ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ
Այս օրերին շարունակւում են բուռն քննարկումները Սեպտեմբեր 3-ին Հ.Հ. Նախագահի կողմից արուած յայտարարութեան շուրջ, ըստ որի. “Հայաստանը ցանկանում է միանալ մաքսային միութեանը եւ ներգրաւուել Եւրասիական տնտեսական միաւորման ձեւաւորման գործընթացում“:
Յայտարարութեան առիթով բարձրացած հասարակական-քաղաքական ալեկոծութիւնը բնական է ոչ միայն այն պատճառով, որ նախագահի նշած “Հայաստանը“ այս դէպքում ներկայացրել է միայն ինքը կամ գուցէ իր թիմակիցների մի նեղ շրջանակը: Յայտարարուած որոշումը անակնկալ էր բոլորի համար եւ բնական է մասնաւորապէս հայ ժողովրդի անհանգստութիւնը: Հասարակութիւնը ցանկանում է մինչեւ վերջ հասկանալ, թէ Մաքսային միութիւն կոչուածը, ինչպէս եւ այդ ճանապարհով զարգացող յետագայ հեռանկարը ինչ նշանակութիւն կ՛ունենան մեր երկրի համար, ինչ բարիքներ ու թաքնուած ականներ են պարունակում իրենց մէջ:
Հարցին պատասխաններ փնտռելիս պէտք է վերապահումներով մօտենալ երդուեալ ռուսասէրների ու արեւմտամետների տեսակէտներին, որովհետեւ նրանց հիմնաւորումների հիմքում փաստերը չեն` այլ այս կամ այն բեւեռի նկատմամբ նախասիրութիւնները: Նոյն կերպ պէտք է վերաբերուել նաեւ իշխանական թեւի գործիչների եւ նոյն թեւին ծառայող լրագրող-վերլուծաբան-քաղաքականագէտ-ընկերաբանների բանակին: Ակնյայտ է, որ իշխանութեան, առանց բացառութեան ցանկացած քայլ ու որոշում, նրանք պիտի ողջունեն եւ գովերգեն որպէս միակ ճիշտ ու իմաստուն լուծում:
Անաչառ եզրակացութիւններ կայացնելու համար նախ եւ առաջ պէտք է նկատի ունենալ անկախութեան տարիներին ձեւաւորուած առկայ իրողութիւնները:
Թարմացնելով յիշողու-թիւններս յիշենք, որ մեր երկիրը Անկախ Պետութիւնների Համագործակցութեան (Ա.Պ.Հ.) անդամ է , մաս է կազմում Հաւաքական Անվտանգութեան Պետութիւնների Կազմակերպութեան ռազմական դաշինքին` Թուրքիոյ եւ Իրանի հետ Հայաստանի սահմանը հսկում են ռուս սահմանապահները, եւ այս երկրից է մշտապէս համալրւում մեր զէնքի ու զինամթերքի գրեթէ ողջ պաշարը:
Ի դէպ ռազմական համագործակցութեան վերաբերեալ նոր պայմանագրի ստորագրումից յետոյ այս գործընթացն աւելի լայն թափ առաւ: Ինչպէս վերջերս Արցախում յայտարարեց Հայաստանի վարչապետը, վերջին երեք տարիներին Հայաստանը աւելի շատ զենք է ներկրել քան անցած քսան տարիների ընթացքում: Ռուսաստանից է ստացւում Հայաստանում իրացուող կազի մեծ ծաւալը, եւ ատոմակայանի հումքը: Այս երկրի հետ է իրականացւում Հայաստանի ամենամեծ առեւտրային շրջանառութիւնը: Ռուսաստանը տնօրինում է Հայաստանի տնտեսական, ելեկտրականական, եւ հաղորդակցութեան կարեւորագոյն ու ռազմավարական ձեռնարկութիւնների: Եւ դեռ այսքանով չեն սահմանափակւում նշուած ոլորտներում եղած բազմակողմանի կապերը:
Որպէս համեմատաբար թարմ տեղեկատուութիւն աւելացնենք` սոյն թուականի Սեպտեմբեր 10-ին Հ.Հ. Կեդրոնական դրամատան կողմից հրապարակուած մէկ վիճակագրական տուեալ:
2013 թուականի Յունուար- Յուլիս ամիսներին, ոչ առեւտրային նպատակներով ֆիզիքական անձանց արտերկրից Հայաստան կատարած փոխանցումները կազմել են 942 միլիոն տոլար (միայն Յուլիսին դրանք կազմել են 203 միլիոն եւ տարուայ գալիք ամիսներին հաւանաբար աւելի եւս պէտք է աճեն): Նշեալ փոխանցումներից 800 միլիոնը կատարուել է Ռուսաստանից:
Ի դէպ նշենք, որ Միացեալ Նահանգներից ստացուել է 44 միլիոն, Ղազախստանից 11 միլիոն, իսկ ֆրանսիայից դրա կէսի չափ գումար: Միւս երկրներից դրամական ներհոսքը շատ աւելի փոքր թիւ է կազմում:
Աւելացնենք, որ ունենալով տնտեսական զարգացման նոյնպիսի մակարդակ` Հայաստանի համար Եւրասիական շուկան ներկայումս ամենանուաճուածն է ու ամենահեռանկարայինը: Հայաստանն ու Ռուսաստանը ներկայումս ծրագրում են մեծ ծաւալներով ընդլայնել տնտեսական գործակցութիւնը, ինչը կը ներառի յատկապէս արդիւնաբերական ոլորտները:
Կարելի է, արձանագրել, որ փաստացի (տը ֆաքթօ) մենք գտնւում ենք եւրասիական տնտեսաքաղաքական տարածքում:
Լաւ է սա թէ` վատ հարցը ունի միանշանակ ու յայտնի պատասխան` աննպատակայարմար է եւ վտանգաւոր միակողմանի կապուածութիւնը, որն ինքնին վերածւում է կախուածութեան:
Յանուն ճշմարտութեան ի հարկէ պէտք է արձանագրել նաեւ, որ յատկապէս երկրորդ նախագահի ղեկավարման շրջանից Հայաստանը ձգտեց, ոչ առանց յաջողութեան վարել փոխլրացման քաղաքականութիւն:
Հայաստանը կարողացաւ թէ հարեւանների եւ թէ տարածաշրջանում շահագրգռութիւններ ունեցող գերուժերի համար ընդունելի դարձնել իր բազմակողմանի կապերն ու կողմնորոշումները` գործունեայ յարաբերութիւններ պահպանելով եւ Ռուսաստանի եւ Եւրոմիութեան երկրների, եւ Միացեալ Նահանգների եւ անգամ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների տակ գտնուող Իրանի հետ: Հայաստանը Ռազմական դաշինքի մեջ լինելով ՀԱՊԿ-ի շրջանակում, միաժամանակ համագործակցում է ՆԱԹՕ-ի հետ:
Յայտարարելով, որ Ռուսաստանն իր ռազմաւարական դաշնակիցն է, Հայաստանը միաժամանակ հասաւ Եւրոմիութեան հետ միացման համաձայնագրի կնքման եզրափակիչ փուլին, ինչպէս եւ արդիւնաւէտօրէն շարունակեց Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գօտուն միանալու բանակցութիւնները:
Հարկ է փաստել նաեւ, որ անցնող տարիներին, եթէ նոյն Եւրոպան, աւելի բաց ու գործնական լիներ Հայաստանին
իրեն աւելի մերձ տեսնելու հարցում, հաւանաբար քաղաքատնտեսական այդ տեղաշարժն աւելի զգալի կը լինէր եւ զուգահեռաբար աւելի զգալի արեւմուտք-արեւելք հաւասարակշռութեան փոփոխութիւնը մեր երկրի համար:
Տպաւորութիւնը, սակայն այն է, որ Եւրոպան աւելի շատ ոչ թէ այդ մերձեցման գործընթացն առաջ տանելով էր շահագրգիռ այլ մեզ Ռուսաստանից հեռացնելու մտահոգութեամբ:
Հայաստանի հետ արեւմուտքի տնտեսական շահագրգռութիւնների հիմքում առայժմ Հայաստանից բնական պաշարների արտահանումն է եւ տեսանելի հեռանկարում այս նոր շուկայի նուաճումը: Իսկ եւրոպական մակարդակին համապատասխանելով եւրոպական շուկայում ոտատեղ ապահովելու Հայաստանի հնարաւորութիւնը, պէտք է ակնյայտ լինի, որ մօտակայ ապագայում քիչ նշմարելի է: Միւս կողմից նկատի ունենալով, որ Եւրոպա մուտքը մեզ համար սկսուելու է Թուրքիոյ սահմանից:
Ոչ հաճելի երկրորդ իրողութեան արձանագրումից յետոյ հարց տանք մենք մեզ, թէ իրականում արդեօ՞ք այդքան անակնկալ էր Մաքսային միութեանը միանալու որոշումը:
Դեռեւս անցած դարի 90-ականների կէսերից Ղազախստանի նախագահի կողմից հրապարակ նետուած գաղափարը հետզհետէ սկսեց միս ու արիւն ստանալ եւ եթէ Հայաստանը գործընթացի հիմնական գործող անձանցից չի եղել, յամենայնդէպս անտեղեակ չի եղել կատարուող իրադարձութիւններից:
2000 թուականի Հոկտեմբեր 10-ին Ասթանայում ստորագրուեց Եւրասիական Տնտեսական Ընկերակցութեան մասին համաձայնագիրը: 2001 թուականի Մայիս 31-ին, բոլոր անդամ երկրների կողմից վաւերացուելուց յետոյ, Պելառուսի, Ղազախստանի, Խրխզստանի, Ռուսաստանի եւ Տաճիկիստանի ղեկավարները յայտարարեցին նոր միջազգային կազմակերպութեան փաստացի գործունէութեան մասին:
2003 թուականին Հայաստանը դարձաւ այս կազմակերպութեան դիտորդ անդամ:
Հիմնուելով ԵւրԱզԷս-ի հիմնադրման պայմանագրի վրայ 2007 թուականին Ռուսաստանը, Պելոռուսը եւ Ղազախստանը Տուշանպէում ստորագրեցին Միասնական Մաքսային Տարածքի ստեղծման եւ Մաքսային Միութեան ձեւաւորման մասին պայմանագիր, ինչպէս նաեւ հաստատեցին դրանց ստեղծման վերաբերեալ գործողութիւնների ծրագիր:
Երեք երկրների միջեւ Մաքսային Միութիւնը ստեղծուեց 2010 թուականի Դեկտեմբերին:
Հ.Հ. վարչապետը 2011 թուականի Հոկտեմբեր 18-ին ստորագրեց ԱՊՀ երկրների միջեւ ազատ տնտեսական գօտու մասին պայմանագիրը: Մաքսային միութիւնը այս պայմանագրի շարունակութիւնն է կամ յաջորդող քայլը:
2013 թուականի Ապրիլի 10-ին, Եւրասիական Տնտեսական Յանձնաժողովի նախագահ Վիքթոր Խրիստենկօն եւ Հ.Հ. Վարչապետի պաշտօնակատար Տիգրան Սարգսեանը Երեւանում ստորագրեցին.
“Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Եւրասիական տնտեսական յանձնաժողովի միջեւ փոխգործակցութեան մասին“ յուշագիր:
Կատարուեց եւս մէկ քայլ, ինչպէս փաստաթղթում է նշւում, դէպի. “Մաքսային Միութեան եւ Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում մօտեցման գործընթացների զարգացումը“:
Այս ողջ ընթացքում Հայաստանը, Ուքրայինան, Մոլտովան, ինչպէս եւ Տաճիկիստանն ու Խրխզստանը դիտուել են որպէս այս միութեան հնարաւոր թեկնածուներ:
Այլ խնդիր, որ իր աշխարհաքաղաքական մեծ նախագիծը ամբողջապէս գլուխ բերելու համար Ռուսաստանը ժամանակաւորապէս հանգիստ թողեց միւսներին եւ ձգտեց նախ կոտրել ամենամեծ ընկոյզը` իր կողմը բերել դէպի Եւրոպա շարժուող Ուքրայինային:
Միւս թեկնածուներն, իրենց հերթին (թերեւս Մոլտովայից բացի) այս ընթացքում ձգտել են գին բարձրացնել, փորձելով ապահովել իրենց համար առաւել շահաւէտ պայմաններ:
Ի դէպ նշենք, որ տնտեսաքաղաքական ու ռազմակաթեքնիկական խնդիրների կողքին Հայաստանի համար առանցքային հարց է եղել Արցախի պարագան:
Խնդիրն այն է, որ այս կամ այն պայմանագրի մեջ Արցախի անուան ներառումը ինքստինքեան նշանակում է, որ կողմերը ճանաչեցին վերջինիս անկախութիւնը:
Մաքսային Միութեան վերաբերեալ խօսակցութիւնների պարագայում կարծես, թէ այս թեման շրջանցուել է: Բայց, որ այն չի մոռացուել կարելի է այս մասին ակնարկ համարել Սեպտեմբեր 3-ին Հ.Հ. եւ Ռուսաստանի նախագահների համատեղ կատարած յայտարարութեան մէջ արձանագրուած հետեւեալ տողերը. “Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան Նախագահները հաստատեցին իրենց հաւատարմութիւնը Արցախի հակամարտութեան լուծմանը բացառապէս խաղաղ միջոցներով` ԵԱՀԿ Մինսքի Խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձեւաչափով, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետութիւնների տարածքային ամբողջականութեան, ժողովուրդների իրաւահաւասարութիւն եւ ինքնորոշման իրաւունքի` մէկ ամբողջութիւն կազմող սկզբունքների հիման վրայ“:
Վերադառնալով բուն ասելիքին աւելացնենք, որ վերջին շրջանում նաեւ միջկառավարական համատեղ յանձնաժողով էր աշխատում մաքսային միութեան հետ Հայաստանի օրէնքների ու թեքնիքական կարգերի համապատասխանեցման ուղղութեամբ` նկատի ունենալով յատկապէս այս միութիւնը ներկայացնող երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայութիւնը Հայաստանի համար:
Հետեւաբար տեղի ունեցածը երկնքից ընկած մարմնի պէս անակնկալ չէր, այլ մի ընթացք (հրապարակային ընթացք), որն ի վերջոյ պէտք է հանգեր տրամաբանական հանգուցալուծմանը:
Անակնկալը թերեւս այլ տեղ է: Դարձեալ վերջին շրջանում Հայաստանը կարծես, թէ անշեղօրէն գնում էր դէպի Եւրոմիութեան հետ միացման համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու պայմանագրի ստորագրման: Թւում էր թէ ոչ այնքան հեռւում սպասուող Նոյեմբեր ամսին կարելի էր այս պատահածը իրականացնել, քանի դեռ ռուսների գլուխը խառն էր Ուքրայինային` ձեռքի հետ էլ Մոլտովային, “Դարձի բերելու“ հոգսերով:
Բայց հաւանաբար Քրեմլի առաջնորդը, որոշեց փոխել առաջնահերթութիւնները եւ գնալ նուազագոյն դիմադրութեան յաղթահարման ճանապարհով: Հետեւանքը անակնկալ եղաւ թէ հասարակ մահկանացուներիս եւ թէ ակնյայտօրէն, Հայաստանի նախագահի համար:
Ինչ ունենք արդիւնքում:
Մաքսային Միութիւնը, ինչպէս եւ այս հանգրուանից դէպի վերջնական նպատակ տանող Եւրասիական միութիւնը ներկայումս նման են մի օղակի, որի պարագիծը յայտնի չէ, սակայն Ռուսաստանը ցանկանում է տեսնել այն որքան կարելի է նեղ, իսկ մնացած բոլորը` որքան կարելի է լայն: Եւ թէ հայեացքների այս հակասութիւնից վերջում ինչ կը ծնուի կամ առ հասարակ բան կը ծնուի թէ ոչ, հաւանաբար Աստծուն անգամ յայտնի չէ: Վիճակը լաւ պատկերացնելու համար նկատի ունենանք, որ ապագայի հետ կապուած մօտեցումների տարբերութիւնը ոչ միայն “թեկնածուների“ հետ է, այլ անգամ մաքսային միութիւնը կազմող եռեակի մէջ:
2013 Յունուարի առաջին կիսուն, մի քանի օրուայ տարբերութեամբ, այս թեմայով յայտարարութիւններով հանդէս եկան Պելոռուսի եւ Ղազախստանի Նախագահները: Ալեքսանտր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարպայեւը Եւրասիական այս մարմինը տեսնում են, սոսկ որպէս տնտեսական, այլ ոչ թէ քաղաքական միութիւն:
Յունուարի 18 -ին դիւանագիտական մարմնի հետ Ասթանայում հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահը յայտարարեց, որ. “Եւրասիական խորհուրդը երբեք ուղղուած չի եղել քաղաքական որեւէ միութեան վերականգնմանը, յատկապէս Խորհրդային Միութեան վերականգնմանը“:
Նա յիշեցրեց, որ նախորդ տարուանից ամբողջութեամբ սկսել են գործել Մաքսային Միութիւնն ու Միասնական Տնտեսական Տարածքը, գործում է Եւրասիական Տնտեսական Միութեան Բարձրագոյն Խորհուրդը եւ սրանք բաւական են Եւրասիական տնտեսական խորհուրդի գործընթացի համար: “Պելառուսը, Ռուսաստանը, եւ Ղազախստանը անկախ պետութիւններ են` իւրաքանչիւրն իր սեփական, ազգային շահերով“:
Իսկ Յունուարի 15- ին Պելոռուսի նախագահը յայտարարեց. “Որեւէ վատ բան Ռուսաստանի այս նախաձեռնութիւնում չկայ, սակայն ոչ Պելոռուսը, ոչ էլ Ղազախստանը հէնց այնպէս նման արմատական քայլերի չեն գնայ“:
Աւելին հէնց Վլատիմիր Փութինը 2010 թուականի Նոյեմբերի 25-ին, դեռեւս Ռուսաստանի վարչապետի կարգավիճակով, գերմանական թերթին տուած հարցազրոյցով Եւրոմիութեանն առաջարկեց ստեղծել տնտեսական ալեանս, որը ենթադրում է միասնական տնտեսական տարածք Վլատիվոստոքից մինչեւ Լիզպոն:
Այս միտքը կրկնուել է նաեւ այլ առիթներով եւ իհարկէ առաւել տրամաբանական է, քանի որ դժուար է պատկերացնել, թէ հէնց Ռուսաստանը կարող է համաձայնուել այնպիսի մի միաւորման ձեւաւորմանը, որը տնտեսապէս (հետեւաբար նաեւ քաղաքականապէս) կարող է յայտնուել ինքնամեկուսացման մէջ: Այդ դէպքում ինչի համար էր անհրաժեշտ Խորհրդային Միութեան փլուզումը:
Եւ եթէ առաւելին հասնելու ներկայ դիմակայութեան մէջ սա չի գիտակցւում, ապա 21-րդ դարի համաշխարհային իրողութիւնները ժամանակի ընթացքում թելադրելու են իրենց կանոնները: Ի վերջոյ Ա.Պ.Հ.-ի ստեղծումը եւս ոմանց գլուխներում հաւանաբար հեռուն տանող երազանքներ էր ուրուագծում, այնինչ այսօրուայ մեր առօրեայ կեանքում վերջինիս գոյութիւնը, կարծես թէ, առանձնապէս չի նեղում մեզ:
Բայց իհարկէ չընկնենք ծայրայեղութեան մեջ եւ հասնենք այնտեղ, որ անտեսենք առկայ մտահոգութիւնները:
Այսօրուայ իրավիճակով, երբ խորհրդակցութիւնների համար Հայաստան են ժամանել Եւրոմիութեան ներկայացուցիչները, նոյնչափ անյայտ է թէ ինչ է մեզ սպասւում եւրոպական ուղղութեան վրայ:
Ակնյայտ է այն, որ Հայաստանը հաստատում է արեւմտեան ուղղութեամբ յարաբերութիւնները, ըստ նախանշածի, առաւելագոյնս կենսագործուած տեսնելու ցանկութիւնը:
Ընդգծելով միաժամանակ այն ըմբռնումը, որ եթէ պայմանագրի քաղաքական մասը տեսականօրէն իրագործելի է, ապա դժուար է պատկերացնել տնտեսական մասի համադրումը Մաքսային Միութեան կանոններին:
Դուրս գալով մատուցուած անակնկալի զգացական տրամադրութիւնից արեւմուտքն, ի դէմս քաղաքական ներկայացուցիչների, սկսում է արտայայտել իր պատրաստակամութիւնը Հայաստանի հետ պայմանագրային յարաբերութիւնների հնարաւորինս սերտացման հարցում:
Մնում է առաջիկայում որոնել այդ հնարաւորի սահմանները:
Հասնելով եզրակացութիւնների բաժնին նախ հաստատենք, որ այն իրավիճակը, որի առջեւ կանգնած ենք ներկայումս մեզ հետապնդել է ոչ միայն դարերի այլ հազարամեակների ընթացքում:
Աշխարհաքաղաքական իրողութիւնները մշտապէս պարտադրել են, որ մեր երկրի կառավարիչներն ու առաջնորդները փնտռեն այլընտրանքային համագործակցութիւններ: Բոլոր ձուերը մէկ զամբիւղի մէջ տեղաւորելու մօտեցումը շատ յաճախ է ճակատագրական նշանակութիւն ունեցել Հայաստանի համար:
Շատ հեռւում չփնտռելու նպատակով յիշենք, թէ ինչպիսի ողբերգական դերակատարութիւն է ունեցել Ռուսաստանը մեր ճակատագրում:
Երեք անգամ նա պատերազմ սկսեց թուրքերի դէմ, մեզ ներքաշեցին այդ հակամարտութիւնների մէջ, ապա ետ քաշուեց, անպաշտպան հայութեանը թողնելով թրքական եաթաղանի առաջ: Իւրաքանչիւր այդ փորձութիւնից յետոյ տեղի էր ունենում Արեւմտահայաստանի հայաթափում, իսկ վերջինն աւարտուեց Ցեղասպանութեամբ:
1920 թուականին, երբ պատմական հայրենիքի մի շօշափելի տարածքի վրայ հայոց պետականութեան վերականգնման յոյս էր արթնացել Կարմիր Ռուսաստանը զէնքով ու ոսկով օգնութեան հասաւ, “Ազգային ազատագրական պայքար մղող“ Աթաթուրքին, այնուհետեւ Հայաստանի Հանրապետութեան 71 հազար քառակուսի քիլոմեթրից 40-ը, “Սեփական ապրանքի“ պէս նուիրեց Աթաթուրք եղբօրը: Ձեռքի հետ էլ թուրքերի փոքր եղբօրը նուիրեց Դաշտային ու Արցախը` Նախիջեւանի հետ միասին:
Եւ սրան ի հակառակ ներկայացնենք մէկ այլ փաստ: Ռուսաստանին Արեւելեան Հայաստանի միացումից առաջ ու յետոյ, արեւմտահայ գաղթականութեան ներգաղթի, արտագաղթի, ինչպէս եւ բնական աճի շնորհիւ արմատապէս փոխուեց Արեւելահայաստանի ժողովրդագրական պատկերը, որն էլ գրաւականը դարձաւ գալիք Հայաստան պետութեան գոյութեան: Հիմա ի՞նչ, ռուսները մեզ սիրո՞ւմ են թէ` հակառակը: Ի հարկէ ոչ` այն, ոչ` այն: Ռուսները սիրում են միայն իրենց եւ դա բնական է: Ինչպէս բնական է, որ Եւրոպացիք էլ միայն իրենց սիրեն:
Նոյն Եւրոպացիք, ռուսների հետ միասին, դեռեւս 15 թուականի սկզբներին թրքական կառավարութեանը զգուշացնում էին, որ այն կոտորածը որ նա իրականացնում է հայերի դէմ. “Յանցագործութիւն է մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ“: Եւ ի՞նչ: Մատը մատին խփե՞ց մարդասէր Եւրոպան, աչքի առջեւ իրականացուող ցեղասպանութիւնը կանխելու համար: Այսպիսով գլխաւոր եզրակացութիւնը.
-Հայաստանը պէտք է, ամէն ջանք գործադրի Եւրոմիութեան հետ մշակած պայմանագրային դրոյթները առաւելագոյն չափով կեանքի կոչելու համար:
– Անհրաժեշտ է արտաքին քաղաքականութիւնը իրականացնել իրապէս փոխլրացման քաղաքականութեան հիմքի վրայ, ձեւաւորելով բազմաճիւղ վեկտորներ` Ռուսաստանի, Արեւմուտքի ու Միացեալ Նահանգների, Իրանի ու Միջին-Մերձաւոր արեւելքի այլ երկրների, Չինաստանի ու Արեւելեան Ասիոյ այլ երկրների, Շանկհայի համագործակցութեան, եւ այլ տարածաշրջանների երկրների եւ քաղաքական տնտեսական դաշինքների հետ: Բազմաճիւղ փոխ-լրացման քաղաքականութիւնը պէտք է դիտարկել, որպէս Հայաստանի քաղաքական, տնտեսական, պաշտպանական եւ այլ ոլորտների զարգացման եւ անվտանգութեան երաշխիք:
– Քաղաքական եւ տնտեսական համագործակցութիւնների հարցում անհրաժեշտ է առաջնորդուել ոչ թէ դէպի “Արեւելք“ կամ “Արեւմուտք“ ունեցած նախասիրութիւններով, այլ ազգային յստակ շահով:
– Քաղաքական բանակցութիւնների ժամանակ անհրաժեշտ է պաշտպանել այն դիրքորոշումը, որ Եւրասիական եւ Եւրոպական միութիւնները ոչ թէ պէտք է հակադրուեն իրար, այլ փոխգործակցեն` ձեւաւորելով Լիզպոնից Վլատիվոստոք ձգուող տնտեսաքաղաքական տարածք:
-Որեւէ դաշինքի միանալու պարագայում անհրաժեշտ է ամրագրել դրանցում Հայաստանի առանձնայատկութիւնները` այդ թւում փակ սահմանները եւ տնտեսութեան մեկուսացումը, չաւարտուած պատերազմը, Արցախի հիմնախնդիրը: Այս կամ այն միութեանը միանալու պարագայում մաքսերի եւ դրանց բացակայութեան, արտաքին շուկաների ներթափանցման եւ հայկական շուկայի պաշտպանութեան ու հայկական արտադրանքի արտահանման եւ այլ հիմնահարցեր:
Բոլոր այս խնդիրները հնարաւոր է լուծել գործունեայ նախաձեռնողական քաղաքականութեան շնորհիւ, որը բաց կը լինի հայ հասարակութեան համար եւ կը վայելի նրա աջակցութիւնը: