Պէտք Է Ամէն Գնով Ամրացնենք Մեր Պետականութիւնը

 

 

 

Գրեց՝ Եդուարդ Այվազեան

Սամցխէ-Ջաւախք Մեդիա վերլուծական Կեդրոն

Ախալցխա.Net

28 Փետրուար 2018

Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

 

Ամուր պետականութիւնը հիմքն է ցանկացած ազգի գոյատեւման ու դա կարծես շատերի համար գաղտնիք չէ: Չնայած դրան, մեր ժողովրդի մէջ քչերն են խորանում դրա իմաստի մէջ եւ աւելի քչերը քայլեր կատարում պետականութիւնը ամրապնդելու ուղղութեամբ: Բացարձակ մեծամասնութեանը կարծես հետաքրքիր չէ, թէ որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում: Նրանք չեն մտածում, որ անգամ հսկայ ու հին ազգերը, որոնք նախկինում աշխարհն էին ղեկավարում, նախ կորցրել են իրենց պետականութիւնը ու յետոյ ձուլուել ու կորել վայրենի ազգերի մէջ եւ այդպիսով վերացել պատմութեան թատերաբեմից: Եթէ նոյնիսկ աշխարհի որոշ ազգեր մնացել ու գոյատեւել են առանց պետականութեան, ապա այսօր դրանք վերածուել են քոչուոր ու անօգնական ցեղախմբերի:

Նմանները հետեւաբար հնում մտածում էին, որ իրենց հետ դա երբեք չի պատահի, քանզի ունեն հզօր բանակ ու հրաշալի մարտիկներ, ինչպէս նաեւ շատ զարգացած ու առաջադէմ քաղաքակրթութիւն: Աստծոյ ընտրեալներն են եւ ունեն հզօր մշակոյթ եւ պատմութիւն: Սակայն նրանք եւս սխալուեցին եւ իրենց ամենամեծ ողբերգական բացթողումը եղաւ այն, որ երկիրը սկսեց քանդուել ներսից,  որտեղից ոչ ոք չէր սպասում: Աշխահի բոլոր երկրները քանդուել են ներքին ագահութեան, աճող անբարոյականութեան ու հասարակութեան լճացման պատճառով:

Կիլիկիոյ հայկական թագաւորութեան անկումից  յետոյ հայ ժողովուրդը վեց դար չունէր հայկական պետականութիւն: Առանց հայկական պետականութեան մեր ժողովուրդը կամաց-կամաց սկսեց թուլանալ, իսկ նրա փոխարէն մեր իսկ պատմական հայրենիքում օրից-օր ամրանում էին բարբարոս ցեղերը: Եւ ամենագլխաւորը, ամրանում ու բազմանում էին մեր իսկ հաշուին:

Այսօր շատ կարելի է խօսել, վերլուծել ու քննարկել  թէ, որ քաղաքական պայմանները նպաստեցին Օսմանեան Թուրքիային իրականացնելու Հայոց ցեղասպանութիւնը, սակայն մի բան ակնյայտ է, որ դա արդիւնք էր մեր վեց դարերի պետականութեան անկման:

Սակայն չնայած սարսափելի ցեղասպանութեան ու գաղթած հարիւր հազարաւոր սոված ու համաճարակով հիւանդ ժողովրդի, մենք մեր հայրենիքի արեւելեան բեկորներից մէկում 1918թ. Մայիսին, ապրելու մեծ կամքի շնորհիւ կարողացանք վերականգնել մեր դարերով  կորցրած պետականութիւնը եւ ահաւոր վատ պայմաններում  կանգնեցնել թշնամու առաջխաղացումը դէպի Երեւան: 70 տարի անց նոյն մարտական ոգով ու անսահման կամքով մենք անհաւասար պատերազմում յաղթեցինք Արցախեան ազատամարտը:

Առաջին հայեացքից սկսում է թուալ, թէ այն ինչ ձեռք է բերուել անցած հարիւր տարիների ընթացքում բաւարար է պետականութիւնը պահպանելու համար: Սակայն, եթէ խորանում ես այսօրուայ հայաստանեան իրականութեան մէջ եւ ընդամէնը մի քանի փաստեր ես համադրում իրար, միանգամից պարզ է դառնում, որ հայ ժողովրդի ապագան այսօր ոչ պակաս վտանգուած է, քան անցած վեց դարերի ընթացքում երբ մենք ազգովի կորցրել էինք մեր պետականութիւնը:

Այդ ամէնը հասկանալու համար բաւարար է ընդամէնը դիտել երկրի հայաթափման դինամիկան (հարափոփոխութիւնը- ՅՄ), համադրել այն նախորդ տարիների հետ: Հետեւել մեզ հանդէպ  թշնամաբար տրամադրուած երկու հարեւան երկրների դեմոգրաֆիկ (ժողովրդագրական- ՅՄ) աճին: Եւ հասկանալ, ինչքան ենք մենք ու ինչքան նրանք:

Դեռ ամէն ինչ ոչինչ, եթէ Հայաստանում այսօր ունենայինք ազգային միասնականութիւն:  Յարգէինք մեր Արցախեան հերոսամարտի հերոսներին, երկրում չունենայինք քաղբանտարկեալներ: Մեր դարերի երազած Հայաստան պետութիւնը չծառայեցուէր անկուշտ ու ապազգային օլիգարխների (սակաւապետերու – ՅՄ) ու որոշ պաշտօնեաների հարստացմանը:

Անշուշտ միշտ էլ պատերազմական իրավիճակներում կարողացել ենք համախմբուել ազգովի, կողքի դնելով քաղաքական տարաձայնութիւնները, սակայն եթէ վերոնշեալ խնդիրները չլինէին, ապա մենք այսօր կ’ունենայինք մի այլ տեսակի Հայաստան, որի մէջ ազատամարտիկ հերոսը կարիք չէր ունենայ զբաղուել  քաղաքականութեամբ ու չէր դիմի ծայրայեղ մեթոտների:

Մեր պետականութիւնը այսօր առանց որեւէ արտաքին միջամտութեան իսկ արդէն վտանգուած է: Հասարակութիւնը քաղաքականապէս պառալիզացուած (անդամալուծուած – ՅՄ) է: Մենք սովոր ենք միայն դժգոհել, սակայն մեր էութեամբ քչով ենք տարբերւում երկիրը թալանող օլիգարխից:

Ազգովի պէտք է փոխուենք, հակառակ պարագայում ինչքան էլ ցաւալի հնչի, մեր տեղը արեւի տակ մի օր զբաղեցնելու են մեր հակառակորդները:

Չպէտք է վախենանք ու չենք էլ վախնում Ալիեւի նմանների յայտարարութիւններից, որ իբր Երեւանն է գրաւելու: Մենք վախենալու ենք ներքին Ալիեւներից, ովքեր ամենօրեայ ռեժիմով քանդում են մեր պետականութիւնը: Խօսքը միայն պաշտօնեաների, քաղաքական գործիչների ու օլիգարխների մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր միայն բաՄբասում ու դժգոհում են այսօրուայ իրականութիւնից եւ նոյն րոպէին մտովի երազում են մտնել իշխանութեան կտուրի տակ ու նոր թալան իրականացնել մեր պետութեան հաշուին: Նման մտածելակերպ ունեցող անհատներից ձեւաւորուող հասարակութիւնը անշուշտ դատապարտուած է մահուան: Եթէ նոյնիսկ ոչինչ չպատահի այդ հասարակութեան հետ, ապա Աստուած կը պատժի նման մտածելակերպ ունեցող ժողվրդին:

Այս ամէնը գիտակցելով պէտք է սկսել վերափոխուել, նուազեցնել լարուածութիւնը ու ազատ արձակել հերոսներին ու քաղբանտարկեալներին, որոնց հետ համակարծիք է մեր ժողովրդի մի զգալի հատուածը: Դա համերաշխութիւն կը մտցնի Հայաստանի հասարակութեան միջեւ: Երկրորդ քայլը պէտք է լինի այն, որ տւեալ մարդկանց տեղը բանտերում զբաղեցնեն կաշառակեր ու թալանիչ անհատները, ովքեր ամենօրեայ ռեժիմով տասնամեակներ սղոցել են մեր պետականութիւնը:

Դա է միակ ճանապարհը ու սկիզբը հասարակութեան հաւատի վերականգնման ու ազգային համերաշխութեան ձեւաւորման: Եթէ մարդկանց հաւատը վերականգնուի իրենց պետութեան նկատմամբ, անշուշտ դրան կը հետեւի տնտեսութեան վերականգնումը ու արտագաղթի կասեցումը:

Մենք մշտապէս սիրում ենք հպարտանալ, որ հայ ազգը 5000 տարուայ պատմութիւն ունի: Ունի փառահեղ անցեալ ու հարուստ մշակոյթ: Սիրում ենք կրկնել, թէ ինչ է մեր ժողովուրդը տուել աշխարհին: Հպարտանում ենք մեր ազգային բոլոր լաւ դիմագծերով: Սակայն նոյն ժամանակ չենք սիրում ինքներս մեզ քննադատել, չենք ուզում հասկանալ, թէ ինչն էր այդքան անգամ մեզ բերում պետականութեան կորստի եզրին: Հնարաւոր է այս մտավախութիւնները մի փոքր չափազանցուած են, սակայն օր առաջ պէտք է մտածել վտանգների մասին եւ դրանց դէմ իրականացնել անհրաժեշտ գործողութիւններ:

Պէտք է կարողանանք պահպանել այն, ինչ ունենք եւ ամէն ջանք գործադրենք մեր պետականութեան ամրապնդման համար: Եւ ոչ թէ հայրենասէր ձեւանալով յանուն մեր անձնական յաջողութիւնների ու որովայնի ծափահարենք ցանկացած անարդարութեան, ինչը ցաւօք յաճախ ենք տեսնում այսօրուայ Հայաստանում:

Քննադատ, համարձակ ու անզիջող պէտք է լինենք ինքներս մեր նկատմամբ եւ յանուն հայրենիքի պէտք է կարողանանք կանգնեցնել նոյնիսկ մեր ամենամօտիկ բարեկամին, եթէ նա թալանի է ենթարկում մեր երկիրը: Այդ ժամանակ միայն ժռղովուրդը կը հաւատայ մեզ եւ թալանին վերջապէս վերջ կը դրուի:

Այսօր մենք ուղղակի պարտաւոր ենք նոր Աւարայր ու Սարտարապատ մղել ինքներս մեր նկատմամբ, փոքր աննշան անարդարութիւնից մինչեւ մեծ ու ահռելի չափերի անարդարութեան նկատմամբ, ու կրկին այդ պատերազմում յաղթանակ բերել մեր կողմից փառաբանուող հայ ժողովրդին, հակառակ պարագայում մեծ աղէտներ են սպասելու մեզ, որի աշխարհ բերողները կրկին մենք ենք լինելու, ինչի համար ապագայ սերունդները կը նախատեն մեզ:

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*