Գրիգոր Գրիգորեան (Մահուան Քառասնօրեակի Առթիւ)

Ն. Է.

Դեկտեմբեր 25, 2018-ին յետ երկարատեւ հիւանդութեան Նիւ Եորքում կեանքին հրաժեշտ տուեց ազգային-հասարակական-կուսակցական գործիչ Գրիգոր Գրիգորեանը:

Ծնուել էր  1925  թուականին, Իրանի Արաք Սուլթանապատ  քաղաքում: Իր ազգային-գաղափարական դաստիարակութիւնը առաւելաբար ստացել էր իր հօր հանրային-կուսակցական-մշակութային-կրթական հանրածանօթ մտաւորական, վաստակաւոր գործիչ՝ Ադամ Գրիգորեանի շնչի ներքոյ: Տարրական կրթութիւնը սովորել էր ծննդավայրի հայոց ազգային դպրոցում, իսկ միջնակարգն աւարտել էր պետական դպրոցում:

Հիմնադիր անդամ եւ վարչական է եղել նոյն համայնքի Հայ երիտասարդական մշակութային միութեան:

Պատանի տարիքում բուռն  հետաքրքրութիւն էր ցուցաբերում մարզական ասպարէզում եւ քաղաքի մակարդակում մրցանակների արժանանում:

Հետագային տեղափոխւում է Թեհրան եւ ստանում բարձրագոյն կրթութիւն Իրանի Պետական համալսարանից:

Աշխատել է Իրանի ազգային դրամատանը: Այս բնագաւառում յատուկ կրթութիւն է ստացել Իրանում, Անգլիայում եւ հետագային Ա․Մ․Ն․-ում: Վարել է պատասխանատու պաշտօններ:

«Պանկէ Մելլի»-ի կառավարչի պաշտօնով գործուղուել է Ճափոն եւ Հոնկ Քոնկ:

Մասնակցութիւն է բերել որոշ տնտսական-դրամատնային համագումարների՝ Ճափոնում, Անգլիայում եւ Հայաստանում:

Յատկանշական է, որ Նիւ Եորքի համալսարանից մագիստրոսի վկայական է ստացել, որպէս արեւելագէտ:

Ամուսնացել էր Թեհրանում 1964 թուականին օր. Անահիտ Ղազարեանի հետ: Բախտաւորուել են երկու դուստրերով՝ Արմինէ եւ Լուսի:

Վաղ երիտասարդական տարիքում անցել է Հ․Յ․Դ․ շարքերը: Ընտրուել է կուսակցական մարմինների կազմերում կոմիտէի եւ Կենտրոնական կոմիտէի անդամ: Եղել է Հ․Յ․Դ․ պատանեկան միութեան վարիչ մարմնի անդամ: Բազմիցս վարչութեան անդամ է եղել Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան:

1963-ին մասնակցութիւն է ունեցել Թեհրանի Հայ մշակութային «Սիփան» միութեան հիմնադրման գործին եւ եղել նրա առաջին նախագահը:

Հանդէս է եկել նաեւ ուսուցչական ասպարէզում «Քուշեշ» միջնակարգ դպրոցում, ուր դասաւանդել է անգլերէն լեզու: Տարրական դպրոցում եղել է երգ-երաժշտութեան ուսուցիչ:

«Պանկէ Մելլի»-ի աշխատանքից թոշակի է անցել 1980-ին Ճափոն եղած ժամանակ, որից յետոյ ընտանեօք անցել է Ա․Մ․Ն․, նախ Պոսթըն, ապա հաստատւել է Նիւ Եորք:

Ա․Մ․Ն․-ում եւս մասնակցել է ազգային-հասարակական-կուսակցական կեանքին, ինչպէս Արեւելեան Ամերիկայի Համազգային հայ մշակութային եւ կրթական միութեանը եւ Նիւ Եորքի Իրանահայ միութեան խնամակալ մարմնին: Եղել է եկեղեցւոյ հոգաբարձութեան անդամ:

Նշելի է, որ յօդուածներով եւ հարցազրոյցներով տարիներ աշխատակցել է հայ պարբերական մամուլին:

Թաղման կրօնական արարողութիւնը կատարուել է Նիւ Եորքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում: Մահախօսականով արտայայտւել է Տ. Մեսրոպ քհնյ. Լագիսեանը: Յուղարկաւորութեանը յանուն Հ․Յ․Դ․ Արեւելեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի դամբանական են խօսել դոկտ. Արա Չալեանը, եկեղեցւոյ հոգաբարձութեան կողմից Նայիրի Ամիրեանը եւ դոկտ. Հրանդ Մարգարեանը:

Ցաւակցութիւն ենք յայտնում՝ տիկին Անահիտին, դուստրերին եւ բոլոր միւս հարազատներին:

Յարգանք իր յիշատակին:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*