Սոնա Յակոբեան
Շնորհաւորանքներ Մոսկուայից։ Սուրբ Ծնունդի եւ Ամանորի կապակցութեամբ Վլատիմիր Փութինը շնորհաւորական նամակ է յղել Հայաստանի ներկայիս նախագահ Արմէն Սարգսեանին եւ բանտում գտնուող երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանին։ Փութինը Քոչարեանին քաջառողջութիւն, ոգու ամրութիւն եւ տոկունութիւն է մաղթել։ Յիշեցնենք, որ Հ.Հ․ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը Դեկտեմբեր 7, 2018 -ից գտնւում է կալանքի տակ։ Նա այս Ամանորը եւս կը դիմաւորի անազատութեան մէջ։
*
Նոր Հայաստան, հին բարքեր շարքից։ Այս շաբաթ Մայր Բուհի մօտից ապօրինի կերպով բերման է ենթարկուել Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դաւիթ Ափոյեանը։ Ըստ նրա ընկերների համալսարանում նրան են մօտեցել քաղաքացիական հագուստով անձինք ։ Կարճ ժամանակ անց Դաւիթ Ափոյեանին ձեռնաշղթաներով, ոստիկանների ուղեկցութեամբ, տեղափոխել են ոստիկանատուն։ Դաւիթ Ափոյեանի խօսքով՝ իրեն հարցաքննել են որպէս վկայ՝ օրերս Երեւանի Պետական Համալսարանի Իրաւաբանական հիմնարկում հնչած կրակոցների առիթով։ Արդէն երկրորդ անգամ է, իրեն անհիմն փաստերով հրաւիրում են հարցաքննութեան. «Երկու տարբեր գործերով արդեն հրաւիրել են հարցաքննութեան, որոնց ժամանակ դէպքի վայրում չեմ եղել: Նոյնիսկ առաջին դէպքի ժամանակ բանակում ծառայելիս եմ եղել եւ ինձ որպէս վկայ հրաւիրել էին հարցաքննութեան, իսկ այս դէպքում ներկայ եմ եղել մի միջոցառման, որին շուրջ 200 մարդ է մասնակցել: Արդեօ՞ք սա պատահականութիւն է, թէ՝ ոչ»,-ասել է նա: Պարզաբանում։ Դաւիթ Ափոյեանը վերջին շրջանում կրթութեան ոլորտի բարեփոխումների , համալսարանում տեղի ունեցող դէպքերի գործօն քննադատներից է եւ չի բացառւում, որ նրան նման կերպով որպէս վկայ հարցաքննութեան տանելը իշխանութիւնների կողմից Մայր Բուհում վախի մթնոլոտ ստեղծելն է ։
*
Ի՞նչ են ասում կատարուածի առնչութեամբ իշխանութիւնները։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինեանի շատ դէպքերում ոստիկանութիւնը, իրաւապահ համակարգի միւս ներկայացուցիչները, պետական ծառայողները չարդարացուած յարձակողական ոճ են ցուցաբերում մարդկանց հանդէպ:«Դա պատճառ ունի՝ դա բաւարար կրթութեան, իրազեկուած ըլլալուն, գրագիտութեան պակասն է, բայց, որպէսզի մենք այս խնդիրը լուծենք, պէտք է առաջին հերթին խոստովանենք դա: Հիմա վերջին օրերին Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցածը շատ է քննարկվում, պէտք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ, որն իր հետ պէտք է բերի հետեւանքներ: Մենք այսօր երկու վիճակ ունենք. մի կողմից այսօր կայ չափազանցուած կոշտ ու կարծր միջամտութեան խնդիր եւ երբ շատ հետեւողականորեն պայքարում ես դրանց դեմ, սկսում է համակարգում չափազանցուած անտարբերութեան խնդիր», – ասել է վարչապետը: Նա նաեւ նշել է , որ կառավարութիւնը հարցերից չի փախնելու, առերեսվելու է դրանց:
Ի դէպ այս արարքը դատապերտել է նաեւ Հ․ Յ․ Դ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութիւնը, Երեւանի պետական համալսարանի հոգաբարցուների խորհուրդը։
*
Մշակեցին, քննարկեցին , քննադատուեցին , բայց ընդունեցին։ Արմէն Սարգսեանը ստորագրել է Սահմանադրական Դատարանի դատաւորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին աղմուկ հանած օրէնքը։ Փորձագիտական շրջանակների կողմից քննադատութեան արժանացած այս նախագծով մինչեւ Յունուար 31-ը վաղաժամ թոշակի գնալու դիմում ներկայացրած Սահմանադրական դատարանի դատաւորներին երաշխաւորւում է նոյն աշխատավարձի չափով թոշակ ստանալու եւ այլ արտօնութիւններ ունենալու իրաւունքը։ Օրէնքի նախագիծը հանրային բուռն քննարկման արժանացաւ եւ միանշանակ չընդունուեց նաեւ միջազգային կառոյցների, յատկապէս՝ Վենետիկի յանձնաժողովի կողմից։ Սահմանադրական դատարանի անդամներից շատերը կտրուկ մերժել են նման տարբերակը, այն գնահատելով վիրաւորական եւ նուաստացնող։ Ազգային Ժողովի կողմից օրէնքը քուէարկվելուց յետոյ առանձին իրաւաբաններ եւ իրաւապաշտպաններ կոչ էին անում նախագահին այն չվաւերացնել եւ դրա փոխարէն ուղարկել Սահմանադրական դատարան, այդ նախագծի սահմանադրականութիւնը ճշտելու համար։ Սակայն Արմէն Սարգսեանը այսօրուայ վաւերացմամբ լիարժէք գործի դրեց օրէնքը եւ մինչեւ Յունուարի 31-ը պարզ կը դառնայ, արդեօ՞ք Սահմանադրական դատարանում իշխանութիւնների նախատեսած նոր անդամների նշանակման ծրագիրը կեանքի կը կոչուի։
*
Շաբթուայ կալանաւորումը։ Այս շաբաթ ձերբակալուեց «5-րդ ալիք» պատկերասփիւռի ընկերութեան սեփականատէր Արմէն Թավադեանը ։ Նա մեղադրւում է կազմակերպուած խմբով սուտ ցուցմունք տալու համար Մարտի 1-ի գործով տուժողին կաշառելու կամ պարտադրելու մէջ։ Ամենայն հաւանականութեամբ այս մեղադրանքն առաջադրուել է օրերս ոստիկանութեան կողմից հրապարակած աղմուկ հանած տեսանիւթի հիման վրա յարուցուած քրէական գործի շրջանակներում։ Յիշեցնենք, որ Արմէն Թաւադեանը Յատուկ Քննչական ծառայութիւն էր հրաւիրուել Ռոպերթ Քոչարեանի իբր աջակից Վարուժան Մկրտչեանի կողմից Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարուելու համար առաջարկ անելու գործով։
*
Նամակ բանտից։ Ռոպերթ Քոչարեանի աջակիցների հաւաքի ընթացքում նրա որդին՝ Լեւոն Քոչարեանը, ընթերցել է նախագահի ուղերձը՝ ուղղուած իր աջակիցներին: Այս մասին տեղեկացնում է երկրորդ նախագահի կայքը: Ուղերձում Քոչարեանը շնորհակալութիւն է յայտնել իր աջակիցներին։ ՛՛ Տասնեակ հազարաւոր մարդկանց մասնակցութիւնը պարտաւորեցնող է եւ ստիպում է ինձ պայքարել կրկնակի եռանդով եւ չընկրկել որեւէ դժվարութեան առաջ։ Ուզում եմ իմանաք. բանտախուցը ընկալում եմ որպէս աշխատասենեակ, որտեղ աշխատում եմ՝ յանուն Հայաստանի լաւ ապագայի։ Այն ապագայի, որտեղ կը յարգուեն մեր ազգային արժէքները, մեր ինքնութիւնը, ուր մենք կ՛ապրենք առանց կեղծիքի ու ստի, անամօթ ցուցամոլութեան, կ՛ապրենք արժանապատիւ կեանքով։ Կը զարգանանք՝ չզիջելով մեր ամենամեծ ու նշանակալի ազգային նուաճումը՝ մեր Յաղթանակը՛՛ ,- գրել է Քոչարեանը ։ Ըստ նրա քաղաքական պայքարի նոր փուլ է սկսւում եւ ինքը համոզուած եմ, որ ամէն ինչ լաւ է լինելու։
*
Արցախում եւ Հայաստանում շարունակւում է ձմեռային զորակոչը։ Այս առիթով կեդրոնական հավաքակայան էր այցելել Պաշտպանութեան նախարար Դաւիթ Տոնոյեանը։ Պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը զրուցել է զինակոչիկների հետ, հետաքրքրուել նրանց տրամադրվածութեամբ եւ խաղաղ ու անվտանգ ծառայութիւն մաղթել։Դաւիթ Տոնոյեանը հետեւել է զորակոչի ընթացքին, բժշկական յանձնաժողովի աշխատանքներին, զրուցել բժիշկների հետ: Պաշտպանութեան նախարարը եղել է նաեւ Կեդրոնական հաւաքակայանի ճաշարանում, ծանօթացել մատուցուող սննդի վերաբերեալ զինակոչիկների կարծիքներին եւ լսել նրանց առաջարկները:
*
Լուրեր մարզական կեանքից: Շաբաթն այնքան էլ բարի չէր ոտնագնդակի սիրահարների համար։ Այս օրերին Հայաստանում Ոտնագնդակի միաւորման նոր նախագահ ընտրեցին։ Այն թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ գլխաւորում էր Ազգային անվտանգութեյան ծառայութեան պետ Արթուր Վանեցեանը, բայց այս պաշտօնը թողնելուց որոշ ժամանակ անց Վանեցեանը հրաժարվեց Հայաստանի ոտնագնդակի միաւորումը ղեկավարելուց եւս։ Ընտրութիւնը բաւականին լարուած է անցել, բայց լարուածութիւնն էլ աւելի ուժեղացաւ , երբ Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանի մայրը քննադատեց միաւորման նորընտրի նախագահ Արմէն Մելիքբեկեանի աշխատանքը։ Նա մինչ այս պաշտօնը, միաւորումում կատարել է գլխաւոր քարտուղարի պարտականութիւնները։ Քննադատութիւնից վրդովուածները բանակ կազմեցին ու յարձակեցին Մխիթարեանի մօր վրայ, մոռանալով որ Հենրիխը աշխարհի ամենայայտնի ոտնագնդակի մարզիկների շարքում է եւ նրա շնորհիւ Հայաստանն աշխարհում էլ աւելի ճանաչելի է դարձել։ Այս ամենի հետեւանքով հնարաւոր է , որ Մխիթարեանը լքի ազգային հաւաքականը։ Չնայած որ ոլորտի պատասախանատուները հերքում են այս լուրը։
*
Եւ վերջում շաբաթուայ ցանկութիւնը։ Մի քանի օրից ճանապարհելու ենք 2019-ը թուականը եւ դիմաւորելու ենք Նոր Տարին։ Այս տարուայ ընթացքում եւ ուրախանալու․ եւ տխրելու, եւ զայրանալու , եւ զարմանալու լուրեր տեղ գտան մեր լրահոսում։ Բայց Հայաստանում եւ Սփիւռքում ապրող հայութեան կեանքում այս տարի էլ աւելի ամրապնդուեց մի շատ բացասական երեւոյթ, որը մարդկանց սեւերի եւ սպիտակների է բաժանում։ Թող որ քաղաքականություն անջրպետներ չստեղծի մարդկանց միջեւ, քաղաքական հայեացքների տարբերութիւնը իրար ատելու առիթ չդառնայ։ Աւարտուեն դիմագրքի պատերազմները , որտեղ մարդիկ թշնամաբար վիրաւորում են իրար, մտնում իրենց քաղաքական հայեացքները չկիսողների անձնական կեանք ու անգամ քարկոծում իրար։ Թող որ 2020 թուականին Հայաստան- Սփիւռք- Արցախ եռամիասնութիւնն էլ աւելի ամրապնդուի։ Սահմանը խաղաղ լինի, զարգանայ մեր երկրի տնտեսութիւնը, նուազի աղքատութեան ցուցանիշը, աւելանան ծնելիութեան ցուցանիշները։ Յաղթենք թԷ մարզական, թէ արուեստի ոլորտում։ Հայրենիքն էլ աւելի ամուր կամուրջ դառնայ աշխարհի տարբեր անկիւններում ապրող հայերի միջեւ, կրկնապատկուեն Հայ Դատի պաշտպանների ձեռքբերումները։ Սէր ու խաղաղութիւն բոլորիս։
Ռոբերդ Քոչարեանը չէ՞ր կրնար նախագահութեան տարիներուն եւս աշխատիլ ու ծրագրեր մշակել Հայաստանի ու հայ ժողովուրդի բարօրութեան համար,— ինչպէս կ’ընէ ներկայիս բանտախուցին մէջ,— փոխանակ աւազակութեամբ ու թալանով զբաղելու եւ միլիոնաւաոր տոլարներով պարարտացնելու իր, իր զաւակներուն, փեսաներուն ու հարսերուն դրամատնայոն հաշիւները: