Տաթեւիկ Աղաճանեան
Քաղուած՝ «Ապառաժ»-էն
«Արցախը ճանաչելն առաջին հերթին արցախցիներին է պէտք: Շատերը կարծում են, թէ Ղարաբաղը Ստեփանակերտն է, եւս հինգ-վեց բնակավայր, մի քանի եկեղեցի ու վերջ», կը յայտնէ լուսանկարիչ Սեւակ Ասրեանը: Արցախի գրաւուած տարածքներում արուած նրա լուսանկարները ցուցադրուելու են 44-օրեայ պատերազմի երկրորդ տարելիցին նուիրուած «Յիշողութեան ուժը» ցուցահանդէսին:
Իր գործունէութեան ընթացքում ցուցահանդէս կազմակերպելու շատ առաջարկներ է ստացել Սեւակը, բայց չի սիրում, որ շեշտը դնում են վաճառքի, Երեւանում կամ այլ վայրերում ցուցահանդէս կազմակերպելու վրայ։ «Դա չի նշանակում, թէ դէմ եմ վաճառքին: Բոլորն էլ գիտեն, որ եթէ իմ նկարները վաճառում եմ, ապա թանկ եմ վաճառում: Արցախի անուան տակ նկարներ եմ դնում, ու մի քիչ դաւաճանութիւն կը լինէր, որ առաջին ցուցահանդէսն անէի ուրիշ տեղ: Ու արդէն որոշել էի ցուցահանդէսն ինքս իմ ուժերով անել: Յետոյ Յակոբաւանքի վերականգնման նախագծով սկսեցի համագործակցել Ռէարմենիա հարթակի հետ, որտեղ էլ առաջարկում են կազմակերպել ցուցահանդէս: Սկսեցի մտածել ձեւաչափի մասին: Կամաց-կամաց հաւաքեցի արուած լուսանկարները, մտածեցի խորագրի մասին, սկզբում «Կորսուած յոյս» էի ուզում անուանել, բայց ընկերներիցս մէկը համոզեց, որ ուրիշ բան մտածենք: “Յիշողութեան ուժը” որոշուեցաւ»,- նշում է նա:
Պէտք է ընտրուէր 44 նկար: Տարիներ շարունակ Արցախի տարբեր վայրերը լուսանկարչական ոսպնեակով անմահացրած Սեւակը մեծ արխիւ ունի, եւ այդ պատճառով շատ դժուար էր ընտրութիւն կատարելը. «Սկզբից մօտ 500 նկար ընտրել, յետոյ` 200, այնուհետեւ` 120, դրանից յետոյ տուել եմ կազմակերպիչներին` ասելով այլեւս չեմ կարողանում, դուք ընտրեցէք»:
Լուսանկարելու սէրը նա հորից է ժառանգել, սակայն լուսանկարչութիւնը նա ոչ թէ մասնագիտութիւն է համարում, այլ հոգու ցանկութիւն:
«Առաջին ուսուցիչս հայրս էր, նա խորհրդային Զենիթ լուսանկարչական գործիք ունէր: Ինքն էլ էր սիրում նկարել, բայց ընտանեկան տարբեր առիթների: Ես էլ սկսեցի հետաքրքրուել, եւ հայրս նրբութիւնները բացատրեց: Հետս տանում էի դպրոց, ընկերներիս, ընտանիքիս նկարում, մէկ-մէկ էլ բնութեան տեսարաններ, կենդանիներ»,- պատմում է Սեւակը:
Յետոյ սկսուեց Արցախեան շարժումը, պատերազմը: 17 տարեկանում կամաւորագրուեց պաշտպանութեան ուժերի շարքերում, հակաօդային պաշտպանութիւնում էր ծառայում, հետը պատերազմ տարաւ նաեւ լուսանկարչական գործիքը. «Անընդհատ նկարում էի, բայց չէի տպում: Այնպէս ստացուեց, որ այդ ժապաւէններից ոչ մէկը չունեմ, այն ժամանակ մի քիչ միամիտ էի, տալիս էի մարդկանց, որ իրենց նկարները հանեն, ու մնում էր իրենց մօտ: Վերջերս տղաներից մէկն ասաց, որ ժապաւէններից մէկն իր մօտ է»: Հիմա էլ առաջին պատերազմի նկարներ տեսնելիս մէկ-մէկ կասկածում է, որ հնարաւոր է` իր արած լուսանկարները լինեն: Դրանից յետոյ երկար տարիներ չի զբաղուել սիրած գործով: Ասում է` «ուրիշ խնդիրներ, ուրիշ ծառայութիւն»:
2012-ին ծառայութիւնից դուրս գալուց յետոյ Ուքրայինայի Օտեսա քաղաքն է այցելել: «Ամառնային շրջան չէր, ողջ օրը պարապ էի, Օտեսայով էի շրջում ու որոշեցի մի գործիք վերցնել: Սկսեցի նկարել, սովորել, ինչ-որ կայքերում էի դնում նկարածներս, ջղայնանում, որ շատ լայքեր չեն հաւաքում կամ քննադատական խօսքեր էին գրում: Որոշեցի մի քիչ խորանալ: Տարբեր տեսահոլովակներ նայելով` կամաց-կամաց սկսել եմ սովորել ու մինչեւ հիմա ամէն օր նոր բան եմ սովորում: Սովորեցի ու չգիտեմ` ինչու ստացուեց, սակայն մինչեւ հիմա ինձ լուսանկարիչ չեմ համարում»,- ասում է նա:
Մարդկանց չի սիրում նկարել, կամ եթէ լուսանկարում է, ապա որպէս բնութեան մասնիկ: Արցախի բոլոր ծայրերում եղել է, բայց մի քանի կէտ առանձնայատուկ էր սիրում. այնտեղ հանգստանում էր, կտրւում առօրեայից: Դրանցից Վանքասարը մնացել է ատրպէյճանական կողմում, միւս նախընտրած վայրերը` Յակոբաւանքը եւ Մեյտանը, այժմ էլ պարբերաբար այցելում է:
«Իմ նկարներում, ցուցահանդէսում մարդ, արիւն, պատերազմ չէք տեսնելու: Ես ուզում եմ Արցախը գունաւոր ներկայացնել, միւսներն էլ թող այդպէս յիշեն: Մեր կորցրած տարածքները սեւ չպիտի յիշուեն, ատում եմ, երբ Ղարաբաղը սեւ-սպիտակ եմ տեսնում: Ուրախ կը լինեմ, որ անծանօթ մարդը, տեսնելով այս լուսանկարները, ցանկանայ լինել այդ վայրերում: Մարդ կարող է տխրել, յուզուել, հիասթափուել լուսանկարները դիտելով, բայց դրանք լուսաւոր պէտք է լինեն»,- ասում է Սեւակը:
1996-ին հիմնադրեց Արցախում առաջին հասարակական կազմակերպութիւնը` «Արցախի երիտասարդների միութիւն»-ը: «Այն ժամանակ համագործակցում էի երեւանեան որոշ հիմնարկների, այդ թւում` հայ-զուիցերիական «Առագաստ» կոչուող ակումբի հետ: Երեւանում այդ ակումբում միշտ ասում էին «Նակորնի Բրատը եկաւ»: Ու այդպէս մականունս մնաց Նակորնի Բրատ: Սկզբում նկարներս, գրածներս չէի դնում, բարդոյթաւորուած էի այդ հարցերում եւ «Սերգէյ Նակորնի» անուն-ազգանունով էի ներկայանում: Ֆեյսբուքում էլ երկար ժամանակ այդ անունով էի: Մի անգամ տեսայ, որ այդ անուն-ազգանունով շատ մարդիկ կան, որից յետոյ «նագորնինէ փոխեցի «լեռնայինիէ, այդպէս էլ մնաց մականունս: Ինձ համար էլ է այդ անունը հաճելի ու կապուած է Լեռնային Ղարաբաղի հետ»,- պատմում է Սեւակը:
