Գալուստ Նանեան
Լուսանկարները` հեղինակի
Բնապահպանութիւնն այսօր դարձել է լրջագոյն խնդիրը, ոզոնային շերտի` օրԷ oր ընդլայնման եւ օդի աղտոտման պատճառով իւրաքանչիւր տարի մահանում է 3 մլն մարդ: Սա դեռ ամբողջը չէ. Օրինակ` ամէն տարի երկրագնդից անհետանում է Ֆլորիտայի մակերեսի չափով բնական անտառ: Իսկ մէկ այլ վիճակագրութիւն էլ փաստում է, որ, օրինակ, աշխարհում կաթնասուններից չորսից մէկը, թռչուններից` ութից մէկը, ձկներից երեքից մէկը գտնւում են ոչնչացման սպառնալիքի տակ:
«World Resources Institute» պարբերականում տպագրուած քարտէսի համաձայն` երկրագնդից անհետացել է անտառների 47 տոկոսը, 21 տոկոսը դեռեւս այն անտառային տարածքներն են, որոնք համարւում են կուսական, իսկ 32 տոկոսում մարդիկ լինում են մերթ ընդ մերթ, այնտեղ առողջապահական հատումներ իրականացնում կամ էլ օգտագործում այլ նպատակներով:
Ամիսներ առաջ համաշխարհային հանրութիւնը, այդ թւում` նաեւ պետութիւնների ղեկավարներ, մեղադրեցին Պրազիլի նախագահ Ժայիր Պոլսոնարոյին Ամազոնեան անտառները վտանգի տակ դնելու համար, քանի որ երկրի նախագահը թուլացրել էր բնապահպանութեան ոլորտի վերահսկողութիւնը եւ խրախուսում էր անտառահատումները: Իր հերթին,նախագահ Պոլսոնարոն մեղադրեց հասարակական բաժանմունքին, թէ նրանք էլ հրդեհել են Ամազոնեան անտառները, քանի որ զրկուել են միջազգային ֆինանսաւորումից եւ ցանկանում են վատ դրութեան մէջ դնել երկիրը:
Այս տարի Ամազոնեան անտառների հրդեհները որակուեցին որպէս ամենալայնածաւալը` 2013 թուականից մինչ օրս: INPE-ի վիճակագրական տուեալների համաձայն` Պրազիլի անտառներում 2019 թուականի Յունուարից մինչեւ Սեպտեմբերը ներառեալ հաշւուել է առնուազն 75․400 անտառային հրդեհ, որոնց պատճառը, ըստ վերլուծաբանների, մարդածին գործօնն է: Յիշեցնենք Ամազոնի արեւադարձային անտառը աշխարհում ամենամեծն է` զբաղեցնում է աւելի քան 7 միլիոն քառակուսի քլմ․ տարածք: Արեւադարձային այս անտառները համարւում են երկիր մոլորակի թոքերը, որոնք կլանում են երկրագնդում արտադրուող ածխաթթու կազի 25 առ հարիւրը:
Անցում կատարելով Հարաւային Կովկասի երկրների անտառային ոլորտին եւ այդ տարածքում առկայ անտառային շերտի պահպանմանը` պէտք է նշել, որ Հայաստանի, Վրաստանի եւ Ատրպէյճանի անտառային ոլորտները ունեն իրենց տարաբնոյթ խնդիրները:
Հայաստանի անտառները, ըստ պաշտօնական տեղեկատուութեան, կազմում են 332 հազար հեկտար կամ երկրի ընդհանուր տարածքի 11, 2 տոկոսը: Երկրորդ տեղում Ատրպէյճանն է` մօտ մէկ միլիոն հեքէար կամ երկրի ընդհանուր տարածքի 12 տոկոսը: Այս առումով` Վրաստանը առաջին տեղում է, եւ այն ամենաբարձր անտառածածկ տարածքն ունի տարածաշրջանում` երկրի ընդհանուր տարածքի 40,5 տոկոսն անտառապատ է, որը կազմում է 2,8 միլիոն հեքթար: Յիշեցնենք, որ այս թուերը դեռ չեն կարող ճշգրիտ համարուել, քանի որ Մ․Ա․Կ․-ի պարենաւորման եւ գիւղատնտեսութեան կազմակերպութիւնը յիշեցնում է, որ նշուած երեք երկրներում, անկախութիւնից ի վեր, անտառների ամբողջական գոյքագրում չի իրականացուել:
Հայաստանը աշխարհի այն 70 երկրներից է, որոնց անտառածածկ տարածքը կազմում է ընդհանուր մակերեսի 1/10-րդ մասը: Ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ ներկայում Հայաստանում անտառների կորուստը հիմնականում շինափայտի եւ վառելափայտի ձեռք բերման նպատակով ապօրինի անտառահատումների արդիւնք է, իսկ վերջին երկու տարիներին` հրդեհների:
Օրինակ, փայտանիւթի ապօրինի առեւտրից ստացուող եկամուտները, ինչպէս նաեւ անմշակ անտառափայտի եւ փայտէ ապրանքների արտահանումից ստացուող եկամուտները հասնում են միլիոնաւոր տոլարների: Հայաստանի փայտամշակման արդիւնաբերութեան կառուցուածքից պարզ է դառնում, որ ընդհանուր ծաւալի 40 տոկոսը մեր վերամշակողները օգտագործում են մանրայատակի արտադրութեան մէջ, 30 տոկոսը` դռների, 20 տոկոսը` կահոյքի, իսկ 10 տոկոսով պատրաստւում են տակառներ եւ դագաղներ:
Հայաստանի անտառների 62 առ հարիւրը տեղաբաշխուած է երկրի հիւսիսարեւելեան շրջաններում, 36 առ հարիւրը` յարավարեւելեան, կենտրոնական շրջաններում անտառածածկն ընդամէնը 2 առ հարիւր է:
Հրդեհները Եւ Անտառներին Հասցուած Վնասները
Անտառային հսկայածաւալ հրդեհներ Հայաստանում տեղի ունեցան 2017 թուականին: Նախ` դրանք հսկայական վնաս հասցրեցին Արտաւանի անտառներին, որտեղ այրուեց 670 հեքթար մակերես, որից 370 հեքթարը` անտառային հողեր, 202 հեքթարը` գիհու (մինչեւ 200 տարեկան) արժէքաւոր նօսր անտառներ, իսկ 54 հեքթարը` կաղնի եւ այլ ծառատեսակներ: Այնուհետեւ երկու օր անց հրդեհներ սկսուեցին Հայաստանի ամենաարժէքաւոր պահպանուող տարածքներից մէկում «խոսրովի անտառէ պետական արգելոցում: Չորս օր շարունակուող հրդեհի արդիւնքում այն տարածուեց եւ վնասեց արգելոցի 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեքթարը` անտառ:
Բնապահպանները յայտարարեցին, որ հրդեհների աւելի արագ մարելու բացթողումը պետութեան մեղքն է, քանի որ մինչ այդ պետական մարմիները չեն մտածել այդ հարցը լուծելու եւ հրդեհաշիջման համապատասխան տեխնիկայ ձեռք բերելու մասին:
Երրորդ օրը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկուած խոշոր հրդեհի դէմ պայքարելու համար Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարութիւնը, Հայաստանի կողմից ստացուած յայտի համաձայն, Հայաստան ուղարկեց «Իլ-76» օդանաւ, որի օգնութեամբ արգելոցում մարուեցին հսկայամաշտապ հրդեհային օՃախները:
Երկու հրդեհների դէպքում էլ այդպէս էլ չկազմուեց համապատասխան յանձնաժողով, որպէսզի պարզուի, թէ կրակի աղբիւրը որտեղից է եղել, սակայն Հ․Հ․ կառավարութիւնը Միացեալ Նահանգների համապատասխան մարմիններից խնդրեց, իսկ դրանք էլ հայկական կողմից փոխանցեցին այդ հրդեհի յաջորդ օրը արբանեակից արուած լուսանկարների պատճէնները, որոնք բնապահպանութեան նախարարութիւնը տրամադրեց քննչական մարմնին: Նախարարութիւնը ակնկալում էր, որ դա կ’օգնի բացայայտել հրդեհի պատճառները եւ գտնել մեղաւորներին: Թէեւ Արարատի մարզային քննչական վարչութեան Վետիի քննչական բաժնում յարուցուեց քրէական գործ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկուած հրդեհի դէպքի առթիւ, սակայն մինչ օրս այն չի բացայայտուել, եւ մեղաւորները չեն գտնուել եւ չեն կրել պատասխանատուութիւն:
Ըստ «Էքօո-մետիա»-ի ցանցի համահիմնադիր Նարինէ Կիրակոսեանի` Հայաստանի անտառների պատուհաս դարձած հրդեհները մեկուսացնելու համար, օրինակ, «Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ին, որի մէջ մտնում են 7 պահպանուող տարածքներ (Զանգեզուր, Սեւ լիճ, Բողաքար, Խուստուփ, «Արեւիկ» ազգային զբօսավայրը, Շիկահողի արգելոցը եւ «սօսիների պուրակ» արգելավայրը հարկաւոր է ունենալ ընդամէնը երկու հակահրդեհային, այսինքն` հրշէջ մեքենաներ` «Գազ – 66» տիպի, որոնք ի զօրու են աշխատել անտառային հրդեհների ժամանակ բարդ աշխարհագրական պայմաններում: Ն. Կիրակոսեանը նաեւ Հ․Հ․ շրջակայ միջավայրի նախարարութեանը յուշում է, թէ այդ մեքենաները ինչ ծրագրերով կարելի է գնել եւ լուծել այդ յոյժ կարեւոր հարցը: Մեր զրուցակիցը նաեւ յիշեցնում է, որ պարտադիր պէտք է սկսել անտառներում առկայ հակահրդեհային ճանապարհների բացման աշխատանքները. «Այս ամէնը, ի դէպ, չի արուել վերջին 5 տարիների ընթացքում: Հէնց այն պահից, երբ ստեղծուել է այսօր անկառավարելի դարձած կենսոլորտային համալիրը»:
«Խոսրովի անտառ» պետարգելոցի հետ կապուած պէտք է նշել, որ յայտնի հրդեհից յետոյ վերը նշուած հակահրդեհային մեքենաները արգելոցը ձեռք է բերել, իսկ այս օրերին արդէն հսկայական տակառներ են տեղադրուել արգելոցի տարբեր հատուածներում` հաւանական հրդեհները մեկուսացնելու համար:
Հայաստանի Անտառները Գոյքագրման Կարիք Ունեն
Այսօր Հայաստանի անտառներում աղբիւրների պահպանութեան եւ վերարտադրութեան բաւականին բարդ իրավիճակ է: Տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամի տարիներին (1990-ականներ) անտառը եղել է այն հիմնական բնական աղբիւրներից մէկը, որը գերշահագործուել է` ապահովելու համար բնակչութեան գոյութիւնը: Ապօրինի հատումների խնդիրը (որն ահռելի չափերի հասաւ 90-ական թուականների ճգնաժամի տարիներին), ցաւօք, առկայ է նաեւ այսօր, ինչն իր հերթին յանգեցնում է անտառային համակարգերի վատթարացմանը:
Յիշեցնենք, որ արդէն իսկ 30 տարի Հ․Հ․-ում անտառի գոյքագրում տեղի չի ունեցել, սակայն վերջին տարիների արդի ձեւերի, մասնաւորապէս` հեռազննման տուեալների կիրառումը հնարաւորութիւն է ընձեռնել Հ․Հ․ անտառների վերաբերեալ ստանալու նոր, թարմացուած տեղեկատուութիւն: Համաձայն այդ տեղեկատուութեան` Հ․Հ․ անտառածածկ մակերեսը կազմում է 332,000 հեքթար, որ երկրի ընդհանուր տարածքի մօտ 11.2 առ հարիւրն է:
Հայաստանում բոլոր անտառների 75 տոկոսը կառավարւում է Անտառային կոմիտէի կողմից, իսկ մնացած 25 տոկոսը ներառում է ազգային պարկերը, պետական արգելոցները եւ պետական արգելավայրերը, որոնք կառավարում է Շրջակայ միջավայրի նախարարութիւնը:
Այսպէս`1930-ական թուականներից մինչեւ 1950-ական թուականներն արդիւնաբերական նպատակներով տարեկան հատուել է 450,000 մեթր խորանարդ փայտ` ցուցիչ, որը 12 անգամ աւելի է թոյլատրելիից` հիմնուած անտառների բնական արտադրողականութեան վրայ: 50-ական թթ. անտառածածկոյթը կազմել է hանրապետութեան ընդհանուր տարածքի 7 առ հարիւրը, մինչեւ 1990-ը այն հասցուել է 11,2 առ հարիւրի: Այնուհետեւ երկրորդ գերհատումները տեղի ունեցան անկախութեան տարիներին` վառելափայտի համար` 1992-ից մինչեւ 1995-ը հատուել է 27000 հեքթար անտառ, ներառեալ 7000 հեքթար, որը կտրուել է այնպէս, որ հնարաւոր չէ վերականգնել:
Մէկ այլ վիճակակագրութիւն` 20 տարուայ ընթացքում (1990-2010) Հայաստանում անտառի տարածքը վնասուել է մօտ 100,000 հեքթարով ( ընդհանուր անտառային տարածքի 24.5 առ հարիււրը):
Միջազգային կազմակերպութիւնները նաեւ յիշեցնում են, որ վերջին մէկ ու կէս տասնամեակում Հայաստանի տարածքում նկատուել է հանքարդիւնաբերութեան ընդլայնում: Օրինակ` 2013-ի տուեալների համաձայն` 2007-2013-ին միայն Լոռու մարզի անտառների 30 առ հարիւրը ոչնչացուել է հանքարդիւնաբերութեան պատճառով, այդ թւում նաեւ Թեղուտի հանքավայրի շահագործման արդիւնքում, մինչ օրս հատուել է 250 հա անտառ, իսկ այդքան էլ նաքատեսւում է: Խոցելի են նաեւ Սիւնիքի անտառները, որոնց շատ մօտ շահագործւում են մետաղական եւ ոչ մետաղական հանքավայրեր: 2000 թուականից մինչեւ 2009 թուականը վերականգնման եւ անտառապատման աշխատանքներ ծրագիրը իրականացուել է 33,540 հեքթարի վրայ: Դրանցից 3,854 հեքթարը նոր է տնկուել:
2019-ին կատարուած միջազգային զեկոյցի համաձայն, ներկայ պահին վերականգման կարիք ունեն Հայաստանում առկայ հանքարդիւնաբերական վայրերը, անտառները, կտրուկ տեղանքներով հատուած վայրերը, իսկ ներկայ պահին Անտառների խնդիրներով զբաղուող միջազգային ամպիոնից Հ․Հ․-ին տեղեկացնում են, որ երկրի ներուժ (նախնական նախահաշիւ) 100 հազար հեքթար է, այսինքն` հնարաւոր է հէնց այդքան տարածք վերականգնել կամ նոր անտառներ ստեղծել, իսկ Հ․Հ․ կառավարութիւնը խոստանում է, որ մինչեւ 2050 թուականը կը ստեղծի մինչեւ 266, 500 հա անտառային տարածք:
Տարածաշրջանի Կանաչ Երկիրը…
Վրաստանն ունի ամենաբարձր անտառածածկ տարածքը տարածաշրջանում` երկրի ընդհանուր տարածքի 40,5 տոկոսը կամ 2,8 միլիոն հա:
Վրաստանում անտառները թէեւ պաշտպանուեցին 1950 թուականին, սակայն անկախութեան տարիներին, երբ դադարեցուեց Ռուսաստանից փայտանիւթի ներմուծումը, անտառամերձ բնակավայրերի բնակիչների համար անտառանիւթը դարձաւ թիւ մէկ հարցի լուծում` ինչպէս ելոկրականութեան ապահովման, այնպէս էլ մի շարք սոցիալական հարցեր լուծելու համար:
Ներկայ պահին Վրաստանում անտառը պահպանւում է օրէնքի ուժով, իսկ անտառի բարիքներից օգտուելն այսօր խստիւ արգելուած է:
Վրաստանը նաեւ յայտարարում է, որ վերականգնման կարիք ունեն անտառային որոշ տարածքներ, սակայն առաջնահերթութիւնը տրւում է Պորժոմի առողջարանային քաղաքի եւ ՍամցխԷ- Ջաւախքի տարածաշրջաններին` ընդհանուր առմամբ 200.000 հեքթար:
100 Տարուայ Ընթացքում Ոչնչացուել Է Անտառի 60 Տոկոսը
Ատրպէյճանում տեղի է ունեցել անտառահատման երկու շրջան` առկայ 2.6 միլիոն հեքթարից մինչեւ 2015 թուականը հասնելով է մօտ մէկ միլիոն հեքթարի: Առաջինը` 1861-1921-ին, երբ շինարարութեան համար անհրաժեշտ է եղել փայտ` նաֆթի շահագործման համար: Երկրորդը տեղի է ունեցել անկախութիւնից յետոյ, երբ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ դադարեցուել է փայտանիւթի ներմուծումը Ռուսաստանից, եւ ուժանիւթի կարիքները ապահովելու համար գիւղական բնակավայրերի բնակչութիւնը դիմել է անտառի օգնութեանը: Այստեղ նաեւ կարող ենք նշել վերջին երկու տասնամեակում այդ երկրում ապօրինի կահոյքի արտադրութեան համար հսկայածաւալ ծառահատումները:
Այսօր թէեւ Ատրպէյճանի գիւղական բնակավայրերի գրեթէ 80 առ հարիւրը ապահովուած է բնկանա կազով, սակայն սա դեռ չի մեղմում անտառի վրայ ճնշումը: Նաեւ հսկայածաւալ ճնշում է գիւղական վայրերում անասնապահութեան զարգացումը. հեռու արօտներ անասուններին հասցնելու փոխարէն անասնապահերը մեծ ճնշում են գործադրել անտառի վրայ:
Հայաստանի արեւելեան հարեւան երկրում անտառի վերականգման աշխատանքներ են տարել երկու փուլով, եւ 2011 – 2015-ին վերականգնուել է ընդհանուր 14, 860 հեքթար անտառի տարածք:
Ատրպէյճանի իշխանութիւնները նաեւ անկեղծանում են միջազգային դոնորների մօտ, որ անհնար է վերականգնել եւ աւելացնել անտառի տարածքը մինչեւ 2.6 միլիոն հեքթար, որը գոյութիւն է ունեցել մինչեւ 19-րդ դարի կէսերը, քանի որ այդ անտառային տարածքների մեծ մասը ներկայումս փոխանցուած է գիւղատնտեսութեանը կամ զբաղեցուել է բնակավայրերով:
Ստոյգ Տուեալների համաձայն` այդ երկրի անտառների եւ անտառային լանջերի վերականգման ներուժը (նախնական նախահաշուով) կազմում է 593,000 հեքթար: Սա այն նոյն թիւն է, ինչ ներկայացրել է հէնց Ատրպէյճանի կառավարութիւնը: