ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԻՒՐԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է…ՀԱՅԱՍՏԱՆ ՊԷՏՔ Է ԴԻՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ

Նոյեմբեր 19, 2009էն ի վեր պատմութեան անցած Մուղնու Սուրբ Գէորգ Եկեղեցին ...

Խորհրդային տարիներին, մինչ հայերս Լենինեան միջազգայնական սին քարոզով ոգեշնչուած‘ բարեկամութեան երգեր էինք ձօնում «հարեւանեղբայր» ժողովուրդներին, միջազգայնական «օրօրը» մէկ օր իսկ չմթագնեց վրացու եւ ազերի հակահայ մտքի զգոնութիւնը, գէթ մէկ օր չլռեց աւերիչ ընթացքը, որն անխնայ ոչնչացնում էր այդ տարածքների բնիկ  հայ ժողովրդի մշակութային արժէքները: Վրաստանում հիմնայատակ քանդւում էին հայոց եկեղեցիները, ոչնչացւում հայկական յուշարձանները, խաչքարերը, տապանաքարերից քերւումջնջւում էին հայատառ արձանագրութիւնները:
Հայի՝ իր պատմական հայրենիքում ստեղծած մշակոյթը ոչնչացնելու քաղաքականութիւնը Վրաստանում սկիզբ է առել դեռ անցած դարի յիսունականներից, քաղաքականութիւն, որն այսօր իրականացւում է պետական մակարդակով՝ վրաց հոգեւոր դասի եւ պետական այրերի գործուն մասնակցութեամբ: 88ի ազգային զարթօնքը բացեց մեր աչքերը. խորհրդային «ազգերի բարեկամութեան» կեղծ քողն ընկել էր ու պարզել սպիտակ ջարդի զարհուրելի հետեւանքները: Չկայ մշակոյթը, չկայ այն կրող ժողովուրդը. այս քաղաքականութիւնը շարունակւում է եւ այսօր, միայն մէկ տարբերութեամբ, եթէ խորհրդային տարիներին դա արւում էր ծածուկ, զգուշաւոր, ապա այսօր՝ բացայայտ, լկտի ու յանդուգն:
Երկու տարի առաջ վրաց Կաթողիկոս Իլիա Բ. յայտարարեց, թէ Վրաստանի տարածքի բոլոր յուշարձանները, առաւել եւս կրօնականները, իրենց պետութեան եւ վրաց եկեղեցու սեփականութիւնն են… Ուրիշինը սեփականելու մոլուցքով տառապող վրաց հոգեւորականներն անկեղծօրէն խոստովանեցին, որ իրենք վրացական Սիոնի հարեւանութեամբ չեն կարող յանդուրժել հայոց եկեղեցիների գոյութիւնը, ու յայտարարեցին. «Հայկական եկեղեցիները պէտք է դարձնենք վրացական»… Խօսքից գործի անցնելը երկար ժամանակ չպահանջեց:
«ՑՈՐԵՆ ԳՈՂԱՑՈՂ  ՄԿԱՆ ՊԷՍ»
Տասնամեակներ շարունակ ջաւախահայերին պարտադրուել է այն պատմական կեղծիքը, թէ տարածաշրջանի յուշարձաններն ու եկեղեցիները զուտ վրացական ծագում ունեն: Ջաւախցին հաւատացել է, լռել ու սուտն ընդունել իբրեւ ի գիտութիւն: Ասում են «ստի ոտքը կարճ է լինում», բայց արի ու տես, որ այդ «կարճը» շատ երկար ձգուեց…   Խորհուրդների փլուզումից յետոյ առաջին հայ ճարտարապետը, որ յայտնուեց Ջաւախքում, Սամուէլ Կարապետեանն էր: Եկել էր ճշմարտութիւնը բացահայտելու ժամանակը: Ջաւախքցիները հաւաքւում էին, խնդրում ճարտարապետին պարզել իրականութիւնը: Ճշմարտութեան բացայայտման առաջին քայլն սկսուեց Ջաւախքի հայաբնակ Էխթիլա գիւղի եկեղեցուց: Առանձնակի ճիգեր հարկաւոր չէին ճշմարտութիւնն ի յայտ բերելու համար, քանզի հայկական ծագման մասին խօսում էր հենց ինքը‘ եկեղեցին. բարձր բեմը, հիւսիսային պատի մէջ անշարժ, միակտոր քարից կերտուած մկրտարանի աւազանը ճարտարապետական լուծումներ են՝ յատուկ միայն հայկական եկեղեցիներին, եւ ոչ երբեք՝ վրացականին: Եվ վերջապէս՝ հայկականութիւնն ապացուցում էին եկեղեցու բակի տապանաքարերը, որոնցից մէկի վրայ հրաշքով պահպանուել էին հայատառ արձանագրութիւններ:
Ճշմարտութեան բացայայտումից օրեր անց, երբ վրացի ճարտարապետները սովորականի պէս գալիս ու պահանջում են եկեղեցու բանալիները, հայ գիւղացիները, որ մինչ այդ հլուհնազանդ դրանք տրամադրել էին ու անգիտութեամբ օտարել սեփական մշակութային հարստութիւնը, ոչ միայն մերժում են, այլեւ տիրոջ իրաւունքով գիւղից դուրս քշում ինքնակոչներին: «Այդ իրավիճակը շատ նման էր «Չարի վերջին», երբ կկուն տեղեկանում է, որ աղուէսը կացին չունի՝ համարձակութիւն է ստանում ու նրան քշում սարից, փրկում երրորդ ձագին», նկատում է ճարտարապետը:
Ջաւախցիները Սամուէլ Կարապետեանին տեղեկացնում են, որ վրաց իշխանութիւնների հրահանգով տարիներ շարունակ կազմակերպուել է հայկական խաչքարերի անխնայ ոչնչացում: Այսպէս. Ճանտիերի ազգանունով մի վրացուհի հնագէտ Ախալքալաքում երկարատեւ պեղումներ է կազմակերպում: Տեղացիները, որ հետաքրքրութիւնից դրդուած յաճախ են այցելել այդ վայրը, նկատել են, որ յայտնաբերուած խաչքարերը հողից հանուելուն պէս անհետանում են: Պարզուել է, որ վրացուհին իրականում զբաղուած է ոչ թէ հնագիտական աշխատանքներով, այլ հայկական յուշարձանների ոչնչացմամբ: Տեղացիներին այլ բան չէր մնում, քան սեփական ուժերով հայոց խաչքարերի ջարդը կանխելը՝ հնագէտ վրացուհու հեռանալուն պէս, կէս գիշերով դրանք մեքենաներով տեղափոխւում են մէկ այլ հայկական եկեղեցու բակ:

ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ԱՅԳԻՆԵՐ՝ ԹԱՂՈՒԱԾ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՎՐԱՅ
Միամիտ է այն պատկերացումը, թէ վրացիները հայկական մշակոյթի հետքերը փորձում են ջնջել միայն հայոց պատմական Ջաւախքից: Հայկական յուշարձանների աւերն իրականացուել ու շարունակւում է   Վրաստանի ողջ տարածքում: Երեսունականներին դրանց մի մասը հիմնայատակ քանդուեց, իսկ կանգուն մնացածներին այլ ճակատագիր էր սպասում. նորանկախ Վրաստանի իշխանութիւնների հրահանգով հայոց եկեղեցիները մէկը միւսի յետեւից իւրացւում են՝ վերստին օծուելով վրացականի: Այս ճակատագրին արժանացաւ նաեւ Թիֆլիսի Վերա թաղամասում գործող Սուրբ խաչ եկեղեցին՝ կառուցուած հայոց ազնուական դասի գերեզմանատան կեդրոնում, ուր հանգչում էին Վրաստանի հայ քաղաքապետների աճիւնները: Յիշեցնենք, որ 800 տարում Թիֆլիսը կառավարած 47 քաղաքագլուխներից 45ը հայեր են եղել: Իսկ այսօր նրանցից եւ ոչ մէկի գերեզմանը պահպանուած չէ, որովհետեւ ողջ գերեզմանատունն է աւերուած: Այսպէս «երախտապարտ» վրաց ժողովուրդը վարձահատոյց եղաւ Թիֆլիսի շենացման գործում մեծ աւանդ ներդրած հայ քաղաքագլուխներին: Նոյն ճակատագրին արժանացաւ նաեւ Խոջիվանքի հայոց եկեղեցին‘ կառուցուած 1655ին: Նրա շուրջն ամփոփուած հայոց Պէյբութեան իշխանական տոհմի գերեզմանոցը պարզապէս վերածուեց պատրաստի քարհանքի. Խոջիվանքի տապանաքարերով վրացիները Խորհրդային տարիներին կառուցեցին ՄարքսիզմԼենինիզմի հիմնարկի շէնքը եւ Կուռ գետի յենապատերը: Իսկ արդէն 1996ին գերեզմանատան տեղում հիմնուեց վրացական առաջնորդանիստ եկեղեցին: Հիմքերը փորելիս խոփի իւրաքանչիւր հարուածի հետ աճիւններ էին դուրս գալիս, շաբաթներ շարունակ բեռնատարները որպէս շինարարական աղբ՝ գանկ ու ոսկոր էին տեղափոխում…
Հայ մշակոյթի հետքերը ոչնչացնելու մոլուցքը հասել է այն աստիճանի, որ որոշ տեղերում խաչքարերը թաղել են խոր փոսերում եւ վրան ծառեր տնկել: Խորհրդային տարիներին այդ տարածքներն անուանուեցին «Բարեկամութեան զբօսայգիներ»:

ՎՐԱՑ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ՄՈԼԵՌԱՆԴ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՆԵՐ

Վրաստանի իշխանութիւնների խայտառակ քաղաքականութեան գագաթնակէտը համարւում է Նորաշէնի եկեղեցւոյ իւրացումը: Տարիէլ անունով վրացի քահանան բրիչը ձեռքին անձամբ է քանդել Նորաշէնի եկեղեցւոյ բեմը, մկրտարանի աւազանը, պատերից քերել հայկական որմնանկարները: Եկեղեցւոյ վրացացումը այդքանով աւարտուած չհամարելով՝ քահանան դիմում է մէկ այլ հրեշաւոր քայլի. 2005ի գարնանը եկեղեցուոյ հարաւային պատին կից յանկարծ յայտնւում է «վրացական» մի փոքրիկ նորաթուխ գերեզմանոց՝ 19րդ դարի մի քանի տապանաքար՝ վրացերէն արձանագրութիւններով: Դրան յաջորդում է թերթերից մէկին քահանայի տուած հարցազրոյցը, ուր նա յայտարարում է, թէ ինքը եկեղեցւոյ բակում վրացական գերեզմանոց է յայտնաբերել. «Պէտք չէ զարմանալ, չէ՞ որ եկեղեցին վրացական է», եզրակացնել է քահանան: Սակայն տեղացի հայերը բացայայտում են վրացի հոգեւորականի ձեռքով իրականացուած խեղկատակութիւնը, պարզելով, որ 19րդ դարի աճիւնները վրացական Մլեթի գիւղից Տարիէլն անձամբ է տեղափոխել ու վերաթաղել հայկական եկեղեցւոյ բակում: Այս դժուար աշխատանքը նա կատարել է միայն մէկ նպատակով, որպէսզի եկեղեցին յայտարարի վրացական: Հայ ճարտարապետի եզրահանգումն է. «Եթէ այս ազգի հոգեւոր հովիւն ընդունակ է իր հանգուցեալների գերեզմանները քանդել ու նրանց տապանաքարերը տեղից տեղ փոխադրել, պղծելով նրանց յիշատակը, պարզ չէ՞, որ օտարինը կը պղծի էլ, կը քանդի էլ: Վրացի հոգեւորականներն իրենց ազգայնամոլական նպատակներին հասնելու համար պատրաստ են սեփական ազգի հերն էլ անիծել»:
Թիֆլիսիի Մուղնու Սուրբ Գէորգ հայկական եկեղեցին, որ համարւում է 1356 թուականի կառոյց, խորհրդային տարիներին վրացիները նախ վերածեցին ազգագրական թանգարանի, ապա ծառայեցրեցին որպէս պահեստ, իսկ 1990 թուականին վրացի փորձագէտները  որակելով վթարային‘ առաջարկեցին ամբողջութեամբ քանդել տաճարը:
Վրաստանի մշակոյթի նախարարութիւնում գիտէին, որ վաղ թէ ուշ եկեղեցին փլուելու է եւ սպասում էին այդ օրուան… 2009 թուականի Նոյեմբերի 19ի լուսաբացին Մուղնու Սուրբ Գէորգ եկեղեցին վերջնականապԷս  փլուզուեց: Ի պատասխան հայկական կողմի բողոքներին, Վրաստանի իշխանութիւնները հերթական սուտ  խոստումները տուեցին, թԷ գարնանը եկեղեցին կը վերականգնուի: Եկեղեցին, բնականաբար, շարունակում է չվերականգնուած մնալ, փոխարէնը գարնանը մեզ հասաւ մէկ այլ հայկական եկեղեցու՝ Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչի քանդման լուրը: Այն դարձեալ  հայկական եկեղեցիները ոչնչացնելու վրացական  քաղաքականութեան հերթական «զոհն է»,  հերթական իւրացուող, «վերականգնուող» յուշարձանը: Պեղումների  անուան տակ վրաց շինարարներն այսօր զբաղուած են եկեղեցուց հայկական հետքն ի սպառ ոչնչացնելու գործով. ջարդում են խաչքարերը, ջնջում հայատառ արձանագրութիւնները:
Ի՞նչ անել շարունակուող սպիտակ ջարդը կանգնեցնելու համար. հարցի պատասխանը մէկն է՝ Հայաստանի իշխանութիւնները պարտաւոր են  յուշարձանների ոնչնչացման հարցով դիմի միջազգային դատարան:

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏԱՆԴ ՀՈԳԵՒՈՐ ԴԱՍԻ ՁԵՌՔՈ՞ՒՄ

Ի դէպ, երբ ամերիկեան Տիթրոյթ քաղաքի հայ հոգևոր հովիւը Սահակաշվիլու հետ հանդիպման ժամանակ մեծ ցաւ է յայտնել հայկական եկեղեցիների վրացացման զարհուրելի քաղաքականութեան մասին, ապա Վրաստանի նախագահին  նուիրել ճարտարապետ Սամուէլ Կարապետեանի հեղինակած «Վրաց պետական քաղաքականութիւնն ու հայ մշակոյթի յուշարձանները» գիրքը, Վրաստանի նախագահն ասել է.«Ինչ որ գրուած է այս գրքում՝ ճշմարտութիւն է, բայց ես անզօր եմ մեր եկեղեցւոյ դէմ ելնել, այլապէս իմ դէմ դուրս կը գան»:
Անկե՞ղծ է Սահակաշվիլին, թէ ոչ՝ դժուար է ասել: Չնայած դա այլեւս այնքան էլ էական չէ, կարեւորն այն է, որ քրիստոնեայ Վրաստանը շարունակում է բարբարոսաբար ոչնչացնել քրիստոնեայ հայ ժողովրդի դարերով ստեղծած հոգեւոր արժէքները:

ԱՐՄԻՆԷ  ՍԻՄՈՆԵԱՆ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*