Երեւան.- Յատուկ հանդիսութիւններով եւ ձեռնարկներով, Երեքշաբթի, Սեպտեմբեր 21-ին նշուեցաւ Հայաստանի վերանկախացման 19-ամեակը: Այս յիշատակելի տօնի կապակցութեամբ, Հայաստանի նախագահը, երկրի բարձրաստիճան պաշտօնեաներու հետ, այցելեց Եռաբլուր եւ ծաղկեպսակ զետեղեց անյայտացած ազատամարտիկներու յիշատակը յաւերժացնող յուշակոթողին: Ապա երեկոյեան, »Կարէն Դեմիրճեան«ի անուան մարզահամերգային համալիրին մէջ, տեղի ունեցաւ Անկախութեան տօնին նուիրուած պաշտօնական հանդիսութիւնը:
Նշենք թէ, այս առթիւ, Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեան բազմաթիւ շնորհաւորական ուղերձներ ստացած էր, որոնց կարգին Ա.Մ.Ն նախագահ Պարաք Օպամայէն, Ռուսաստանի ղեկավար Տմիթրի Մետվետեւէն եւ Թուրքիոյ նախագահ Ապտիւլլա Կիւլէն:
*
Հ.Հ. ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԽՕՍՔԸ՝
ՎԵՐԱՆԿԱԽԱՑՄԱՆ 19-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ
Վեհափառ ՏԷր,
Յարգելի տիկնայք եւ պարոնայք,
Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհաւորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 19-րդ տարեդարձի կապակցութեամբ:
Մեր ժողովրդի պատմութիւնը յանուն ազատութեան մղուող պայքարի պատմութիւն է: Այդ պայքարը փոփոխական յաջողութիւններով շարունակուել է դարեր ու հազարամեակներ, հզօրացել է կամ թուլացել, բայց չի դադարել երբեք: Մեր արքայական ու նախարարական տները, թիկունքում ունենալով համազգային աջակցութիւն, իրար են փոխանցել հայ ինքնութեան, ոգու եւ պետականութեան դրօշը: Եւ դա արել են ոչ թէ սպասելով իրենց աստեղային ժամին, այլ կերտել են այդ աստեղային ժամը. ազգ են համախմբել գաղափարի շուրջ, միջոցներ են կեդրոնացրել սուրբ նպատակին անվրէպ հասնելու համար, կռուել են ու բանակցել, կառուցել են ու արարել, արուեստ ու գիտութիւն են հովանաւորել: Եւ այս ամէնն արուել է միաժամանակ՝ միմիանց փոխլրացնելով: Արդիւնքում մեզ թողել են ժառանգութիւն, որ հարուստ է եւ պարտաւորեցնող: Հարուստ է այնքան, որ երբեմն դժուարանում ենք իւրացնել, հարուստ է այնքան, որ Մատենադարանը նեղ է դառնում, եւ պարտաւորեցնող է այնքան, որ երբեմն թւում է, թէ այդ պատասխանատուութեան բեռը կրելը վեր է մեր ուժերից:
Բայց 1991 թուականի Սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց այն, ինչը երբեմն ստիպուած էր ասել մտքում կամ շշուկով: Բարձրաձայն ասաց՝ այո°, ես տէր եմ իմ ժառանգութեանը, իմ ինքնութեանը, իմ դրօշին ու պետականութեանը, ես տէր եմ պատմական պատասխանատուութեանը: Ես պատրաստ եմ համախմբուել գաղափարի շուրջ, ես պատրաստ եմ միջոցներ կենտրոնացնել յանուն սուրբ նպատակի, ես պատրաստ եմ կռուել ու բանակցել, կառուցել ու արարել, եւ վերջապէս, ես պատրաստ եմ ընդլայնել Մատենադարանը:
Հանրաքուէն մեծ հաշուով խոստում էր, որ մենք տուեցինք ինքներս մեզ եւ մանաւանդ՝ մեր ժառանգներին: Անցած տարիները ցոյց տուեցին, որ մենք իբրեւ ազգ կատարել ու կատարում ենք մեր խոստումը: Ի հարկէ այս ընթացքում եղել են ե°ւ թերացումներ, ե°ւ նոյնիսկ կոպիտ սխալներ, բայց չի եղել ճակատագրական սխալ, որը մեզ կը շեղէր մեր ուղեգծից կամ կը վտանգէր մեր երկրի ազատութիւնն ու անվտանգութիւնը:
Անկախութեան իւրաքանչիւր տարին, պատմական հեռանկարի առումով, եղել է արդիւնաւէտ, արձանագրել է ձեռքբերումներ ու նուաճումներ: Մենք արդէն կուտակել ենք թէ° դրական, թէ° բացասական բաւարար փորձ: Մենք հասունացել ենք թէ° որպէս պետական կառոյց, թէ° որպէս պետական գիտակցութիւն ունեցող քաղաքացիներ, որոնց գործողութիւնների հիմքում կան յոյզեր, բայց եւ սառը հաշուարկ ու իրատեսական մօտեցումներ:
Անկախ Հայաստանն անցել է երեք խոշոր տնտեսական ճգնաժամերի միջով: Թէեւ թերութիւններով ու սխալներով, բայց յաղթահարել ենք այդ փորձութիւնները: Յաղթահարել ենք՝ դասեր քաղելով: Այսօր էլ կրկին դուրս ենք եկել վերելքի ճանապարհ եւ այսօր էլ խնդիր ունենք կայուն հիմքերի վրայ դնելու տնտեսական աճը՝ նախապէս հասկանալով համաշխարհային տնտեսական մօտելում ճգնաժամի բերած սրբագրումները:
Այո°, մենք շարունակում ենք զարգանալ անօրինական շրջափակման պայմաններում: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց ունենք հարեւաններ, որոնց թէ° խօսքը, թէ° գործը ակնյայտ թշնամական բնոյթ ունեն: Սա ցաւալի է, բայց փաստ է: Մենք ստիպուած ենք մեր քայլերը կատարել՝ ելնելով առկայ իրողութիւններից: Զինադադարի յաճախակիացած խախտումները, բացայայտ սադրիչ եւ ահաբեկչական գործողութիւնները շփման գծում, ի հարկէ°, համարժէք պատասխան են ստանում՝ բազմապատկելով մեր զգօնութիւնը: Մենք գնում ենք դժուար, բայց միակ ճիշտ ճանապարհով, որն Արցախի անկախութեան եւ տեւական խաղաղութեան ճանապարհն է: Այդ ճանապարհին մենք յիշեցնում ենք. մեզ մի° փորձէք վախեցնել, մենք վախեցող տեսակից չենք, մի° յոխորտացէք ու ինքներդ ձեզ յիմար դրութեան մէջ մի° դրէք, մեզ չի° կարելի պարտադրել, մենք հնազանդ տեսակից չենք, բայց պատրաստ ենք խօսել ու արդար որոշումների շուրջ ձեռք սեղմել:
Սիրելի հայրենակիցներ,
Կրկին շնորհաւորում եմ բոլորիս այս փառապանծ տօնի առթիւ:
Հայոց պետութիւնը իրականացրել եւ իրականացնում է իր առաքելութիւնը: Մեր յոյսը մենք ենք: Ասուածը չի նշանակում, թէ մենք չունենք բարեկամներ, դաշնակիցներ ու գործընկերներ: Ասուածը նշանակում է, որ մենք կանք եւ մեր հաւաքական ջանքով, մեր ժողովրդի մտքի, բազկի ու հաւատի ուժով մօտեցնելու ենք հայութեան նոր աստեղային ժամը: Դա անելու ենք այնպէս, ինչպէս ազատամարտի օրերին իրենց կեանքի գնով յաղթանակը մօտեցրին հերոս հայորդիները:
Յաւերժ փա’ռք անմահների յիշատակին:
Կեցցէ’ Հայաստանի Հանրապետութիւնը: