ՍՈՒՐԲ ԽԱՉ, ՅՈՅՍԻ ԽՈՐԱՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՆՈՐ ՀԱՂՈՐԴԱՐԱՆ

unnamed (2)Թղթակից

ԵՐԵՒԱՆ.- «Մոսկուա» սրահում բացուեց Ռոպերթ Կարապետեանի նոր ցուցահանդէսը:
Մէկ տարի առաջ դարձեալ Երեւանում էր, դարձեալ եկել էր գեղարուեստական լուսանկարների նոր ցուցահանդէսով, որը ներկայացրել էր «Մոսկուա» թատրոնում, արժանացել ընկերների, բարեկամների, այցելուների սիրալիր ընդունելութեանը։ «Եկող տարի նոյնպէս նոր ցուցահանդէս կը բերեմ, Ապարանի Սուրբ Խաչն եմ ուզում լուսանկարել», ասաց նա։
Մէկ տարի անց, ահա, նորից Երեւանում է եւ իր խոստումը կատարած¬ բերել է 24-35 չափի 40 գունաւոր գեղարուեստական լուսանկարներից բաղկացած նոր ցուցահանդէսը, որը անցեալ Կիրակի բացուեց դարձեալ «Մոսկուա» թատրոնի երկրորդ յարկի ճեմասրահում, այս անգամ՝ Նիգ-Ապարան հայրենակցական միութեան նախաձեռնութեամբ։ unnamed (1)
«Սուրբ Խաչ, Սուրբ Երրորդութիւն, Յոյսի Խորան» ցուցահանդէսը Արագածոտնի մարզում մի քանի տարի առաջ կանգնեցուած Սուրբ Խաչի եւ Յոյսի Խորանի ու նրանց առնչուող տարածքի քառասնատիպ վերարտադրութիւնն է, որն իրականացրել է Նիւ Եորքում բնակուող մեր հայրենակիցը՝ երեւանցի դերասան, գեղանկարիչ եւ լուսանկարիչ Ռոպերթ Կարապետեանը։
Լուսանկարուած կառոյցը մի քանի տարի առաջ է վեր խոյացել Նիգ-Ապարան հայրենակցական միութեան նախաձեռնութեամբ, նրա պատուաւոր նախագահ Աղուան Յովսէփեանի մտայղացմամբ (ցուցահանդէսի բացման օրը նա յարգելի հանգամանքով բացակայում էր Հայաստանից) եւ Անդրանիկ Սարգսեանի ճարտարապետական լուծմամբ։ Այն գտնւում է Արագածոտնի մարզում, երեք սուրբ տարրերի՝ Արարատի, Արագածի եւ Արա լերան ստորոտ եռանկիւնում, Տառքարերի պուրակի հարեւանութեամբ, Երեւան-Ապարան ճանապարհի 36-րդ քիլոմեթրի հատուածում։ Նրա կառուցման աշխատանքներին մասնակցել եւ աջակցութիւն են ցուցաբերել տասնեակ վարպետներ, շինարարներ, անհատ անձինք, կազմակերպութիւններ։ unnamed (7)
Կոթողը կառուցուել է գլանաձեւ խողովակներով, որոնք ունեն ձայներ արձակելու հնարաւորութիւն։ Տարբեր ուժգնային քամիների ժամանակ արձակւում են տարբեր երաժշտական հնչիւններ, որոնք եկեղեցական երգեհոնային երաժշտութիւն են յիշեցնում։ Օծման արարողութիւնը կատարուել է Հոկտեմբեր 20, 2012-ին՝ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցութեամբ։ Խաչը քառաթեւ է։ Իւրաքանչիւր թեւի տակ մատուռ եւ մոմավառութեան սեղան կան։ Քառաթեւ խաչի բարձրութիւնը 33 մեթր է, որի վրայ տեղադրուած են 1714 մեծ ու փոքր խաչեր։ Քառակերտ մատուռի բարձրութիւնը 301 սմ է։
Ոչինչ պատահական չի առուած, 1714 թիւը Հայաստանում քրիստոնէութիւնը որպէս պետական կրօնք ընդունելուց յետոյ անցած տարիներն են։ Դրանց թիւը ամէն տարի աւելանում է մէկ խաչով։ 301-ը այն թուականն է, երբ քրիստոնէութիւնը Հայաստանում հռչակուեց որպէս պետական կրօնք։ 33 մեթրը Յիսուս Քրիստոսի խաչելութեան տարիքն է։ Ներքեւում՝ Խաչի ստորոտում կառուցուել է բաց խորանը, որը նախատեսուած է հոգեւոր եւ աշխարհիկ արարողութիւնների համար։
Ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ լրագրող Վանիկ Սանթրեանը բերեց Առնօ Պապաճանեանի մի խօսքը՝ Մոսկուայում բնակւում եմ, Երեւանում ապրում։ Այդպէս էլ Ռոպերթ Կարապետեանն է, որ 1993 թուականին բնակութեան վայրը փոխելուց յետոյ երբեք չի կտրել կապը հայրենիքի ու սփիւռքի հայ կեանքի հետ։ Դրա հաստատումն են վերջին տարիների անհատական ցուցահանդէսները Երեւանում՝ Հայոց բանակին նուիրուած, հայ մշակոյթին նուիրուած, Աբովեանում կառուցուած եկեղեցուն նուիրուած, որոնք այնուհետեւ շարունակութիւններ են գտել Ա.Մ.Ն.-ում, նուիրուել հայկական կազմակերպութիւններին, մասնաւորապէս դպրոցներին։ 2002 թուականին Երեւանում գտնուելու շրջանում լուսանկարիչը մի ամբողջ ճամպրուկ լի նկարահանուած ժապաւէնների արխիւ է նուիրել Երեւանի Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանին։ unnamed
Թատերագէտ, Հ.Հ. մշակոյթի վասատակաւոր գործիչ Սերգէյ Առաքելեանը, ողջունելով ցուցահանդէսի բացմումը, ափսոսանքով խօսեց հեղինակի հայաստանեան բացակայութեան մասին։ ««Հայ մշակոյթի անուանի գործիչները» մատենաշարով 15 գիրք եմ գրել, որոնցից գրեթէ բոլորի մէջ օգտագործուած են նրա լուսանկարները։ Հիմա որ ինքը մեզանում չէ՝ արժէքի բացակայութիւն է։ Բայց ուրախալին այն է, որ վազում է դէպի արմատները, աշխատում մշտապէս, որ օգտակար լինի հայրենի արուեստագէտներին, կրթօճախներին եւ այստեղ, եւ Ա.Մ.Ն.-ում», ասաց նա։
Արուեստագէտ ընկերոջ ցուցահանդէսի առթիւ խօսք ասացին նաեւ բեմադրիչ Մայիս Ռաֆայէլեանը եւ գրող Դաւիթ Սարգսեանը։ Իսկ անուանի լուսանկարիչ Պօղոս Պօղոսեանը «Հ.Հ.»-ի թղթակցի հետ զրուցելիս նկատեց այն հանգամանքը, որ իր երկարամեայ բարեկամը Հայաստանում կատարուած լուսանկարահանումները այնուհետեւ «յղկում» է Ա.Մ.Ն.-ում, դրանք հասցնում գերազանց կատարելիութեան եւ նոր միայն բերում, ցուցադրում հայրենիքում։ «Դա այնքան էլ էժան «հաճոյք» չէ, որը, սակայն, մեր ընկերն անում է սիրով եւ նուիրուածութեամբ։ Եւ մենք՝ բոլորս համոզուած ենք, որ առաջիկայում եւս նա մեզ կþուրախացնի նոր ցուցահանդէսներով», ասաց նա։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*