ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

0 0
Read Time:4 Minute, 55 Second

Սոնա Յակոբեան

Հայաստանեան լրահոսի ամփոփումը սկսենք լաւ լուրով: Յիշու՞մ էք  նախորդ շաբաթուայ լուրն այն մասին,որ Փետրուար 7-ին Տրեստընում անցկացուող Semper Opernball փառատօնի բացմանը, հայազգի սոփրանօ Ռուզան Մանթաշեանը ելոյթ չի ունենայ, քանի որ ատրպէյճանցի Էուսէֆ Էյվազովը, հրաժարուել է նոյն բեմում ելոյթ ունենալ հայ երգչուհու հետ: Ի վերջոյ , մշակոյթը յաղթեց հայատեացութեանը: Ռուզան Մանթաշէանը Դիմատետրի իր էջում գրել է․ «Համոզուած եմ եղել, որ մշակոյթը սահմաններ չի ճանաչում եւ ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսւում է այդքան մարդկանց կողմից, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խօսքով եւ գործով: Սիրով տեղեկացնում եմ իմ ունկնդիրներին, որ Փետրուարի 7-ին Չայքովսքիի Եւկենի Օնեկին օփերայից Թաթիանայի «արիա»-ով հանդէս եմ գալու Տրեստընեան յայտնի Semper Opernball-ում»:

*

Մշակութային համերաշխութիւնից անցում Հայաստանեան ներքաղաքական լարուած կեանքին: Շաբաթուայ վերջում ըստ նախնական տեղեկութիւնների Արտաշատ քաղաքի բնակիչ Արթուր Թորոսեանը կրակ էր բացել «Էրեբունի Փլազա» հիւրանոցի նախասրահում եւ պահանջել  թոյլտուութիւն` Հայաստանի  երկրորդ նախագահի գրասենեակ մուտք գործելու համար: Ի դէպ լուրեր են շրջանառւում, թէ զինուած անձը Ռոպերթ Քոչարեանի աջակիցներից է: Շէնքի յարակից տարածքներում ու հիւրանոցում մի քանի ժամ տեւած լարուած իրավիճակը հանգուցալուծուել է սիրով եւ համերաշխութեամբ: Զինուած անձի հետ Հայաստանի ոստիկանապետի պաշտօնակատար Արման Սարգսեանն անձամբ է բանակցել: Բարեբախտաբար նա  յանձնուել է, վիրաւորներ ու զոհեր չկան: Վերջին տարիներին այսպէս նրբանկատ ձեւով Հայաստանում դեռ որեւէ քաղաքացի բերման չէր ենթարկուել ու շատերը ոստիկանութեան «հերոսութիւնը» գնահատելու փոխարէն  սկսեցին բացատրութիւններ պահանջել , թէ ինչու է քաղաքացին բերման ենթարկուել  առանց ձեռնաշղթաների ու  ոստիկանութեան բաժանմունք տեղափոխուել ոստիկանապետի պաշտօնակատար Արման Սարգսեանի ծառայողական ինքնաշարժով:

Ոստիկանութեան պարզաբանումը` ձեռնաշղթաներ չգործածելը բանակցութեան պայման է եղել եւ վնասազերծման կարեւոր բաղադրիչ: Այս մասին գրել է Հ․Հ․ ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապի եւ լրատուութեան վարչութիւն պետ Աշոտ Ահարոնեանը` անդրադառնալով մեկնաբանութիւններին: Նա հաւաստիացրել է` քաղաքացին համաձայնել է զէնքը յանձնել միայն այդ պայմանով:  Ահարոնեանը նաեւ բանակցութեան տեսանիւթն է տեղադրել եւ  մէջբերել հատուած ոստիկանապետի ու զինուած անձի բանակցութիւներից մի հատուած, որտեղ ոստիկանապետն ասում է ․ «Ես քեզ խոստանում եմ, որ ոչ ձեռքդ ձեռնաշղթայ կը գցենք, որ ինչ-որ մէկը չնկարի… Իմ մեքենայով գնում ենք իմ աշխատասենեակ: Ես եւ դու, ուրիշ մարդ չի լինի: Արթուր, տես կեանքս քեզ վստահում եմ»:

*

Այս շաբաթ էլ փողոց դուրս եկան մսավաճառները: Անասնաբոյծները եւ մսավաճառներն հաւաքուել էին կառավարութեան դիմաց եւ իրենց բողոքն էին արտայայտում կառավարութեան`սպանդանոցներում մորթ անելու որոշման դէմ : Նրանք պնդում էին , որ եթէ այս որոշումն ուժի մէջ մտնի , իրենց ծախսերը  կրկնակի կ’աւելանան եւ իրենք կը բռնեն սննկացման ճանապարհը:  Տնտեսվարողների բողոքը հասկանալի է , բայց կառավարութիւնը այս որոշումից հետ չի կանգնելու: Ըստ Նիկոլ Փաշինեանի այս ամէնն արւում է քաղաքացիների անվտանգութեան համար: «Արդեօք մենք պէ՞տք է անցնենք սպանդանոցային համակարգի: Բացի առողջապահական խնդիրներից, դա երկրի վարկանիշի հարց է: Արդեօ՞ք մեր սիրելի այն հայրենակիցներն, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ հարցերի վերաբերեալ ունեն արդարացի փաստարկներ»,– ասել է վարչապետը: Նա վստահեցրել է մինչեւ այս տարուայ  Յուլիսի մէկը աշխատելու են այդ ուղղութեամբ, որ կարողանան խնդրի լուծումները գտնեն: Նա վստահեցրել է` սպանդանոցային մորթը պարտադիր է լինելու:

Տեղափոխուենք խորհրդարան` կրքերն այնտեղ էլ մեղմ ասած չեն հանդարտւում: Օրէնսդիրում բան ու գործ թողած երեսփոխանները կամ իրար հետ լեզուակռիւ են սկսում  կամ էլ խորհրդարանում աշխատելու կանոնակարգ սովորեցնում:  Ազգային ժողովում «օրէնքով գողերի» վերաբերեալ օրէնքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը  քաշքշուկի ու լեզուակռուի է վերածուել: Ընդհարումը տեղի է  ունեցել  անկախ պատգամաւոր Արման Բաբաջանեանի եւ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան մի քանի պատգմաւորների միջեւ: Օրէնքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր  Գէորգ Պետրոսեանը խորհուրդ է  տուել պայքարել նաեւ «գողական» բառի հետ կապուած 3 տառից բաղկացած հասկացութեան դէմ, որին ի պատասխան անկախ պատգամաւոր Արման Բաբաջանեանը յորդորել է խմբակցութեան անդամներին ներողութիւն խնդրել իրենց գործընկերոջ ելոյթի համար, իսկ Ազգային Ժողովի նախագահին խնդրել համապատասխան քայլեր ձեռնարկել պատգամաւորի նկատմամբ: Այս շաբաթ էլ հերթական քուէարկութիւնը վեր է ածուել «Լուսաւոր Հայաստան» եւ «Իմ Քայլը» խմբակցութիւնների հարցուպատասխանի:Թեման քաղաքապետարանի կատարած որոշ գնումների, շինարարական թոյլտուութիւնների արտօնութիւնների վերաբերեալ Ազգային Ժողովի քննիչ յանձնաժողովի անդամների թիւ սահմանելու մասին որոշման նախագծի տապալումն էր: Ըստ էտմոն Մարուքեանի իրենց կուսակցական ընկեր Հայկ Մարութեանի պաշտպանելու համար  խորհրդարանում «ԻՄ Քայլ»-ականներն ամէն ինչ անում են , որ նախագիծը տապալուի:

*

Նոր մանրամասներ Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն ԳԷորգի Կուտոյեանին մահուան դէպքի վերաբերեալ: Կ’ուտոյեանի դիակի վրայ բռնութեան հետքեր չեն յայտնաբերուել, խլացուցիչ չի եղել նաեւ նրա ատրճանակի վրայ: Յիշեցնենք, որ բնակարանում որտեղ յայտնաբերուել էր Կուտոյեանի դին  երեք տասնեակից աւելի  փափուշտներ են յայտնաբերուել , կրակոցների հետքեր են եղել նաեւ սենեակի պատերի վրայ: Նախնական տուեալներով` 2020 թուականի Յունուարի 17-ին, ժամը` 14:30-ին, Հ․Հ․ ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան օպերատիւ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացուել, որ Պարոյր Սեւակի փողոցի բնակարաններից մէկում հրազէնով ինքնասպանութիւն է գործել Գէորգի Կուտոյեանը: Դէպքի առթիւ յարուցուել է քրէական գործ:

«Շատ ցաւալի դէպք է: Քննչական կոմիտէում քրէական գործ է յարուցուած ինքնասպանութեան հասցնելու յօդուածով: Սա նշանակում է, որ այսօր հիմնական քննուող վարկածն ինքնասպանութեան հասցնելն է: Ես կարծում եմ, որ դէպքի հանգամանքներն ամբողջութեամբ պարզելու գործում պէտք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կ’ուտոյեանի ընտանիքի անդամներն ու լիարժէք համագործակցեն նախաքննութեան մարմնի հետ, որպէսզի ճշմարտութիւնն ամբողջութեամբ բացայայտուի: Երաշխաւորում եմ, որ կառավարութիւնն իր բոլոր հնարաւոր լծակներից կ’օգտուի, որպէսզի այս եւ մնացած բոլոր գործերը մինչեւ ամենավերջին դէտալը բացայայտուենէ,- ասել է  վարչապետ Փաշինեանը:

*

Զգուշացէ’ք , ձեզ արդէն լսում են:  Խորհրդարանը , չնայած շատերի դժգոհութեանը, ընդունել է  այն օրէնքը, որով  առաջարկւում է հեռախօսային խօսակցութիւնները գաղտնալսելու հնարաւորութիւն ընձեռել նաեւ Հ․Հ․ ոստիկանութեանը: Օրէնքի նախագիծը հեղինակել են «իմ Քայլը» խմբակցութեան պատգամաւորներ Արմէն Խաչատրեանն ու Սիփան Փաշինեանը:

Ցեղասպանութեան միջազգային ճանաչման մասին: Աշխատանքային այցով Իսրայէլի Պետութիւնում գտնուող` Հանրապետութեան նախագահ  Արմէն Սարգսեանը նշել է , որ պատմութեան շատ էջեր ողբերգական են հայ եւ հրէայ ժողովրդի համար: Ըստ նրա պէտք է համատեղել ջանքերը, որպէսզի նման մարդկային աղէտներ այլեւս երբեք չլինեն եւ երբեւէ չկրկնուեն: Հայաստանի նախագահը բարձրացրել է Իսրայէլի Քնեսէթի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը` ընդգծելով, որ պատմութեան այս ամօթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպէտք է պայմանաւորուած լինի այսօրուայ քաղաքական շահերով ու իրողութիւններով: «Հայոց ցեղասպանութեան ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատուութիւն է եւ յարգանքի տուրք անմեղ զոհերի յիշատակին, միաժամանակ այն կարեւոր ներդրում է ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման միջազգային ջանքերում»,-շեշտել է Հայաստանի նախագահը:

*

Եւ վերջում, Արցախում ուրբաթ առաւօտեան երկու զինուոր է վիրաւորուել: Պաշտպանութեան բանակի հիւսիային ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկում, դեռեւս չպարզուած հանգամանքներում, հրազինային վիրաւորում են ստացել զինծառայողներ, 2001-ին  ծնուած Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000-ին ծնուած Արմէն Ջոնիկի Մեսրոպեանը: Այս մասին յայտարարութիւն է տարածել  Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատւում է ծանր:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳ» ՆԱՒԱՊՏՈՅՏԸ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐՈՒ ՍԵՄԻՆ
Next post ՆՇՄԱՐ.- …ԻՍԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ՞

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles