ՆՇՄԱՐ.- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՒՈՒՆՔ ԱՃՈՒՐԴԻ ՉԻ ԴՐՒՈՒՄ

Այն, որ Միացեալ Ազգերի Կազմակերպութեան բարձրագոյն դատական ատեանը Արդարադատութեան Միջազգային Դատարանը Յուլիս 22, 2010ին յայտարարեց, որ »Քոսովոյի անկախութեան միակողմանի հռչակումը չի ոտնահարում միջազգային իրաւունքը«, միանգամայն օրինաչափ է: Նախ օրինաչափ է, քանի որ սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրաւունքը ինքնորոշման տեսքով, որպէս տուեալ կազմակերպութեան հիմնական նպատակներից մէկը ներառուած է Մ.Ա.Կ.ի Կանոնադրութեան մէջ [յօդուած 1(2)]: Յետոյ, օրինաչափ է, քանի որ միջազգային իրաւունքի մէջ չկայ անկախութեան հռչակման որեւէ սահմանափակում: Այսինքն, միջազգային իրաւունքի մէջ չկայ մի չափորոշիչ, որով անկախանալու իրաւունքը վերապահուած է, ասենք, սերպերին, վրացիներին կամ Կովկասի թաթարներին, իսկ նոյն իրաւունքը մերժւում է ալպանացիներին, մենկրելներին կամ թալիշներին:
Բնական է, որ անկախութեան հռչակումը միշտ էլ միակողմանի է լինում: Երբ, օրինակ, Միացեալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնութիւնն իրենց անկախութիւնը հռչակեցին համապատասխանաբար Բրիտանական Կայսրութիւնից կամ Խորհրդային Միութիւնից, նրանք դա արեցին առանց, այսպէս կոչուած, »կեդրոնական իշխանութեան« թոյլտւութեան: Ուրիշ բան, որ »կեդրոնական իշխանութիւնը« կարող է այդ փաստն ընդունել հանգիստ, առանց աւելորդ ռազմական ջղաձգումների, կամ կարող է փորձել արեան մէջ խեղդել ուրիշների ձգտումը:
Գնահատելի է Մ.Ա.Կ.ի Արդարադատութեան Միջազգային Դատարանի վերոյիշեալ որոշումը միջազգային իրաւունքի ժողովրդավարացման ուղղութեամբ զարգացման տեսանկիւնից: Որոշումը ցոյց տուեց, որ 21 դարի մտածողութեանն անհարիր է ժողովուրդների բաժանումն արտոնեալների եւ մերժեալների:
Յիշեալ որոշումը գնահատելի է նաեւ Արցախի հակամարտութեան ժողովրդավարական լուծման տեսանկիւնից: Այսինքն, ինչպէս ժողովրդավարական հասարակութեան մէջ որեւէ մէկն իրաւունք չունի անհատի փոխարէն որոշումներ կայացնելու, այնպէս էլ ներկայ միջազգային յարաբերութիւններում որեւէ մէկն իրաւունք չունի որոշումներ կայացնելու այդ անհատների կազմակերպուած հանրութեան փոխարէն:
21րդ դարում միջազգային իրաւունքը չի կարող աճուրդի դրուել: Միջազգային իրաւունքը նաֆթի աշտարակ չէ:
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
»Մոտուս Վիվենտի« հիմնարկ
Յուլիս 23, 2010

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*