Ինչո՞ւ Թրքականը, Եթէ Կայ Հայկականը

0 0
Read Time:4 Minute, 34 Second

 

Սիրուն Սիրունեան

«Անթալիայում հանգստացող հայերը զինում են թրքական բանակը»․․․դեռ հեռաւոր 2009-ին, Հ․Յ․Դ․ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութեան անդամները այս գրութեամբ մի պաստառով կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին հանգստանալ աշխարհի ցանկացած երկրում , բացի` Թուրքիայից: Այդ տարիներին թրքական Անթալիան իր գրաւչութեամբ ու մատչելի գներով  շատ շատերին էր գրաւում ու թէեւ երիտասարդների կոչին հետեւողներ եղան, բայց ոչ շատ:

Ընդհանրապէս վերջին տարիներին Հայաստանում թրքական ապրանքների, թրքական ծագման ամէն ինչի դէմ շատերը մեծ արշաւ էին սկսել , բայց ինչպէս ասում են դանակը ոսկորին հասաւ ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ: Մի խումբ երիտասարդներ , քաղաքացիներ անգամ բողոքի ցոյցով հաւաքուել էին կառավարութեան շէնքի մօտ, կոչ անելով համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել , հայկական շուկան ամբողջութեամբ թրքական, երբեմն նաեւ ատրպէյճանական  ապրանքներից մաքրելու համար: Շարժումը սկսեց , չմարեց , բայց գործնական ընթացք էլ չստացաւ:

Այս Յուլիսին, երբ հայաստանա- ատրպէյճանական սահմանին տիրող լարուածութեան ժամանակ Մոսկուայում ատրպէյճանցիները արշաւեցին հայկական ընկերութիւնների դէմ ու առաջնագծում  իրենց անյաջողութիւնների համար սկսեցին վրէժ լուծել` հայկակական ծիրանը տրորելով, մի խումբ երիտասարդներ Հայաստանում ի պատասխան այս արշաւի  իւրօրինակ նախաձեռնութիւն են սկսել:

«Մեր նախաձեռնութիւնը կոչւում է հայկական կերպար` Armenian Look»: Այս նախագծի շնորհիւ մենք ոչ միայն առաջարկում, այլեւ ցոյց ենք տալիս հայ սպառողին հագուստի կերպարներ թէ կանանց եւ թէ տղամարդկանց համար, որոնք ստեղծւում են միայն հայկական արտադրողների պատրաստուած հագուստներով>>,- պատմում է նախաձեռնութեան հիմնադիրներից Մեսրոպ Եսայեանը:

Ան ասում է` այս գաղափարը վաղուց էին փորձում  կեանքի կոչել, յարմար առիթի էին սպասում: Այս տարուայ Յուլիսի սահմանային լարուածութեան ժամանակ, երբ ողջ հայութիւնը միաւորուեց ու քայլեր սկսեց ձեռնարկել հակառակորդի հակահայ քայլերի դէմ, օրինակ Մոսկուայում բոլորը միահամուռ ծիրան էին գնում, որոշել են բարձրաձայնել իրենց առաջարկը:  Իսկ իրենք առաջարկում են հետեւեալը․ «Հայաստանում կան  ամէն ինչ արտադրող հայկական ընկերութիւններ ` այսինքն կօշիկ, գուլպայ,  տաբատ, վերնաշապիկ, շապիկ, ակնոց, ժամացոյց, ներքնահագուստ: Որոշեցինք այդ բոլորին հաւաքել իրար գլխի ու ցոյց տալ, որ կարելի գեղեցիկ, ճաշակով ու ժամանակից հագնուել օգտուելով բացառապէս հայկական արտադրողներից»:

Թէեւ վերջին տարիներին Հայաստանում սպառւում է նաեւ չինական , վիեթնամական  արտադրութեան հագուստեղէն , սակայն այս ոլորտում գերակշռողը թրքականն Է: Նախաձեռնութեան անդամներն այս ծրագրի միջոցով փորձելու  են այնքան շատ գովազդել տեղականը , որ հայ սպառողը ինքնակամ հրաժարուի թրքական արտադրութեան հագուստից ու ընտրի տեղականը:

Մեսրոպ Եսայեանն ասում է․ «Եթէ 15 տարի առաջ հայկական շուկայում գերակշռում էին թրքական կամ պարսկական սննդամթերքները, հիմա արդէն հայ սպառողը նախընտրում է տեղականը: Այսինքն ժամանակի ընթացքում հայկական ընկերութիւնները զարգացան ու կարողացան շուկայից դուրս մղել թրքական սննդամթերքները»:

Նոյնը, ըստ նրա,  չկարողացան անել հագուստեղէնի դէպքում: Բայց, եթէ տարիներ առաջ սպառողն այլընտրանք չունէր ու ստիպուած գնում էր թրքական արտադրութեան հագուստ, կօշիկնէր, շարքն անվերջ կարելի է թուել , հիմա այլնըտրանք կայ ու այդ ալընտրանքը տեղականն է:  Մեսրոպը պատմում է իրենք սկզբում  կերպարներ են ստեղծել կանանց համար` մօտաւորպէս հինգ հայկական ընկերութիւնների հետ համագործակցելով , յետոյ արդէն կերպարներ են ստեղծել նաեւ տղամարդկանց համար` աշխատելով  եւս վեց այլ ընկերութիւնների հետ : Վստահեցնում է` հայ արտադրողների տեսականին այնքան հարուստ է, որ կանանց ու տղամարդկանց համար իրենք կերպարներ են ստեղծում տարբեր ընկերութիւնների հետ համագործակցելով: Միայն ակնոցի դէպքում է, որ օգտուել են միեւնոյն ընկերութիւնից:

Արգինէ Գեւորգեանը իր «Գինէհ» ապրանքանիշով այս խումբին միացած հայ արուեստագէտներից է: Ասում է, տարիներ առաջ ինքն էլ ստիպուած գնել ու  կրել է թրքական արտադրութեան հագուստ: Այլընտրանք չի եղել, մինչեւ որ ինքն է որոշել իր համար ստեղծել այդ այլընտրանքը:

«Մի անգամ գնումներ անելիս մի շատ գեղեցիկ վերնաշապիկ հաւանեցի: Երբ տեսայ, որ շապիկը թրքական է, միանշանակ որոշեցի` չեմ գնելու, որոշեցի գուցէ գնամ կտորի խանութ, մի դերձակ գտնեմ ու իմ հաւանածը կարել տամ», ,- պատմում է Արգինէն:

Սակայն  կտորների խանութում Արգինէի հիասթափութիւնը կրկնակի է դառնում , երբ պարզում է կտորներն էլ են թրքական:

«Որոշեցի այդ խանութից էլ  չօգտուել, երկար փնտռելուց յետոյ գտայ խանութ , որտեղ չինական կտորներ էին վաճառում, կային նաեւ Տուպայից Հայաստան ներկրածներ: Այդտեղից էլ գնեցի իմ ուզած կտորը, գտայ մի դերձակ ու հաւանած շապիկս կարել տուեցի», – յիշում է Արգինէն, որ  վերջնական արդիւնքից այնքան էլ գոհ չի եղել , բայց հաճոյքով է կրել: Յետոյ արդէն  շատեր էլ են իր ոճի հագուստներ սկսել կրել․ «Հէնց այդ ժամանակ էլ որոշեցի իմ առցանց խանութը բացել ու այնտեղ տեղադրել տարբեր ապրանքնիշների հագուստների նկարներ` առաջարկելով այն խանութից գնելու փոխարէն` կարել»:

Հիմա արդէն Արգինէն այս գործում փորձառու է: Հասցրել է սեփական ապրանքանիշը ստեղծել ու այլ հեղինակների աշխատանքները կրկնօրինակելու փոխարէն, իր տարբերակներն է առաջարկում սպառողին: Արգինէն ասում է իր փոքրիկ օրինակով գուցէ ոչ շատ մեծ թուով մարդիկ, բայց այնուամենայնիւ որոշները թրքական արտադրութեան հագուստ չեն գնում, աշխատում են օգտուել տեղական արտադրողներից: Սակայն նրանց ովքեր շարունակում են գնել թրքականը չի մեղադրում: Ի տարբերութիւն տեղականների թրքականը մատչելի է:

«Այո՛, թրքական մատչելի է, իսկ տեղականը մի փոքր թանկ` հիմնաւոր պատճառով», -հաստատում է Մեսրոպը: Ցաւօք սրտի Հայաստանը չունի հիւսուածեղէնի արդիւնաբերութիւն, այսինքն կտորներ ու կաշին։ «Այս խնդիրն էլ աստիճանաբար կը լուծուի»,- լաւատես է Մեսրոպը:  Վստահ է , եթէ կտորի պահանջքը շատանայ , արտադրանքը սպառուի, դա էլ շուկայի կանոնների համաձայն կը հասցնի նրան , որ Հայաստանում սկսեն կտոր ու կաշի արտադրել:

«Օրինակ հիմա Ամասիայում սկսել են թելեր արտադրել, կաշի արտադրողներ էլ կան,  բայց մի բայց էլ կայ, այս անելիք ունի նաեւ պետութիւնը», յայտնում է Մեսրոպ Եսայեանը ,- բայց այս  հարցում

Նա պնդում է, եթէ  օրինակ կօշիկի ներմուծման դէպքում, պետութիւնը որոշ հարկեր բարձրացնի տեղականը ընկերութիւնները կը կարողանան պահանջարկն ապահովել  ու նրանց միջեւ սկսած մրցակցութեան հաշուին  գները չեն թանկանայ։

«Կօշիկի դէպքում սա կ՛աշխատի, քանի որ կօշիկ արտադրող հայկական ընկերութիւնները հիանալի արտադրանք են տալիս, որը շատ աւելի ժամանակակից ու որակով է, քան թրքականը, իսկ թրքականը  աժան է պետական ճիշտ քաղաքականութեան արդիւնքում:  Թուրքիայում արտադրողը արտօնութիւններ ունի եւ տնտեսական ճիշտ քաղաքականութեան շնորհիւ կարողանում է աժան գնով Հայաստան մտնել, իսկ մենք դրա դէմ չունենք քաղաքականութիւն։ Մինչդեռ  Հայաստանն էլ պէտք է վարի այդպիսի քաղաքականութիւն  ու պաշտպանի իր արտադրողին:  Ասել, որ Հայաստանի ղեկավարութիւնը չի ուզում Հայաստանում սպառուի տեղականը արդար չի լինի: Վարչապետը, իր տիկինը  ներկայացնում են , գովազդում են տեղականը սեփական օրինակով , բայց  դա բաւարար անելիք չէ երկրի ղեկավարութիւնից: Յստակ քաղաքականութիւն է պէտք, որը պէտք է անի ու չի անում  օրինակ Հայաստանի տնտեսութեան նախարութիւնը», – եզրակացնում էՄեսրոպը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles