեն առաւօտ Աստղիկս մանկական իր շարադրանքով շարունակում էր թունաւորել առաւօտս, խօսքեր, որ ոչնչացնում էին ոչ միայն ազգային, այլեւ տղամարդկային հպարտութիւնս եւ «փրկութիւնս» տեսնում էի այդ անիծեալ օրերի աւարտի մէջ: Յուսով էի, որ Աստղիկը շուտով կը մոռանայ եւ այլեւս չի յիշեցնի իր խաղընկերների մասին, կը գտնի նոր ընկերներ, կը բացուեն նոր առաւօտներ ու ամեն ինչ կը մոռացուի: Անգամ որոշել էի գրի առնել այս ամենը, սակայն Օգոստոսեան լարուած օրերն ստիպեցին ինձ յետ կանգնել իմ այդ մտադրութիւնից. հասարակութեանն աւելորդ  անգամ տխուր յոյզերով որոշեցի  չծանրաբեռնել:

Անցաւ Օգոստոսը, մեղմացաւ լարուածութիւնը, գիւղից վերադարձաւ Աստղիկս, եւ այն յոյսերը, որ նա այլեւս չի յիշեցնելու ինձ այդ մասին, ի չիք դարձան: Հենց առաջին առաւօտուանից նա կրկին խօսեց իր ընկերների բացակայութիւնից եւ…խօսում է արդէն մի տարի: «Պապա՛, գիտե՞ս, Հայկոյենք, Հռիփսոյենք, Մելքոնիկենք էլ չեն գալու, իրենք Ռուսաստանում են, հեռուուու՜, շաաա՜տ հեռու, մաման իրենց մամաների հետ է խօսում, ասում է,  որ նրանք բոլորը գնում են մանկապարտէզ ու էլ հայերէն չեն խօսում, պապա՛, գիտե՞ս, ես հայերէն եմ խօսում, իսկ իրենք ռուսերէն ու էլ իրար չեն հասկանալու…»

Հայրենիքին ու ազգին վրայ հասած դժբախտութիւնները շահարկելուն ու հայրենաբաղձ խօսքերով աղմուկ բարձրացնելուն այնքան էլ կողմնակից չեմ, աւելին՝ իմ սրտին հարազատ է լուռ ու գլխիկոր աշխատելու եւ յաջողութիւններ գրանցելու ոճը: Անգամ համացանցին գրառումներ չեմ կատարում:  Սակայն այս մի դէպքում չկարողացայ, եւ այս գրառումը մի անիմաստ փորձ էր, որով ցանկացայ  մեղմել մանկան անմեղ շուրթերով ամեն առաւօտ ինձ պատճառած ցաւը, Ասողիկիս խաղընկերներին վերադարձնելու անզօրութեան զգացումները, զգացումներ որոնցից դառնում ես յանցաւոր ու ամեն առաւօտ յիշում  Վանի 1915-ի ինքնապաշտպանութեան օրերին քաղաքամէջի Զինուորական Մարմնի ղեկավար, Հայաստանի առաջին հանրապետութեան խորհրդարանի արեւմտահայ պատգամաւոր, յայտնի դաշնակցական գործիչ, 1921 թ. սկիզբին  բոլշեւիկների կողմից ձերբակալուած եւ բանտում իր գաղափարակից ընկերների կացնահարման ու գնդակահարման ականատես, Փետրուարեան ապստամբութեան միջոցով բանտից ազատուած Հայկակ Կոսոյեանի յայտնի տողերը, խօսքեր,  որոնք դաջուել են նրա հոգում ազատուելուց յետոյ կրկին Երեւանի բանտ այցելելու եւ գնդակահարուած ընկերների մարմինները բաց փոսում տեսնելու պահին. «Զարհուրելի է հայ մարդու այս ճակատագիրը…Ես մեղապարտ եւ յանցաւոր, ծածկեցի դէմքս, շուռ  եկայ աստիճաններով դէպի արեւի լոյսը: Այդ պահին գանգիս մէջ փոթորիկ կար: ԵՍ ՅԱՆՑԱՒՈՐ  ԷԻ…»

Յանցաւոր եմ ես նոյնպէս, եւ այդ մասին ինձ ամեն օր յիշեցնում է Աստղիկը: Նա իւրաքանչիւր առաւօտս թունաւորելու միջոցով պատժում ինձ՝ իր ընկերների հեռանալու օրերին ցուցաբերած իմ անգործութեան, իմ անզօրութեան համար…Անգամ այս շաբաթներին, երբ նա իմ կողքին չէ, պատշգամբից դէպի մանկապարտէզ մէկ հպանցիկ հայեացքս անգամ բաւական է, որ կրկին յիշեմ…

 

Յ.Գ.

Վերջերս մանկապարտէզի տնօրէնութիւնը շէնքի բակում՝ գեղեցիկ պատուանդանի մը վրայ, տեղադրեց Հ.Հ. պետական դրօշը. հիանալի նախաձեռնութիւն, որն ուրախութիւն ու հպարտութիւն պատճառեց ինձ առաջին իսկ օրից: Սակայն այն ամ

ենն ինչ տեղի է ունենում շուրջ բոլորս ու յատկապէս մանկապարտէզում, յիշեցնում է մեր Հայրենիքը լքած փոքրիկ Հայկոյին, Մելքոնիկին, Գոռիկին ու միւսներին, բոլոր  նրանց, որոնց գլխին յաւիտեանս ծածանուելու է օտար դրօշը: Եւ կրկին մթաքնում է հոգիս եւ ստիպում ինձ փախչել մանկապարտէզից, անգամ մեր պանծալի դրօշից, փախչել ինքս ինձնից…

 

* Վահէ Սարգսեան ծնած է Ջաւախք:  2014-ի Մարտին, երբ ան կը փորձէր Երեւանէն Ջաւախք անցնիլ ազգականներ ու բարեկամներ այցելելու, Վրաստանի Իշխանութիւնները Բաւրա – Նինոծմինդայի սահմանագծին վրայ արգիլած են անոր մուտքը դէպի Ջաւախք  եւ դասած  են անոր իբր persona non granta , այսինքն՝ անբաղձալի անձնաւորութիւն Վրաստանի մէջ…:

Կ’արժէ յիշել, որ Վահէ Սարգսեանը յայտնի փորձագէտ եւ Պատմական Գիտութիւններու Թեկնածու է: Ան տարիներ շարունակ զբաղած է  գիտական եւ հետազօտական գործունէութեամբ, որուն թեմաները եղած են Ջաւախքի հիմնախնդիրներն ու հայ-վրացական յարաբերութիւնները: Հրատարակած է բազմաթիւ գիրքեր եւ  ուսումնասիրութիւններ :

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*