ԴԱՐՁԵԱԼ ՈՒ ԿՐԿԻՆ ՀԱՅԵՐԷՆԱԽՕՍՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Հիմա գրեթէ ամէն տեղ, թէ՛ ուսումնակրթական, եւ թէ՛ պարզ հասարակական շրջանակներում, խօսւում է հայերէնախօսութեան մասին: Կազմակերպւում են խորհրդաժողովներ, տեղի են ունենում քննարկումներ, ուսումնասիրական հաւաքներ, նոյնիսկ բարեկամական հանդիպումներ՝ հայերէնախօսութեան մասին: Լա՛ւ է, որ տեղի են ունենում: Լա՛ւ է, որ կազմակերպւում են: Շաբաթներ առաջ, երբ գնումներից յետոյ վճարման համար հերթի էի կանգնել Sprouts նպարատան հաշուարկղի առջեւ, քիչ հեռու նկատեցի տարեց հայ պապիկի ու տատիկի, ովքեր ակնյայտօրէն հին ծանօթներ էին եւ դիպուածաբար հանդիպել էին միմեանց ու զրուցում էին: Ինձ հետաքրքրեց պապիկի հարցումը, թէ արդեօք տատիկի թոռնիկները հայերէն խօսո՞ւմ են: «Ի հարկէ՛ խօսում են»,- հաստատուն ձայնով պատասխանեց կինը եւ հրաւիրեց իր բարեկամին, որ հանդիպի նպարատան դրսում ինքնաշարժի մէջ նստած իր թոռնիկներին եւ մօտիկից լսի նրանց հայերէն խօսելը: Հետաքրքրութիւնս ստիպեց, որ աննկատօրէն հետեւեմ նրանց եւ հեռուից նկատեցի պապիկի գոհունակ դէմքը՝ թոռնիկներին տեսնելիս եւ նրանց հետ զրուցելիս: Լա՛ւ է, որ այդ փոքրիկները պարզերես արեցին տատիկին: Լա՛ւ է, որ խօսում էին հայերէն: Լա՛ւ է, որ այս օրերին հայկական շրջանակներում, լինի դա ուսումնակրթական կամ հասարակական, լրջօրէն եւ մտահոգութեամբ խօսւում, արծարծւում եւ հետապնդւում է հայախօսութեան հարցը: Լա՛ւ է, որ այդպէս է, քանզի տարիներ առաջ հոլովւում, քաջալերւում եւ նոյնիսկ մտահաճութիւն եւ տրամադրութիւն էր զարգանում այն ուղղութեամբ, թէ հայերէն խօսելը կարեւոր չի, կարեւորը՝ հայկական ոգի ունենալն է: Իսկ թէ ի՞նչ էր հասկացւում հայկական ոգի ունենալը յորջորջումից, մնում էր անպարզորոշ: Այդ չակերտաւոր տրամաբանութեան հետեւորդների կարծիքով փոյթ չէ, թէ սփիւռքի հայերը, մասնաւորաբար մատղաշ սերունդը, հայերէն չիմանալու եւ հայախօս չլինելու պատճառով միմեանց հետ հաղորդակցւում են տեղական ցանկացած լեզուով, կարեւորը սակայն, նրանց հասկացողութեամբ հայկական մշակոյթին հետեւելն է, քանզի դա սերունդների մէջ արթնացնում է հայկական ոգի, օրինակ բերելով՝ հայերէն երգեր լսելը: Կարեւոր չէ, թէ երգի բառերը, խօսքերը հայերէն չիմանալու պատճառով անհասկանալի են հայ ունկնդրի համար: Կարեւորը՝ երգն է: Պարն է: Հապա՞ հայերէն ներկայացում տեսնելը: Չէ՞ որ ներկայացման լեզուն հայերէն է: Թէ ի՞նչ պիտի հասկանայ նման թատերասէրը հաերէն ներկայացումներ տեսնելիս, մնում է օդից կախուած: Ուրիշներ հայկական ոգի ասելով հասկանում էին (եւ տակաւին հասկանում են) սփիւռքում տեղի ունեցող հայկական միութիւններին, ցոյցերին, միջոցառումներին մասնակցելը: Ի հարկէ, դրանում՝ ոչ մի խօսք: Այնուամենայնիւ, երբ խօսքը վերաբերում է հայկական միութիւններին մասնակցելուն, հարցը այլ կերպ է դրսեւորւում: Հայկական միութիւններում որչափո՞վ է տարածուած ու ընդհանրացած հայերէնախօսութիւնը: Անդամակցողների քանի՞ տոկոսն է հաղորդակցւում հայերէնով: Փաստօրէն՝ շատ չնչին տոկոսը: Ամերիկահայ միութիւններին մասնակցող մատղաշ սերնդի ճնշող մեծամասնութիւնը հաղորդակցւում է անգլերէնով: Հաւանաբար նոյնն է նաեւ հարաւային Ամերիկայի եւ եւրոպական այլ երկրների հայկական գաղթօջախներում, ուր եւս հայ երեխաները միմեանց հետ խօսում են տեղական լեզուներով:
Վերջին տասնամեակներին, սերունդների մօտ հայերէնախօսութեան շեշտակիօրէն նուազման հիմնական պատճառներից մէկը (եթէ ոչ՝ ամենահիմնականը) առաջ տարուող այն մօտեցումն է, թէ կարեւորը ոգին ունենալը, այլ ոչ թէ՝ լեզուին տիրապետելն է: Արդարեւ, արդիւնքը՝ եղաւ այն, ինչ տեսնում ենք հիմա: Տարիներ առաջ, միջդպրոցական շարադրութեան մրցանակաբաշխման մի հանդիսութեանը ելոյթ ունենալիս, շեշտեցի, թէ ոգին ու լեզուն նման են սրտին ու արեանը, ընդ որում՝ նրանցից ոչ մէկը չի կարող գոյատեւել առանց միւսի բացակայութեան: Ներկայ ազգայիններից մէկը, որն ակնյայտօրէն լեզուն ոգուն զիջելու ջերմեռանդ կողմնակիցներից էր, ընդդիմանալով բեմ բարձրացաւ եւ շեշտեց, թէ ամերիկահայ սերունդների դաստիարակման գործում կարեւորագոյնը հայկական ոգին ամրապնդելն է, հոգ չէ, թէ նրանք ինչ լեզուով են հաղորդակցւում միմեանց հետ: (Չգիտեմ, արդեօք նա հիմա էլ նոյն համոզմա՞նն է, երբ ամենուրեք խօսւում եւ մտահոգութիւն է արտայայտւում հայերէնախօսութեան անկման մասին):
Կանգնած լինելով համասփիւռքեան այս տագնապի առջեւ, հիմա ի՞նչ պիտի անենք: Որո՞նք են լեզուի տագնապը անվտանգօրէն կասեցնելու միջոցները: Նախ վիթխարի յոյսեր չպիտի ակնկալել հայրենիքից, թէ զօրաւոր օգնութիւնը այնտեղից պիտի գայ: Փաստօրէն անցեալ տարիներին, հայրենիքում կազմակերպուած համահայկական բնոյթի համաժողովներն ու խորհրդաժողովներն, որոնց մասնակցեցին հայրենիքի եւ սփիւռքի մտաւորականներ ու հայագէտներ, որեւէ շօշափելի արդիւնք, որեւէ գործնական ծրագիր չբերեցին ոչ միայն լեզուի, այլ ընդհանրապէս սփիւռքահայութեանը յուզող հայակերտման ու սերունդներին հայեցիօրէն դաստիարակման հիմնահարցերի լուծման ու բարեկարգման ի խնդիր: Այնպէս որ, շատերիս յոյսերն ու ակնկալիքները խամրել են «համա-»ների նկատմամբ:
Որտեղի՞ց սկսել պայքարը: Ընտանիքների՞ց: Տակաւին տպաւորուած եմ տարեց պապիկի հարցումից՝ «թոռնիկներդ հայերէն խօսո՞ւմ են»: Մրցահրաւէրային նոր մօտեցում կառաջանայ, եթէ բարեկամ-ծանօթ ծնողները զրուցելիս, կրկնեն նոյն հարցումը՝ «զաւակներդ հայերէն խօսո՞ւմ են»: Հաւանաբար այդպէս չպիտի լինէր T.J.Maxx-ի գերվաճառատանը,-դարձեալ պատահաբար եւ հեռուից,- հանդիպածս երիտասարդ հայ ծնողների համար, ուր հայր ու մայր հաղորդակցւում էին հայերէնով, իսկ իրենց հազիւ տասը-տասներկու տարեկան զաւակի հարցին հայր ու մայր պատասխանում էին իրենց կոտրտուած անգլերէնով: Արդարեւ, գալիս ենք այն մտայանգմանը, որ համատարած զօրակցութեան չի արժանացել «զաւակներդ հայերէն խօսո՞ւմ են» մօտեցումը բոլոր ծնողների մօտ: Արդեօք գիտակից ծնողի համար առնուազն ցաւախառն պատասխան չի կարո՞ղ լինել, եթէ նա շրջապատին յայտնի, թէ իր զաւակները հայերէն չեն խօսում: Հաւանաբար այդպէս պիտի լինի եւ հաւանաբար պիտի սկսի մտածել, թէ «ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է» ընթանում եւ պիտի փորձի բարելաւել զաւակի հայերէնախօսութիւնը: Ասում եմ հաւանաբա՛ր, քանի որ յաճախ ցաւօք սրտի նկատւում է, որ զաւակի հայերէնախօսութիւնը բարելաւելու փոխարէն, ծնողն է փորձում բարելաւել իր անգլերէնախօսութիւնը՝ զաւակի հետ հաղորդակցուելիս: Ուրեմն դարմանումի առաջին փուլը սկսւում է տանից, ծնողներից: Ասածս անշուշտ, նորութիւն չպիտի համարուի, քանզի բազմիցս խօսուել է այդ մասին: Իսկ ինչպէ՞ս արդարացնել այն ծնողի արարքը, երբ իր զաւակին ուղարկում է հայկական մշակութային, մարզական որեւէ միութիւն կամ նոյնիսկ հայկական դպրոց, իսկ նոյն վայրում զաւակին հանդիպելիս, նրա հետ խօսում եւ հաղորդակցւում է անգլերէնով: Հոգեբանական եւ տարամտային ի՞նչ պատգամ է ստանում երեխան: Մտածուե՞լ է այս մասին:
Խուսափելով հայերէնախօսութեանը ջատագով բազմատարած կարգախօսներից, հաստատենք նաեւ, որ իրենց հերթին մրցահրաւէրային լուրջ յանձնառութեան առջեւ են կանգնած նաեւ մատղաշ սերունդների, այլ խօսքով՝ մեր զաւակների հետ գործ ունեցող ամերիկահայ մարզամշակութային միութիւններն ու կազմակերպութիւնները: Ականատեսի հաստատումով նկատուել է, որ մասնաւորաբար մարզական ծրագրերով կազմակերպութիւններում հաղորդակցուող տիրական լեզուն հայերէնը չէ: Կարելի՞ է քայլեր ձեռնարկել, որպէսզի մարզափորձերի կամ մարզախաղերի ժամանակ հայ մարզավարի, երիտասարդ կամ պատանի մարզիկների հաղորդակցութիւնները կատարուեն հայերէնով: Համոզուած ենք, որ կարելի է:
Համընդհանուր հաստատման ու համոզման համաձայն, ամերիկահայ կրթօջախները համարւում են հայերէնախօսութեան տարածման ու զարգացման հիմնաղբիւրները: Բոլորիս ո՛չ միայն ակնկալիքը, այլ՝ պահանջն է, որ հայ դպրութեան ու հայակերտման առաքելութիւնը իրենց ուսերին վերցրած մեր վարժարաններում լիարժէքօրէն աշխատանք տարուի հայոց լեզուի անաղարտ պահպանման ու դասաւանդման ուղղութեամբ: Ամերիկեան ամենակուլ հասարակարգում, ուր աննկատօրէն բոլոր ուղղութիւնները, ներառեալ այսպէս ասած՝ խրախուսական քարոզարշաւները, ընթանում են եկող տասնամեակներում անգլերէնախօս միաձոյլ հասարակութիւն ստեղծելու միտումով, սկզբունքային իմաստով, ծանրակշիռ աշխատանք եւ լուրջ մարտահրաւէրներ են դիմակայում ամերիկահայ մեր կրթօջախները, որոնք, ընդունուած կարգախօսով, հայերէնախօսութեան նաւը թիավարում են գետի հակառակ հոսանքով: Ի՞նչ միջոցներ ու հնարաւորութիւններ են հարկաւոր թիավարումը չվտանգելու եւ նաւի ընթացքը ապահովելու համար:
Ինձ համար անհասկանալի,- եւ ինչո՛ւ չէ,- երբեմն զաւեշտական է թւում, երբ հայերէնին գիտակ, հայախօ՛ս անձնաց մասնակցութեամբ գումարւում են, այսպէս կոչուած, խորհրդաժողովներ, գիտաժողովներ, համաժողովներ, ուր անգլերէնով զեկուցումներ են ներկայացւում, քննարկումներ են կատարւում՝ հայոց լեզուի ապագայի հարցով, ամպագոռգոռ կոչեր են արւում հայերէնով հաղորադկցուելու, հայոց լեզուն անաղարտ պահելու եւ օտարախօսութիւնը կասեցնելու մասին: Նմանատիպ հանդիպումներ են կազմակերպւում նաեւ ամերիկահայ աշակերտի, պատանու, երիտասարդի համար, ուր հայերէնախօսութեան կամ հայերէն լեզուի կարեւորութեան ու սերտման հացով կոչեր ու յորդորներ են կատարւում, դարձեալ՝ անգլերէնով: Գուցէ հնամտական մօտեցում համարուի ոմանց կողմից, սակայն իմ համոզմամբ, հայերէնի ճակատագրի մասին ցանկացած քննարկում, ցանկացած մօտեցում պէտք է կատարուի հայերէնով: Արդեօք այդ անձինք չե՞ն մտավախւում, որ մատաղ սերունդը ին՞չ պատգամ կարող է ստանալ նման կոչերից: Չէ՞ որ, հայերէանխօսութիւն ջատագովելը, հայերէնով հաղորդակցուելը հայախօս հայի համար, կրկնում եմ՝ պիտի կատարուի հենց՝ հայերէնով: Հայերէնո՛վ:
Առաջին հերթին եւ անյապաղ անհրաժեշտ է, որ մեր վարժարանները համալրուեն հայերէնի երիտասարդ ուսուցիչներով, ովքեր հայերէնագիտութեան մասնագիտութեամբ օժտուած լինելուց բացի, լաւատեղեակ են նաեւ երկլեզուեան դասաւանդման կրթաեղանակներին, քաջատեղեակ են ամերիկահայ աշակերտի աշխարհայեացքին ու մտածողութեանը եւ համալսարանական կրթութեամբ իւրացրել են դասաւանդման արդիական եղանակաձեւերը: Նախկինում եւս անդրադարձել էի այս հարցին, նշելով, թէ ժամանակը հասունացել է, որ այլեւս երկարաժամկէտ ծրագրեր մշակուեն՝ ամերիկահայ վարժարանների համար հայերէնի ապագայ ուսուցիչներ պատրաստելու կամ վերապատրաստելու ուղղութեամբ: Յաճախ քննադատում ենք, թէ ամերիկահայ վարժարանները իրենց տասնամեակների գործունէութեան արդիւնքում, չեն կարողացել գոնէ մի քանի հայերէնի ուսուցիչներ պատրաստել: Միւս կողմից, հանդիպում ենք ուսուցչական ասպարէզ ընտրած ամերիկահայ այնպիսի երիտասարդների, ովքեր հայկական վարժարաններից շրջանաւարտ դառնալուց եւ համալսարանական բարձրագոյն կրթութիւն ստանալուց յետոյ, վերադարձել են իրենց ուսանած հայկական վարժարանը եւ ուսուցչական ասպարէզ ընտրելով աշխատանքի են անցել, ո՛չ թէ որպէս հայերէնի, այլ, ասենք, մաթեմատիկայի, գիտութեան կամ անգլերէնի ուսուցչի հանգամանքով (Տե՛ս «Ո՞վ է փոխարինելու», Ասպարէզ, Օգոստոս 15, 2014): Ինչպէ՞ս կարելի է ամերիկահայ երիտասարդին հրապուրել, որպէսզի նպատակադրուի ընտրելու հայերէնի ուսուցչական ասպարէզը: Ամերիկեան կենսապայմաններում, անկեղծ ասած, առաջին հրապուրանիւթը հենց ինքը՝ նիւթն է, նիւթական հրապուրանքը: Եթէ ամերիկահայ երիտասարդը համոզուի, որ հայերէնի ուսուցիչ դառնալով պիտի առաւելութիւններ ունենայ,- ասենք,- մաթեմատիկա կամ կրթական այլ առարկա դասաւանդողից, չեմ կասկածում, որ պիտի չհրապուրուի հայերէնագիտութեամբ զբաղուելու եւ հայերէնի ուսուցիչ դառնալու մտադրութիւնից: Արդեօք ունե՞նք այդ կարգի միջոցներն ու աղբիւները: Կարծում եմ ունենք: Մեր գաղթօջախում ունենք ազգային ու համայնքային հարցերով մտահոգ ազնիւ բարերարներ, ովքեր կը ցանկանան հովանաւորել հայերէնանպաստ ծրագրեր, եթէ հաւաստիացուեն, որ ծրագրերը կը ծառայեն իրենց նպատակներին եւ կը պսակուեն արդիւնաւէտութեամբ ու յաջողութեամբ:
Հայերէնախօսութեան զարգացման ու տարածման անհրաժեշտ միջոցներից են նաեւ արհեստագիտութեան ընձեռած հնարաւորութիւնները, որոնց օգտագործումը մեր վարժարաններում պիտի կատարուի կատարեալ մասնագիտութեամբ ու ծրագրաւորմամբ: Արհեստագիտական հնարաւորութիւնները, որոնց թւում համակարգիչը, համացանցը, համակարգչային գրատախտակը (Smartboard), փաստանիւթերի լուսանկարչական թուայնացուած սարքը (Document Camera) ո՛չ միայն հանդէս են գալիս որպէս դասարանային համագործուն (Interactive) հնարքներ, այլ նաեւ կարող են ուսուցիչների եւ աշակերտների համար ուշագրաւ խթան ու այլընտրանք հանդիսանալ հայերէնի դասանիւթերը հետաքրքրաշարժ ու արդիկան դարձնելու համար: Լեզուի տարրալուծարան (Language Lab) կազմակերպելը մէկն է այդ ծրագրերից, որը համաշխարհային փորձով նպաստաւոր է համարուել բանաւոր արտայայտչաձեւի զարգացման համար:
Հայերէնի դասագրքերի հարցը եւս հայերէնախօսութեանն առնչուող հիմնական մարտահրաւէրներից մէկն է: Անհետաձգելի անհարժեշտութիւն է, որ մեր դասագրքերում տեղ գտած դասանիւթերը արմատական վերանայման ու բարեփոխման ենթարկուեն, որպէսզի կարողանան նախ քայլ պահել ամերիկահայ աշակերտի մտաշխարհի ու հայեացքների հետ եւ մանաւանդ բովանդակային առումով առնչութիւն ունենան շրջապատող պայմանների եւ առօրեայ կեանքում տեղի ունեցող իրադարձութիւնների հետ: Հայերէն դասագրքերում պիտի տեղ գտնեն այնպիսի նիւթեր, որոնք ազգային, հայրենասիրական ու մարդկային արժէքների հետ մէկտեղ, գրական բարձր ճաշակով կը ներկայացնեն նաեւ սփիւռքահայութեանը, մասնաւորաբար՝ ամերիկահայութեանը յուզող ժամանակակից իրադարձութիւններ, հիմնահարցեր մտահոգութիւններ, որոնք բովանդակութեամբ ու մրցահրաւէրային պատգամներով հոգեհարազատ կը լինեն նոր սերնդին եւ կը կարողանան ուղեգիր հանդիսանալ նրա համար: Մի խօսքով, մեր դասագրքերը իրենց բովանդակութեամբ ու նիւթերով պիտի կարողանան կամրջուել ու հաղորդակցուել Միացեալ Նահանգներում ծնուած ու հասակ նետող սերնդի մտածողութեան ու ակնկալիքների սահմանաեզրերով:
Հայերէնախօսութիւնը պատերից կախուելիք որմազդ կամ կարգախօս չէ եւ ոչ էլ՝ իղձ, փափագ: Հայերէնախօսութիւնը ազգային յանձնառութիւն է: Առաքելութի՛ւն: Ծննդեան օրից իւրաքանչիւր հայորդու ազգային ինքնութեան յանձնարարագի՛ր, որով նա կարող է իր արմատները կայուն պահել այս ամենակուլ աշխարհում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*