«ՄԵՆՔ ԶԻՋԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆՔ» ԿԸ ՅԱՅՏՆԷ ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

0 0
Read Time:4 Minute, 48 Second

Ստորեւ, կը հրապարակենք Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի խօսքը, արտասանած Հոկտեմբեր 16-ին, Երեւանի մէջ կատարուած հաւաքին:

Սիրելի° ժողովուրդ, անցեալ հանրահաւաքին ես իմ ելոյթը սկսեցի շնորհակալութեամբ: Շնորհակալութիւն էի յայտնում բոլոր նրանց, ովքեր արթնացրին մեր հասարակական միտքը, բոլորիս ոտքի հանեցին, եւ բողոքի այս ալիքը, «Ոչ»ի այս շարժումը կեանք դարձաւ:

Այսօր, ցաւօք, ելոյթս պէտք է սկսեմ ցաւակցութեամբ: Ես ցաւակցում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ այստեղ հաւաքուած եւ նրանց, որ հետեւելու են այս արարողութեանը, իրադարձութեանը հեռուստատեսութեամբ, ռատիոյով կամ այլ ձեւերով: Ցաւակցում եմ, որովհետեւ մեզ չյաջողուեց կանխել այդ չարաբաստիկ ստորագրութիւնը: Ստորագրութիւնը փաստաթղթի տակ դրուեց: Դուք տեսաք, թէ ինչպէս դրուեց: Դուք տեսաք, թէ ինչ դժուարութեամբ դա արուեց: Եւ իմ միւս ցաւակցութիւնն ուղղուած է մեր իշխանութիւններին, որոնց այսպէս ճզմել են, եւ արտաքին գործերի նախարարին, որը թոյլ է տալիս, որ մի ինչ-որ միջազգային չինովնիկ (պետական պաշտօնեայ), թշերին խփի՝ ինչպէս փոքրիկ երեխային, որին խաբել են ու ստորագրել տուել ինչ-որ թուղթ:

Բայց նաեւ ուզում եմ ձեզ նորից շնորհակալութիւն յայտնել եւ այս մեծ շարժման յաջողութիւնների մասին էլ խօսել: Ես խոնարհում եմ գլուխս այն քաջ տղաների առջեւ, որոնք (ո՞նց է կոչւում, Պուրսա, չէ՞. առաջ դա յունական Պրուսսա քաղաքն էր) Պրուսսայի թուրքական ստադիոնում չվախեցան եւ պաստառ բարձրացրին` «Սասունի եւ Պիթլիսի հայերը քեզ հետ են, Հայաստա°ն»: Այ էդպիսի տղերք ունենք մենք: Նոյնիսկ Թուրքիայի խորքում, այդ ամբողջ ոստիկանական վոհմակների, նացիոնալիստների շարանների առաջ չվախեցան, հայատառ, հայալեզու պաստառ բարձրացրին: Եւ այնպէս չէ, որ մենք չենք յաջողում:

Մեր նախորդ հսկայական հանրահաւաքը բերեց նրան, որ միւս օրը չարաբաստիկ ստորագրութիւնից ժամեր առաջ Հայաստանի նախագահը ուղերձով հանդէս եկաւ: Նա իր ուղերձում ասաց բոլոր այն մտահոգութիւնների մասին, որ ունենք մենք բոլորս: Մենք կարող ենք ասել, որ այդ ուղերձն ուշացած է: Այո°, ուշացած է: Մենք կարող ենք ասել, որ այդ ուղերձը, քանի դեռ չեն եղել Սահմանադրական դատարանի եւ խորհրդարանային լսումները, իրաւական ուժ չունի: Այո°, չունի:

Բայց դա նշանակում է, որ իշխանութիւնը մեր մտահոգութիւնը սկսում է հասկանալ: Ուրեմն, մենք պէտք է աւելի ուժեղ սեղմենք: Մենք պէտք է աւելի ուժեղ բարձրացնենք մեր «Ո°չ»ի ձայնը, որպէսզի իշխանութիւններին թոյլ չտանք կատարելու երկրորդ սխալը: Այսօր մենք արդէն գիտենք՝ Թուրքիան շտապում է վաւերացնել փաստաթղթերը: Թուրքիան շտապում է, եւ արդէն այս ամսի 21-ին վաւերացման համար թուրքական խորհրդարան են մտնելու այդ արձանագրութիւնները: Սա նշանակում է, որ նրանք եւ նրանց միջազգային հովանաւորները հասկացել են, որ Հայաստանում բարձրանում է հզօր ալիք, որը կը սրբի այդ ստորագրութիւնները, իսկ եթէ ժողովրդի ձայնը ստորագրողները չլսեն, ապա կը սրբի ստորագրողներին:

Մենք հիմա գործ ենք ունենալու մեր խորհրդարանի հետ: Մեր խորհրդարանում կայ 131 պատգամաւոր: «Ժառանգութեան» եւ Դաշնակցութեան պատգամաւորների դիրքորոշումը ձեզ յայտնի է: Մնացածներից շատ-շատերը հոգու խորքում մեզ հետ են, բայց վախեցած են, խաբուած են, ճնշուած են: Մենք նրանց կը վերադարձնենք հայ ժողովրդի գիրկը: Հայաստանի պատգամաւորը պէտք է ընտրութիւն կատարի՝ ում է նա ծառայում՝ ժողովրդի՞ն, թէ՞ իշխանութիւններին: Պատգամաւորը պէտք է ծառայի իր ժողովրդին, որը նրան ուղարկել է Ազգային ժողով: Եւ մենք կը պարտադրենք հաշուի նստել մեր կամքի հետ: Ինչպէ՞ս ենք դա անելու: Դուք կը լսէք դա հետագայ ելոյթների մէջ: Յստակ առաջարկութիւններ կþանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը: (Խօսքը ամբողջութեամբ կը հրատարակենք մեր վաղուան թիւով: «Ա.»):

Իսկ ես ուզում եմ այսօր բոլոր պատգամաւորներին (քոալիցիոն կամ անկախ) ասել՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահի ուղերձը պէտք է ձեզ համար դառնայ ուղեցոյց, եւ չփորձէք փախչել այնտեղ արտայայտուած մտահոգութիւններից: Մեր աչքի առաջ պէտք է քուէարկէք: Եւ, Աստուած մի արասցէ, որ դուք կատարէք ոչ թէ մեր ժողովրդի, այլ ուրիշի կամքը: Ո՞ր ուրիշի: Մենք տեսանք, թէ ինչպէս հայ ժողովրդի տասնամեակների պայքարի արդիւնքում միջազգային լռութեան պատը սկսեց փլուել: Մենք տեսանք, թէ ինչպէս երկիր երկրի յետեւից, խորհրդարան խորհրդարանի յետեւից, միջազգային կառոյցներ սկսեցին ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանութիւնը: Ի հարկէ, սա միայն առաջին քայլն էր:

Որովհետեւ քանի՞ կոպեկ արժէ Ցեղասպանութեան ճանաչումը, եթէ չկայ հատուցում: Այս դատը իրական իմաստով դատ է. դատը պէտք է պատժի եւ հատուցի զոհին իր կորուստները: Ուրեմն, հատուցումն է լինելու մեր հիմնական պահանջը:

Եւ ահա այդ միջազգային պատը, կարեւորագոյն գերտէրութիւնների արտաքին գործերի նախարարների եւ միջազգային կառոյցների ներկայացուցիչների ճանապարհով կարծրացան Էդուարդ Նալբանդեանի մէջքին, եւ մենք նորից պէտք է ճեղքենք այդ պատը: Մենք, ի հարկէ, կը ճեղքենք միասին, մենք նորից կը ճեղքենք: Եւ մեր իշխանութիւնները պիտի մի բան հասկանան, որ պէտք է կանգնեն ժողովրդի կողքին եւ դիմադրեն Հայաստանի վրայ եղած միջազգային ճնշումներին: Եւ եթէ կանգնեն դիմադրելու, ապա մեր ուժը հզօր կը լինի, մենք միասին կը յաղթենք: Բայց եթէ մեր իշխանութիւնը գործիք դարձաւ օտար ուժերի ձեռքում՝ մեր ժողովրդի կամքը կոտրելու համար, ապա վայ այդ իշխանութեանը: Վայ այդ իշխանութեանը: Իշխանութիւնը, որն իր ժողովրդի պատուիրանը չի կատարում, երկար կեանք չունի:

Սիրելի° ժողովուրդ, անցել են այն ժամանակները, երբ մենք՝ հայերս, անընդհատ դիմադրողի, պաշտպանուողի դերում էինք: Տեսանք՝ ինչին բերեց անընդհատ դիմադրելն ու պաշտպանուելը: Նա, ով ի սկզբանէ որպէս մարտավարութիւն է ընտրել պաշտպանուելը, ի սկզբանէ պարտուած է: Մենք անցնում ենք յարձակման, մենք անցնում ենք գրոհի:

Մեր դէմ միացել են աշխարհի որոշ ուժեր, բայց ոչ բոլորը: Նրանք, ի հարկէ, ունեն իրենց շահերը՝ ինչ-որ տեղ նաւթ, ինչ-որ տեղ ծով, ինչ-որ տեղ էլ Թուրքիայի շահերն է պէտք բաւարարել, ինչ-որ տեղ՝ Ռուսաստանի յոյսերը: Բայց մեր շահերը մենք պէտք է պարտադրենք:

Սիրելի° ժողովուրդ, Միացեալ Նահանգների հիմնադիր գործիչներից յայտնի փիլիսոփայ Պենճամին Ֆրանքլինը մի նախադասութիւն է մի անգամ ասել. «Ո°չ ամրոցը, ո°չ էլ կոյսը երկար չեն դիմանայ, եթէ սկսեցին սակարկել»: Ես չգիտեմ՝ ում դերում են իրենց պատկերացնում մեր իշխանութիւնները, բայց մենք ամրոց ենք, որը չի սակարկելու: Մենք մեր շահերի շուրջ չենք սակարկելու: Մենք զիջելու բան չունենք:

Ես չեմ ուզում ձեր ուշադրութիւնը նորից սեւեռել արձանագրութիւնների բովանդակութեանը, բոլոր վտանգները ձեզ յայտնի են: Թուրքիան շտապում է: Թուրքիան ստանում է արդէն այն, ինչ ուզում է: Դուք գիտէք, որ Եւրոմիութեան Եւրոյանձնաժողովի բանաձեւը, զեկոյցը Թուրքիայի մասին պատրաստուած էր շատ կոշտ: Վերջին օրերին բոլոր կոշտ, Թուրքիային քննադատող մասերը հանուեցին, որովհետեւ Թուրքիան Հայաստանի հետ բանակցութիւններ է սկսել: Մենք մեր ձեռքերով, այն ձեռքով, որը ստորագրեց այդ չարաբաստիկ թուղթը, բացում ենք Թուրքիայի ճանապարհը դէպի Եւրոպա: Եւ Եւրոպայից նա մեզ վերջնականապէս կը խեղդի: Մենք կը կասեցնենք նրա ընթացքը: Միայն մեր շահերն են մեզ համար հետաքրքիր: Ոչ թուրքերի, ոչ ռուսների, ոչ ամերիկացիների շահերը ոչ մի կոպեկ չարժեն, եթէ հայերի շահերի հետ հաշուի չեն նստում:

 

About Post Author

admin

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՕՊԱՄԱ – ԿԻՒԼ ՀԵՌԱՁԱՅՆԱՅԻՆ ԶՐՈՅՑ
Next post ՏԻԹՐՈՅԹԻ Հ. Օ. Մ.-Ի ԵՐԻՑԱԳՈՅՆ ԸՆԿԵՐՈՒՀԻՆՆԵՐՈՒ ԳՆԱՀԱՏԱԳՐԻ ՏՈՒՉՈՒԹԻՒՆ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles