Հ.Յ.Դ. Նկատմամբ Ընդհանրացուած Որեւէ Քննադատութեան Անընդունելի Եմ Համարում


Վահէ Սահակեան
(Միշիկընի Տիրպորն համալսարանի դասախօս եւ Սփիւռքի նախարարութեան խորհրդատու)

Մի քանի պարզաբանումներ գրեմ Հ.Յ.Դ.-ի մասին` հաշուի առնելով վերջին օրերի իրադարձութիւնները: (Նախապէս ասեմ, որ դա պահանջելու է մի 2-3 րոպէ կարդալ):
Մինչեւ սկսելը, սակայն, երկու նկատառում.
ա) Երբեք Հ.Յ.Դ.-ական չեմ եղել ու դժուար թէ լինեմ, բայց հակա-Հ.Յ.Դ.֊ական էլ չեմ եղել ու դժուար թէ լինեմ:
բ) Յետագայ շարադրանքում երեւոյթները վերլուծում եմ բացառապէս որպէս հայ սփիւռքի մասնագէտ` Լիբանանում, Ֆրանսիայում ու Ա.Մ.Ն. Արեւելեան ու Արեւմտեան շրջաններում իմ անցկացրած հետազօտութիւնների ու մինչ այսօր շարունակուող դիտարկումների հիման վրայ:
Վերջին իրադարձութիւններից յետոյ, Հայաստանի տարբեր շրջանակներ շատ են սկսել գրել-խօսել Հ.Հ.Կ. – Բ.Հ.Կ.-Հ.Յ.Դ. եռեակի մասին, հաւասարապէս քննադատում են երեքին էլ` յաճախ պիտակաւորելով որպէս դաւաճաններ, ժողովրդի դէմ դուրս եկած քաղաքական ուժեր եւ այլն: Միանգամից գրեմ, որ անարդար ու անընդունելի եմ համարում Հ.Յ.Դ.-ի մասին որեւէ ընդհանրացուած կարծիք, դիրքորոշում, եւ այդ իմաստով` Հ.Յ.Դ.-ին Հ.Հ.Կ. ու Բ.Հ.Կ. կողքին ու նոյն մակարդակի վրայ քննադատութիւնները: Հ.Յ.Դ. ղեկավարութեանը, Հայաստանեան դէմքերին, քննադատէք ինչքան կ՚ուզէք:
Իմ կարծիքով իրենցից շատերն էլ դեռ մինչեւ վերջ չեն հասկացել Հ.Յ.Դ.-ի դերը, կշիռն ու նշանակութիւնն առհասարակ:
Բայց, Հ.Յ.Դ. նկատմամբ ընդհանրացուած որեւէ քննադատութեան անընդունելի եմ համարում,
Որովհետեւ.
Ի տարբերութիւն Հ․Հ․Կ․ կամ Բ․Հ․Կ․-ի Հ.Յ.Դ.-ն միակ քաղաքական կառոյցն է, որ աւանդական սփիւռքի բոլոր երկրներում մեծ ներկայութիւն ունի, եւ իր դուստր կամ իրեն առնչակից կազմակերպութիւնների հետ միասին ազդեցիկ ուժ է մի շարք երկրներում: Եթէ օրինակներ կ՚ուզէք, հարցրէք, կը մանրամասնեմ: Հ.Յ.Դ.-ի հետ կապուած եւ իր հովանու ներքոյ են գործում մի շարք բոլորիս յայտնի կազմակերպութիւննէր` Հ.Մ․Ը․Մ․֊ն, ՛՛Համազգային՛՛ մշակութային միութիւնը, Երիտասարդական կազմակերպութիւննր (Armenian Youth Federation, Լ.Ե.Մ. Լիբանանի Երիտասարդական Միութիւն, Zavarian Student Association Հ.Յ.Դ. Զաւարէան Ուսանողական Միութիւն, FRA Nor Seround – Հ.Յ.Դ. Նոր Սերունդ եւ այլն), քաղաքական կազմակերպութիւններ (ANCA, CDCA ANC France եւ այլն), բարեգործական կազմակերպութիւննէր (Armenian Relief Society, Inc. Հայ Օգնութէան Միութիւն, Armenian Relief Cross of Lebanon / Լիբանանահայ Օգնութեան Խաչ, Croix Bleue des Armeniens de France, եւ այլն) մի շարք թերթէր տարբեր երկրներում, ռատիօ եւ հեռուստաալիքներ:
Հ.Յ.Դ.-ի գործունէութեան շնորհիւ հայերն ունեն կայուն ներկայութիւն Մերձաւոր Արեւելքի մի քանի երկրների խորհրդարաններում եւ քաղաքական կառոյցներում: Հ.Յ.Դ.-ն ունի մի շարք դպրոցնէր, որոնցից դուրս են եկել սփիւռքում շատ կարեւոր գործունէութիւն ծաւալող հարիւրաւոր անձինք: Փաստ է սա, անկախ նրանից, թէ ինչպէս է պատմականօրէն դա հնարաւոր դարձել:

Սփիւռքում մարդիկ յաճախ Հ.Յ.Դ.-ական ծնւում են, չեն դառնում, քանի որ իրենց ծնողները Հ.Յ.Դ.-ական են եղել, իրենց պապերը Հ.Յ.Դ.-ական են եղել: Շատերի կեանքը ծնուած օրից անցնում է Հ.Յ.Դ. կառոյցներում, Հ.Յ.Դ.-ական շրջանակներում: Սրանով են իրենք իրենց հայ զգում, սրանով են իրենց հայ համարում, եւ սրանով են հպարտանում: (Սա ճիշտ է նաեւ սփիւռքի մի քանի այլ կառոյցների համար, միայն Հ.Յ.Դ.-ն չէ):
Հիմա, որեւէ նմանութիւն կա՞յ Հ․Հ․Կ․-ի ու Բ․Հ․Կ․-ի հետ:
Եթէ յաջորդ խորհրդարանական ընտրութիւններում Հ.Հ․Կ․-ն ու Բ․Հ․Կ․-ն խորհրդարան չանցնեն, ինչը յատկապէս Հ․Հ․Կ․-ի դէպքում շատ հաւանական է, ապա երկուսն էլ կարող են առհասարակ դադարել գոյութիւն ունենալուց: Իսկ եթէ Հ.Յ.Դ.-ն չանցնի խորհրդարան, որքան էլ որ հաւանական լինի Հայաստանեան ներկայիս քաղաքական իրավիճակում, Հ.Յ.Դ.-ն չի վերանալու ոչ Հայաստանում, ոչ էլ առաւել եւս` սփիւռքում:
Ամփոփեմ.
Սա գրելով ամենեւին չեմ արդարացնում Հ.Յ.Դ. հայաստանեան կառոյցի վերջին տարիների քաղաքականութիւնները: Լինելով իշխանութեան մաս` Հ.Յ.Դ. Հայաստանեան կառոյցի ներկայացուցիչներն, իրենց իսկ պնդմամբ, իբրեւ թէ պիտի օգնէին, որ ներսից մի բան փոխուէր: Բայց վերջին հաշուով բան էլ չփոխեցին, բացի նրանից որ Հ.Յ.Դ. հայաստանեան կառոյցը դարձրեցին ՀՀԿ կցորդը: Հ.Յ.Դ. հայաստանեան կառոյցին քննադատէք ինչքան կ՚ուզէք, բայց առանց անհարկի ընդհանրացումների: Իսկ Հ.Յ.Դ. պատմական դերի ու նշանակութեան հարցերի, Հ.Յ.Դ. քաղաքականութիւնների հետ կապուած պատմական խնդիրների վերլուծութիւնները եկէք թողենք լաւ տեղեկացուած համապատասխան մասնագէտներին ու պատմաբաններին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*