Կարո՞ղ Է Արդեօք Տապալուել Ալիեւի Իշխանութիւնը

0 0
Read Time:6 Minute, 51 Second

 

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ

Սիրիական զարգացումներից յետոյ տարբեր շրջանակների կողմից նորից նկատուեց այն հարցադրման բարձրացումը, թէ հնարաւո՞ր է արդեօք տապալուի նաեւ Իլհամ Ալիեւի բռնապետական իշխանութիւնը։ Այս հարցն ի հարկէ կենսունակ լինելու իրաւունք ունի, հաշուի առնելով, որ մարդկութեանը յայտնի գրեթէ բոլոր բռնապետերը անփառունակ վախճան են ունեցել՝ իշխանազրկուել, հեղինակազրկուել, յաճախ փողոցային հաշուեյարդարի զոհ դարձել, իսկ լաւագոյն դէպքում էլ ճողոպրել եւ քաղաքական ապաստան հայցել որեւէ օտար երկրում։

Շաբաթներ առաջ Սիրիայում Պաշշար ալ Ասատի իշխանութեան տապալումը, ինչպէս ասուեց նորից առաջ բերեց այս հարցադրումը․ «Իսկ ե՞րբ է գալու Ապշերոնեան բռնապետութեան տապալման պահը», վերաձեւակերպելով այս հարցումը՝ աւելի բովանդակային քննարկում ապահովելու համար, կարելի է առաջ բերել հետեւեալը «Ինչո՞վ է պայմանաւորուած լինելու Ալիեւի իշխանութեան անխուսափելի տապալումը»։

Ալիեւների ընտանեկան-կլանային իշխանութիւնը խոշոր հաշուով ղեկավարում է երկիրը շուրջ 65 տարի։ Այդ իշխանութիւնը սկսուեց այն ժամանակ, երբ Հայտար Ալիեւը դառնալով խորհրդային Ատրպէյճանի անվտանգութեան կոմիտէի ղեկավարը, ապա Ատրպէյճանական կոմունիստական կուսակցութեան գլխաւոր քարտուղար, աստիճանաբար սկսեց իր ձեռքում կեդրոնացնել իշխանութիւնը։

Ես, ի հարկէ Ատրպէյճանագէտ, կամ Ատրպէյճանի հարցերով փորձագէտ չեմ, ուստի ստորեւ կը ներկայացնեմ զուտ քաղաքագիտական վերլուծութիւն՝ հիմնուած տեսական քաղաքագիտութեան եւ որոշ չափով նաեւ միջազգային յարաբերութիւնների վերջին շրջանի դինամիկայի վրայ։

Նախ փորձենք հասկանալ, թէ ինչով են պայմանաւորուած երկրորդ աշխարհամարտից որոշ ժամանակ անց սկզբում եւրոպական, ապա լատինա-ամերիկեան, ափրիկեան, աւելի ուշ մերձաւորարեւելեան ու յետխորհրդային երկրներում դրսեւորուող քաղաքական անկայունութիւններն ու իշխանափոխութիւները։ Քաղաքագէտները, այս գործընթացի մէջ որոշակի տրամաբանութիւն սկսեցին գտնել դեռեւս 20-րդ դարի 50-60-ական թթ․, ինչի արդիւնքում քաղաքական գիտութեան մէջ առաջ եկաւ «արդիականութեան տեսութիւնը»։

«Արդիականացում» հասկացութիւնը այս պարագայում ներառում է անցումը աւանդական տիպի պետութիւնից դէպի արդիական պետութիւն` ապահովելու համար քաղաքական համակարգի հաստատութիւնների ժողովրդավարական կառավարման որակական զարգացումը(1): Քաղաքական արդիականացման գլխաւոր նախադրեալներն են իր խորհրդանիշներով ու արժէքներով ճկուն քաղաքական համակարգի եւ արդիւնաւէտ վարչական մեքենայի ստեղծումն ու քաղաքական գործընթացի կանխատեսելի ընթացքը: Արդիականացումը ենթադրում է քաղաքական կառուցուածքի եւ մշակոյթի փոփոխութիւններ, որոնք, որպէս հասարակութեան համընդհանուր կերպափոխութիւն, ընդգրկում են աշխարհիկացման (սեկուլիարիզացիա), ինդուստրացման, սոցիալական շարժունակութեան, կենսամակարդակի աճի, գրագիտութեան, կրթութեան եւ մամուլի տարածման, ազգային համախմբուածութեան, բնակչութեան քաղաքական մասնակցայնութեան ընդլայնման երեւոյթները:

