Մեր Պարտքն Ու Պատասխանատուութիւնը

0 0
Read Time:3 Minute, 16 Second

 

«Դրօշակ»

Խմբագրական

թիւ 6 (1640), Յունիս, 2020  

Ընդամէնը 30-40 տարի առաջ կանխատեսումնէր էին հրապարակւում այն մասին, որ ծխի ու կազերի անուերահսկելի արտանետումները մի օր ծածկոյթի շերտ կը գոյացնեն մթնոլորտում` երկրի վրայ առաջացնելով ջերմոցային էֆեկտ: Իր հերթին ջերմոցի վերածուած երկրի վրայ տեղի կ’ունենայ ջերմաստիճանի կլոպալ տաքացում` որպէս հետեւանք պատճառ դառնալով սառցաշերտերի ու այսբերգների հալոցքին եւ այլն: Այն ժամանակ այդ կանխատեսման իրականացումը շատ հեռու էր թւում, որովհետեւ մարդու պատկերացումներում անսահման էր երկրագունդն իր մեծութեամբ: Այնինչ տիեզերական չափումներով ինչ-որ ակնթարթ յետոյ իրականութիւն դարձան ամենավատթար կանխատեսումները: Ակնառու դարձաւ գիտական ճշմարտութիւնը, որ դարերով ձեւաւորուած սառուցեալ գօտին իւրատեսակ սառցարանի դեր է կատարում Երկիր մոլորակի համար` ապահովելով վերջինիս ջերմային հաւասարակշռութիւնը: Եւ այսօր մեր մոլորակը նմանուել է տենդահար հիւանդի, անբնական կլիմայական երեւոյթները պատուհասում են հողագնդի բոլոր անկիւնները, այնպէս որ այլեւս բնական են ընկալւում կլիմայի մշտական անբնական դրսեւորումները:

Երկրի վրայ ջրի եւ ցամաքի ծաւալային յարաբերակցութիւնը համընկնում է մարդու օրգանիզմի հեղուկ եւ ոչ հեղուկ զանգուածների համամասնութեան հետ: Ըստ գիտնականների` տարբեր բնակլիմայական երեւոյթների եւ տիեզերական մարմինների ազդեցութեամբ մարդու օրգանիզմում տեղի ունեցող շատ փոփոխութիւններ, օրինակ` արեան ճնշման բարձրացումը, նոյնը յիշեցնող երեւոյթներ են առաջ բերում նաեւ Երկիր մոլորակի վրայ, այսպէս` ջրային զանգուածները, ճնշում առաջ բերելով, հոսում լցւում են երկրակեղեւի շերտերի ու խոռոչների մէջ եւ այլն: Գուցէ այս եւ այլ համընկնող երեւոյթները ոչ թէ զարմանալի, այլ միանգամայն տրամաբանական ու բնակա՞ն պէտք է համարել: Կարելի է յիշել Աստուածաշունչը, որում ասւում է, որ Արարիչը մարդուն ստեղծեց իր պատկերով եւ նմանութեամբ: Մի սերնդի կեանքում դրսեւորուած ակնառու երեւոյթ է, թէ ինչպէս շատ հիւանդութիւններ (նոյն արեան ճնշումը եւ մեծապէս դրանով պայմանաւորուած սրտանօթային հիւանդութիւնները) երիտասարդացան ու ստացան համատարած բնոյթ:

Այսինքն` բումերանգի պէս բնութիւնը վերադարձնում է մեզ այն, ինչ մենք անում ենք իր նկատմամբ: Խորանալով յոռետեսական դատողութիւնների մէջ` գուցէ պիտի եզրակացնենք նաեւ, թէ քաղաքակրթական զարգացման ընթացքը մարդ արարածին օրինաչափօրէն տանում է դէպի ինքնաոչնչացում, եւ գուցէ այն օրը, երբ մարդը կը սթափուի իր արարքների հետեւանքների հետ առերեսուելով, այլեւս ուշ կը լինի ստեղծուած իրականութիւնը շտկելու համար: Իսկ այսօրուայ կացութիւնը պարտաւորեցնում է բնապահպանութեանը եւ բնապահպաններին չնայել որպէս աղանդի ու աղանդաւորների նման մի բանի, այլ գործունէութեան այս ուղղութիւնը դիտարկել որպէս պետութիւնների ու ժողովուրդների քաղաքակրթական մակարդակի ցուցիչ:

Այն, ինչ մեր սերնդի աչքի առաջ մեր իսկ հայրենակիցների ձեռքով իրականացաւ Հայաստանի անկախացումից ու երկրի ճակատագիրն ինքնուրոյնաբար տնօրինելու իրաւունքը ձեռք բերելուց յետոյ, երեւի չափազանցրած չենք լինի, եթէ անուանենք գիշատչական գործունէութիւն: Այլեւս օտարի իշխանութիւնը չէր ցամաքեցնում Սեւանը եւ աչք փակում նրա ձկնային պաշարների ոչնչացման վրայ, Մոսկուայի հրահանգով չէին թալանւում ազգի ներկայ ու գալիք սերունդների սեփականութիւնը հանդիսացող հանքահումքային պաշարները, անտառները, գետերը բնապահպանական յատուկ նշանակութեան գօտիները, կենդանական աշխարհը եւ այլն: Այսինքն` տպաւորութիւնը, որն այսօր էլ անցած չէ, այն է, թէ մենք մեր երկրի վրայ յարձակուել ենք վերջին սերունդը լինելու հոգեբանութեամբ: Երբ օրերից մի օր ակնյայտ կը դառնայ, թէ Հայաստանում ինչեր են սեփականաշնորհուած կամ յատկացուած 99 տարով շահագործման, հարց կը ծագի, թէ կա՞յ արդեօք ինչ-որ բան, ինչը սրա կամ նրա սեփականութիւնը չէ, այլ պատկանում է բոլորին:

Մենք իսկապէս կը կարողանա՞նք մի օր Սեւանի մակարդակը հասցնել անհրաժեշտ նուազագոյնին, խողովակների մէջ խցկուած եւ այլ վայրերում հիդրոէլեկտրակայանների ծառայութեան քշուած գետերին վերադարձնել իրենց ցամաքած յուներին եւ ափամերձ տարածքներին, ձկնային վտառների առջեւ բացել ձուադրավայրերի ճանապարհը, ապահովագրել անտառներն ու նրանց բնակիչներին, դադարեցնել հանքերի անխնայ եւ բնապահպանական առումով վտանգաւոր շահագործումը, ապահովել Երեւանի բնակլիմայական առողջ համակարգը եւ ազատագրել մայրաքաղաքը բիզնես հոգեբանութեամբ հաշմելուց ու կերպարանախեղելուց:

Բնապահպանական գործունէութիւնը եւս մշակոյթ է, եւ մեր ներկայ քաղաքակրթական մակարդակը պէտք է չափուի նաեւ այն հանգամանքով, թէ որչափ ազգային ու պետական կամք, գիտակցութիւն եւ քաղաքացիական պատասխանատուութիւն կարող ենք ի յայտ բերել մեր մէջ` մեր երկիրը պահպանելու եւ գալիք սերունդներին անվնաս փոխանցելու համար: Բնապահպանական խնդիրները, պէտք է այլեւս մաս կազմեն մեր մշտական օրակարգերին, ոչ թէ շահարկման առարկայ, այլ առողջ քննարկումների նիւթ դառնան քաղաքական տարբեր ուժերի եւ թեւերի միջեւ: Դրանք ոչ թէ գործիք պէտք է ծառայեն այլեւայլ օտար ուժերի ձեռքին` ներքաղաքական խնդիրներ հրահրելու համար, այլ ընդգրկուեն դպրոցական եւ բուհական ծրագրերում` ընկալուելով որպէս անհատ մարդու եւ հաւաքականութեան դաստիարակուածութեան ու պարկեշտ վարքի դրսեւրումներ:

Պետութիւնը պէտք է ունենայ իր բնապահպանական ռազմավարութիւնը, որը կը հանդիսանայ կարեւոր պայմաններից մէկը կենսագործունէութեան միւս ոլորտներում նախաձեռնուող ծրագրերի համար: Պատասխանատուութեան զգացումը երկրի զաւակի եւ քաղաքացու պարտքն է իրեն ծնող երկրի ու միջավայրի հանդէպ:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՔԱՈՍԱՅԻՆ ՎԻՃԱԿ․․․ԱՆԶԷՆ ՃՈՐՃ ՖԼՈՅՏԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Next post Գրողի Անկիւն.- Մարդը՝ Մեր Գիտցած Նախամարդը…

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles