Շան Արժանապատուութիւն * (Ամանորի Առթիւ)

 Գրեց Վահէ Սարգսեան

Մեսրոպեան Ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

Յունուար 13, 2020 

*Լոյս տեսած է «Ջաւախք Մեդիա»-ի Յունուար 4, 2020-ի համարին մէջ:

 

 

Այն օրուանից,  երբ Ջաւախքի N գիւղում  ապրող տէրերը լքեցին  տունը եւ տեղափոխուեցին Ռուսաստան, շան աչքերին թախիծ իջաւ: Բաժանուելուց զգացել էր ամեն ինչ, եւ երկար, շատ երկար փաթաթուեց տիրոջ ընտանիքի անդամների ոտքերին, բոլորին՝  մեծից փոքր, սեփական թաթերով ամուր-ամուր սեղմեց  ոտքերը՝ դունչը երկարելով մէկ աջ, մէկ ձախ, մէկ վերեւ՝ առ Աստուած, որն այդ պահին սեփական տիրոջ տեսքով հեռանում էր իրենից:

Տիրոջ գերդաստանի՝ միջին հասակի մարդիկ չոր տoնով հեռացրին նրան՝ իրենց ոտքերից պոկ չեկող շանը, երախաները՝ ուրախ գրկեցին, եւ միայն ծերութեան դուռը թակող պապիկ-տատիկի աչքերին արցունքներ երեւացին այդ տեսարանից. դժուար էր բաժանուել տարիներով իրենց հաւատարմօրէն ծառայած մէկից,  լքել՝  առանց  որեւէ պատճառի, առանց հօտաբաշխ բացատրութեան, բաժանուել  յանկարծակի՝ անհասկանալի եւ անորոշ վիճակում թողնելով նրան:

Իսկ շունն այնքան էլ այդ վիճակում չէր. նա ամեն ինչ հասկացել էր: Աւելին, ի տարբերութիւն  տէրերի՝ նա հասկացել էր նաեւ, որ այդ սրբազան օջախը ֆիզիքապէս լքելու բարոյական  իրաւունքը չունի, թէ ինչու չունի՝ այդ պահին չէր կարող բացատրել, աւելի ճիշտ՝ տրամադիր էլ  չէր բացատրութեան համար մտքերը ժողովելու:  Նա պարզապէս ապրում էր այդ դժոխային պահը: Կատաղի բնաւորութիւն չունէր, կեանքում շատ քչերի վրայ էր յարձակուել,  այն էլ՝ ստիպուած, բայց այդ պահին նրա հոգին անասելի կատաղած էր, եւ Աստուած մի արասցէ, որ այդ խռովայոյզ պահին մէկը նրան մօտենար եւ խանգարեր:

Շունը երկար, շատ երկար նստեց, կարելի է ասել՝ գրեթէ մի ողջ օր չհեռացաւ բակի այն մասից , որտեղից բաժանուել էր տէրերից կամ, աւելի ստոյգ,  որտեղ տէրերը լքել էին նրան: Եւ ոչ միայն նրան…Երբեմն վեր էր կենում, ոչ համաչափ շարժումներով հոտոտում գետինը՝ այն մասերը, որտեղ վերջին անգամ դիպել էին տէրերի ոտքերը, անգամ լիզում էր նոր-նոր ծլարձակող եւ քիչ կոխկրտուած մայիսեան կանաչ խոտը:  Յետոյ դունչը կտրուկ վերեւ բարձրացնում  եւ հոտոտում օդը,  կրկին նստում տեղում եւ դունչը յարմարեցնում ոտքերի վրայ՝  այնպէս , որ հայեացքով դառնայ դէպի հեռուները, դէպի այն վայրերըը, որտեղ մուժի մէջ անհետացաւ տէրերին տանող մեքենան:

Տէրերի գնալուց յետոյ հարեւանները փորձեցին նրան տանել իրենց  յարկի տակ՝ կերակրելու եւ անտէր չթողնելու:  Բնականաբար, նման փորձերը  ոչ միայն անյաջողութեամբ պսակուեցին, այլեւ աւարտուեցին հարեւանների համար վնասակար հետեւանքներով. կեանքում միշտ բարի հայեացքով, խոհեմ վարքուբարքով յայտնի շան փոթորկուած հոգին որեւէ մէկին չհանդուրժեց. հարեւաններն այդպէս էլ չհասկացան, որ նա կեանքում ծառայել էր մի տիրոջ, եւ բոլոր այն քայլերը, որոնք շեղում էին նրան այդ սկզբունքներից, ստորացուցիչ էին եւ անընդունելի:

Անցան օրեր, ամիսներ, մօտեցան աշունն ու չարաբաստիկ ձմեռը: Շունը, հաւատարիմ իր սկզբունքներին, ապրեց միայնակ, իր այրող յուշերի, իր նախքին պայծառ օրերի մտորումների մէջ: Այդ մտորումներն ստիպում էին նրան անընդհատ շրջել տան շուրջը եւ հոտոտել այն տեղերը, որտեղ յաճախ էին քայլել տէրերը, տիրոջ երախաները, որտեղ իրեն սիրել ու փաղաքշել էին, կերակրել: Այդ պահերին նա մի պահ մոռանում էր ճնշող զգացումների մասին եւ նրան թւում էր , թէ ինքն էլի շրջապատուած է նրանցով, եւ ահա ուր որ է՝  նրանցից մէկը կը կանչի իրեն, եւ ինքը ուրախ  ոստոյններով կը սլանայ դէպի նրանց: Նման պահերն աւարտւում էին յանկարծակի, աւարտւում էին շեշտակի, եւ փոխարինելու էր գալիս իրականութիւնը՝ դառն ու ամայի: Իսկ մտորումների այդպիսի աւարտներ յաճախ էին տեղի ունենում. գրեթէ միշտ, երբ ակամայից յայտնւում էր այն ճակատագրական եւ անցանկալի վայրը, բակի այն հատուածը, որտեղ տեղի ունեցածն իրեն հասցրեց այդ վիճակին:

Շունը երբեմն մտածում էր քարեր կամ ինչ-որ առարկաներ լցնել այդ վայրում՝ կորցնելու, ջնջելու համար բաժանումի հետքերը, բայց յետոյ մտածում  էր՝  հետքերը կարող է  կորցնել, բայց սրտի վէրքերն էլի կը մնան ու կը տանջեն իրեն, հետեւաբար՝ անիմաստ էր համարում դա իրագործել:

Ջաւախքի խստաշունչ ձմրան բերանին  մի օր նրանց դրանը յայտնուեց մօտակայ գիւղի իրենց բարեկամը, ուրախ ողջունեց իրեն՝ արժանանալով փոխադարձ ջերմ ընդունելութեան: Քիչ անց, երբ հասկանալի դարձաւ բարեկամի նպատակը՝ շունը յարձակուեց նրա վրայ եւս: Այդուհանդերձ, բարեկամը կարծես նախապատրաստուել էր այդ ամենին. հրաւիրեց  հարեւաններին եւ համատեղ ուժերով մեքենան հրեցին կատաղութեան աստիճան վիրաւորուած շանը:

Պարզ էր՝ մօտեցող ձմրանը չէր կարելի անտէր թողնել նրան, եւ բարեկամի նպատակներն էլ բարի էին: Շունը եւս հոգու խորքում հասկանում էր դա եւ նրան կատաղեցնում էին ոչ թէ մարդկանց քայլերը, այլ այն իրողութիւնը, որ մարդիկ չեն հասկանում՝ ինքը ոչ մի յարկի  տակ չի կարող  ջերմութիւն գտնել, որ ինքն ունի սկզբունքներ եւ արժանապատուութիւն, որ, եթէ մարդկանց համար սեփական տունը լքելը եւ այլ տեղ  ջերմութիւն գտնելը կարող է սովորական լինել,  ապա իր տեսակի համար դա անընդունելի է, ստորացուցիչ եւ անպատուաբեր:

Նոր տիրոջ կողմից վզին դրուած շղթաները կրծոտելը, ծռմռելով եւ գլուխն արիւնոտելով վզից հանելը եւ բլուրները հոտոտելով արագ տուն սլանալը եղաւ շան առաջին գործը, եւ նա այդ տանջանքներից շունչ քաշեց միայն այն պահին, երբ կրկին իր հարազատ օջախում էր՝ սեփական յարկի տակ: Մարմինը, յատկապէս՝  գլուխն ու վիզը, շատ էին ցաւում, յոգնած էր ֆիզիքապէս, բայց հոգին այժմ յարաբերականօրէն հանգիստ էր եւ, ամենակարեւորը, արժանապատուութիւնը՝ վերականգնուած:

Մօտենում էր Նոր տարին: Շունն առաջին անգամ պէտք է այն դիմաւորեր մենակ՝ յուզերի, ապրումների եւ հետզհետէ մարող յոյսերի մէջ: Գիւղում լսուող տօնական ժայթքումների հնչիւնների տակ երբեմն քայլում էր դէպի գոմը , նստում այնտեղ, որտեղ տէրերն ամեն տարի հաւաքուելով մսացու անասուններ էին մորթում, եւ ինքն անպայման իր պատուաբեր բաժինն ունէր այդ արարողութիւնից:  Հարեւանները յաճախ էին տեսնում այդ պատկերները եւ, մտածելով, թէ շունը սոված է, Ամանորի տօնի առիթով մորթուած իրենց անասունների մնացորդներից առատօրէն բաժին հանեցին նաեւ նրան: Շունն էլի կատաղեց այդ քայլից, եւ նրան վերստին կատաղեցրեց  ոչ թէ հարեւանների բարի քայլը, այլ զարհուրելի փաստը՝ իրեն կրկին չեն հասկանում, իր ողջ ապրումները, իր դարդուցաւը, իր յուզախռով տեսքը կապում են սոսկ ստամոքսի հետ:

Ապացուցելու համար, որ իր վիշտն ամենեւին կապ չունի նիւթականի հետ՝ շունը մօտիկ չեկաւ հարեւանների բերած բարիքներին: Արհամարհանքով նայելով այդ կողմը՝ գնաց եւ նստեց բակի՝ իր համար այդքան սիրելի եւ այդքան ատելի դարձած բաժանումի տեղը,  դունչը դրեց թաթերի վրայ, հայեացքը՝ ապագայի հորիզոնները…

Հարեւանները շատ կանչեցին նրան, համոզեցին, բայց  ընդամենը արժանացան արհամարհական հայեացքի եւ վե՛րջ:

Ամանորի գիշերն ինչպէս ողջ գիւղը կամ այն, ինչ մնացեր էր գիւղից, քէֆի եւ ուրախութեան մէջ էր: Տօնական տրամադրութիւն ունէին նաեւ գիւղի մնացած շները. դէմները  լիքը ուտելիք, յատկապէս՝  մսեղէն, կուշտ կերած եւ պառկած էին իրենց տաքուկ բներում:

Տան մարած լոյսերի մէջ շունը թաքուն յոյսեր էր  փայփայում, որ Ամանորին կը գան նրանք, նրանք՝ իր տէրերը, դրանից լքուած տունը կը լցուի ուրախութեամբ եւ կը վերականքնուի իր կեանքի բնականոն ընթացքը:

Այդ ապրումներով նա  գրեթէ չէր կարող հանգիստ գտնել  բնի մէջ, վայր, որտեղ վերջին 7-8 ամիսներին գրեթէ հազուադէպ էր մտնում. հոգին անհանգիստ էր՝ բա որ յանկարծ մէկը մօտենայ եւ վնասի իր տէրերի օջախը, լքուած, բայց իր համար՝ սրբազան օջախը, գողանայ այնտեղի իրերից, յետոյ ի՞նչ կ’ասեն կամ ի՞նչ կը մտածեն իր մասին, յատկապէս իր ամենաթանկի՝ արժանապատուութեան մասին։ Այդ ապրումները հանգիստ չէին  տուել շանը ողջ ամրանն ու աշնանը, եւ նա գիշեր ու ցերեկ անընդհատ շրջել էր տան շուրջը՝ այդպէս էլ չիմանալով, որ լքուած տանն արդէն գողանալու ենթակայ որեւէ իր չկայ…

Ամանորի՝ մինչեւ լոյս ձգուած տօնախմբութեան աւարտին, երբ յունուարեան ծոուած արեւը դեռ նոր-նոր էր շառագունել Աբուլի գագաթները, Ջաւախքի N գիւղի՝ արդէն նախորդ տարի լքուած տան բակում մարդիկ կրկին տեսան հաւատարիմ շանը։ Նա կրկին նստած էր բակի այն նոյն՝ յաւէտ բաժանումի եւ սպասումի վայրում՝ հայեացքը հարած նոյն հորիզոններին։ Նրայ կողքով անցնելիս՝ մարդիկ ուզեցին մի բան նետել նրա առաջ՝ յուսալով, որ այս անգամ կը վերցնի։ Սակայն այս անգամ շան հայեացքը անշարժ էր։ Մարդիկ մօտեցան աւելի ու աւելի՝ փոքր- ինչ երկմտելով՝ յանկարծ  նորից չյարձակուի իրենց վրայ։ Սակայն շունը յամառօրէն չէր շարժւում։

Մարդիկ հասկացան կատարուածը…Նրանք ակամայից հանեցին գլխարկները եւ խոնարհուեցին նրա առջեւ։ Նրա, այդ հպարտ կենդանու առջեւ, որ Ամանորի գիշերը հոգին աւանդեց սեփական տան բակի սառոյցների վրայ։ Նա մեռաւ մռայլ, սակայն այն նոյն հպարտ դիրքում, ինչպէս ապրել էր ողջ կեանքում։ Եւ նրանից  ոչ ոք ի զօրու չեղաւ խլելու իր արժանապատուութիւնը եւ, ամենակարեւորը, սեփական յարկի տակ ապրելու եւ պատւով մեռնելու իրաւունքը։ Նա մեռաւ հոգեկան տանջանքների ու սրտի անհուն ցաւերի մէջ՝ այդպէս էլ  չտեսնելով, որ մարդիկ, ի վերջոյ, հասկացան իրեն, հասկացան ոչ միայն իրեն, այլեւ իր ապրած կեանքի խորհուրդը…

Եւ մարդիկ բաց աչքերով իր անշնչացած, բայց հպարտ դիրքի առջեւ կամացուկ  շշնջացին. «Այս կենդանու մահուան պատճառը մենք ենք, եւ նրա առջեւ մեղաւոր ենք ամենքս։ Եկէք Ամանորին մաղթենք, որ  նոր տարում ոչ-ոք այլեւս չլքի իր տունը…»

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*