Համադրելով Լատինական Ամերիկայում, Հարաւային Եւրոպայում եւ Ափրիկէում քաղաքական գործընթացների արդիւնքները՝ արդէն 1970–1980-ական թուականներին քաղաքական արդիականացման տեսաբանները եզրակացրին, որ արդիականացումը պայմանաւորուած է սոցիալ-մշակութային գործօններով (մարդաբանական տիպ, ազգային ինքնութիւն, համընդհանուր նորմերի ընդունման աստիճան, քաղաքական զարգացման նպատակ)։ Արդիականացումը կարող էր տեղի ունենալ միայն սոցիալական շերտերի արժէքային կողմնորոշումների փոփոխութեան եւ հասարակութեան քաղաքական մշակոյթի շարունակական զարգացման պայմաններում։

Քաղաքական արդիականացման հիմքում քաղաքական կառավարման համընդհանուր (ունիվերսալ) մոտէլի կիրառութեան հիմնաւորման գաղափարն է։ Այս մոտէլի հաստատման եւ արդիւնաւէտ կիրառման համար անհրաժեշտ է աւանդական (փակ) հասարակութիւնից անցում կատարել արդիական (բաց) հասարակութեան, որը գիտատեխնիկական առաջընթացի, սոցիալական շարժունակութեան, արժէքային եւ նորմատիւ համակարգերի էվոլիուցիայի, վերակառուցման կամ արմատական փոփոխութեան արդիւնք է։ Արդիականացման տեսաբաններից Շ. Էյզէնշտադտը նկատում է, որ արդիականացումը մարտահրաւէր է, որին իւրաքանչիւր հասարակութիւն պատասխանում է երկարատեւ զարգացման արդիւնքում իր հիմքում ձեւաւորուած սկզբունքների, կառոյցների եւ խորհրդանիշների համակարգերին համապատասխան(2) ։

Ո՞րն է արդիականութեան հիմնական մարտահրաւէրը, որը ստեղծում է քաղաքական ճգնաժամեր։ Արդիականի եւ աւանդականի բախման ժամանակ հասարակութիւններն ու պետութիւնները ունեն երկու հիմնական ընտրութիւն՝ աւանդականի ու արդիականի զուգամիտում կամ հակասութիւն։ Շահում են այն ժողովուրդները ովքեր կարողանում են համատեղել աւանդականն ու արդիականը, հակառակ ճանապարհը տանում է քաղաքական անկայունութիւնների եւ պետութիւնների ձախողման։

Արդիականացման գործընթացն ըստ էութեան գրեթէ անխուսափելի մի գործընթաց է, որի միջով անցել կամ անցնում եմ պետութիւնների մեծ մասը։ Այդ գործընթացն ուղեկցվում է ներքին անկայունութիւններով, իշխանափոխութիւններով, հասարակական կարծիքի բեւեռացմամբ, հասարակութեան տարբեր շերտերի կողմից ազգային արժէքների պաշտպանութեամբ ու դրանց մերժմամբ։ Ինչպէս նշուեց, այս գործընթացը յաջողութեամբ յաղթահարում են այն երկրներն ու ժողովուրդները, որոնք սեփական արդիականացման հիմքում դնում են աւանդոյթի ու արդիականի համատեղումը, ինչը գիտութեան մէջ կոչւում է «արդիականացում պատմականութեան հենքով»։

Արեւելեան Եւրոպայի եւ յետխորհրդային տարածքի արեւելաեւրոպական մասի գրեթէ բոլոր պետութիւններն անցել են այս գործընթացով։ Արդիականացման գործընթացը վաղուց դարձել է քաղաքական զարգացման գործընթացի ուրոյն մի հանգրուան։

Ատրպէյճանը, կարծես թէ դեռեւս խուսափում է այս գործընթացից, որն այս երկրի համար ունենալու է շատ աւելի ծանր հետեւանքներ, քան այս գործընթացով անցած բազմաթիւ այլ երկրների պարագայում, քանի որ Ատրպէյճանը զուրկ է արդիականացման գործընթացի ճգնաժամը յաղթահարելու ամենաարդիւնաւէտ մոտէլի՝ պատմականութեան կիրառման հնարաւորութիւնից, քանի որ երկիրն ինքնին պատմական հենք չունի։ Բացի այդ, Ատրպէյճանական հասարակութիւնում էթնիկ այլ խմբերի ու ազգային փոքրամասնութիւնների շարունակական ճնշումները, բազմէթնիկ միջավայրը, դաւանաբանական տարբեր խմբերի առկայութիւնը, վերջիններիս վրայ հարեւան պետութիւնների, յատպակէս Իրանի ու Թուրքիայի ազդեցութիւնը, հասարակութեան սոցիալական բեւեռուածութիւնը, հանրային բարիրքների խիստ ընտրովի տեղաբաշխումն ու առհասարակ ընտանեկան-կլանային կառավարման համակարգը այն նախադրեալներն են, որոնք Ատրպէյճանում դանդաղ, բայց հասունացնում են ապագայ խորը ճգնաժամը։

Իր հերթին մէկ այլ լուրջ խնդիր է Ատրպէյճանում քաղաքական համակարգի որպէս այդպիսին տոտալ բացակայութիւնը, ինչի պայմաններում իշխանութեան բնականոն փոփոխութիւն տեղի ունենալ ուղղակի չի կարող»:

Վերը շարադրուածի պայմաններում, հարց է առաջանում թէ որտե՞ղ է Ալիեւի իշխանութեան կենսունակութիւնը։

Ատրպէյճանում քաղաքական գործընթացի բնականոն ընթացքը, որը պէտք է յանգեցնի արդիականացման գործընթացի մեկնարկի, իշխանափոխութեան ու անորոշութեան, խախտւում է բացառապէս Ալիեւի ռեժիմի պահպանման շուրջ առկայ միջազգային բազմաշերտ կոնսենսուսի պայմաններում։ Այսինքն այդ իշխանութեան հենքը ոչ թէ երկրի ներսում է, այլ դրսում։ Ալիեւի բռնապետութիւնը նոյնիսկ ի զօրու չի լինի կանխելու Ատրպէյճանական հասարակութեան ցասումը, եթէ չլինի արտաքին կոնսենսուսը․ Ալիեւի բռնապետական վարչախմբից շատ աւելի ուժեղ վարչախմբեր են տապալուել հենց արդիականացման գործընթացի համատեքստում։

Սեփական իշխանութեան կենսունակութեան պայմանաւորումը միջազգային առանցքային դերակատարների միջեւ առկայ կանսենսուսով, Ալիեւի համար արդէն իսկ լուրջ խնդիր է։ Նախ այն պատճառով, որ միջազգային յարաբերութիւնների ներկայ հոլովոյթում գրեթէ ոչինչ յստակ ու երաշխաւորուած չէ, միւս կողմից միջազգային ներկայ անորոշութիւններից յետոյ ձեւաւորուելու է աշխարհի քաղաքական քարտէզի ազդեցութեան գօտիների նոր վերաբաժանում, որի արդիւնքում Ալիեւի տասնամեակների իշխանութեան պահպանման որեւէ գործուն երաշխիք լինել չի կարող։

Անշուշտ Արցախի բռնագրաւումը, Հայաստանի նկատմամբ շարունակական ագրեսիան ու ուժի եւ դրա կիրառման սպառնալիքը Ատրպէյճանական հասարակութեան ազգայնական շրջանակներում որոշակիօրէն ամրապնդել են բռնապետութեան դիրքերը, սակայն դրանք այն շրջանակներն են, որոնք Արցախի բռնագրաւումից առաջ էլ Ալիեւի կողքին էին եւ Ատրպէյճանական հասարակութեան խոշորագոյն շերտերից չեն։ Ատրպէյճանի տնտեսական ընդհանուր կացութիւնը, երկրի ֆինանսատնտեսական ռեսուրսների կլանային տիրապետումը, ընդդիմադիրների հանդէպ բռնաճնշումները, քաղաքական համակարգի ամայացումը, այլախոհութեան ու մամուլի զանգուածային ճնշումները իսկապէս հասունացող վտանգ են, որի կառավարումն առանց արտաքին օժանդակութեան անհնար է։

Կարելի՞ է արդեօք իշխանութեան ամրութեան եւ երաշխաւորուածութեան տեսանկիւնից Ատրպէյճանին համեմատել Թուրքիայի ու Ռուսաստանի, իսկ Իլհամ Ալիեւին՝ համապատասխանաբար Վլատիմիր Փութինի ու Ռեճեպ Թայիպ Էրտողանի հետ։ Կարծում ենք այս համեմատութիւնն ինքնին մեթոտաբանական սխալ է։ Նախ Թուրքիայի մասով․ Ատրպէյճանն ու Թուրքիան ընդհանրութիւններից աւելի թերեւս տարբերութիւններ ունեն սկսած պետութեան ինստիտուցիոնալ կայացուածութիւնից մինչեւ քաղաքական մթնոլորտ ու կուսակցական համակարգ։ Մի օրինակ թերեւս․Թուրքիայում, չնայած առկայ քաղաքական ճնշումներին, որպէս կանոն երկրի խոշոր քաղաքները՝ Սթամպուլը, Իզմիրը եւ այլն ընդգծուած ընդդիմադիր ընտրազանգուած ունեն, այս քաղաքների ղեկավարները հիմնականում ընդդիմադիր գործիչներ են, մի բան, որ բացառուած է Ատրպէյճանի պարագայում։ Թուրքական ընտրութիւններն էլ, իրենց ողջ «հմայքով» հանդերձ, չեն կարող համեմատուել Ատրպէյճանական այսպէս կոչուած ընտրութիւնների հետ։ Ակնյայտ է, որ քաղաքական վերնախաւի տրանսֆորմացիան յաղթահարելու թուրքական հնարաւորութիւնները բաւական մեծ են։ Նոյն իրավիճակը թերեւս Ռուսաստանում է։ Ռուսական պետութեան ինստիտուցիոնալ կարողականութիւնը, միջազգային յարաբերութիւններում Ռուսաստանի դերն ու նշանակութիւնը, աշխարհակարգի համար այդ պետութեան կարեւորութիւնը, ըստ ամենայնի, կարող է հնարաւորութիւն տալ Վլատիմիր Փութինին ապահովելու իշխանութեան անցնցում փոխանցում։

Արտաքին օժանդակութիւնն ու Հայաստանի հանդէպ շարունակական ագրեսիան, Հայաստանի իբրեւ թշնամու դէմ պայքարը այն հանգամանքներն են, որոնք առաջնային հիմք են հանդիսանում Ալիեւի իշխանութեան պահպանման համար, եւ հենց դա է պատճառներից մէկը, որ հարեւան երկրի բռնապետը, նոյնիսկ Հայաստանի իշխանութիւնների զիջողական քաղաքականութեան արդիւնքում, հրաժարւում է այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի ստորագրումից՝ շարունակ նորանոր եւ անիրագործելի պահանջներ առաջադրելով։ Խաղաղութեան պայմաններում Ալիեւի՝ յաղթող նախագահի կերպարը, կարող է այլեւս «պահանջուած» չլինել։ Ուստի Ապշերոնեան բռնապետին Հայաստանը պէտք է իբրեւ թշնամի, սեփական իշխանութեան պահպանման համար։ Վստահ՝ Ալիեւը տեղեակ է, որ 1945 թ․ Յուլիսին, բրիտանական հասարակութիւնը մերժեց անգամ պատմութեան ամենալեգենդար գործիչներից մէկին՝ Ուինսթոն Չերչիլին, ով անուրանալի վաստակ ունէր Երկրորդ աշխարհամարտի յաղթանակի եւ բրիտանական թագաւորութեան պաշտպանութեան գործում, իսկ Չերչիլն ու Ալիեւը մեղմ ասած համեմատութեան աղերս անգամ չունեն։

Ալիեւը իշխանութիւնը ամրացնող երկու գործօններից նուազագոյնը մէկը թուլացնելը Հայաստանը կարող է։ Ուժեղ Հայաստանը, հարկ եղած դէպքում Ատրպէյճանական ագրեսիային արժանի հարուած հասցնելու ընդունակ Հայաստանը Ատրպէյճանական ներքին լսարանի համար կարող է կոտրել Ալիեւի, յաղթող նախագահի կերպարը։ Մանաւանդ, որ Ատրպէյճանական հասարակութեան քիչ թէ շատ մտածող շերտերը լաւատեղեակ են, թէ միջազգային ինչ ներգրաւման պայմաններում Ատրպէյճանը կարողացաւ յաղթել պատերազմը։ Յատկանշական է, որ վերջերս թուրքական ներգրաւման պայմաններում Ղարաբաղեան երկրորդ պատերազմի յաղթանակի մասին խօսում են թուրքական պետութեան բարձրագոյն պաշտօնեաները, այդ թւում նախագահ Էրտողանը։ Մի բան, որին անմիջապէս յաջորդեց Ատրպէյճանական ջղաձիգ հակազդեցութիւնը։

Ալիեւի իշխանութիւնը պահող հիմնական գործօնը՝ միջազգային կոնսենսուսը նոյնպէս, ինչպէս վերը նշեցինք խիստ ժամանակաւոր եւ երկարաժամկէտ կտրուածքում անկայուն երեւոյթ է, մանաւանդ այն պարագայում, երբ Արեւմտեան աշխարհի այնպիսիի առանցքային դերակատարներ ինչպիսիք Միացեալ Նահանգները, Եւրոպական միութիւնը, Եւրոպական խորհուրդը, Գանատան, Ֆրանսան եւ այլն վերջին ամիսներին պարբերաբար բարձրաձայնում են Ատրպէյճանում մարդու իրաւունքների խայտառակ վիճակի եւ հակաժողովրդավարական վերը յիշատակուած դրսեւորումների մասին՝ կարծես թէ պարարտ հող նախապատրաստելով ապագայի զարգացումների համար։

Ստեղծուած իրավիճակում Հայաստանը, չթերագնահատելով եւ կառավարելով ներկայ մարտահրաւէրները, միաժամանակ առանց չարդարացուած զգուշաւորութեան, պէտք է պատրաստ լինի ապագայ զարգացումներին։

Ծանօթագրութիւն

1 Kaarbo J., James R.L., Global politics, 9th edition. New York, 2008, p. 386.
2 Մարգարեան Մ., Քաղաքական արդիականացման եւ զարգացման հիմնահարցեր, էջ 6–8:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles