«Հայրենիք»-ին՝ Հայրենիքէն

Սոնա Յակոբեան
Ծ․Խ․- Քանի մը շաբաթէ ի վեր, «Հայրենիք»-ի նոր աշխատակիցներէն՝ Սոնա Յակոբեան, կը պատրաստէ հայրենի լուրերը, ներկայացնելով Հայաստանի մէջ կատարուած կարեւորագոյն իրադարձութիւնները։ «Հայրենիք»-ին՝ Հայրենիքէն խորագրով պիտի շարունակուին այս շաբաթական դրութեամբ լոյս ընծայուող գրութիւնները։

Հոկտեմբեր 7-ին Երեւանում տեղի ունեցաւ տեղեկատուական արհեստագիտութիւններու համաշխարհային 23-րդ համաժողովի պաշտօնական բացումը: Հանրապետութեան հրապարակը համացանցային նորարութիւնների շնորհիւ անճանաչելի էր դարձել: Տօնական միջոցառման ընթացքում հնչեցին 70 օտարերկրացի եւ 30 հայ երաժիշտներից բաղկացած WCIT համաշխարհային նուագախմբի ներկայացրած երաժշտական կատարումները: Նրանք կատարել են հանրայայտ հայ յօրինողներ` Արամ Խաչատրեանի, Տիգրան Մանսուրեանի եւ այլոց ստեղծագործութիւնները: Նուագախումբն առաջին անգամ նաեւ կատարել է արհեստական բանականութեամբ օժտուած ծրագրի կողմից հայ հոգեւոր երաժշտութեան վերլուծութեան հիման վրայ ստեղծուած նոր հայկական շարական: Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական «սիմֆոնիք» նուագախմբի գեղարուեստական ղեկավար Սերգէյ Սմբատեանը: Նուագախմբի հետ հանդէս է եկել միջազգային ճանաչում ունեցող տի․ ճէյ Արմին Վան Պիւրենը: Միջոցառման պաշտօնական բացմանը ներկայ է եղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
Այս համաժողովին մասնակցելու համար հսյրենիքում էին նաեւ գործարար, «Reddit» կայքի եւ «Initialized Capital» ընկերութեան համահիմնադիր Ալեքսիս Օհանեանը, աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանքեանը եւ պատկերասփիւռի աստղ Քիմ Քարտաշեանը: Այցի յաջորդ օրը Քարտաշեանը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում մկտրեց իր զաւակներին` նրանց տալով հայկական անուններ: Ապա նա մասնակցեց «գաղափարների շուկայ» խորագրով քննարկմանը, պատմեց գործարարութեան եւ մետիայի ոլորտում յաջողութիւնների հասնելու ճանապարհի մասին, այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, հանդիպեց հանրապետութեան նախագահի եւ վարչապետի հետ: Գործարարութեամբ զբաղուող Քարտաշեանը հպարտանում է իր հայկական արմատներով , նա որոշել է գործարարութեամբ զբաղուել նաեւ Հայաստանում: Որոշման նպատակը Հայաստանում աշխատատեղեր ստեղծելն է: «Փայլուն գաղափար ունեմ, որն առաջացել է Հայաստանում: Մտածում եմ ստեղծել օծանելիք` հայկական ծաղիկների բոյրով»,- ասել է ան: Ի դէպ սա Քարտաշեանի երկրորդ այցն էր Հայաստան: Նա նաեւ նշել է, որ Սպիտակ Տան վարչակազմի հետ քննարկել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը: Քարտաշեանը նշում է, որ ճանաչումն իր նպատակն է եւ երբեք չի յանձնուելու: Նա, Երեւանում հայաստանեան մի քանի լրատուամիջոցների հետ ճեպազրոյցում պատասխանելով հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում նրա ջանքերի եւ Տոնըլտ Թրամփի հետ խնդրի քննարկման մասին հարցին, նշել է «Ես քննարկումներ եմ ունենում այդ հարցով Սպիտակ Տանը: Մասնաւոր երկխօսութիւն նախագահի հետ չեմ ունեցել այդ հարցով, բայց քննարկում եմ խորհրդականների հետ, եւ դա իմ նպատակն է: Ես չեմ յանձնուելու»:
*
Այս օրերին Հայրենիքում էր նաեւ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանքեանը: Նա նոյնպէս մասնակցում էր Հայաստանում անցկացուող արհեստագիտութիւններու համաշխարհային 23-րդ համաժողովին: «Ես կարծում եմ, որ շատ մութ կողմեր կան նրանում, ինչ տեղի է ունենում թուային աշխարհում: Դրանցից մէկը մեկուսացումն է, որ մարդիկ զգում են: Օրինակ` դու մտնում ես դիմատետր, որտեղ ունես ընկերներ, սակայն նրանք իրական ընկերներ չեն»,-ասել է Թանքեանը:
Համաժողովում իր ելոյթից բացի, նա անակնկալ յայտարութիւն է արել նաեւ իր երգերի սիրահարների համար: «Մենք այժմ համերգային շրջագայութիւն ենք իրականացնում Եւրոպայում: Յաջորդ տարուայ Յունիսին պատրաստւում ենք գալ Հայաստան»,- ասել է Թանքեանը:
Հայաստանեան այս այցից տպաւորուած էր նաեւ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանեանը: Նա համաժողովի գլխաւոր բանախօսներից մէկն էր: Նա Հայաստանում յաճախ է լինում եւ նշել է, որ պէտք է աշխատի իր հայերէնը զարգացնելու ուղղութեամբ: Օհանեանի կարծիքով` Հայաստանը փոքր երկիր է, որը շատ հրաշալի մտքեր ունի. նա դա համարեց ամենալաւ տարբերակներից մէկը` տնտեսութիւնը զարգացնելու համար: Ի դէպ համաժողովից բացի նա Հայաստան գալու եւս մէկ առիթ ուներ ։ Երեւանում տեղի է ունեցել նրա «Առանց թոյլտւութեան. այն մասին, թէ ինչպէս է 21-րդ դարը կերտուելու, այլ ոչ թէ կառավարուելու» գրքի հայերէն թարգմանութեան շնորհահանդէսը։
Թէեւ շատերի ուշադրութեան կեդրոնում աշխարհում յայտնի մեր հայրենակիցների այցն էր ու իրենց սոցիալական էջերում Հայաստանի մասին մասին հրապարակումները, որոնց միջոցով իրենց միլիոնաւոր հետեւորդներին յիշեցրեցին կամ ծանօթացրեցին Հայոց Ցեղասպանութեան խնդրին, ցոյց տուեցին Հայաստանը որպէս զարգացած ու նորագոյն արհեստագիտութեան աշխարհում իր յստակ քայլերն անող երկիր, կարեւոր էր նաեւ համաժողովի անցկացումը Հայաստանում: Այն տեղեկատուական արհեստագիտութեան աշխարհի ամենակարեւոր իրադարձութիւններից մէկն է:
*
Նորագոյն արհեստագիտութեան անցում Հայաստանեան ներքաղաքական կեանքին: «Իզմիրլեան» բժշկական կեդրոնում վիրահատուել է Հ․Հ․ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը: Բժշկական կեդրոնի տնօրէն Արմէն Չարչեանը նշել է, որ վիրահատութիւնը բարեյաջող է անցել: Մինչ այդ Քոչարեանը ուղերձով դիմել էր ի պաշտպանութիւն իրեն Արցախում եւ Հայաստանում յայտնի մի խումբ անձանց արուած յայտարարութեանը: Նա իր ուղերձում նշել է, որ այն ինչ այս օրերին կատարւում է իր հետ, քաղաքական հետապնդում է: «Ուզում եմ իմանաք` ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց յոյսերը, որոնք կարծում են, թէ ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարուել իմ սկզբունքներից, իմ քաղաքական նպատակներից, որոնց իրագործմամբ սկսել եմ զբաղուել դեռ 88-ին` Ղարաբաղեան շարժման առաջին իսկ օրերից: Կեանքիս ընթացքում առաջին անգամ չէ, որ յանուն կարեւոր նպատակի պէտք է զրկանքներ կրեմ, եւ դա չի կարող կոտրել իմ կամքը: Վստահ եմ` արդարութիւնը յաղթանակելու է եւ մենք միասնաբար լծուելու ենք մեր երկու պետութիւնների անվտանգութեան ամրապնդման ու կառուցման գործին»,- ասուած է Քոչարեանի ուղերձում:
Ցանկանում էր բժշկական զննում անցնել Աւստրիայում, բայց դատարանը մերժեց: Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանի Շէնգաւիթի նստավայրում դատաւոր Աննա Դանիբեկեանը մերժել է «Մարտի 1»-ի գործով ամբաստանեալ Արմէն Գէորգեանի պաշտպան Էրիք Ալեքսանեանի միջնորդութիւնը` Գէորգեանի խափանման միջոցը փոխել եւ թոյլատրել բացակայել երկրից, մեկնել Աւստրիա` բժշկական քննարկման ենթարկուելու նպատակով: Արմէն Գէորգեանը սրտի խնդիրներ ունի: Յիշեցնենք նաեւ, որ Արմէն Գէորգեանի նկատմամբ որպէս խափանման միջոց կիրառուել է ստորագրութիւն չհեռանալու մասին:
*
Իսկ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրէն Արա Վարդանեանի նկատմամբ դատարանի այս շաբաթ կայացրած որոշումը վերջինս իրեն լռեցնելու միջոց է որակաւորել: Դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրէն Արա Վարդանեանի նկատմամբ ընտրուած խափանման միջոց գրաւը վերացուել է ու նրա նկատմամբ որպէս խափանման միջոց կիրառուել է կալանաւորումը: «Արա Վարդանեանին նոր մեղադրանք է առաջադրուել: Յիշեցնեմ, որ Արա Վարդանեանը մեղադրւում է Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցները իւրացնելու մէջ: Ի դէպ կալանքի տակ կը շարունակի մնալ նաեւ Մանուէլ Գրիգորեանը: Նրա պաշտպանները հիմք ընդունելով Գրիգորեանի առողջական վիճակը , դատարան էին դիմել վերջինիս խափանման միջոցը փոխելու միջնորդութեամբ:
*

Իսկ ահա Ալեքսանտր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմիական թատրոնի գեղարուեստական ղեկավար Կոնստանթին Օրբելեանն ընդդէմ մշակոյթի նախարարութեան գործով դատական գործը աւարտուել է յօգուտ Օրբելեանի: Դատարանը վճռել է ամբողջութեամբ բաւարարել Կոնստանթին Օրբելեանի հայցը, անվաւեր ճանաչել Մշակոյթի նախարարի պարտականութիւնները կատարող Նազէնի Ղարիպեանի 2019 թուականի Մարտ 3-ի հրամանը եւ Կոնստանթին Օրբելեանին վերականգնել «Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմիական թատրոնի տնօրէնի պաշտօնում: Դատարանը միաժամանակ պարտաւորեցրել է վճարել Կոնստանթին Օրբելեանին հատուցում նրա միջին աշխատավարձի չափով, ինչպէս նաեւ պարտաւորեցուել է վճարել Օրբելեանի դատական ծախսերը: Յիշեցնենք, որ Մարտ ամսին Նազէնի Ղարիպեանի հրամանով Կոնստանթին Օրբելեանն ազատուել էր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմիական թատրոնի տնօրէնի եւ գեղարուեստական ղեկավարի պաշտօնից:
*
Ինչո՞ւ ազատուեց , ինչու վերանշանակուեց ու կրկին ազատուեց պաշտօնից: Խօսքը յեղափոխութեան օրերին ոստիկանապետ նշանակուած, վերջին օրերին այս պաշտօնից ազատուած ու վարչապետի խորհրդական նշանակուած Վալերի Օսիպեանի մասին է: Հ․Հ․ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրամանով` Վալերի Օսիպեանն ազատուել է վարչապետի գլխաւոր խորհրդականի պաշտօնից:
*
Այս շաբաթ խօսւում էր նաեւ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի պաշտօնից ազատուելու մասին եւս: «Ես ոչ մի բան չեմ կարող ասել, ես աշխատում եմ, այս պահին էլ աշխատավայրում եմ»-իր հեռացման լուրը Տօնոյեանն այսպէս է մեկնաբանել: Առանց յստակ պատասխան տալու: Իսկ աւելի ուշ նրա հեռացման լուրը Փաշինեանն անհեթեթ է համարել պնդելով, որ այդպիսի բան չկայ: Ի դէպ այս շաբաթ Տօնոյեանը հանդիպել է նաեւ Ա․Մ․Ն․ քոնկրէսի ներկայացուցիչների պալատի եւ հայկական հարցերով յանձնախմբի անդամներ՝ Ճեքի Սփիրին եւ Ճուտի Չուին: Ինչպէս յայտնում են Հ․Հ․ պաշտպանութեան նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, կարեւորելով հայ-ամերիկեան յարաբերութիւնների ամրապնդմանն ուղղուած Ա․Մ․Ն․ քոնկրէս ներկայացուցիչների շարունակական աջակցութիւնը, Դաւիթ Տօնոյեանը հիւրերին ներկայացրել է պաշտպանութեան ոլորտում հայ-ամերիկեան համագործակցութեան ընթացքը եւ հեռանկարները` յոյս յայտնելով, որ քոնկրէսականների ջանքերը նաեւ ի սպաս կը դրուեն յետագայում այս ուղղութեամբ համագործակցութեան աւելի խորացմանը:
Քոնկրէսականները հանդիպել են նաեւ նախագահ Արմէն Սարգսեանի հետ: Հանրապետութեան նախագահն այս շաբաթ հիւրընկալել է նաեւ ամերիկահայ անուանի բժիշկ, Քալիֆորնիոյ համալսարանի Տէյվիտ Կեֆէնի անուան բժշկական քոլէճի աւագ պատասխանատու, հայոց ցեղասպանութեան մասին «Խոստումը» ժապաւէնի պատասխանատու, հասարակական գործիչ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան տնօրէններու կեդրոնական խորհուրդի անդամ, դոկտոր Էրիկ Իսրայէլեանին: Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար`Էրիք Իսրայէլեանն ասել է, որ իր համար պատիւ է վերադառնալ Հայաստան եւ հանդիպել Հայաստանի նախագահի հետ:

*


Հայրս կ՚ըսէ` Մասիսն է լոկ մեծ ընծան,
Որ դուն օր մը կրնաս բերել հայ տղոց,
Որուն մէջ կայ ամէն բան –
Աստղ ու լուսին ոսկեզօծ,
Կրակ ու բոց,
Հսկայ շուներ պահապան,
Շղթայակապ հին քաջեր
Եւ հրեղէն նժոյգներ…
Կաղանդ պապիկ, ես այդ Մասիսը կ՚ուզեմ,
Դիր անիւներ ոտքին տակ
Ու համարձակ քշէ մեր տունը շիտակ,
Բեր ինձ նուէրն այդ վսեմ:
Օ մի վախնար, չեմ կոտրեր,
Զայն կը պահեմ սրտիս դէմ`
Իբրեւ բարի հրեշտակ
Եւ գահակալ իբրեւ հզօր բռնատէր:
Կ՚ըսեն որ դուն ամէն տարի Մասիսէն․․․․ Մուշեղ Իշխան:

Երեւանի պետական համալսարանի սրահում անցկացուել է գրող, բանաստեղծ, թատերագիր Մուշեղ Իշխանին նուիրուած միջազգային գիտաժողովը: Նախաձեռնողները Երեւանի պետական համալսարանն ու «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութիւնն են: Գիտաժողովի նպատակն էր համակողմանիօրէն, գիտական արդիական չափանիշներով քննել եւ արժեւորել Մուշեղ Իշխանի գրական ժառանգութիւնը, ուսուցչական եւ հասարակական գործունէութիւնը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*