ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ
«Յանուն արժանապատուութեան եւ յանուն Ֆրանսայի միասնականութեան ապահովման… Եւրոպայում հաստատուած նոր կարգերը հաշուի առնելով` ես այսօրուանից ընտրում եմ Գերմանիայի հետ համագործակցութեան տարբերակը»:
Ֆիլիփ Փեթեն
Ֆրանսայի Վիշիի համագործակցող
վարչակարգի վարչապետ
«Ես հաւատում եմ, որ սա խաղաղութիւն է մեր ժամանակների համար: Գնացէք տուն եւ հանգիստ քնեք»
Նեւիլ Չեմպերլէյն
Մեծ Բրիտանիայի վարչապետ
Տրամաբանական հայրենասիրութեան եւ խաղաղասիրութեան անուան տակ թշնամու հետ համագործակցելու եւ վերջինիս քաղաքական նպատակներն իրականացնելու երեւոյթը նորութիւն չէ համաշխարհային պատմութեան մէջ:
Հայաստանում այսօր իշխանութիւն զբաղեցնողների յայտարարութիւնները յաճախ հեշտ է շփոթել թշնամական պետութիւնների ներկայացուցիչների հետ ու, բնականաբար, այդ յայտարարութիւնները զայրոյթ եւ տարակուսանք են առաջացնում քաղաքացիների շրջանում: Աւելի՛ն. այսպիսի յայտարարութիւնները յաճախ յանգեցնում են «մենք ազգ չենք», «մեզ սա էլ է քիչ», «էս ազգին փրկութիւն չկայ» յուսահատական խօսքերէն, որտեղ մենք յայտնւում ենք ինքնախարազանման կործանարար ճիրաններում:
Սակայն բաւական է յիշել ոչ վաղ անցեալի համաշխարհային պատմութեան դրուագները եւ տեսնել, որ ծանր պարտութիւնների, յուսալքութեան եւ անորոշութեան պայմաններում, անգամ պետականութեան բաւական երկար պատմութիւն ունեցող ազգերն են անցել նոյնանման ճանապարհով, զոհ դարձել թշնամական քարոզչութեան: Բաւական է յիշել թէկուզ միայն Բ. համաշխարհայինի տարիների եւրոպական երկրների օրինակները:
Համագործակցութիւն թշնամու հետ` գործնապաշտութեան անուան տակ
1938 թ. սեպտեմբերի 30-ին Մեծն Բրիտանիայի, Ֆրանսայի ղեկավարները Ֆաշիստական Գերմանայի առաջնորդ Ատոլֆ Հիթլերի եւ նոյն հայեացքները կիսող Իտալիայի ղեկավարի հետ, առանց Չեխոսլովաքիայի, ստորագրեցին Չեխոսլովաքիան բաժանելու մասին համաձայնագիրը: Դա արուեց Եւրոպայում խաղաղութիւն ապահովելու անուան տակ: Աւելի՛ն. Չեմպերլէյը եւ Հիթլերը ստորագրեցին լրացուցիչ անգլո-գերմանական հռչակագիր, որում արտայայտեցին իրենց մտադրութիւնը «այլեւս երբեք միմեանց հետ չպատերազմելու» եւ վէճերը բացառապէս խաղաղ ճանապարհով կարգաւորելու վերաբերեալ: Մեծն Բրիտանիայի վարչապետը հայրենիք վերադառնալուց յետոյ բառացի յայտարարեց, որ ինքը «բերել է մեր ժամանակաշրջանի խաղաղութիւնը»:
Պայմանագրի ստորագրումից ընդամէնը երկու տարի անց ֆաշիստական բանակի հրթիռները պայթում էին արդէն Լոնտոնի երկնքում, իսկ Ֆրանսայի տարածքի 60%-ը գրաւուած էր ֆաշիստական զօրքերի կողմից:
Այս պայմաններում Մեծն Բրիտանիան որդեգրեց ղեկավարութեան փոփոխութեան տարբերակը: Հիթլերի բոլոր պահանջները բաւարարելով նրան խաղաղեցնելու կողմնակից Չեմպերլէյնին փոխարինեց Չըրչիլը, որ առաջնորդւում էր ամէն գնով եւ ամէնուր ֆաշիզմի դէմ պայքարի տրամաբանութեամբ:
Ֆրանսան ընտրեց նացիստական Գերմանիայի հետ համագործակցութեան ճանապարհը: Մարաջախտ Փեթենի ղեկավարութեամբ Ֆրանսայի տարածքի չբռնագրաւուած հատուածում հաստատուած Վիշիի վարչակարգը պնդում էր, որ գերմանացիներին ուղիղ դիմակայելը կը յանգեցնի Ֆրանսայի ամբողջական կործանմանը: «Մենք պէտք է համագործակցենք Գերմանիայի հետ, քանի որ այս կերպ կարող ենք պահպանել Ֆրանսայի ապագան». այս կարգախօսով էր առաջնորդւում ֆրանսայում հաստատուած կառավարութիւնը:
Ճիշդ նոյն կերպ, ինչպէս Նիկոլ Փաշինեանը պատերազմի սպառնալիքի պայմաններում Սիւնիքում եւ Տաւուշում տարածքներ յանձնելը, Ազրպէյճանի եւ Թուրքիայի հետ թուղթ ստորագրելը ներկայացնում է որպէս այլընտրանք չունեցող միակ գործնապաշտ ճանապարհ, որը պէտք է ընտրել Հայաստանի «ապագան» ապահովելու համար:
Նոյնական էր նաեւ երկրի ներսում վարուող քաղաքականութիւնը:
Վիշիի վարչակարգը ձգտում էր ոչնչացնել աւանդական արժէքները` օգտագործելով բառապաշար, որը Ֆրանսայի Գ. Հանրապետութիւնը ներկայացնում էր որպէս բարոյապէս եւ քաղաքականապէս կործանուած: Նրանք Ֆրանսայի պարտութեան մեղքը բարդում էին «փտածութեան» եւ համայնավարների, հրեաների ու ձախակողմեան մտաւորականների ազդեցութեան վրայ` իրենց դիրքաւորելով որպէս «կարգուկանոն» վերականգնող փրկիչներ:
Վիշիի կառավարութեան հակահրէական քաղաքականութիւնը յաճախ գերազանցում էր նոյնիսկ գերմանական պահանջները:
Այսպիսի քաղաքականութիւնը նոյնական է Հայաստանում վարուող հակաարցախեան քաղաքականութեան հետ: Օրինակ, անգամ Ազրպէյճանում չէին կարող պատկերացնել, որ Հայաստանի որեւէ իշխանութիւն մէկ հրամանով արցախահայերին կը զրկի քաղաքացիութեան կարգավիճակից փաստացի նրանց զրկելով բոլոր տեսակի քաղաքական իրաւունքներից:
Դիմադրութիւնը` որպէս միակ իրական այլընտրանք
Վիշիի բռնագրաւուող վարչակարգը եւս ունէր դիմադրութիւն երկրի ներսում. ի վերջոյ, բոլոր ֆրանսացիները հաշտ չէին ֆաշիզմին ծառայելու մտքի հետ: Սակայն այլախոհներն ու ընդդիմադիր ուժերը բախւում էին բազմաթիւ լուրջ խնդիրների, որոնք դժուարացնում էին հանրային համախմբումը:
Լոնտոնում աքսորի մէջ գտնուելով` Ֆրանսական դիմադրութեան առաջնորդ տը Կոլը կոչ էր անում դիմադրութիւն ցուցաբերել թէ՛ նացիստական Գերմանիային, թէ՛ Վիշիի վարչակարգին: 1940 թ. յունիսի 18-ին Պի. Պի. Սի.-ով հնչեցրած իր ելոյթում զօր. տը Կոլն իր այլընտրանքը ձեւակերպել է հետեւեալ կերպ. «Ֆրանսան պարտուել է ճակատամարտում, ո՛չ պատերազմում»:
Նոյնն է նաեւ ներկայիս հայկական ազգային ուժերի առաջարկած այլընտրանքը, որը թէեւ հաշուի է առնում մեր կրած ծանր պարտութիւնը, սակայն պնդում է, որ մենք ունենք վերականգնման միջոցներ, եւ կայ թշնամուն յանձնուելու օրակարգին իրական այլընտրանք, որը պէտք է սկսուի երկրում իշխանութեան փոփոխութիւնից:
Սակայն բռնագրաւուած Ֆրանսայում եւս այլախոհները դժուարանում էին հանրութեանը հասցնել իրենց ուղերձները:
Վիշիի վարչակարգի քարոզչութիւնը Փեթենին ներկայացնում էր որպէս ազգային փրկիչ` օգտագործելով նրա Ա. Համաշխարհային պատերազմում ձեռք բերած հերոսի կարգավիճակը: Մինչդեռ բոլոր այլախոհները ներկայացւում էին որպէս վտանգաւոր, ոչ հայրենասէր կամ թշնամական սադրիչներ` վախ ներշնչելով բնակչութեան շրջանում:
Յատուկ քարոզչութիւն էր տարւում Դաշնակիցների նկատմամբ` նպատակ ունենալով Ֆրանսայի տարածքի 60% բռնազաւթած Գերմանիային ներկայացնել որպէս միակ հնարաւոր այլընտրանք:
Այս բոլոր դրսեւորումներին մենք ականատես ենք եղել Նիկոլ Փաշինեանի կառավարման տարիներին:
Մեծ դեր էին խաղում նաեւ պարտուած երկրում տիրող հասարակական տրամադրութիւնները:
Ֆրանսացիներից շատերը, հիասթափուած 1940 թ. պարտութիւնից, հաւատում էին, որ Փեթենի համագործակցութիւնը լաւագոյն միջոցն է Ֆրանսայի մնացածը փրկելու համար:
Տնտեսական դժուարութիւնները, սննդի պակասը եւ պատերազմից խուսափելը ստիպում էին մարդկանց առաջնային դարձնել գոյատեւումը` թողնելով քիչ ժամանակ քաղաքական գործունէութեան համար:
Ամօթի շրջանի աւարտը
Վիշիի վարչակարգը փլուզուեց Ֆրանսայի ազատագրումից յետոյ` 1944 թուականին: Փեթենին դաւաճանութեան համար դատապարտեցին մահուան, ինչը յետոյ փոխարինուեց ցմահ բանտարկութեամբ: Փիեր Լաւալը մահապատժի ենթարկուեց 1945 թուականին:
Վիշիի վարչակարգի անկումից եւ 1944 թ. Ֆրանսայի ազատագրումից յետոյ Ֆրանսայի Հանրապետութեան Ժամանակաւոր կառավարութիւնն ու հետագայ վարչակազմերը իրականացրեցին մի շարք միջոցառումներ` Ֆրանսական ամօթի էջը փակելու եւ ժողովրդավարական կառավարման վերականգնման համար: Ահա` մի քանի որոշակի օրինակներ.
1.- Թշնամու հետ համագործակցողների պատժում
– Հազարաւոր մարդիկ դատուեցին պատերազմից յետոյ կազմաւորուած դատարաններում, եւ նրանցից շատերը կորցրին քաղաքացիական իրաւունքները կամ զրկուեցին պետական պաշտօն զբաղեցնելու իրաւունքից:
2.- Վիշիի վարչակարգի օրինականութեան մերժում
– Վիշիի վարչակարգի բոլոր գործողութիւնները յայտարարուեցին անվաւեր: Չեղարկուեցին ընդունած բոլոր օրէնքներն ու հրամանագրերը, այդ թւում` այն օրէնքները, որոնք սահմանափակում էին ազատութիւնները կամ խտրականութիւն էին կատարում որոշ խմբերի նկատմամբ:
3.- Տնտեսական եւ ընկերային բարեփոխումներ
– Ազգայնացուեցին նացիստների հետ համագործակցած հիմնական արդիւնաբերութիւնները եւ դրամատները, ինչպիսին էր Renault-ը, որպէսզի կանխուի պատերազմի ընթացքում մասնաւոր շահագործումը եւ վերակառուցուի տնտեսութիւնը:
4.- Ընկերային ապահովագրութեան համակարգ
– Ստեղծուեց համապարփակ առողջապահական, թոշակային եւ Ընկերային ապահովագրութեան համակարգ` արդար եւ ժամանակակից հանրապետութեան վերակառուցման շրջանակներում:
5.- Դիմադրութեան մարտիկների մեծարում
– Պաշտօնապէս ճանաչուեց Ֆրանսական դիմադրութեան ներդրումը եւ նախատեսուեցին թոշակներ ու պատիւներ նրա անդամների համար:
Այսպիսով, թշնամու հետ համագործակցութեան ճանապարհի ընտրութիւնը չփրկեց Մեծն Բրիտանիային եւ Ֆրանսային աղէտալի պատերազմի մէջ ներքաշուելուց, ծանր մարդկային կորուստներից եւ աւերածութիւններից: Ֆրանսայի դէպքում չարիքի հետ աւելի երկար համագործակցութիւնը յանգեցրեց լրիւ նոր պետութեան կազմաւորման անհրաժեշտութեան: Եւ միայն այդ չարիքի դէմ ցուցաբերուած դիմադրութիւնը կենսական նշանակութիւն ունեցաւ իրավիճակի յաղթահարման, նոր պետութեան կառուցման համար` թոյլ տալով հետագայում ժխտել չարիքի հետ նոյնականացումը:
Նոյն է նաեւ Հայաստանի պարագայում: Միայն արտաքին թշնամու եւ երկրում հաստատուած վարչակարգի դէմ հետեւողական դիմադրութիւնը կարող է դուռ բացել մեր երազանքների պետութեան կերտման համար: Որքան էլ դժուար, երբեմն անօգուտ թուան օրուայ վարչակարգի դէմ ամենատարբեր պայքարներն ու շարժումները, միեւնոյնն է, հէնց դրանք են վաղուայ յաղթանակի սաղմերը եւ ազգային նոր որակի պետութեան կառուցման հիմքը»: