Հայրենիքէն «Հայրենիք»-ին

Սոնա Յակոբեան

Ուղիղ 32 տարի առաջ այս օրերին ծնուեց արցախեան շարժումը։ Ամէն ինչ սկսուեց 1988-ի Փետրուար 12-ին, երբ Հատրութում մի խումբ ուսանողների կողմից կազմակերպուած հաւաքի ժամանակ առաջին անգամ հնչեց «միացման» կոչը։ Մինչ այդ արդէն ստորագրահաւաք էր սկսուել՝ Ղարաբաղը Հայաստանին վերամիաւորելու պահանջով։ Մասնակիցները, հագուստի տակ թռուցիկները թաքցած, տնից տուն էին գնում ու ստորագրութիւններ հաւաքում, յաջորդ օրը՝ Փետրուար 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցաւ առաջին ամէնաբազմամարդ հանրաւաքը․ 40-ից 50 հազար մարդ էր փողոց դուրս եկել։
Այդ օրը սկսուեց Արցախեան շարժումը, որը կայծակնային արագութեամբ սկսեց ընդլայնել աշխարհագրութիւնը ու արդէն Փետրուար 19-ին հասաւ Երեւանի թատերական հրապարակ։ Այդ օրուանից Օփերայի բակն օրէ օր աւելի մարդաշատ էր դառնում, մարդիկ չէին հեռանում նաեւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից (այն ժամանակ ՝ Լենինի հրապարակ)։ Պահանջում էին արտահերթ նստաշրջան հրաւիրել ու որոշել Արցախի հարցը։ Օր օրին «միացման» կոչն աւելի բարձր էր հնչում՝ հազարաւորների շուրթերից։ Ինքնաբուխ ցոյցերը վերածուել էին շարժման ու այլեւս ետդարձի ճանապարհ չկար։ 1988-ի Փետրուար 20-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ժողովրդական պատգամաւորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ատրպէյճանի Գերագոյն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագոյն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերեալ, նրանք դիմեցին նաեւ Խորհրդային Միութեան Գերագոյն խորհրդին՝ այդ խնդրանքը բաւարարելու կոչով : Նոյն թուականի Փետրուար 25-26-ին Խորհրդային Միութեան 70-ամեայ պատմութեան մէջ ամենաբազմամարդ ցոյցերն են տեղի ունենում Երեւանում։ Փետրուար 26-ին Կորպաչովը Քրեմլ է հրաւիրում Սիլվա Կապուտիկեանին եւ Զորի Բալայեանին։ Նա խնդրում է ցուցարարներից իրեն մէկ ամիս ժամանակ տալ ։ Ընդառաջելով խնդրանքին՝ ցուցարարները որոշում են մինչեւ Մարտ 26-ը դադարեցնել իրենց բողոքի ցոյցերը։ Մարդիկ հրապարակից տուն են գնում, բայց Ատրպէյճանը որոշում է առիթը բաց չթողնել ու ժամանակ չկորցնել։ Փետրուար 27-ին արդէն սկսւում են հայերի զանգուածային ջարդերը Սումկայիթում, ապա Պաքւում , Գանձակում, Շամխորում, Շամախիում, Մինկեչաուրում։ ԱմԷն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու իւրաքանչիւր քայլին յաջորդեց հայ բնակչութեան դէմ ուղղուած բռնութեան ալիքը, հայ ժողովրդի իրաւունքների համատարած ոտնահարումը։ Ատրպէյճանի բռնութիւններն արդէն յուշում էին ՝ յաջորդիւ պատերազմն է։ Եւ հենց այդպէս էլ եղաւ 1988-ին պիտի յաջորդէին Արցախեան պատերազմը , Շուշիի ազատագրումը, 1994-ի Մայիս 12-ին անժամկէտ հրադադարը։ Իսկ մինչ այդ 1992-ի Սեպտեմբեր 2-ին Լեռնային Ղարաբաղն արդԷն հռչակուել էր Անկախ հանրապետութիւն, որն անցնող տարիների ընթացքում օր օրի աւելի է կայանում որպէս պետութիւն։ Արցախը կամաց-կամաց մաքրում է իր վրայից պատերազմի հետքերը , ամրանում ու ամրապնդւում իր պետական , տնտեսական կառոյցներով։ Ու չնայած մինչեւ հիմա Ատրպէյճանը չի համակերպել Արցախի ժողովրդի այս ընտրութեան հետ, Արցախի ժողովրդի համար ետդարձի ճանապարհ էլ չկայ։
Այս առիթով Արցախի ժողովրդին ու ողջ հայութեանը շնորհաւորել են ե՛ւ Հայաստանի վարչապետը, ե՛ւ նախագահը, ու մի շարք այլ յայտնի հասարական ու պետական գործիչներ։ Ներկայացնում ենք Արցախի նախագահի շնորհաւորանքը Արցախի ժողովրդին։ Ըստ Բակօ Սահակեանի 1988-ի Փետրուար 20-ին, Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը իրաւական ուժ է հաղորդել հայ ժողովրդի բազմամեայ նկրտումներին եւ ազդարարել է նրա նուիրական իղձերի ու նպատակների իրականացման մեկնարկը: «Նստաշրջանը, չնայած բռնատիրական Ատրպէյճանի բիրտ ճնշումներին, տեղի ունեցաւ՝ ժողովրդավարութեան սկզբունքներին ու նորմերին, օրէնքի տառին ու ոգուն խիստ համահունչ: Եւ ընդունուեց որոշում, որի համար մեր ժողովուրդը պայքարում էր տասնամեակներ շարունակ: Դա պայքար էր՝ ուղղուած պատմական արդարութեան վերականգնմանը, մարդու իրաւունքների ու ազատութիւնների, համամարդկային ու ազգային արժէքների պաշտպանութեանը: Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայութիւնը՝ Ղարաբաղում, մայր Հայաստանում եւ սփյուռքում: Այդ օրը դարձաւ մեր ժողովրդի սխրանքի, վճռականութեան ու ազատասիրութեան, մեր համազգային միասնականութեան խորհրդանիշը: Սիրելի՛ հայրենակիցներ, մէկ անգամ եւս շնորհաւորում եմ մեր ողջ ժողովրդին այս յիշարժան տօնի կապակցութեամբ եւ մաղթում խաղաղութիւն ու մեծագոյն յաջողութիւններ հայոց պետականաշինութեան ճանապարհին»,- գրել է Բակօ Սահակեանը։
*
Անցնենք շաբթուայ հայաստանեան լուրերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանն այս շաբաթ մեկնաբանել է նախորդ շաբաթ Միւնիխում իր եւ Ատրպէյճանի նախագահի միջեւ տեղի ունեցած հանդիպումը։ Նա այդ հանդիպումը շրջադարձային է համարում։ «Ես կարծում եմ, որ այդ հանդիպումն ունի շրջադարձային նշանակութիւն: 2018-ի Մայիսից ի վեր Ատրպէյճանը փորձում է ողջ միջազգային հանրութեանը համոզել, որ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Այդ խօսակցութիւնը միջազգային հանրութեանը շատ յստակ ցոյց տուեց, որ Հայաստանն ունի կառուցողական դիրքորոշում Ղարաբաղի հարցում, իսկ Ապրպէյճանն ունի ապակառուցողական, ընդհուպ՝ ցեղապաշտութեան հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում: Սա ամենակարեւոր արդիւնքն է։ Ձեւաւորւում է Ղարաբաղեան հարցի բանակցային նոր բովանդակութիւն, որը ես պայմանականօրէն անուանում եմ Միւնիխեան սկզբունքներ»,- ասել է Փաշինեանը։
*
Տարեսկզբին բանակում խաղաղ պայմաններում 13 զինծառայողի մահուան դէպքերը մտահոգիչ են ու բանակում բարեփոխումների օրակարգով միջգերատեսչական աշխատանքային խումբ կը ստեղծվի: Այս մասին Հանրային պատկերասփիւռի ընկերութեանը տոիած հարցազրոյցում նշել է Նիկոլ Փաշինեանը։ Նա վստահեցրել է․ «Բանակում էական փոփոխություններ են տեղի ունեցել, և շատ կարեւոր է հասկանալ, թէ ինչ է կատարւում: Դժբախտ պատահարների ու հիւանդութիւնների պարագան մի պարագա է, ոչ կանոնադգային յարաբերութիւնների պարագան ուրիշ պարագայ է: Շուտով կը ստեղծուի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումները կը դարձնի իր աշխատանքային թեման, եւ յոյսով եմ, որ մենք կը շարունակենք բանակի բարեփոխումները, կը կարողանանք առաջ շարժուել բանակում զոհերի դէպքերի պատմականով: ․․․ Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել բոլոր պատճառներով, քան 2019 թուականին»,- ասել է Փաշինեանը:
Նա նշել է նաեւ , որ բանակում արձանագրուած մահերի պատճառ է նաեւ քրէական ենթամշակոյթի առկայութիւնը, որը պէտք է արմատախիլ արուի այնտեղից:
«2020-ի զոհերից հինգը մահացել են հիւանդութեան պատճառով՝ մի մասը ծառայութեան, միւս մասը ոչ ծառայութեան մէջ: Չորսը դժբախտ պատահարի հետեւանքով եւ չորս ինքնասպանութեան դէպք է տեղի ունեցել: Խնդիր է սա արդեօք, թէ ոչ, հիւանդութիւնների հետ կապուած խնդիր է, որովհետև պետք է մեր առողջապահական համակարգը դարձնենք այնպիսին, որ աւելի բարձր մակարդկով ապահովուի հանրութեան ու զինծառայողների առողջութիւնը, դժբախտ պատահարները նոյնպէս խնդիր են»,- նշել է վարչապետը:
Արձանագրուած դէպքերից յետոյ Հ․Հ․ վարչապետի առաջարկով եւ նախագահի՝ Փետրուար 18-ի հրամանագրերով պաշտօնանկ են արուել ռազմական ոստիկանապետ Արթուր Պաղտասարեանը եւ բարոյահոգեբանական ապահովման վարչութեան պետ Ալեքսան Ալեքսանեանը:
*
Իսկ ահա ատրպէյճանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից Պուտափեշտում հայ սպայ Գուրգէն Մարգարեանի սպանութեան դէպքի 16-րդ տարելիցի առիթով վարչապետի գրառումը շատերի քննադատութեանն է արժանացել։ «Այսօր մենք յարգանքի տուրք ենք մատուցում հայ սպայ Գուրգէն Մարգարեանի յիշատակին, որ դարձաւ ատելութեան, ցեղապաշտութեան եւ հակահայ քաղաքականութեան անմեղ զոհ: Մենք մեր համերաշխութիւնն ենք յայտնում Մարգարեյան ընտանիքի բոլոր անդամներին եւ ընկերներին: Գուրգէն Մարգարեանի սպանութինը եւ դատապարտուած մարդասպանիյետագայ ներումն ու փառաբանումն անպատժելիութիւնը խթանելու վառ օրինակ է: Մենք պարտաւոր ենք կանխել նմանատիպ՝ ինքնութեյան վրայ հիմնուած յանցագործութինների յետագայ դէպքերը»,- գրել է վարչապետ Փաշինեանը: Շատ օգտատէրերի ուշադրութիւնից, սակայն, չի վրիպել այն, որ Նիկոլ Փաշինեանի գրառման մէջ որեւէ բառ չի եղել Գուրգէն Մարգարեանին կացնահարած ատրպէյճանցի Սաֆարովի, նրան հերոսացնողների եւ ընդհանրապէս Ատրպէյճանի մասին։ Յիշեցնեմ, որ ոճրագործ Սաֆարովը 2004-ի Փետրուարի 19-ին Պուդաթեշթում ՆԱԹՕ-ի անգլերէն եռամսեայ դասընթացներին մասնակցութեան ժամանակ գիշերը կացնի 16 հարուածով դաժանաբար սպանել էր քնած հայ սպային: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկութեան` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի Օգոստոս 31-ին Սաֆարովն արտայանձնուել էր Ատրպէյճանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Սակայն Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել եւ ազատ արձակել՝ բարձրացնելով զինուորական կոչումն ու վճարելով 8 տարուայ կուտակուած աշխատավարձը:
*
Շաբթուայ կորուստները։ «Չափահաս մարդ մը, որ այդտեսակ արգահատելի վերաբերմունք ունի ջութակի նման ազնուագոյն գործիքի նկատմամբ, ես այդտեսակ մարդու հետ ճամբայ չեմ գնայ»: Հատուած «Հարսնացուն Հիւսիսից» ժապաւէնից։ Կատարում է Երուանդ Մանարեանը, որպէս գիւղի դպրոցում Ֆրանսերէնի ուսուցիչ։
Նա աւելի շատ յիշուեց այս գործում իր բաւականին իւրօրինակ կերպարով, բայց հայ շարժապատկեր աշխարհում ու թատրոնում Երուանդ Մանարեանի աւանդը շատ աւելին է։ Նա որպէս դերասան աշխատել է Երեւանի Պարոնեանի անուան երաժշտական թատրոնում եւ Գ. Սունդուկեանի թատրոնում։ 1957-1959 թուականներին եղել է Յովհաննես Թումանեանի անուան թատրոնի գլխաւոր բեմադրիչը, 1988 թուականից՝ «Ագուլիս» թատրոնի գեղարուեստական ղեկավարը։ 1959-1961 թուականներին նոյն պաշտօնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թուականից՝ Քիեւի հայկական թատրոնի հիմնադիր-գեղարուեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երեւանի փաստագրական –ապաւէններու բնագաւառէն ներս։
Խաղացել է՝ «Հարսնացուն Հիւսիսից»,«Հարսնացուն Ջերմուկից»,«Տժվժիկ», «Մորգանի խնամին» եւ այլ յայտնի ժապաւէններում։
*
Այս շաբաթ 58 տարեկանում յանկարծամահ եղաւ նաեւ լուսանկարիչ Հերման Աւագեանը։ Նա անհացնում էր մարդկային պատմութիւնները, ապրում իր հերոսների կեանքով, ընկերանում նրանց հետ ու փորձում նաեւ օգնել։ Նա մէկն էր այն լուսանկարիչներից , ով փաստագրել էր՝ լուսանկարներով Արցախեան շարժման ողջ ընթացքը։ Նա վաւերագրել էր պատերազմը նաեւ զինադադարից յետոյ, ցոյց տուել խաղաղ պայմաններում շարունակուող պատերազմն իր բոլոր կողմերով։
*
Եւ վերջում ։ Այս շաբաթ Գրքի տօն էր ։ Փետրուար 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Թումանեանի ծննդեան օրը, արդէն մի քանի տարի Հայաստանում նշւում է որպէս Գիրք նուիրելու օր, այդ օրը մարդիկ իրար գիրք են նուիրում եւ այսպես տոնում Ամենայն Հայոց Բանաստեղծի տարեդարձը։ Վերջին տարիներին մի հետաքրքիր մշակոյթ եւս ձեւաւորուել է։ Շատ գրքասէրներ դիմատետրում տեղադրում են անոր բանաստեղծութիւնները , պատմուածքներից հատուածներ։ Այս շաբաթ համացանցի գրառումները նուիրուած էին Թումանեան։ Առիթը բաց չթողնելով՝

Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար,
կեանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պէս, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կեանքից, թէ ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրուան էս ճամփէդ։

Նոյեմբեր 1919

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*