ՄԻԱՑՈՒՄ… 30 ՏԱՐԻ ԱՆՑ` 88-ի ԽՈՐՀՈՒՐԴՈՎ


ԱՊԱՌԱԺ
(յապաւումով)
Փետրուար 13-ին` 30 տարի անց նոյն ոգով, նոյն պահանջներով եւ նոյն վայրում` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում էին հաւաքուել Ղարաբաղեան շարժման մասնակիցները, Արցախեան եւ Ապրիլեան պատերազմների հերոսները, պաշտօնեաններ, ուսումնական հաստատութիւնների ուսուցիչներ ու աշակերտներ, հիմնարկ-ձեռնարկութիւնների անդամներ:
Արցախեան շարժմանը նուիրուած միջոցառումը մեկնարկել է երթով: Արցախի պետական համալսարանից մեկնարկած երթի մասնակից երիտասարդները տանում էին 25 մեթր երկարութեամբ` Արցախի Հանրապետութեան դրօշը, ինչպէս նաեւ` Արցախեան շարժման 30-րդ տարեդարձի տարբերանշանով դրօշակներ, ցուցապաստառներ, դրօշներ: Երթի ընթացքում պարբերաբար հնչում էին 1988-ի Շարժման կոչեր եւ ժամանակակից լոզունգներ: Ազատամարտիկների պողոտայի երեք հատուածներում հնչում էր 1988-ի հանրահաւաքների կոչերի արխիւային ձայնագրութիւնները:
Վերածննդի հրապարակում հանրահաւաքի մասնակիցները նախ մէկ րոպէ լռութեամբ յարգել են հայ ժողովրդի ազատութիւնն ու անկախութիւնը կեանքի գնով պաշտպանած հայորդիների յիշատակը: Այնուհետեւ, ինչպէս երեսուն տարի առաջ, ամբիոնից ազդարարուել է հանրահաւաքի սկիզբը` նոր ժամանակների սկիզբը, սեփական ճակատագիրն ինքնուրոյն տնօրինելու արցախահայութեան վճռականութեան սկիզբը:
Հանրահաւաքին ելոյթով հանդէս է եկել Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը: Շնորհաւորելով ժողովրդին Արցախեան շարժման 30-րդ տարեդարձի առթիւ` նախագահը նշել է, որ 1988 թուականը բեկումնային եղաւ հայ ժողովրդի պատմութեան մէջ: Երեք տասնամեակ առաջ այս օրերին համայն հայութիւնը համախմբուեց, դարձաւ մի բռունցք` ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամութեան մասին:
՛՛1988-ի ոգին ու պատգամը երեսուն տարի անց շարունակում են մեզ համար ուղենիշ հանդիսանալ, եւ մեր հայեացքն ուղղուած է միմիայն դէպի ապագան: Մենք շարունակելու ենք կերտել եւ կառուցել անկախ ժողովրդավարական ու ընկերվարական երկիր, էլ աւելի ամրապնդել Հայաստան-արցախ-սփիւռք եռամիասնութիւնը: Անկախ պետականութիւնը մեր ամենամեծ արժէքն է, եւ բոլորիս պարտքն է առաւելագոյնն անել նրա շարունակական զարգացման ու զօրացման համար: Այսօր էլ միասին լուծում ենք մեծ ու պատասխանատու խնդիրներ: Բոլորս հաստատակամ ենք, եւ կ՚անենք հնարաւորը, որպէսզի վաղուայ օրը լինի յուսալի, մեր հայրենիքը` աւելի հզօր ու բարեկեցիկ՝՝,- նշել է նախագահ Բակոյ Սահակեանը:

Հանրահաւաքի մասնակիցներին շնորհաւորել եւ օրհնանքի խօսք է ուղղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը:
՝՝Այսօր մեզ համար մեծագոյն տոն է, յաղթանակի տոն, արդարութեան տոն: 30 տարի առաջ, Տեառնընդառաջի օրուայ նախաշեմին, ընդառաջ Աստծոյ գնացինք դէպի ճշմարտութիւնը եւ արդարութիւնը հաստատելու: Այսօր 30 տարեկան ենք: Քրիստոսը 30 տարեկանում մկրտուեց, եւ այսօր մեր մկրտութեան օրն է: Աստծուց եւ սուրբ հոգուց ենք մկրտւում, մկրտւում ենք մէկ նպատակով` շարունակելու մեր արդար եւ ազնիւ ճանապարհը՜՜,- նշել է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը:
Շարժման առաջամարտիկ Համլեթ Գրիգորեանն իր ելոյթում նշել է, որ այսօր ամբողջ հայութեան տօնն է, եւ թէեւ Արցախի Հանրապետութիւնը տը-եուրէ դեռեւս ճանաչուած չէ, բայց փաստ է, որ միջազգային ոչ մի ատեանում առայսօր չեն կասկածել մեր հանրապետութեան:
՝՝Արցախեան ազատամարտի տարեց վկաներս հպարտանում ենք 80-90-ականների սերնդով, եւ յորդորում ենք նոր սերնդին` կրկնապատկել մեր սերնդի յաջողութիւնները, քանզի նրանք երկար ճանապարհ ունեն անցնելու Արցախը Մայր Հայաստանին վերամիաւորելու սուրբ գործում եւ իրականացնելու 30 տարի առաջ ժողովրդի սրտից ծնուած Միացում, մէկ ազդ` մէկ հայրենիք եւ մէկ պետութիւն կարգախօսը: Մենք յամառ եւ հետեւողական ժողովուրդ ենք, բայց մենք նաեւ համբերել գիտենք: Փառք նրանց, ովքեր մեզ հայրենիք են կտակել, եւ նրանց, ովքեր շէնացնելու եւ պահպանելու են այն՜՜,- իր խօսքում ասել է Հ.Գրիգորեանը:
Արցախի հերոս Ժաննա Գալստեանը, դիմելով հանրահաւաքի ներկաներին, նշել է, որ մենք այսօր հաւաքուել ենք այստեղ ոչ միայն յարգանքի տուրք մատուցելու Արցախեան շարժման առաջամարտիկներին, ոչ միայն յիշողութեան գիրկն ընկնելու համար, այլ ազդարարելու համար պայքարի նոր փուլ` զարգացման փուլ:
՜՜Մենք բոլորս պէտք է քաղենք 88-ի դասերը: Միասնութեան դասը` Սփիւռքի, Հայաստանի, Արցախի միասնութեան դասը: Հետեւողական լինելու դասը: Եւ, որ ամենակարեւորն է, մեր յոյսը ինքներս մեզ վրայ դնելու դասը,- ասել է Ժ.Գալստեանը եւ շարունակել,- Մեր թշնամին ոչնչով չի փոխուել: Անցեալ դարասկզբի թուրքի ձեռագիրը նոյնն է մնացել, վկայութիւնը` 1915, 1918, 1920, 1988, 1992 եւ 2016 թուականներն են: Մենք միշտ պէտք է յիշենք դա: Ոչ մի ժողովուրդ չի կարող այնքան խաղաղութիւն ցանկանալ, ինչքան պատերազմ տեսած ժողովուրդը: Մենք բոլորս խաղաղութիւն ենք ցանկանում, բայց պէտք է քաջ գիտակցենք, որ խաղաղութիւն ունենալու համար պէտք է ունենալ շատ հզօր բանակ եւ պետութիւն: Մենք այդ ճանապարհին ենք: Կեցցէ այն սերունդը, որն ապրելու է ազատ, անկախ, միացեալ Հայաստանում՜՜:
Միջոցառման ժամանակ ելոյթով հանդէս է եկել նաեւ նոր սերնդի հերոսը, անցած դարավերջին սկսուած գործի շարունակողը` ՜՜մարտական խաչ՜՜ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մարատ Պետրոսեանը:

՜՜Ղարաբաղեան շարժման բարձր ոգին փոխանցուել է մեզ` այսօրուայ երիտասարդներիս, զինուորականներիս: Հէնց այդ ոգին է անառիկ պահում մեր սահմանները, պատասխանում թշնամու ամէն մի ոտնձգութեան: Ես ականատեսն ու մասնակիցը չեմ Ղարաբաղեան շարժման` ծնուել եմ մօտ մէկ տասնամեակ անց, սակայն ես մասնակիցն եմ Ապրիլեան պատերազմի ու պատուով եմ կրում հայրենիքիս պարգեւը: Այսօր մենք պէտք է համախմբուենք ու հետեւենք 30 տարի առաջ սկսուած ու շարունակուող մեր ազգային նպատակներին` խրախուսելով ու զարգացնելով լաւը: Դրան զուգահեռ` մեզնից պէտք է վանենք բացասականը: Մենք առջեւում շատ անելիքներ ունենք՜՜,- ասել է Մարատ Պետրոսեանը:
Միջոցառումն աւարտուել է մշակութային ծրագրով` ՝՝Կարին՛՛ ազգագրական համոյթի, ՝՝Մենք ենք մեր սարերըէ երգի-պարի պետական համոյթի պարախմբի եւ ՝՝Արցախ՝՝ երգի-պարի ազգագրական համոյթի մասնակցութեամբ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*