Սեւակը ցուցադրում է¬Վանքասարի լուսանկարները, որոնք արել է տարբեր եղանակային պայմաններում, յետոյ յատուկ կերպով Կանաչ ժամը. «Կեանքում չէի մտածի, որ Կանաչ ժամի այս լուսանկարը այսքան թանկ կը լինի` ոչ նիւթական առումով: Կաւաքավանքի այս նկարն էլ ոչ ոք չի նկարելու, որովհետեւ վերջին պատերազմի ժամանակ կիսաւէր շէնքը լրիւութեամբ քանդուել է: Լուսանկարն արուել է Օգոստոսի վերջին»:
«Մեյտանի ճանապարհը բարեկարգել են, բայց ես ուրախ չեմ դրա համար, որովհետեւ այցելուներն այդ տեղը աղբանոցի են վերածել, նոյնը` Այգեստանի ջրվէժի դէպքում: Շատ սիրուն վայրերի տեղ գիտեմ, որոնց մասին չեմ պատմում, որովհետեւ գիտեմ` մարդիկ անտառը կտրելու են, ճանապարհ բացեն, վերջում տեսնենք շշեր, պլաստիկէ տոպրակներ: Մինչեւ դա չփոխենք մեր մէջ, մինչեւ չհասկանանք, որ ճանապարհին չպիտի աղբ շպրտես, ոչինչ չի փոխուի»,- կարծում է Սեւակը:
«Բնութիւնն ամէն վայրկեան փոխւում է: Շատ դէպքեր են եղել, որ պատրաստւում էինք մի քանի օրով գնալ որեւէ տեղ, հասնում էինք գագաթին, մառախուղ էր պատում, կամ անձրեւ էր սկսւում: Օրինակ` մեծ դժուարութեամբ բարձրացել եմ Կատարոյ, գիշերը անքուն մնացել, անընդհատ արթնանում էի ու ստուգում` արդեօ՞ք երկինքը բացուել է: Արդիւնքում ընդամէնը մի նկար եմ արել: Այդ պատճառով իւրաքանչիւր նկար ինձ համար թանկարժէք է»,- ասում է նա:
Նրա խօսքով` վատ բնաւորութիւն ունենք, մեզ թւում է, թէ միայն մենք ունենք այսպիսի բնութիւն, «Փոքրիկ Զուիցերիա ենք անուանում Արցախը: Շահէն Մկրտչեանի «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական յուշարձանները» գրքում 1000-ից աւելի կոթողներ կան նշուած, շատերը 4-5-ը գիտեն կամ ամէն մէկը իր գիւղի եկեղեցւոյ մասին: Այս փաստից վատ եմ զգում: Մենք այնքան ենք մեզ թերագնահատում, որ հազարաւոր տարուայ եկեղեցիները թողած այստեղ-այնտեղ խաչ ենք տնկում: 4-րդ դարի եկեղեցիների կողքին երկաթի կտոր ենք դնում ու ասում` մենք քրիստոնեայ ենք:
Ի տարբերութիւն առաջին պատերազմի` 44-օրեայի ժամանակ քիչ է նկարել։ Հիմնականում իր մեքենայով լրագրողների էր տեղափոխում կամ ինչ-որ ապրանքներ տեղ հասցնում. «Մարտունի քաղաքում Հոկտեմբեր 1-ի դէպքերի ժամանակ եմ նկարներ արել, երբ լրագրողների խմբի վրայ հարուածեցին: Ռմբակոծուած քաղաքն էլ եմ նկարել, բայց դրանք ոչ մէկին ցոյց չեմ տալիս, որովհետեւ ինձ համար ծանր յիշողութիւն է: Աւելի շատ աշխատել եմ որոշ լուսանկարիչների հետ, հետեւել նրանց աշխատանքներին»:
Բնաւորութեամբ անհանգիստ, անընդհատ պրպտող Սեւակը ծանօթների բնութագրմամբ` անյոյս լաւատես է. «Մարդիկ հիմա խօսում են ամէն ինչ կորցնելու մասին: Ասում եմ` մենք 70 տարի Ատրպէյճանի կազմում ամէն ինչ կորցրած էինք: Եկեղեցիներն աւերում էին, օգտագործում որպէս ոչխար պահելու տեղ կամ քարերը քանդում ճանապարհ էին սարքում: 70 տարի յետոյ որոշել ենք միանալ Հայաստանին, փորձել ենք անկախանալ ու 30 տարի օգտուել ենք մէկը` ֆինանսական, միւսը` հոգեկան առումով: Անկախ հանրապետութիւնում ծնուած եւ մեծացածների համար երեւի աւելի դժուար է, քան թէ ինձ համար, որովհետեւ ես խորհրդային ժամանակներում էլ եմ ապրել: Այն ժամանակ երիտասարդ էինք ու կեանք, առողջութիւն ենք տուել, որ այս պահին հասնենք: Եւ միանգամից այսպիսի վիճակ: Իհարկէ, աւելի հեշտ է նստել եւ սուգ անել»:
Պատերազմից յետոյ Սեւակ Ասրեանին ոգեշնչում են մարդիկ: «Արցախի ամենամեծ հարստութիւնը ժողովուրդն է: Ինձ հարազատ մարդկանց մեծամասնութիւնն այստեղ է ապրում: Հինգ տարեկան երեխային դրսում տեսնելով` մտածում եմ, որ հէնց նրա համար պիտի այստեղ մնամ: Այնքան ընկերներ ունեմ, որ վերջին երկու տարուայ ընթացքում երեխաներ են ունեցել: Հայրենիքը հնարաւոր չէ հեռուից սիրել: Հայերս էլ սիրում ենք հասնել Կրասնոդար, Երեւան ու գրել` «Վայ Արցա՜խս, հայրենի՜քս»: Մարդիկ հիմա շատ են քննարկում Ռուբեն Վարդանեանին: Ինձ համար էական չէ` ինքն ով է, ինչի համար է այստեղ եկել, բայց փաստն այն է, որ քաղաքով քայլելիս ես նրան կարող եմ հանդիպել, իսկ հայրենասիրութիւն քարոզող շատերին` ոչ: Շատ բան կայ ինձ այստեղ պահող: Բայց,ցաւօք, չեմ կարող ասել, թէ այստեղ աւելի լաւ է, քան այլ տեղ: Պատրաստ եմ ամէն տեղ գնալու, բայց մի տասը օր մնալ, յետոյ վերադառնալ: Այստեղ իմ ընկերութիւնն է, իմ շրջապատը: Ես բոլորի հետ էլ հեշտ եմ լեզու գտնում, սա է իմը»:
Ըստ նրա` պատերազմը հիմա էլ շարունակւում է, ուղղակի այլ մակարդակում: «Ընկերոջս զոհուելուց յետոյ` նոյեմբերի 10-ին, ստատուս եմ գրել, որ պատերազմը դեռ շարունակւում է: Այս չէզոք կարգավիճակը ոչ մէկին դուր չի գալիս, կամ այսպէս կը կտրուի, կամ այնպէս: Ես յոյս ունեմ, որ մեր օգտին է լինելու, որովհետեւ դա պատմականօրէն արդար է: Չգիտեմ ինչու այդպէս եմ մտածում: Թուրքերն էլ են շատ լաւ հասկանում, որ պատերազմը չի աւարտուել: Շուշիում մինչեւ հիմա մարդ չի ապրում: Որոշ ժամանակ առաջ մի նկար էր տարածուել, որտեղ հայ զինուորը հայկական դրօշի տակ վերեւից Շուշիին է նայում: Ատրպէյճանցիները խենթացել էին, ասում էին բա ասում էք Շուշին անվտանգ է: Այդ նկարը հայաստանեան մետիայում այնքան չի տարածուել, ինչքան ատրպէյճականում: Ես յոյս ունեմ, որ սա վերջը չէ: Չգիտեմ ինչու յուսով եմ, որ լաւ է լինելու»,- ասում է Սեւակը ու թերթում Արցախի աստղաշատ երկնքի պատկերներով լուսանկարչական ալպոմը: